Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան

Ութ տարի շարունակ Հայաստանում ձևավորվել է հանրային գիտակցությունը բթացնելու, մարդկանց ուղեղները լվանալու, կեղծիքներով սնելու, տարատեսակ հիմարություններ ու ցնդաբանություններ հանրային խոսույթ մտցնելու, ներքին ատելություն սերմանելու տեղեկատվական միջավայր: Ութ տարվա ընթացքում, չեմ հիշում որևէ հարցի շուրջ թեկուզ մեկ բանական, առողջ և օգտակար քննարկում: Օրինակ՝ դրանց ասում և ապացուցում ես, որ սխալ արտաքին քաղաքականություն են վարում ու պատերազմի դուռ բացում՝ ասում են «ձեզ մերժել են», «մարտի 1», «հոկտեմբերի 27», «թալան», «30 տարի», «ասֆալտ», «սրա-նրա դղյակներ, միլիարդներ» և թեմայի հետ կապ չունեցող նմանօրինակ այլ ցնդաբանություններ: Ասում ես, ի՞նչու եք պատերազմի առիթ տվել, կամ դրանից հետո ինչու՞ եք գնացել Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ կարելի էր պահել Արցախի մնացած մասը, և քիչ, թե շատ՝ ընդունելի լուծում գտնել: Հիմնավորված պատասխանելու փոխարեն վայնասուն են դնում՝ «5-րդ շարասյուն», «ռուսամոլ», «նախկինները ուզում են գալ», «30 տարի առաջ են հանձնել Ղարաբաղը», «եկեղեցում մոմ են ծախում», «ռևանշիստ» և այլ բնույթի մառազմ ու ատելության խոսք: Կասկածից վեր է, որ մեր երկրի կորուստների ու դժբախտությունների պատճառներից մեկն էլ իշխանության սանձազերծած տեղեկատվական պատերազմն է: Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը: Որովհետև՝ որևէ երկիր չի կարող երկար գոյատևել, որտեղ իշխանությանն ասում է «կամ ես կլինեմ վարչապետ՝ կամ երկիրը վարչապետ չի ունենա»: Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է «կամ ինձ կընտրեք, կամ կլինի պատերազմ»: Երբեք չի կարող երջանիկ ու բարեկեցիկ լինել այն ժողովուրդը, որի մի մասին հայրենազրկում, ունեզրկում, նսեմացնում ու բռնի տեղահանում են՝ հետո ցինիկաբար հայտարարում, որ իրենք ավելի շատ բան են արել Ղարաբաղի համար: Առանց առողջ բանականության՝ հասարակությունները չունեն ապագա: Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը. մասնակցում է 19 քաղաքական ուժ

