Փաշինյանը Սամվել Կարապետյանին «օտարերկրյա լրտես» անվանեց
Հղումը՝ News.am
Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ արդեն գործի էր դրել ընդդիմադիր համայնքապետերին պատժելու գործիքակազմը: Դեռ 1 տարի առաջ որոշ ընդդիմադիր համայնքապետերի դեմ քրեական գործեր հարուցվեցին: Այդ գործերը մինչեւ ընտրություն օդում կախված կմնան միայն մեկ պատճառով՝ Փաշինյանը հույս ունի այսկերպ ազդել համայնքների ղեկավարների վրա, որոնք իրենց գլխին կախված վտանգից խուսափելու համար ընտրություններին իր համար ձայներ կապահովեն: Մեր տեղեկություններով՝ Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանն այս օրերին ակտիվորեն լծվել է ՔՊ-ի օգտին ձայներ ապահովելու գործին: Մեզ պատմեցին, որ շտաբ է բացել եւ անձամբ ղեկավարում է ընտրական գործընթացը, աշխատանքի վայրում էլ շատ քիչ է լինում: Ճի՞շտ է, որ համայնքապետ Հակոբ Բալասյանն այս օրերին զբաղված է ընտրական գործընթացով՝ հարցրինք համայնքապետարանի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանին։ «Համայնքի ղեկավարն այս պահին զբաղվում է համայնքի ղեկավարի գործերով, ոչ մի քաղաքական գործունեությամբ չի զբաղվում: Այդ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց մամուլի քարտուղարը: Մեզ ասացին, որ Հակոբ Բալասյանը սատարում է ՔՊ-ին։ «Այո, համայնքապետը հայտարարել է, որ պաշտպանում է վարչապետի թեկնածությունը»: Բայց չէ՞ որ ամիսներ առաջ համայնքապետի լիազորությունները կասեցվել են։ «Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»,- ասաց մամուլի քարտուղարը: Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս): Քրեական վարույթն առնչվում է ձեւական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Նույն օրը Բյուրեղավան համայնքի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ պաշտոնավարման կասեցման մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից։ «Այդ մասին որեւէ կերպ իրազեկված չեմ եղել, մինչդեռ, նման պայմաններում կարող էր առաջանալ մի վիճակ, որ համայնքի ղեկավարը լիազորությունները կասեցված վիճակում կայացներ համայնքային նշանակության որոշումներ։ Այսպիսով, վարույթն իրականացնող մարմինն անտեսել է ոչ միայն իմ, այլեւ համայնքի հազարավոր բնակիչների շահերը: Դատարանը կորոշի՝ մեղավո՞ր եմ, թե՝ ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն, թե ով ով է` իր ապրածով եւ արած գործերով։ Մի քանի չկողմնորոշված, անդեմ անձինք ամեն ինչ անում են՝ մեր միասնությունը եւ քաղաքի անդորրը խանգարելու համար։ Իրենք չեն հաջողելու։ Հետագայում կներկայացնեմ մանրամասներ` կոնկրետ անուններով»,- գրել էր Բալասյանը։ Ամիսներ անցան, համայնքապետը շարունակեց պաշտոնավարել: Նշենք, որ Հակոբ Բալասյանը 2008-2017թթ. Բյուրեղավան համայնքի ղեկավարն է եղել: 2017-ից Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավարն է: ԲՀ կուսակցության շնորհիվ քաղաքապետ դարձած Բալասյանն այժմ ճամբարափոխ է եղել եւ աշխատում է ՔՊ-ի համար: Հղումը՝ Hraparak.am
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա Facebook–ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի Նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Կոտայքի մարզում մեծ թվով պարեկների են աշխատանքից ազատել, քանզի նրանց ընտանիքի անդամները ԲՀԿ համակիրներ են։ Րոպեներ անց ՆԳՆ-ն շտապեց հերքել այս տեղեկատվությունը, բայց այսօր արդեն պարզ դարձավ, որ այդ շտապողականությունն անտեղի էր, քանի որ ընդամենը րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատեց Գ․ Ծառուկյանի այդ տեղեկությունը, ավելին՝ հավելեց, որ եթե դեռ չեն էլ հեռացվել, ապա անպայմանորեն պետք է հեռացվեն, քանի որ անգամ ինքը իր շրջապատից պաշտոն ունեցող այդքան մարդ չունի։ Նախ, օրենքի հետ ակնհայտ հակասություն ունեցող