Գովազդ A1

Տնտեսություն

Տնտեսություն

Թուրքական գյուղմթերքի լայնածավալ ներթափանցումը հայկական շուկա կարող է հարված հասցնել տեղական ֆերմերներին

Գաղտնիք չէ, որ թուրքական գյուղմթերքը միջազգային շուկաներում մրցունակ է հիմնականում ցածր ինքնարժեքի հաշվին։ Թուրքիայում գյուղատնտեսությունը գործում է լայնածավալ արտադրության, պետական աջակցության և արտահանման վրա հիմնված համակարգով։ Էներգակիրների, աշխատուժի, լոգիստիկայի և արտադրության ծախսերը համեմատաբար ցածր են, ինչն էլ թուրքական արտադրողներին հնարավորություն է տալիս շուկա մտնել շատ ավելի մատչելի գներով։ Հայաստանի գյուղատնտեսությունն, ընդհակառակը, հիմնականում հիմնված է փոքր ֆերմերային տնտեսությունների վրա, որտեղ արտադրողականությունը ցածր է, տեխնոլոգիական վերազինումը՝ սահմանափակ, իսկ պետական աջակցությունը՝ հաճախ ոչ համակարգային։ Այս իրավիճակում թուրքական գյուղմթերքի լայնածավալ ներթափանցումը հայկական շուկա կարող է հարված հասցնել տեղական ֆերմերներին։ Տարիներ շարունակ նույնիսկ փակ սահմանի պայմաններում թուրքական բազմաթիվ ապրանքներ միջնորդավորված տարբեր ուղիներով հայտնվում էին հայկական շուկայում։ Շատ դեպքերում սպառողները նույնիսկ տեղյակ չէին լինում, որ գնում են թուրքական արտադրանք։ Թուրքական լոլիկի, մրգի, հագուստի, կենցաղային ապրանքների և շինանյութերի առկայությունը հայկական շուկայում վաղուց նորություն չէ։ Սակայն միջնորդավորված ներկրման դեպքում առկա էին լրացուցիչ ծախսեր, որոնք որոշ չափով սահմանափակում էին թուրքական ապրանքների գերիշխանությունը։ Ուղիղ առևտրի դեպքում այդ միջնորդային ծախսերը զգալիորեն կնվազեն, և թուրքական ապրանքները կարող են շատ ավելի մեծ ծավալներով ու ավելի ցածր գներով ներթափանցել հայկական շուկա (դրա մասնակիի փորձը տարիներ առաջ եղել է՝ հատկապես հագուստի առումով)։ Սա առաջին հերթին կհանգեցնի տեղական արտադրողների մրցունակության կտրուկ նվազման։ Հայկական գյուղմթերքը, որն արդեն այսօր բախվում է իրացման խնդիրների, կարող է պարզապես դուրս մղվել շուկայից։ Փոքր ու միջին ֆերմերային տնտեսությունները դժվար թե կարողանան մրցել թուրքական զանգվածային արտադրության հետ։ Արդյունքում հնարավոր է դառնում գյուղական համայնքների սոցիալական խնդիրների խորացումը, գյուղատնտեսական զբաղվածության նվազումը, արտագաղթի նոր ալիքը և տեղական արտադրական շղթաների քայքայումը։ Եթե պետությունը չձևավորի պաշտպանական տնտեսական քաղաքականություն, ապա ազատ մրցակցության անվան տակ կարող է տեղի ունենալ ներքին արտադրության աստիճանական ոչնչացում։ Բայց խնդիրը միայն գյուղատնտեսությունը չէ։ Թուրքական թեթև արդյունաբերությունը՝ հատկապես տեքստիլը, կոշիկի արտադրությունը, կենցաղային ապրանքների արտադրությունը, ունի հսկայական ծավալներ և մրցունակ գներ։ Հայկական փոքր արտադրամասերը, որոնք հաճախ աշխատում են սահմանափակ ռեսուրսներով ու բարձր ծախսերով, դժվար թե կարողանան դիմակայել նման ճնշմանը։ Սա նշանակում է, որ տնտեսական «պատուհանի բացումը» կարող է վերածվել ոչ թե երկկողմ զարգացման, այլ միակողմանի տնտեսական ներթափանցման։ Այս իրավիճակում առանցքային նշանակություն ունի մաքսային և կարգավորիչ քաղաքականությունը։ Եթե Հայաստանը չի ձևավորում այնպիսի մաքսային ռեժիմ, որը թույլ կտա պաշտպանել տեղական արտադրողներին, ապա շուկայի բացումը կարող է վերածվել տնտեսական շոկի։ Պետությունը պետք է ունենա հակադեմպինգային մեխանիզմներ, սանիտարական և ֆիտոսանիտարական խիստ ստանդարտներ, ժամանակավոր քվոտաներ, ներմուծման վերահսկման համակարգեր և տեղական արտադրության սուբսիդավորման ռազմավարություն։ Հակառակ դեպքում մրցակցությունը կդառնա անհավասար, իսկ հայկական տնտեսությունը՝ ավելի խոցելի։ Առանց այս քայլերի հայ-թուրքական ուղիղ առևտուրը կարող է ստեղծել կարճաժամկետ սպառողական առավելություններ, բայց երկարաժամկետ հեռանկարում խորացնել տնտեսական կախվածությունը և թուլացնել տեղական արտադրական ներուժը։ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հղումը՝ Aravot.am

