Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին կանչել են ՌԴ ԱԳՆ

ՌԴ–ում ՀՀ դեսպանին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Գուրգեն Արսենյանին ասել են, որ Զելենսկուն Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու հարթակ տրամադրելը անընդունելի է, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։ Այսօր Գուրգեն Արսենյանը նախարարությունում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Դեսպանը խոստացել է արդյունքները զեկուցել Երևանին։ Ընդգծվել է, որ Մոսկվան արդարացիորեն վրդովված է և համարում է, որ վերոնշյալ այցելուի անպարկեշտ վարքագծի վերաբերյալ Երևանի կողմից պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը անհամատեղելի է հայ–ռուսական հարաբերությունների գործընկերային բնույթի հետ։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Վիդեո

Ո՞ւր են Բագրատ սրբազանի և մյուսների գործով տուժողները

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում այսօր պաշտպաններից Հակոբյանը հայտարարեց, որ իշխանության յուրացումն ու ահաբեկչությունը ենթադրում են տուժողներ, որոնք այս գործով չկան։ Հիշեցնենք, որ այս գործով անցնող 18 անձինք մեղադրվում են նույն հոդվածով՝ իշխանության յուրացման ու ահաբեկչության նախապատրաստման համար։ «Այս հանցակազմի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ այս հանցագործությունների օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է տուժողի առկայությունը։Քանի որ ահաբեկչության դեպքում դրա օբյեկտիվ կողմի մաս կազմող գործողությունները պետք է զուգորդված լինեն քաղաքացիական անձին կյանքից զրկելուն, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցնելուն… եթե չկա տուժող, ուրեմն չի կարող այս հանցագործությունը գոյություն ունենալ»,- հայտարարեց Հակոբյանը։ Հղումը՝ Aravot.am  

Տնտեսություն

Արմավիր ջրանցքի վրա պարզարան կկառուցվի՝ ավազի արդյունահանման նպատակով

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 7–ի նիստում ընդունել է որոշում, որով կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցման համար անհրաժեշտ տիպային նախագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը և փորձաքննությունների իրականացումը: Տիպային նախագծերի առկայությունը և վերջիններիս համապատասխան ավազի արդյունահանման աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա ձևավորել շինարարական ավազի պահանջարկի բավարարման աղբյուր՝ միաժամանակ ապահովելով Արաքս գետի հունի սահմանային կայունությունը, ինչպես նաև կանխարգելելով ոռոգելի հողատարածքների ավազակալումը և արդյունավետորեն կառավարելով շրջակա միջավայրի պահպանության ռիսկերը: Հողերի բերրիության պահպանմանն ու ջրային համակարգերի անխափան աշխատանքին զուգահեռ, նախագծի իրականացումը կունենա սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն՝ հիմնված գիտականորեն հիմնավորված տեխնիկական լուծումների և տիպային նախագծերի ներդրման վրա: Ըստ հիմնավորման, վարչապետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվել է ավազի արդյունահանման ոլորտի համալիր կարգավորման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ ավազի արդյունահանման համար համապատասխան նստեցման կայանի (պարզարանի) կառուցում։ Վերջինիս նպատակն է ունենալ գիտականորեն հիմնավորված և տեխնիկապես հագեցած գետաողողատային տիպի հանքավայրերի շահագործման տիպային նախագծի օրինակելի ձև, որը թույլ կտա Արաքս գետի ողողահունում ավազի արդյունահանումը իրականացնել տիպային նախագծին համապատասխան: Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Մարզպետը խախտել է սահմանված կարգը

Ըստ հանրակրթական դպրոց­ների տնօրենների նշանակման նոր կարգի` տնօրեն նշանակելուց հետո տվյալ մարզպետը կամ ԿԳՄՍ նախարարը պետք է նշանակի նաեւ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Այսինքն, ըստ էության, դպրոցը 2 տնօրեն է ունենում․ մեկը տնտեսական հարցերն ու բյուջեն է տնօրինում, մյուսը` կրթական ծրագրերն ու բովանդակությունը: Ապրիլի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշի մարզի ո՞ր դպրոցների տնօրեններն են նոր կարգով նշանակվել, այդ դպրոցներում նշանակվե՞լ է վարչատնտեսական մասի համակարգող»։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Տավուշի մարզի դպրոցներում նոր կարգով նշանակված տնօրենների թիվը 21-ն է (Դեբեդավան, Այգեձոր, Լճկաձոր, Դիլիջանի թիվ 6, Գոշի հիմնական, Ազատամուտ, Գոշի միջնակարգ, Հովք, Բերքաբեր, Ջուջեւան, Տավուշ, Դիլիջանի թիվ 2, Դիլիջանի թիվ 4, Իջեւանի թիվ 1, Իջեւանի թիվ 5, Կայանավան, Հաղթանակ, Այգեհովիտ, Բաղանիս, Սեւքար, Զորական), իսկ վարչատնտեսական մասի համակարգող ոչ բոլոր դպրոցներում են նշանակված»։ Մարզպետը չի ասել, որ շատ դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակել է, բայց այդ դպրոցներում նոր կարգով տնoրեններ չեն նշանակվել։ Օրինակները բազում են։ 2025թ․ հունիսի 27-ին մարզպետ Ղալումյանը Վոլոդյա Բաբինյանին ազատել է Կիրանցի դպրոցի տնօրենի պաշտոնից: 3 օր անց՝ հունիսի 30-ին, Կիրանց այցելած Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով բարեւած Բաբինյանին նշանակել է Կիրանցի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Դպրոցն ունի ընդամենը 37 աշակերտ, որքանո՞վ էր հրատապ 37 աշակերտ ունեցող դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող նշանակելը։ Մարզպետը 2026թ․ մարտի 27-ին Հրայր Պողոսյանին նշանակել է Իջեւանի թիվ 3 հիմնական դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Պողոսյանը նախկինում տնօրեն է եղել այդ դպրոցում։ Թիվ 3-ում նոր կարգով տնօրեն չի նշանակվել, սակայն մարզպետը վարչատնտեսական մասի համակարգող է նշանակել դպրոցի նախկին տնօրենին։ Հղումը՝ Hraparak.am  

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Վախ չկա»․ Արման Թաթոյանի թիմը գործարկել է համանուն էլփոստ ու թեժ գիծ՝ նախընտրական ճնշումների դեմ

«Վախ չկա»․ Արման Թաթոյանի թիմը գործարկել է համանուն էլփոստ ու թեժ գիծ՝ նախընտրական ճնշումների դեմ պայքարի համար։ Ինչո՞ւ՝ մանրամասնում է տեսանյութում։  Թեժ գիծ՝ 033 200 330  Էլեկտրոնային հասցե՝ [email protected] Հղումը՝ Newday.am

Իրավունք

Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը

Մեքենայի մեջ մահացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը: Նրա մահվան մասին հայտնել են Armenpress գործակալության և Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցները: Կալոշյանի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Գևորգ Կալոշյանը վերջին ժամանակներում հայ-թուրքական գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ եղել է հայկական կողմի թարգմանիչը։ Հղումը՝ Newday.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Լատվիայի նախագահը Հայաստանում է. դիմավորման պաշտոնական արարողությունը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս պահին ՀՀ նախագահի նստավայրում ընթանում է դիմավորման  պաշտոնական արարողությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: Լատվիայի նախագահին ուղեկցում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Լատվիայի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մայիսի 7-ին։ Այցի շրջանակներում Լատվիայի նախագահը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հղումը՝ News.am

Scroll to Top