այս գնահատական-հրահանգը ուղիղ սպառնալիք է բոլոր ընդդիմադիր ուժերին ու գործիչներին։ Աբսուրդն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Այսինքն ի՞նչ է ստացվում, եթե դու ունես իրավապահ կամ պետական համակարգում աշխատող բարեկամ, ծանոթ, հարևան, ուրեմն չես կարող որևէ քաղաքական ուժի համակրել կամ սատարել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով նրանք կազատվեն աշխատանքից։ Իրականում ադպես էլ կա։ Եվ երկրորդ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անգամ ինքը Ծառուկյանի նշածի չափ ծանոթ պարեկներ չունի, քանզի իր շրջապատից մարդիկ չկան այդ համակարգում, թարմացնեմ նրա հիշողությունը։ Այո՛, միգուցե պարեկներ չկան քո շրջապատից, փոխարենը՝ քո դասընկեր Վահե Ղազարյանը մինչև վերջերս ՆԳՆ նախարար էր, քավորդ՝ Հայկ Ղալումյանը ներկայումս Տավուշի մարզպետն է, աներձագդ՝ Հրաչյա Հակոբյանը արդեն երկրորդ անգամ պատգամավորի մանդատ է ստանում նվեր սերիալային փայլուն խաղի համար, ՀԺ-ի նախկին լրագրող՝ Վահագն Հովակիմյանը այժմ ԿԸՀ նախագահն է, եղբորորդիդ՝ Սիփան Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, հետախուզման մեջ գտնվելուդ ընթացքում քեզ պատսպարած Հակոբ Սիմիդյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարն էր։ Այս շարքը դեռ շատ երկար կարող եմ շարունակել։ Ի դեպ մի քանի ուրիշ պաշտոններ էլ կան, որոնցում Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել։ Նիկոլ Փաշինյան-ՀՀ գլխավոր դատախազ Նիկոլ Փաշինյան-ՀՀ ոստիկանապետ Նիկոլ Փաշինյան- ՀՀ ԱԱԾ պետ Նիկոլ Փաշինյան-տարբեր ատյանների դատավոր, ով քարոզարշավի ամեն օր որևէ մեկին դատավճիռներ է կարդում»։ Հղումը՝ News.am
Մենք մտնում ենք շատ ծանր և ռիսկային ժամանակաշրջան։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Այս տարածաշրջանում ավանդաբար ունեցել ենք երկու երկիր, որոնց հետ խնդիրներ ենք ունեցել՝ Թուրքիան և Ադրբեջանը, և երկու երկիր, որոնց հետ ունեցել ենք բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ՝ Ռուսաստանն ու Իրանը։ Ռուսաստանի հետ ունենք լուրջ պայմանագրային բազա անվտանգության ոլորտում, Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, իսկ Իրանի հետ ձևավորվել են երկարամյա բարեկամական հարաբերություններ։ Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդիրները պահպանվում են։ Այո՛, փորձում են գնալ խաղաղության, և մենք նույնպես կողմնակից ենք խաղաղությանը։ Բայց խաղաղությունը մատի մեկ շարժումով չի հաստատվում։ Դրա համար ժամանակ, հարաբերություններ և իրավապայմանագրային հիմք է անհրաժեշտ։ Սակայն այսօր մենք միաժամանակ լրջորեն քայքայում ենք հարաբերությունները նաև Ռուսաստանի և Իրանի հետ։ Մենք շատ փոքր երկիր ենք նման շքեղություն մեզ թույլ տալու համար»,–ասել է Քոչարյանը։ Նրա խոսքով, պետք է չքանդել այդ հարաբերությունները, այլ պահպանել ու ամրապնդել դրանք և այդ հիմքի վրա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ «Որքան թույլ ես, այնքան թույլ են քո բանակցային դիրքերը։ Այն, ինչ այսօր արվում է, ըստ էության, Հայաստանի դիրքերի թուլացում է բարդ բանակցային գործընթացում։ Մենք չենք կարծում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խանգարում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը»,– նկատել է նա։ Հարցին՝ կարո՞ղ է Հայաստանը միաժամանակ ապահովել Արևմուտքի և Ռուսաստանի աջակցությունը, երկրորդ նխագահը պատասխանել է. «Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել Եվրոպայի և հատկապես Ֆրանսիայի հետ։ Ֆրանսիայի հետ լավագույն հարաբերությունները՝ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ անձամբ Ժակ Շիրակի հետ, եղել են իմ նախագահության տարիներին։ Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն խանգարել Եվրոպայի ու Ֆրանսիայի