Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Կասեմ՝ երբ է եղել ամենամեծ սխալը

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին իրենց շրջապատում խոսել և տարածել իր գնահատականները։ Նրա խոսքով՝ եթե մարդիկ հունիսի 7-ին որոշեն իրենց ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, դա կարող է ընկալվել որպես համաձայնություն այն մտքի հետ, որ Արցախյան հերոսամարտը և հաղթանակը եղել են «ճակատագրական սխալ», ինչը, ըստ նրա, անընդունելի է։ Գրիգորյանը նշել է, որ նման մոտեցման դեպքում ապագայում հնարավոր է, որ այդ իրադարձությունները ներկայացվեն նաև դպրոցական դասագրքերում։ Նա ընդգծել է, որ Արցախյան հաղթանակը հայ ժողովրդի համար կարևոր և եզակի ձեռքբերում է, այլ ոչ թե սխալ։ Նրա գնահատմամբ՝ իրական ճակատագրական սխալը եղել է 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, ինչին նա, իր խոսքերով, ժամանակին ևս աջակցել է՝ ինչպես հասարակության մեծ մասը։ Հղումը՝ Hraparak.am

Տնտեսություն

Թուրքիան և Հայաստանն ավարտել են ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները․ Թուրքիայի ԱԳՆ

Անկարան և Երևանը ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, որն ընթանում է 2022 թվականից, իրականացվել են վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներ։ Այս համատեքստում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար անհրաժեշտ բյուրոկրատական նախապատրաստությունները 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ համարվում են ավարտված», — նշել է դիվանագետը X սոցիալական ցանցում։ Հաղորդվում է նաև, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքներ են տարվում։ «Հաշվի առնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և բարօրություն հաստատելու պատմական հնարավորությունը՝ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ տնտեսական կապերի զարգացման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում՝ հանուն բոլոր երկրների և ժողովուրդների շահերի», — ասված է թուրք դիվանագետի մեկնաբանության մեջ։ Հղումը։ News.am

Իրավունք

Միջադեպ Կարբի գյուղի դպրոցում. հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է և հոսպիտալացվել

Մայիսի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի բնակիչ 12-ամյա տղան Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Մանուշակ Կ․-ն հայտնել է, որ  ապրիլի 17-ին նշված դպրոցի 7-րդ դասարանում 12-ամյա տղայի և դասընկերների միջև առաջացած հրմշտոցի ընթացքում հարվածներ են հասցրել վերջինիս գլխին, մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 12-ամյա տղան ուշագնաց է եղել և բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բուժամբուլատորիա, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ 12-ամյա տղայի հետ միջադեպի մասնակիցները իր դասընկերներ՝ 13-ամյա և 12-ամյա տղաներ են. վերջիններս ազգականեր են։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Հղումը՝ News.am