Հայաստանում այսօր՝ մայիսի 8–ին, մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասկանցող քաղաքական ուժերի անվանումներև և այն համարները, որոնց ներքո նրանք հանդես են գալիս. ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1 «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2 «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)-3 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4 «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5 «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-6 «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7 «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-8 ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-9 ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-10 «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-11 ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 12 «ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-13 «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-14 ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-15 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-16 ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 17 ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-18 «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-19 Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է այսօրվա բրիֆինգում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի քանի ձևակերպումներին։ «Այսօրվա հայտարարությունների շեշտադրումները շատ նման էին 44-օրյա պատերազմից օրեր անց արվող հայտարարություններին, երբ երկրի ղեկավարը՝ գերագույն գլխավոր հրամատանատարը, պարտության մեջ մեղադրում էր տարբեր կամավորական ջոկատներին և անհատներին, ովքեր չունեին ո՛չ լծակներ, ո՛չ հնարավորություններ՝ որոշումներ կայացնելու։ Այսօր գրեթե նույնն էր․ մեղադրել այս պահին արտախորհրադարանական ուժի ղեկավարին արտաքին քաղաղաքական ինչ-որ խնդիրների կամ կնճռոտ հարցերի մեջ՝ իսկապես լուրջ չԷ։ Կարելի էր այսքանով ավարտել, բայց քանի որ խոսվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահի մասին՝ մի քանի կոնկրետ փաստ հիշեցնեմ։ Բելառուսի նախագահի հետ հարաբերությունների մասին․ անձնական հարաբերությունները այլ բան են, միջպետական հարաբերությունները՝ լրիվ այլ պատասխանատվության դաշտ։ Երբ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանին Ադրբեջանը պահանջում էր արտահանձնել Բաքու, Հայաստանի կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկեց, և բացառապես Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Բելլան եկավ Հայաստան։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նաև շատ լավ հարաբերություններ ունի Եվրոպական քաղաքական ընտանիքի հետ և հանդիսանում է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամ: Հիշեցնեմ նաև, որ այն ժամանակ, երբ դեռ «Արցախը Հայաստան էր, և վերջ» փուլն էր ու եզակի եվրոպացի պաշտոնյաներ էին այցելում Արցախ՝ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ջանքերով մեծաթիվ Եվրոպական պատվիրակություններ էին բերվում Արցախ, այդ թվում շուրջ 30 Եվրախորհրդարանի պատգամավորներ։ Այսօր էլ ԲՀԿ-ն շարունակում է աշխատել իր եվրոպական գործընկերների հետ։ ԲՀԿ-ն ունի նաև շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի առաջատար քաղաքական ուժերի հետ, այդ թվում իշխող՝ «Եդինայա Ռոսիայի» հետ։ Ու ասեմ նաև, որ պատրաստվում ենք առաջիկայում մեր ռուսաստանցի գործընկերների հետ քննարկել հայ արտադրողների, մեր գյուղմթերքների և այլ արտահանողների, մեր արտագնա աշխատանքի գնացողների, և այլ շրջանակների համար ստեղծված խնդիրերը կարգավորելու և լուծումներ գտնելու ուղղությամբ։ Խնդիրներ, որոնք հասկանալի է, որ ստեղծվել են ամենևին ոչ «Բարգավաճ Հայաստան»-ի չհաշվարկված քայլերի պատճառով»,- ասվում է Տոնոյանի պատասխանում։ Հղումը՝ Newday.am

Հասարակություն

Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել

Մեր տեղեկություններով, տարբեր պետական կառույցներին հրահանգ է իջեցվել` Արարատ սարի պատկերն ամեն տեղից հանել: Շաբաթներ առաջ գրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից է հանվում Մասիս սարի պատկերը: Հիմա էլ մայր բուհի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը: Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյում եւս առկա է Մասիս սարի սիլուետը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ պայքարում է Արարատ սարի դեմ․ այն հանվեց Հայաստան ելքի եւ մուտքի կնիքների վրայից: Բանը հասել է նրան, որ նոր անձնագրերում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւա: Հղումը՝ Hraparak.am  