հետ մեր համագործակցությանը։ Սակայն պետք է հասկանալ, որ Ֆրանսիան այս տարածաշրջանում անվտանգային առումով իրական ազդեցության ռեսուրսներ չունի։ Կարող է հայտարարություններ անել և վերջ։ Եվ ամեն անգամ Ալիևը շատ կոպիտ է արձագանքել՝ հստակ ցույց տալու համար, որ Ֆրանսիան ազդեցություն չունի տարածաշրջանային հարցերում։ Նույնը վերաբերում է նաև Եվրամիությանը, որը չունի անվտանգության սեփական կառուցվածք։ Ռուսաստանի դերը մեծանում է այս տարածաշրջանում, և Թուրքիայից բացի, ոչ մի այլ տերություն ի վիճակի չէ հակադրվելու նրա տնտեսական, ռազմական և, իհարկե, ազդեցության մյուս բոլոր ոլորտներին»։ Դիտարկմանը, որ ԱՄՆ–ն TRIPP նախագծով փորձում է ամրապնդվել տարածաշրջանում, արդյոք դա լավ նախագիծ է, Քոչարյանն արձագանքել է. «Ո՞վ գիտի, թե ինչ է մտածում Թրամփը։ Ես պատկերացում չունեմ։ Չեմ կարծում, թե սա լավ կամ վատ նախագիծ է․ կարծում եմ՝ այն պարզապես չի աշխատի։ Հարցն այն է՝ արդյո՞ք այն իրականանալի է։ Ես չեմ տեսնում, թե Հայաստանը ինչպես կարող է դրանից օգուտ քաղել։ Սա նախագիծ չէ Հայաստանի համար․ սա նախագիծ է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ նրանց Կենտրոնական Ասիային կապելու նպատակով։ Մենք այդ ճանապարհից, ըստ էության, ոչինչ չենք ստանալու՝ բացի 40-50 կիլոմետրանոց տարանցիկ հատվածից գոյացող փոքր եկամուտներից։ Բավական է պարզապես նայել քարտեզին՝ հասկանալու համար, որ սա Հայաստանի նախագիծ չէ։ Մենք չենք կարող տարանցիկ երկիր դառնալը դարձնել մեր տնտեսական զարգացման հիմքը կամ մտածել, թե դա կարող է մեր տնտեսության էական մասը կազմել»։ Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ինքը ծրագրում ներդրումներ գրավել ու զարգացնել Հայաստանը, Քոչարյանը պատասխանել է. «Առաջին հերթին՝ տարածաշրջանում ավելի շատ երթուղիներ բացելով։ Մեր հիմնական առևտրային ուղին Ադրբեջանը չէ, այլ Վրաստանը։ Իսկ ապագայում, եթե կարողանանք բարելավել հարաբերությունները, կարող է դառնալ նաև Թուրքիան։ Բայց ամենակարևորը՝ մենք պետք է զարգացնենք մեր արդյունաբերությունը։ Իր բնակչության ներուժի և կրթական մակարդակի շնորհիվ Հայաստանը Խորհրդային Միության ամենաարդյունաբերական երկրներից մեկն էր՝ զգալիորեն առաջ անցնելով Ադրբեջանից։ Մենք պետք է իրականացնենք արդյունաբերությունը Հայաստան վերադարձնելու ծրագիր։ Խոսքը ծանր արդյունաբերության մասին չէ, որը պահանջում է մեծ ծավալի հումքի ներմուծում, այլ բարձր տեխնոլոգիական և առաջատար արդյունաբերության, առանց որի ես Հայաստանի ապագա չեմ տեսնում։ Մենք ունեինք բազմակողմանի ինժեներների հզոր դպրոց, որն այսօր աստիճանաբար կորցնում ենք։ Ամեն օր կորցնում ենք այն կարևորությունը, որը ժամանակին ունեցել ենք Խորհրդային Միությունում։ Մեր մարդկային ներուժը հաջողության պատմություն է, որը հնարավոր է վերականգնել։ Մենք կարող ենք շարժվել այդ ուղղությամբ։ Ի՞նչ է անհրաժեշտ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար։ Բիզնեսի անվտանգություն, երկրի կայունություն և գրավիչ տնտեսական քաղաքականություն։ Եթե ստեղծես նման բարենպաստ միջավայր, ներդրումներ անպայման կլինեն։ Ես դա զգացել եմ իմ անձնական փորձով»։ Հղումը՝ News.am
Երևանի հեռուստաաշտարակի մեդիաֆասադում քաղաքական գովազդի տեղադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և գործող իրավական կարգավորումների պահանջներին համապատասխան։ «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քաղաքական գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը՝ հավասար և ոչ խտրական պայմաններով։ Գովազդի տեղադրման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվել է դեռևս 2026 թվականի մայիսի 4-ին՝ ՀՀՌՑ ՓԲԸ պաշտոնական կայքում, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հարթակում։ 14.05.2026 թ. դրությամբ քաղաքական գովազդի տեղադրման հայտ ներկայացրել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընկերությունը պատրաստ է սահմանված կարգով ընդունել ու դիտարկել մյուս քաղաքական ուժերի հայտերը։ «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց Հղումը՝ Aravot.am