Տնտեսություն

Հերթական սանկցիան․ ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։ Այս մասին հայտարարվել է գործակալության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «2026 թվականի մայիսի 22-ից սկսած Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանում աճեցված և այնտեղից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգման ավարտը և դրա արդյունքների վերլուծության ավարտը», — ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի բուսասանիտարական բարելավման և արտահանման ներուժի պաշտպանության համար։ «Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին, ԵԱՏՄ-ի համար կարանտինային ապրանքների նույնականացումը շարունակվում է։ Ներմուծված 96,2 միլիոն ծաղկային արտադրանքից հայտնաբերվել է 135 դեպք, որը կազմում է 2025 թվականին հայտնաբերված խախտումների ընդհանուր թվի 77%-ը», — նշվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն է՝ ընդգծելով, որ «այս փաստը դժվար է վիճարկել»։ Շոյգուն նաև կասկածի տակ դրեց այն պայմանները, որոնցով Հայաստանը ԵՄ-ին կմատակարարի ծիրան, իշխան և հանքային ջուր։ «Մոսկվան հասկանում է Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ օգտվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, բայց սա երկկողմանի երթևակությամբ փողոց է», — եզրափակեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հղումը՝ Hraparak.am

Տնտեսություն

Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 105,57 դոլարի

Նավթի գնանշումները չափավոր կերպով վերականգնվում են հինգշաբթի առավոտյան՝ չորեքշաբթի գրանցված կտրուկ անկումից հետո։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.55 դոլարով (0.52%)՝ մեկ բարելի համար հասնելով 105.57 դոլարի։ Չորեքշաբթի օրը Brent-ն էժանացել է 6.26 դոլարով (5.63%)՝ մեկ բարելի համար հասնելով 105.02 դոլարի։ Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.63 դոլարով (0.64%)՝ մեկ բարելի համար հասնելով 98.89 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրը նվազել է 5.89%-ով (5.66%)՝ մեկ բարելի համար հասնելով 98.26 դոլարի։ Հղումը՝ News.am

Իրավունք, Տնտեսություն

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն. Դատախազություն

2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 119 շենք-շինություն, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 2026 թվականի մարտին, դատախազի միջնորդագրերի հիման վրա, ապամոնտաժվել են ևս 11 հողամասերում գտնվող 16 շինություններ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան), ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը: Հիշեցնենք նաև, որ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը: Հատկանշական է, որ նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել: Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը): Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են. Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե), ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե), «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե): Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ: Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգությանը, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը: Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝ դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ, դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ, դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը: Հզումը՝ News.am