Քաղաքականություն

Ժաննա Անդրեասյանի ներքին ձայնը

Երեկվանից բուհերի եւ այլ կրթական հաստատությունների աշխատակիցները, քարոզարշավի մեկնարկին ընդառաջ, շրջաբերականներ են ստանում ԿԳՄՍՆ-ից, նախարարն է ելույթ ունենում՝ պարզաբանելով քաղաքական գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքը եւ կոչ է անում պահպանել օրենքը։ «ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ նաեւ կրթական հաստատությունների աշխատակիցները, ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող են իրացնել ոչ աշխատանքային ժամերին` աշխատանքային գործառույթներից/զբաղվածությունից դուրս: Ուստի կոչ ենք անում՝ հետեւողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները եւ զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական գործունեություն ծավալելուց», — ասված է շրջաբերականում: Երեկ էլ Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից սպառնում էր մարդկանց ազատել աշխատանքից եւ զրկել մանկավարժական գործունեության իրավունքից, եթե կրթական հաստատությունները վերածեն «քաղաքական գործունեության բեմահարթակի» եւ կրթօջախներում գործունեություն ծավալեն։ Երեւի, ներքին ձայնն է ասում՝ մի հատ էլ վախեցրեք, մի գրություն էլ ուղարկեք, մի հատ էլ ականջները լցրեք, որ հասկանան` բացի ՔՊ-ից ոչ մեկի օգտին չեն կարող աշխատել։ Ի դեպ, այս հայտարարությունները նաեւ վկայում են այն մասին, որ պետական ծառայողների եւ ուսհաստատությունների աշխատակիցների մեջ ՔՊ ընտրողները մեծամասնություն չեն կազմում, եւ իշխանությունը դա լավ գիտի: Անգամ այն պարագայում, երբ Փաշինյանը թիմով գրեթե ամենշաբաթյա ռեժիմով այցելում է դպրոցներ, մանկապարտեզներ ու սեփական քարոզն անում այնտեղ՝ հորդորելով ՔՊ-ին ընտրել, եւ այսպիսով իր ֆիզիկական ներկայությամբ հոգեբանական ճնշման է ենթարկում կրթական հաստատությունների աշխատակիցներին, իսկ բոլոր բուհերում էլ յուրային ռեկտորներ են նշանակվել, իշխանությունը, այնուամենայնիվ, սարսափած է ու նախազգում է, որ մարդիկ իրենց դեմ են աշխատելու։ Հղումը՝ Hraparak.am

Մշակույթ

«Վարարակն»-ի վերածնունդը մի յուրօրինակ հոգևոր կարևոր հենակետ կարող է դառնալ Արցախի մեր հայրենակիցների համար

  Արցախի մայրաքաղաքի պատմական Վարարակն անունով 1990-ականներին, երբ Արցախում ազատագրական պատերազմ էր, ասպարեզ մտավ երգչախումբը, որի հիմնադիրն է դիրիժոր, արվեստի վաստակավոր արտիստ Նինա Գրիգորյանը։ 1998-ին «Վարարակն» երգչախումբը ստացավ պետական կարգավիճակ ու դարձավ Արցախի մշակութային կյանքի կարևոր երակներից մեկը։ Տարիներ շարունակ «Վարարակն»-ը գեղարվեստական ղեկավար Արմինե Յախշյանի և դիրիժոր Ժաննա Աղաջանյանի հետ բազում համերգներով հանդես եկավ Արցախում, ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում, արտերկրում։ Սակայն եղավ Արցախի հայաթափումը, և ինչպես Արցախի բոլոր մշակութային կառույցները, այնպես էլ «Վարարակն» երգչախումբը մնացել էր առանց աջակցության և կկազմալուծվեր։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա նախ՝ ցանկալի է դրանք առգրավել ոչ թե հատիկ-հատիկ, այլ երկու «թայերը» միաժամանակ, և երկրորդ՝ լավ կլինի գործընթացում որպես փորձագետ ներգրավել նաև ՔՊ-ական կոկորդիլոսագետին. «ՉԻ»