Վերջին տարիներին մեր ժողովուրդն անհանգստանում է արտաքին վտանգներից և դրա առիթը այս իշխանությունը տվել է։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Մենք բոլորս հիշում ենք, թե իրեն սխալ վարած քաղաքականության հաշվին ինչքան երիտասարդներ զոհվեցին, ինչքան երիտասարդների ապագան կործանեցին, բայց մենք ունենք միգուցե ավելի վտանգավոր և կարևոր հարց, որի մասին բոլորը լռում են։ Այս մարդիկ հանգիստ, առանց աչքերը թարթելու փոքրացնում են մեր երկիրը, նվաստացնում են մեր երկիրը և այսպես գնալով մի քանի տարի հետո մենք կարող ենք ունենալ Հայաստան առանց հայերի, կամ շատ քիչ հայերով։ Բացարձակ չի տարվում քաղաքականություն մարզերի զարգացման համար, արտագաղթը հասնում է բացարձակ մակարդակների։ Իրենք հայտարարում են, թե մենք ունենք բնակչության աճ, մենք այսօր կներկայացնենք, որ ամբողջությամբ հակառակ պատկերն է։ Ներքին քաղաքանությունը հասցրել են զրոյի։ Ամեն օր գոռգոռում ու ղժղժում են ասֆալտից, բայց այդ ասֆալտը ինձ թվում է մի քանի տարի հետո միայն պետք է գալու իրեն հեծանիվ քշելու համար, որովհետև եթե գյուղերում ասֆալտ են անում, կամ դպրոց են սարքում, իսկ այդ գյուղերում մարդ չի ապրելու, դրա համար պետք չէ ունենալ մեծ խելք։ Նրանք դրանով մոլորեցնում են մեր ժողովրդին և անում են իրենց սև գործը։ Բոլոր մեր սահմանամերձ գյուղերը այսօր վտանգի տակ են, կարելի է ասել Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը։ Դրա համար մենք այս հարցերը համարում ենք շատ կարևոր»,– հայտարարեց Սամվել Կարապետյանը։ Նա նկատեց, որ ամուսնալուծությունները հասել են բացարձակ մակարդակի, ծնելիությունը նվազում է, երկիրը կամաց-կամաց հայաթափվում է արտագաղթի հաշվին. «Ամեն ինչը այսօր նպաստում է, որ փոքրացնեն մեր երկիրը։ Ես ուզում եմ նորից մեր հասարակության ուշադրությունը սևեռել 300000 ադրբեջանցիների վրա։ Եթե մենք չկանգնեցնենք դա, շատ շուտով կհայտնվեն Հայաստանի տարբեր շրջաններում և առաջին հերթին Փաշինյանի կողմից ազատված սահմանամերձ շրջաններում և գյուղերում։ Մեր ժողովրդագրական տվյալները սարսափելի են։ Անպայման մեզ համար ժողովրդագրական հարցը կլինի ամենաթիրախային հարցերից մեկը և գնալով մենք ամեն ինչ անելու ենք երիտասարդ ընտանիքների համար, որպեսզի նրանք կարողանան շատ երեխա ունենալ, լավ դաստիարակել իրենց երեխաներին, լավ ապագա ստեղծել իրենց երեխաների համար»,– հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։ Կուսակցության անդամ Գոհար Մելոյանը որոշ ցուցանիշներ բերեց. «Մեր երկրում ծնունդները անկում են ապրել շուրջ 12%-ով, ամուսնությունները՝ շուրջ 7%-ով, ամուսնալուծությունները ավելացել են շուրջ 28%-ով, բնական աճը անկում է ապրել շուրջ 40%-ով։ Մեր ուժը, ի դեմս մեր առաջնորդ պարոն Կարապետյանի լրջագույն հեղափոխական տնտեսական առաջարկ արեց՝ 300000 աշխատատեղ, 20000 մատչելի բնակարան, բայց սա դեռ մեկնարկն է։ Մենք ներկայացնում ենք մեր հեղափոխական առաջարկը, որը միտված է ժողովրդագրական աճին։ Մենք մեկնարկում ենք «Ազգային վերածննդի հիմնադրամը», որը մշակելու է պետական քաղաքականությունը, որով լուծվելու են լրջագույն ժողովրդագրական խնդիրները։ Մեր հիմնադրամն ունենալու է ընդամենը 30% պետական մասնակցելիություն, իսկ մնացած 70%-ը կազմակերպվելու է մեր գործընկերների միջոցների շնորհիվ ամբողջ աշխարհից։ Մենք նաև ունենք կոնկրետ առաջարկ. յուրաքանչյուր չորրորդ երեխա ծնունդի համար ստանալու է 2 մլ դրամ, իսկ հինգերորդ և մնացած երեխայի համար ընտանիքները ստանալու են անվճար