Գովազդ A1

Հասարակություն

Հասարակություն, Նորություններ

Հետք. Շրջակա միջավայրի նախարարությունը ձախողել է արտեզյան հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացը

Շրջակա միջավայրի նախարարությունը ձախողել է Արարատյան դաշտի արտեզյան հորերի լուծարման կամ կոնսերվացման գործողությունները։ Վերջին հինգ տարում արտեզյան հորեր գրեթե չեն կոնսերվացվել։  Այս պահի դրությամբ արտեզյան 51 հոր կա, որից 10-ը պետք է լուծարվի, 41-ը` կոնսերվացվի: 51 հորից 26-ը համայնքային է, մնացածը ընկերությունների կամ անհատների տարածքներում են: 2020-2022 թվականներին Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներ առհասարակ չեն իրականացվել։ 2023թ․-ին խորքային հորերը կոնսերվացնելու կամ լուծարելու պետգնման պայմանագիրը միակողմանի լուծվել է, դատական գործընթաց է նախաձեռնվել։ 2024թ․-ին կնքված պայմանագիրը նույնպես լուծվել է, քանի որ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Հիշեցնենք՝ 2018թ․ իշխանափոխությունից հետո Շրջակա միջավայրի նախարար նշանակվեց Էրիկ Գրիգորյանը։ 2020թ․ մայիսից նրան փոխարինեց Ռոմանոս Պետրոսյանը, իսկ ներկայիս նախարար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 10-ին։ Ինչու են լուծվել հորերի կոնսերվացման կամ լուծարման համար կնքված պայմանագրերը 2023 թվականի համար հայտարարված մրցույթին հայտ է ներկայացրել միայն «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն և հաղթող է ճանաչվել։ Ընկերության հետ կնքվել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման՝ 67,8 մլն դրամի պայմանագիր։ Կառավարության 2023թ․ ապրիլի որոշմամբ դրա համար հատկացվել են ֆինանսական միջոցներ։ Սակայն ՇՄՆ-ն  միակողմանի լուծել է պայմանագիրը։ Ինչպես մեր հարցմանն ի պատասխան հայտնել է ՇՄՆ-ն, գերատեսչությունը լուծել է պայմանագիրը, քանի որ «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել է մասամբ՝ 5,5 մլն դրամի չափով, խախտել է պայմանագրի հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով աշխատանքի կատարման համար նախատեսված ժամկետները։ «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն դատական կարգով վիճարկել է պայմանագրի միակողմանի լուծումը։ Հայցադիմումում նշել է, որ պայմանագրի շրջանակներում ընկերության կողմից կատարվելիքաշխատանքների ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, խոչընդոտներ և անհամապատասխանություններ, որոնց մասին տեղեկացվել է նախարարությանը՝ մի շարք գրություններով, սակայն աջակցություն չի ստացել: Շարունակությունը՝ Հետք-ում

Հասարակություն, Նորություններ

Մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները

Ապրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2025 թվականի մայիսի 10-ը՝ 1) Դիլիջանի տարածաշրջան 2) Արմավիրի տարածաշրջան 3) Վայքի տարածաշրջան 4) Տաշիրի տարածաշրջան 5) Աշտարակի տարածաշրջան 6) Թալինի տարածաշրջան 7) Արտաշատի տարածաշրջան  8)Արարատի տարածաշրջան 9) Էջմիածնի տարածաշրջան 10) Եղեգնաձորի տարածաշրջան 11) Թումանյանի տարածաշրջան 12) Բաղրամյանի տարածաշրջան 13) Նոյեմբերյանի տարածաշրջան 14) Մասիսի տարածաշրջան 15) Մեղրու տարածաշրջան 16) Կապանի տարածաշրջան 17) Գուգարքի տարածաշրջան 18) Սևանի տարածաշրջան 19) Աբովյանի տարածաշրջան 20) Գավառի տարածաշրջան 21) Իջևանի տարածաշրջան 22) Սպիտակի տարածաշրջան 23) Անիի տարածաշրջան 24) Ապարանի տարածաշրջան 25) Մարտունու տարածաշրջան Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանել 2025 թվականի հունիսի 1-ը՝ 26) Արթիկի տարածաշրջան 27) Սիսիանի տարածաշրջան 28) Ամասիայի տարածաշրջան 29) Ճամբարակի տարածաշրջան 30) Հրազդանի տարածաշրջան 31) Ստեփանավանի տարածաշրջան 32) Նաիրիի տարածաշրջան 33) Ախուրյանի տարածաշրջան 34) Աշոցքի տարածաշրջան 35) Գորիսի տարածաշրջան 36) Արագածի տարածաշրջան 37) Տավուշի տարածաշրջան 38) Վարդենիսի տարածաշրջան