Անդրադառնալով ապօրինի ունեցվածքի բռնագրավման թեմային՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք հատիկ-հատիկ գնալու են և՛ առանձնատների, և՛ կոկորդիլոսի կաշվից մի զույգ կոշիկի ետևից։ «ՉԻ»․ Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա նախ՝ ցանկալի է դրանք առգրավել ոչ թե հատիկ-հատիկ, այլ երկու «թայերը» միաժամանակ, և երկրորդ՝ լավ կլինի գործընթացում որպես փորձագետ ներգրավել նաև ՔՊ-ական կոկորդիլոսագետին։ Ի դեպ՝ կառավարության նույն նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե իրենցից բացի ոչ մի քաղաքական ուժ իր նախընտրական ծրագրում ընդհանրապես չի խոսել ապօրինի ունեցվածքի վերադարձի մասին։ Իսկ գիտե՞ք, թե ինչու հատուկ չեն ընդգծել այդ կետը։ Նախ՝ որովհետև որևէ նորմալ կառավարության դեպքում դա լինելու է ինքնին հասկանալի գործառույթ, ընդ որում՝ օրենքի ուղիղ պահանջ, և ոչ թե վարչապետի քմահաճույքը՝ «կուզեմ՝ կանեմ, չեմ ուզի՝ չեմ անի»։ Եվ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն այնքան է արժեզրկել այդ գաղափարը, որ «քյաբաբ առ քյաբաբը» հարյուրավոր անեկդոտների թեմա է դարձել, իսկ բուն գործընթացը վերածվել է ունեցվածքի վերաբաշխման կամ պարզ «կուլակաթափի»։ Եվ բնականաբար՝ որևէ ուժ չի ցանկանա կրկնել Նիկոլ Փաշինյանի խոստումներն ու հայտնվել առնվազն ծիծաղելի վիճակում։   Հ․ Գ․ Կոկորդիլոսի կաշվից կոշիկների հետևից գնալու մասին հայտարարությունը թերևս վկայում է, որ «հալյուցիոնագեն սնկեր» օգտագործելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի վարկածը գուցե այնքան էլ հեռու չէ իրականությունից։ Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Ընտրությունների նախաշեմին պարգևատրում են աշխատակազմերին

Մայիսի 6-ին և 7-ին Գեղարքունիք մարզպետ Կարեն Սարգսյանը պարգևատրել է մարզպետարանի աշխատակիցներին: 2026թ պետական բյուջեով հաստատված ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 4112 «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2026 թվականի ապրիլ ամսվա ընթաքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետի աշխատակազմի աշխատողներին պարգևատրել», գրված է հրամանում: Թե քանի աշխատակից և որքան գումարով է պարգևատրվել, նշված չի: Վաղվանից մարզպետ Կարեն Սարգսյանը կգտնվի արձակուրդում, որ լծվի ՔՊ-ի օգտին ձայներ հավաքելուն: Նշենք, որ Կարեն Սարգսյանը ՔՊ-ի ցուցակում 74-րդ տեղն է զբաղեցնում: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն էլ իր օգնական Մաքսիմ Բարսեղյանին պարգևատրել է 50 հազար դրամով: Մաքսիմ Բարսեղյանը ՔՊ –ի ցուցակի 227 համարն է: Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ապրիլ ամսին աշխատակզմի 6 աշխատակիցների պարգևատրել է 790 հազար 589 դրամով: Մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանին, Սամսոն Սարգսյանին պարգևատրել է՝ 197 հազար 600 դրամով: Մարզպետի օգնական Ռազմիկ Առաքելյանին՝ 187հազար 200 դրամով: Մարզպետի օգնական Թամարա Շառոյանին՝ 56 հազար 160 դրամով: Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, հիշեցնենք, ՔՊ-ի ընտրական ցուցակում զբաղեցնում է 63-րդ տեղը: Հղումը՝ Hraparak.am  

Իրավունք

Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն Վարդանյանը՝ Անահիտ Մանասյանին

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով հայտարարություն  է արել՝ ուղղված ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին: «Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում-խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր։ Բայց այս պատասխանից հետո կոնկրետ հարցեր են առաջանում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կապված։ Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է  պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը։ Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների,  ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։ Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրեր փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի  ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները։ Փոխարենը, եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշվել է փոխանցել նրանց ինչ-որ մեկի կողմից. սա օգնություն չէ, այլ ողորմություն: Այստեղ պահվողների շարքում կան տարեց՝  70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։ Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին: Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է սահմանված կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։ Չե՞ք ամաչում: Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։ Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։ Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է»,- եզրափակել է Վարդանյանը: Հղումը՝ Newday.am

Scroll to Top