Տնտեսություն

Առաջին անգամ Հայաստանից իրականացվել է հայրենական զենքի արտահանում. Մխիթար Հայրապետյանի հայտարարությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենքի արտահանման մասին: «Մայիս ամսվա ընթացքում հայկական երեք ընկերություններ երկու տարբեր երկրներ զենք են արտահանել: Վերջին տարիներին այս ամենը եղել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը»,-նշել է նախարարը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ Հղումը՝ Aravot.am

Տնտեսություն

անհնարինությունը․ Մհեր Գրիգորյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին

Հայաստանը հրաշալի պատկերացնում է Եվրոպական միությանը և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միաժամանակ անդամակցելու անհնարինությունը, և երբ նման անհրաժեշտություն հասունանա, համապատասխան որոշումը կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և կանցկացվի՞ հանրաքվե այդ հարցով՝ հաշվի առնելով երկու միավորումներում միաժամանակ գտնվելու անհնարինությունը։ «Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։ Ընդ որում, այդ հարցի վերաբերյալ որոշումը, անշուշտ, կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Միևնույն ժամանակ, Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, կառուցողականորեն համագործակցում է և լիարժեքորեն մասնակցում քննարկումներին ու բոլոր որոշումների կայացման գործընթացներին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, և այդ դեպքում հնարավոր կլինի գնալ «քաղաքակիրթ ապահարզանի» ճանապարհով։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

Ադրբեջանից Հայաստան կառաքվի հացահատիկի հերթական խմբաքանակը

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Մասնավորապես, այսօր Ռուսաստանից Ադրբեջանի երկաթուղային ճանապարհով Հայաստան կուղարկվի ևս 977 տոննա հացահատիկ։ Բեռնափոխադրումը կիրականացվի 14 վագոն պարունակող գնացքով։ Հղումը՝ Hraparak.am

Մշակույթ, Տնտեսություն

Արցախին նվիրված մոսկովյան ցուցահանդեսը՝ Բաքվի հիստերիայի հերթական պատճառ

Ինչպես հայտնի է, օրերս Մոսկվայի հայկական տաճարային համալիրի «Տապան» թանգարանում բացվել էր ցուցահանդես, որը պատմում էր Արցախի՝ կորսված, բայց չմոռացված հայրենիքի, հիշողության և վերադարձի հույսի մասին։ Ցուցահանդեսը ներկայացնում էր ոչ միայն Արցախի մշակույթն ու պատմությունը, այլև արցախցիների կյանքը՝ պատերազմից ու տեղահանումից հետո։ Բացի այդ, ներկայացված էին արցախյան բնապատկերներ, հայկական տեղանուններով քարտեզներ, հին լուսանկարներ, գորգեր ու գրքեր, որոնք վկայում էին, որ Արցախը միայն տարածք չէ, այլ ինքնություն ու մշակույթ։ Բացման ընթացքում հնչող գլխավոր ուղերձը մեկն էր՝ «հիշել, որպեսզի վերադառնալ»։ Միջոցառմանն ադրբեջանական կողմի արձագանքը սպասելի էր․ հիստերիա, վայնասուն, ցնդաբանական մեղադրանքներ, այդ թվում՝ ռուսական կողմին։ Ադրբեջանական, մասնավորապես՝ մերձիշխանական մամուլում, սկսել են շրջանառել մառազմն այն մասին, թե «Մոսկվան թույլատրում է Արցախի թեմայով ռևանշիստական ​​ցուցահանդես՝ հակաադրբեջանական հայտարարություններով»։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Մոսկվայի և Բաքվի միջև խզվող մշակութային և հումանիտար կապերի ակտիվացման անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին, Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվել է բացահայտ ռևանշիստական ​​և հակաադրբեջանական բովանդակությամբ ցուցահանդես»,-գրում է Minval Politika-ն: Ըստ աղբյուրի, «արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ցուցահանդեսն անվանել է բողոքի ցույց Արցախի հանձնման դեմ և մեղադրել է Ադրբեջանին հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ: Միևնույն ժամանակ, արցախյան խորհրդարանի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ քանի դեռ հայ գերիները պահվում են Բաքվում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզապես իմիտացիա է»։ «Մոսկվայում անցկացվող նման միջոցառումները ոչ միայն չեն կարգավորում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները, այլև ուղղակիորեն հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Մոսկվան չպետք է հարթակ տրամադրի ռևանշիստական ​​քարոզչության և հակաադրբեջանական արշավների համար։ Սա առավել զարմանալի է, հաշվի առնելով ռուս քաղաքական գործիչների և լրատվամիջոցների կոշտ արձագանքը Վլադիմիր Զելենսկու՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Երևանում արված հայտարարություններին։ Մոսկվան մեղադրում է Հայաստանի իշխանություններին հակառուսական և ռուսատյաց հարձակումների հարթակ տրամադրելու մեջ։ Բայց մի՞թե Ռուսաստանի ներսում որոշ ուժեր հիմա նույնը չեն անում Ադրբեջանի դեմ»,-միայն ալիևյան ռեժիմին բնորոշ տոնով եզրափակում է հոդվածագիրը։ Հղումը՝ Hraparak.am