Իրավունք

Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն, Սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո։ Դրանք հատկապես ակտիվանում են իմ յուրաքանչյուր հանրային հարցազրույցներից հետո։ Մասնավորապես, ավելի քան մեկ տարի է, ինչ նշված անձն անդադար բացում է տարբեր օգտահաշիվներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այդ հաշիվներից ինձ ուղարկում է նամակներ իմ հանրային ակտիվության վերաբերյալ, ինձ հետ կապված հրապարակումների տակ գրում է մեկնաբանություններ, որոնք ակնհայտորեն պարունակում են սպառնալիք։ Օրինակ՝ գրառումներից մի քանիսն ունի հետևյալ բովանդակությունը․ «Ես կարող եմ նաև ուրիշ ճանապարհով սա անել, բայց չեմ ցանկանում Ձեզ նեղություն տալ»։ Մեկ այլ դեպքում գրել է․ «Ես Ձեզ ցույց տվեցի, որ, եթե ցանկանամ, կարող եմ Ձեզ նեղություն տալ, փառք Աստծո, ունեմ այդ հնարավորությունը, բայց դա ամենատհաճ բանն է…» կամ «թե հակառակը՝ կոպիտ վարվեմ Ձեզ հետ, ստիպեմ, խեղդեմ?», «խառնված էիք․․․հասկացաք, որ դամագացա եմ լինելու» և այլն։ Ես տևական ժամանակ է, ինչ արգելափակում եմ այդ օգտահաշիվները, որոնցից նա անընդհատ սպառնում է, թե որքան էլ արգելափակեմ, միևնույնն է՝ շարունակելու է հետապնդել ինձ, այսինքն՝ կարող է բացել անթիվ օգտահաշիվներ (կից սքրինշոթում դա ներկայացված է)։ Վերջին շրջանում հետապնդումները տեղի են ունենում նաև սոցիալական մեդիայից դուրս՝ իմ հարցազրույցներից անմիջապես հետո։ Օրինակ՝ մայիսի 10-ին՝ առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում, երբ ես դուրս եկա բնակարանից, տեսա, որ նա շենքի բակում ինձ է սպասում 37PC141 պետհամարանիշով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինձ նկատելով՝ նա դուրս եկավ մեքենայից ու դա արեց ցուցադրաբար, որպեսզի ես դա տեսնեմ։ Ես տեսանկարահանեցի ավտոմեքենան և նրան, այնուհետև արագ հեռացա այդ վայրից։ Սրանից բացի, այդ անձը մեր բակում է հայտնվում նաև երեկոյան ժամերին, երբ մութն ընկնում է, սպասում է տանից իմ դուրս գալուն կամ տուն վերադառնալուն, գրառումներ է անում դրա մասին, փորձում է քայլել իմ հետևից, ֆիզիկական անկանոն շարժումներ է անում, ու դա անում է այնպես, որ ահաբեկի կամ վախ առաջացնի։ Նշված անձի գործողություններն անօրինական հոգեկան ներգործություն են ինձ վրա, ինչպես նաև ֆիզիկական ներգործության իրական վտանգի սպառնալիք։ Բանն այն է, որ նա զուգահեռում է սոցիալական ցանցերում ինձ հետապնդելը իրական կյանքում հետապնդելու արարքների հետ։ Ընդ որում, ցույց է տալիս, որ իր քայլերում հետևողական է, այսինքն՝ սոցիալական մեդիայում նամակով սպառնում է անել կամ հետապնդել ինձ, ու հետո դա անում է իրական կյանքում։ Օրինակ, եթե գրում է, որ սպասում է ինձ շենքի տակ, հետո փաստացի հայտնվում է այդ տարածքում՝ ինձ ահաբեկելու միտումով։ Դրանով ցույց է տալիս, որ իր հետապնդումներից չեմ կարող խուսափել, նա իր սպառնալիքները կատարելու է։ Ինձ այս ամենը խիստ անհանգստություն է պատճառում։ Նշված անձը դա անում է, որպեսզի տագնապ առաջացնի ինձ մոտ, ակնհայտ հոգեկան ներգործություն է գործում իմ ու ընտանիքիս վրա, առկա են ֆիզիկական ներգործության սպառնալիքներ։ Կից ներկայացնում եմ տեսանյութը, մի քանի սքրինշոթներ նրա գրառումներից ու մեկնաբանություններից, որոնք նա գրելուց ժամեր անց արագորեն հեռացնում է, կարճ ասած՝ մաքրում է հետքերը։ Սա ակնհայտորեն կապված է իմ հանրային ու հասարակական գործունեության հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես ակտիվորեն հանրային տիրույթում քննադատում եմ ներկայիս իշխանություններին, նրանց քաղաքականությունը, զբաղվում եմ Ադրբեջանից եկող վտանգների, Ադրբեջանում պետական մակարդակով մշակվող ծրագրերի բացահայտմամբ՝ մեր հանրության համար։ Վստահ եմ՝ մեքենայի համարներով և դեմքով արագորեն կհայտնաբերեք սույն անձին և կպարզեք, թե ինչու և ինչ հանգամանքներում է նա սկսել ինձ հետապնդել և սպառնալ՝ սկզբում սոցցանցային տիրույթում, իսկ հիմա արդեն՝ իրական կյանքում՝ ֆիզիկապես ու հոգեպես։ Հույս ունեմ՝ արագորեն կբացահայտվեն սույն անձի մոտիվները, իսկ իմ կյանքին ու ֆիզիկական անվտանգությանը ուղղված սպառնալիքները կվերանան, և այս անձի նման անօրինական ու վտանգավոր վարքագիծը կկանխվի։ Կսպասեմ ձեր արձագանքին՝ իմ հետագա քայլերը պլանավորելու համար։ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Փաշինյանի այցով պայմանավորված՝ «Հայաստան» դաշինքին հանդիպման համար նախատեսված վայրը չի տրամադրել

Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։ Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում: Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։ Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։ Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին։ Հանդիպման հստակ օրվա և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք

Եթե 10 տարի անընդմեջ տիրապետել եք որևէ անշարժ գույք՝ ո՞ր 4 պարտադիր պայմանների դեպքում կդառնաք այդ գույքի սեփականատերը

Որպես կանոն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու համար պետք է գույքը ձեռք բերել օրինական ձևով։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականություն՝ ձեռքբերման վաղեմության ուժով։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ և 187-րդ հոդվածները սահմանում են տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու պայմանները։ Ի՞նչ է տիրազուրկ գույքը Օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից։ Ե՞րբ կարող եք ձեռք բերել սեփականություն Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք։ Ձեռքբերման վաղեմության համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները՝ տիրապետել 10 տարի, բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ, որպես սեփական գույք։ Տիրապետման ժամկետի միացում Օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը։ Սեփականության իրավունքի ճանաչումը Օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերն ու կարգը սահմանվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։ Օրենսգրքի 187-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից։ Ինքնակամ կառույցների բացառություն Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով։ Սակայն սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ։ Պաշտպանություն երրորդ անձանցից Օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք։ Ուշադրություն. տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է 10 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել այն որպես սեփական գույք։ Սեփականության իրավունքը ճանաչվում է դատարանի կողմից և ծագում է պետական գրանցման պահից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։ Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։ Հղումը՝ Iravaban.net

Իրավունք

ՄԻՊ-ը Ադրբեջանում պահվող հայերի հարցը բարձրացրել է շուրջ 250 միջազգային հանդիպումներում

Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս տարիների ընթացքում բարձրացրել է շուրջ 250 բարձրաստիճան միջազգային քննարկումների և հանդիպումների ընթացքում: ՄԻՊ–ից NEWS.am–ին հայտնում են, որ Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այս համատեքստում առանքային հարցն այն է, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ դա է պահանջում միջազգային իրավական արժեհամակարգն ու խաղաղության գործընթացի տրամաբանությունը: Հղումը՝ News.am

Իրավունք

Կրակոցներ՝ Երևանում. կրակողը, տեսնելով, որ վրիպել է, իր «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել իր զոհին. վերջինը մահացել է

Քննիչները բացահայտել են օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ անձն իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, նա իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում է զոհին, ապա վրաերթի ենթարկում ու տեսնելով, որ նա մահացել է, դիմում է փախուստի։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։ Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հղումը՝ News.am

Իրավունք

Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը

Դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ առանց քննության թողեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը` տնային կալանք խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Վարդևանյանը դատարանին միջնորդությունը ներկայացնելիս պարզաբանել էր, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանների այնպիսի փոփոխություն է տեղի ունեցել, որ այժմ պետք է խափանման միջոցի հարցը կրկին քննարկման առարկա դառնա: Խոսքն այն մասին է, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը մասնակցում է Ազգային ժողովի ընտրություններին, գրանցվել է ԿԸՀ-ի կողմից և այժմ գտնվում էր նախընտրական քարոզչության փուլում: Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն

Թող հեռանան ու հարեւան երկրում ապրեն իրենց ընտրած իրականության մեջ

«Հարեւաններս ասացին, որ Դուք լրագրող եք. կլսե՞ք ինձ՝ բաքվեցի փախստականիս»։ Ասացի՝ ինչո՞ւ ոչ։ Շարունակեց. «Հարեւաններիս ամեն առիթով բացատրում եմ, թե ովքեր են ՔՊ-ականները, ով է Նիկոլը։ Ոմանք նրանց կործանարար էությունը կարծես խորությամբ չեն հասկանում։ Ուզում եմ, որ խոսքս տպագրվի, թերթը տանեմ, նրանց տամ՝ կարդան, գուցե սթափվեն։ Ես պայքարի մեջ եմ ներկա իշխանությունների դեմ, եւ խոսքս թերթի էջերում տեսնելն էլ իմ պայքարի ձեւերից մեկը կլինի։ Ուզում եմ իմ աչքով կարդալ իմ ասածը, պահել այդ թերթը երկար տարիներ։ Հետո, երբ իշխանափոխություն լինի, իմ թոռներին ասելու բան կունենամ, որ իրենց պապը պայքարել է կապիտուլյանտ իշխանությունների դեմ։ Ծնվել ու ապրել եմ Բաքվում։ Ինձնից լավ ոչ ոք չի կարող իմանալ ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության ողջ բարբարոսական բնույթը։ Մազապուրծ փախել եմ Բաքվից, եկել՝ ծվարել Լոռիում, դարձել լոռեցի։ Այն ժամանակ հայրենիք ունեինք՝ եկանք։ Հիմա, երբ տեսնում եմ, որ ադրբեջանական իշխանությունների հետ մերոնք համերաշխ «երգում» են «Արեւմտյան Ադրբեջան» երգը, մտածում եմ՝ այն ժամանակ հայրենիք ունեինք, փախանք փրկվեցինք, եթե սա էլ կորցնենք, հիմա ո՞ւր ենք փախչելու։ Ո՞ւր են փախչելու իմ հարեւան նիկոլասերները։ Ուզում եմ զգաստացնել մեր ժողովրդին։ Միայն խնդրում եմ՝ անունս չգրեք․ աղջիկս հազիվ է տեղավորվել դպրոցում, գործից կազատեն։ Ես դրանց լավ գիտեմ, կստացվի, որ վնասեցինք մեր դստերը, նաեւ՝ ինքներս մեզ։ Այնքան բան կա ասելու։ Սիրտս ուղղակի պայթում է։ Ալիեւի եւ Փաշինյանի գործողությունների շղթան ինձ համահունչ է թվում։ Վարչապետն իր քայլերով ասես Ալիեւին ասում է՝ «սա քո տարածքն է, ինչ ուզես՝ արա, ինչ ցանկանաս՝ տար»։ Այնքան մեծ է վախը, այնպիսի անհասկանալի խոնարհում կա «մեծ թուրքի» առաջ, որ կարող են նվիրել մեզ համար ամենաթանկը։ Մենք վերջապես երկի՞ր ենք, թե՞ խանութ կամ կոշկակարի բուդկա։ Զարմանում եմ՝ ոմանք ինչպե՞ս չեն հասկանում, որ այս իշխանությունները մեր երկրի բացահայտ թշնամիներն են։ Ես նրանց դավաճան չեմ անվանում` թշնամի եմ համարում։ Գուցե ծագումով հայ են, բայց իրենց հայ չեն զգում։ Նրանք, իմ համոզմամբ, բացահայտորեն լծված են ադրբեջանական սայլին։ Եվ զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, որոնք դա չեն տեսնում։ Նույնիսկ ոմանք ասում են՝ «մեր խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ձեռքից բան չի գալիս»։ Ասում եմ՝ եղբայր, հենց դա էլ ես եմ ասում՝ եթե նա խեղճուկրակ է եւ անկարող, ինչո՞ւ է կառչած աթոռից, ինչո՞ւ չի հրաժարվում, որ գա մեկը, որ գոնե կփորձի փրկել այս խեղճ ժողովրդին։ Բայց՝ չէ․ իշխանությունը քաղցր բան է, ինքնակամ չի հեռանա։ Եթե չի հեռանում, ժողովուրդն իր ընտրությամբ պիտի հեռացնի։ Այլեւս սխալվելու իրավունք չունենք։ Մենք պիտի ազգովի ելնենք ազգային ազատագրական պայքարի։ Որքան դիպուկ է ասել Օմար Խայամը. «Եթե ազգը սիրահարված է իր դահճին, նախիրի պես կմորթվի»։ Թող բոլորն