Հասարակություն, Նորություններ

Թոշակառուն օրական ընդամենը 1 հաց է գնելու. «Հայաքվե»

Ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչության 32-33 տոկոսը աղքատ է, և աղքատներ ու միայնակ ծերեր բնակվում են նաև Երևանի կենտրոնում: Այս մասին փոխանցում են «Հայաքվե» նախաձեռնությունից: «35-45 հազար դրամ թոշակ ստացող քաղաքացին 2026 թվականին վճարելու է մոտավորապես 350 000 դրամ գույքահարկ։ 12 ամսվա նրա թոշակը կազմելու է մոտավորապես 500 000 դրամ։ Եթե նա 326 000–ը վճարելու է որպես գույքահարկ, դրանից մնալու է մոտ 180 000 դրամ։ Այսինքն` թոշակառուին 1 տարի գոյատևելու, ապրելու համար մնալու է օրական 500 դրամ։ Դա նշանակում է, որ թոշակառուն օրական ընդամենը 1 հաց է գնելու»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հասարակություն, Նորություններ

Ռուս տիեզերագնացը ապրիլի 1-ին կատակել է «տափակ Երկրի» կողմնակիցների հետ

Միջազգային տիեզերակայանում գտնվող ռուս տիեզերագնաց Իվան Վագները ապրիլմեկյան կատակ է արել տափակ Երկրի տեսության կողմնակիցների վրա։ Նա լուսանկար է հրապարակել ՄՏԿ–ից, որում կրիայի և փղի արձանիկ է պատկերված Երկրի ֆոնին։ Տիեզերագնացը հավելել է, որ դեռ կան մարդիկ, որոնք ժխտում են մոլորակի գնդաձև լինելը։ «Ապրիլի 1-ը ծիծաղի օր է: Թերևս լավագույն առիթը տափակ Երկրի տեսության կողմնակիցների հետ կատակելու համար: Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը մի արձանիկ, որը մարմնավորում է տիեզերքի մասին պատկերացումները, որոնք գոյություն են ունեցել հին Ռուսաստանում: Այն ժամանակներում համարվում էր, որ Երկիրը տափակ, հաստ նրբաբլիթ է, որը պառկած է անծայրածիր օվկիանոսի մակերեսին լողացող երեք կետերի մեջքին։ Լուսանկարում արձանիկը պատկերված է իրական Երկրի ֆոնին», — գրել է նա։ Ի դեպ, վերջին թռիչքի ժամանակ Վագներն իր հետ վերցրել էր արձանիկ, որը պատկերում էր երկրագնդի կառուցվածքի մասին հնդկական հնագույն առասպելը՝ կրիա՝ մեջքին երեք փղերով, որոնք տափակ Երկիրն են պահում:

Հասարակություն, Նորություններ

Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ. Սուրենյան

Ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագահի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ»,- հավելել է նա:

Հասարակություն, Նորություններ

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2024 թվականի տարեկան հաղորդումը

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 թվականի տարեկան հաղորդումը (https://shorturl.at/IKeul)։ Պաշտպանի տարեկան հաղորդումն ամփոփում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առանձին ոլորտներում առկա գործնական և օրենսդրական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված Պաշտպանի առաջարկները: Մասնավորապես, 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակում վերլուծվել են սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովման, քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության, խաղաղ հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների և նրա լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքների պաշտպանության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, իրավահավասարության և խտրականության արգելքի, ինչպես նաև մի շարք համակարգային բնույթի հարցեր։ Առաջին անգամ տարեկան հաղորդման շրջանակում առանձին անդրադարձ է կատարվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության ծրագրի իրականացման, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության նշանակման, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալներին բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում չտրամադրելու խնդիրներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանությանն օտարերկրյա պետություններում: Տարեկան հաղորդմամբ նաև առանձին համեմատական վերլուծության է ենթարկվել տարիներ շարունակ առկա կալանքի խնդրահարույց պրակտիկան, քրեական վարույթների ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինչպես նաև անձնական ազատության իրավունքի սահմանափակմանն առնվող խնդրահարույց հարցերը: Պաշտպանը 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում անդրադարձել է նաև հետևյալ ոլորտներում առկա խնդիրներին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հոգեկան առողջության պահպանում, բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության հասանելիության ապահովում, անձնական տվյալների պաշտպանություն, հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության պատշաճ գնահատում, լրագրողի մասնագիտական գործունեության՝ որպես կարծիքի արտահայտման ազատության երաշխիքի անխոչընդոտ իրականացում, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք Տարեկան հաղորդման շրջանակում հատուկ անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման ու այլընտրանքային խնամքի կազմակերպման, ծնողների հետ շփվելու երեխայի իրավունքի, երեխայի նկատմամբ բռնության բացահայտման, կանխարգելման, արձագանքման և մի շարք այլ ոլորտներում երեխայի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններին։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի, մատչելիության, այդ թվում՝ նոր կառուցվող և վերակառուցվող, նոր կառուցված և վերակառուցված շենքերի և շինությունների մատչելիության, կրթության իրավունքի և մի շարք այլ իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններին: Պաշտպան Անահիտ Մանասյանն առանցքային է համարում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված խնդիրների լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ համագործակցությունը: Ներկայացված առաջարկների վերաբերյալ տարվա ընթացքում Պաշտպանի նախաձեռնությամբ անցկացվելու են թիրախային քննարկումներ՝ իրավասու մարմինների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:

Հասարակություն, Մշակույթ, Նորություններ

Երևանում տեղի կունենա «Հայք-Իրան–Հազարամյա հարևանություն» համաժողովը

Ապրիլի 3-ին Երևանում տեղի կունենա «Հայք-Իրան – Հազարամյա հարևանություն» համաժողովը, որին կմասնակցի  նաև միջազգային լրագրող Աբբաս Ջուման։ Համաժողովում ներգրավված են Հայաստանի և Իրանի առաջատար փորձագետներ, ինչպիսիք են Ալեքսանդր Իսկանդարյանը, Սուրեն Պետրոսյանը, Մուստաֆա Տալեպբուրը, Փաշա Կազեմիդջատը, Քրիստինե Կոստիկյանը։ Փակման արարողությունը մշակութային է․ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահսում երեկոյան համերգային ծրագրով ելույթ կունենան երկու երկրները ներկայացնող հայկական «Կայթ» և իրանական «Sayeh» երաժշտական խմբերը։ Համաժողովը տեղի  կունենա BW Plus Congress Hotel-ում, ապրիլի 3-ին։ Համերգային երեկոն՝ 19:30 — 21:00՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում  Համաժողովին մասնակցությունն անվճար է և հաստատվում է միայն գրանցումից հետո։ Գրանցման հղում՝ https://hayk-iran.com/ Միջոցառումը նպատակ ունի վեր հանել մեր մշակութային և պատմական հարուստ ժառանգությունը և նպաստել երկու հնագույն քաղաքակրթությունների միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը։ Հարցերի դեպքում զանգահարեք՝  093 65 06 18

Հասարակություն, Նորություններ

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա` փաթեթներում կանեփ տեսակի թմրանյութ է, որը տելեգրամյան ալիքի միջոցով վերցրել է Երևանում` Գյումրիում տեղադրելու համար: Երիտասարդը հավելել է, որ երք փաթեթ արդեն տեղադրել է, և պատրաստ է դրանք ներկայացնել: Ուսապարկում հայտնաբերվել են նաև դեղնականաչավուն զանգված ու մոխրացած հետքերով կաթուցիչ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով: Զննությամբ Մայակովսկու փողոցում հայտնաբերվել և վերցվել են նաև երիտասարդի տեղադրած երեք փաթեթները: 24-ամյա հրազդանցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:

Հասարակություն, Նորություններ, Տնտեսություն

Ակտիվացել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ավելի մեծ թափ են ստացել Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքները․ հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Կապալառու կազմակերպությունը մեծացրել է իր ռեսուրսները։ Շինհրապարակում աշխատում է 155 միավոր տեխնիկա, 248 աշխատող։ Ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչներ, ինչպես նաև տեղական շինարարական կազմակերպություններ՝ որպես ենթակապալառու, ինչը լուծում է որոշակի սոցիալական խնդիրներ։ Բացի այդ, տեղի շինկազմակերպություններն ու մասնագետները, համագործակցելով միջազգային բազմաթիվ ծրագրերում մեծ փորձ ունեցող կապալառուի հետ, ձեռք են բերում մեծ փորձառություն, ծանոթանում են նորագույն տեխնոլոգիաների նրբություններին։ Շինհրապարակում այս պահին իրականացվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, պայթեցումներ, կառուցվում է հողային պաստառը և այլն։ Ընթանում է Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցներից մեկի կառուցումը. կատարվում է բետոնացում, կառուցվում են արհեստական կառույցների հիմքերը։ Շարունակվում են նաև 360մ երկարություն ունեցող թունելի հորատման աշխատանքները. արդեն իսկ հորատվել է ավելի քան 180մ։ Քաջարան-Ագարակ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել և 17 կամուրջ, որոնցից ամենաերկարը 720 մետր է։

Հասարակություն, Նորություններ

ՀՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Scroll to Top