Տնտեսություն, Քաղաքականություն

Մենք մտնում ենք շատ ծանր և ռիսկային ժամանակաշրջան. TRIPP-ը պարզապես չի աշխատի. Ռոբերտ Քոչարյան

Մենք մտնում ենք շատ ծանր և ռիսկային ժամանակաշրջան։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Այս տարածաշրջանում ավանդաբար ունեցել ենք երկու երկիր, որոնց հետ խնդիրներ ենք ունեցել՝ Թուրքիան և Ադրբեջանը, և երկու երկիր, որոնց հետ ունեցել ենք բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ՝ Ռուսաստանն ու Իրանը։ Ռուսաստանի հետ ունենք լուրջ պայմանագրային բազա անվտանգության ոլորտում, Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, իսկ Իրանի հետ ձևավորվել են երկարամյա բարեկամական հարաբերություններ։ Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդիրները պահպանվում են։ Այո՛, փորձում են գնալ խաղաղության, և մենք նույնպես կողմնակից ենք խաղաղությանը։ Բայց խաղաղությունը մատի մեկ շարժումով չի հաստատվում։ Դրա համար ժամանակ, հարաբերություններ և իրավապայմանագրային հիմք է անհրաժեշտ։ Սակայն այսօր մենք միաժամանակ լրջորեն քայքայում ենք հարաբերությունները նաև Ռուսաստանի և Իրանի հետ։ Մենք շատ փոքր երկիր ենք նման շքեղություն մեզ թույլ տալու համար»,–ասել է Քոչարյանը։ Նրա խոսքով, պետք է չքանդել այդ հարաբերությունները, այլ պահպանել ու ամրապնդել դրանք և այդ հիմքի վրա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ «Որքան թույլ ես, այնքան թույլ են քո բանակցային դիրքերը։ Այն, ինչ այսօր արվում է, ըստ էության, Հայաստանի դիրքերի թուլացում է բարդ բանակցային գործընթացում։ Մենք չենք կարծում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խանգարում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը»,– նկատել է նա։ Հարցին՝ կարո՞ղ է Հայաստանը միաժամանակ ապահովել Արևմուտքի և Ռուսաստանի աջակցությունը, երկրորդ նխագահը պատասխանել է. «Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել Եվրոպայի և հատկապես Ֆրանսիայի հետ։ Ֆրանսիայի հետ լավագույն հարաբերությունները՝ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ անձամբ Ժակ Շիրակի հետ, եղել են իմ նախագահության տարիներին։ Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն խանգարել Եվրոպայի ու Ֆրանսիայի հետ մեր համագործակցությանը։ Սակայն պետք է հասկանալ, որ Ֆրանսիան այս տարածաշրջանում անվտանգային առումով իրական ազդեցության ռեսուրսներ չունի։ Կարող է հայտարարություններ անել և վերջ։ Եվ ամեն