իմանան՝ թուրքը չի գալիս մեր գլուխը շոյելու։ Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել։ Սկզբում քեզ կխոնարհվի, կքծնի, կբարձրանա քո ուսերին, դու խելոք կանգնած մնաս՝ գլուխդ կկտրի։ Ես դեմ չեմ խաղաղ գոյակցությանը, ընդհակառակը՝ խաղաղությունն իմ ու իմ ընտանիքի երազանքն է: Բայց տեսնում եմ՝ մեր հարեւանները խաղաղություն չեն ուզում։ Հակառակ դեպքում ինչո՞ւ են ամեն օր նոր պահանջներ ներկայացնում, ինչո՞ւ են ավերում մեր եկեղեցիները, գերեզմանները, մշակութային հուշարձանները։ Հայերը Նոյեմբերյանում մինչ այսօր անխաթար պահպանում են այն տունը, որտեղ ծնվել ու մեծացել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ Շահին Մուստաֆաեւը։ Իսկ Ալիեւը հայտարարում է, թե Ջերմուկն իրենցն է, թե հայերը շահույթ են ստացել այդ ջրից։ Կուզեի, որ մեր գործարար խավը լսեր սա եւ հետեւություններ աներ. Ալիեւի եւ Նիկոլի համագործակցության պայմաններում դուք նույնպես վտանգի տակ եք։ Փաշինյանին գովերգելով՝ դուք ընտրում եք ձեր իսկ վախճանը։ Ադրբեջանի ախորժակը սահմաններ չի ճանաչում։ Նյու Յորքում անցկացված մի ցույցում տեսանք պաստառ, որտեղ գրված էր, թե իբր 1988-2022 թվականներին հայերը «գենոցիդի են ենթարկել» մոտ երկու միլիոն ադրբեջանցու։ Ահա այսպիսի կեղծիքներով են արդարացնում իրենց գործողությունները, իրենց ավերածությունները։ Մի պաշտոնյա կա` Արսեն Թորոսյան անունով, որը հայի ազգանուն ունի, բայց խոսում է մի լեզվով, որն ինձ օտար է։ Նրա հետ հարցազրույցում նույնիսկ հաղորդավար Պետրոս Ղազարյանը չի կարողանում թաքցնել զարմանքը։ Ամեն հայ սպասում էր գոնե մի մարդկային, ցավակցող խոսքի, բայց լսում է միայն դատարկ, անշունչ ձեւակերպումներ, որոնք կրկնում են նույն թեզը՝ «ամեն ինչ ավարտված է, Արցախն իրենցն է, իրենց տարածքում ինչ ուզեն՝ կանեն»։ Այսինքն՝ թուրքերն ինչ էլ անեն, մենք չպետք է բողոքենք։ Արցախն իրենցն է, ինչ ուզեն՝ կանեն։ Իսկ մենք պետք է լռենք, նայենք եւ ձեւացնենք, թե «կոնֆլիկտային չենք»։ Հիմա էլ խոսում են 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին «Արեւմտյան Ադրբեջանում»։ Այդ դեպքում մեր եկեղեցիները, մեր ներկայությո՞ւնն են խանգարելու նրանց։ Եվ եթե խանգարեն, նորի՞ց ասելու ենք՝ «մենք կոնֆլիկտային չենք»։ Ասելու ենք՝ եկեք, արեք ինչ ուզում եք, ահա մեր վիզը՝ ոլորե՞ք։ Հենց այս պայմանո՞վ ենք մենք «Հայաստանի հպարտ քաղաքացիներ»։ Սա՞ է մեր արժանապատվությունը։ Այսպես ապրել չի լինի։ Վերջաբանը մոտենում է. առաջիկայում համապետական ընտրություններն են, որ պատասխան կտան բոլոր հարցերին: Ես տեսնում եմ երեք ուժ, որոնք, իմ կարծիքով, կարող են այս երկիրը դուրս բերել ճիշտ ուղու վրա։ Այդ ուժերի առաջնորդներն են՝ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Արժե ընտրել այս ցանկից առաջինին։ Այդ ժամանակ, գուցե, մենք կարողանանք ճանապարհել նիկոլփաշինյաններին, արսենթորոսյաններին ու նրանց նման մարդկանց՝ իրենց սիրելի հարեւան երկիր: Թող այնտեղ ապրեն իրենց ընտրած իրականության մեջ»։ Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top