բնակարան»,–ասաց Մելոյանը։ Ամփոփելով, Սամվել Կարապետյանն ասաց. «Մենք տեսանք՝ ինչքան մտահոգիչ է այսօր Հայաստանի, հայ ժողովրդի վիճակը, ինչը մեր ժողովրդի մոտ 25%-ը դեռ չի հասկանում, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ նախընտրական փուլում կարողանանք մեր ժողովրդին ներկայացնել Հայաստանում եղած իրական վիճակը։ Ես կասկած ունեմ, որ Փաշինյանը այսօր իրականացնում է Ալիևի երազանքը, տեղ է բացում ադրբեջանցիների համար։ Մենք ասում ենք 300 հազար, բայց ես արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար, դրա թիվը հետագայում հաշվելը անհնար է լինելու մեզ համար։ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը հաջորդ հինգ տարիներում իրականացնելու է, դրա համար ես կոչ եմ անում մեր ժողովրդին ավելի ուշադիր նայեն մեր ներքին խնդիրներին, չխաբնվեն միայն խաղաղություն բառերով, որովհետև խաղաղություն բառը Փաշինյանի հետ ոչ մի կապ չունի։ Հայաստանում թե պատերազմները, թե մահացությունները բերում է միայն Փաշինյանը և իր կառավարությունը։ Դրա համար մեկ օր շուտ ազատվելով այս իշխանությունից, մենք կարող ենք կերտել ձեզ հետ միասին ուժեղ Հայաստան»։ Հղումը՝ News.am
Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պարբերաբար մոտ ռակուրսներից նկարներ են հրապարակում՝ փորձելով ցույց տալ, թե նախընտրական հանդիպումները մարդաշատ են։ Սակայն իրականում գրեթե բոլոր տեղերում քպականներին հիասթափություն է սպասվում, գրում է «Փաստը»։ Օրինակ՝ Աշտարակում ողջ վարչական ռեսուրսը կիրառելով, «շրջիկ խմբերով» կարողացել են հանրահավաքին բերել մոտ 500 մարդ, որոնց գերակշիռ մասը, ըստ ականատեսների, մարզպետարանի, համայնքապետարանի և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներն են եղել: Հղումը՝ News.am
Եվրոպական միությունում որպես նշանակալի իրադարձություն են ընկալել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտրային հարաբերությունների մեկնարկը։ «ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու վերաբերյալ Թուրքիայի այսօրվա հայտարարությունը։ Սա ուշագրավ իրադարձություն է հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը փաստվում է նաև երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցերով երկկողմ աշխատանքային խմբի՝ ապրիլի 28-ին կայացած վերջին նիստով», — հայտարարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ինչպես ողջ Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրոպական միության վրա։ «Մենք կոչ ենք անում երկու երկրներին շարունակել համագործակցությունը, այդ թվում՝ ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ», — նշված է ԵԱԳԾ ներկայացուցչի հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում երկու երկրներին շարունակել համագործակցությունը, այդ թվում՝ ընդհանուր սահմանը բացելու ուղղությամբ», — ասվում է ԵԱԳԾ ներկայացուցչի հայտարարությունում։ Հղումը՝ News.am
Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի երեք դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները մայիսի 13-ին ներկա են գտնվել երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին: Քանի որ հիմա արձակուրդային շրջան չէ, հետևաբար նրանք քարոզարշավին մասնակցել են դասաժամերի ընթացքում: Խոսքը, մասնավորապես, Արաագած և Քուչակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների մասին է: NEWS.am-ի թղթակիցը պարզել է, որ Արագած գյուղի ուսուցիչների մի մասը մնացել է դպրոցում և քարոզարշավին գալիս են հերթափոխով: Առնվազն երեք ուսուցիչ խոստովանել են, որ եկել են քարոզարշավին մասնակցելու համար: Աշխատանքային ժամերին քարոզարշավին մասնակցում են նաև քաղաքի Մշակույթի տան աշխատակիցները, ինչպես նաև Արագած գյուղի դպրոցի հավաքարարները: Հղումը՝ News.am