անգամ Ալիևը շատ կոպիտ է արձագանքել՝ հստակ ցույց տալու համար, որ Ֆրանսիան ազդեցություն չունի տարածաշրջանային հարցերում։ Նույնը վերաբերում է նաև Եվրամիությանը, որը չունի անվտանգության սեփական կառուցվածք։ Ռուսաստանի դերը մեծանում է այս տարածաշրջանում, և Թուրքիայից բացի, ոչ մի այլ տերություն ի վիճակի չէ հակադրվելու նրա տնտեսական, ռազմական և, իհարկե, ազդեցության մյուս բոլոր ոլորտներին»։ Դիտարկմանը, որ ԱՄՆ–ն TRIPP նախագծով փորձում է ամրապնդվել տարածաշրջանում, արդյոք դա լավ նախագիծ է, Քոչարյանն արձագանքել է. «Ո՞վ գիտի, թե ինչ է մտածում Թրամփը։ Ես պատկերացում չունեմ։ Չեմ կարծում, թե սա լավ կամ վատ նախագիծ է․ կարծում եմ՝ այն պարզապես չի աշխատի։ Հարցն այն է՝ արդյո՞ք այն իրականանալի է։ Ես չեմ տեսնում, թե Հայաստանը ինչպես կարող է դրանից օգուտ քաղել։ Սա նախագիծ չէ Հայաստանի համար․ սա նախագիծ է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ նրանց Կենտրոնական Ասիային կապելու նպատակով։ Մենք այդ ճանապարհից, ըստ էության, ոչինչ չենք ստանալու՝ բացի 40-50 կիլոմետրանոց տարանցիկ հատվածից գոյացող փոքր եկամուտներից։ Բավական է պարզապես նայել քարտեզին՝ հասկանալու համար, որ սա Հայաստանի նախագիծ չէ։ Մենք չենք կարող տարանցիկ երկիր դառնալը դարձնել մեր տնտեսական զարգացման հիմքը կամ մտածել, թե դա կարող է մեր տնտեսության էական մասը կազմել»։ Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ինքը ծրագրում ներդրումներ գրավել ու զարգացնել Հայաստանը, Քոչարյանը պատասխանել է. «Առաջին հերթին՝ տարածաշրջանում ավելի շատ երթուղիներ բացելով։ Մեր հիմնական առևտրային ուղին Ադրբեջանը չէ, այլ Վրաստանը։ Իսկ ապագայում, եթե կարողանանք բարելավել հարաբերությունները, կարող է դառնալ նաև Թուրքիան։ Բայց ամենակարևորը՝ մենք պետք է զարգացնենք մեր արդյունաբերությունը։ Իր բնակչության ներուժի և կրթական մակարդակի շնորհիվ Հայաստանը Խորհրդային Միության ամենաարդյունաբերական երկրներից մեկն էր՝ զգալիորեն առաջ անցնելով Ադրբեջանից։ Մենք պետք է իրականացնենք արդյունաբերությունը Հայաստան վերադարձնելու ծրագիր։ Խոսքը ծանր արդյունաբերության մասին չէ, որը պահանջում է մեծ ծավալի հումքի ներմուծում, այլ բարձր տեխնոլոգիական և առաջատար արդյունաբերության, առանց որի ես Հայաստանի ապագա չեմ տեսնում։ Մենք ունեինք բազմակողմանի ինժեներների հզոր դպրոց, որն այսօր աստիճանաբար կորցնում ենք։ Ամեն օր կորցնում ենք այն կարևորությունը, որը ժամանակին ունեցել ենք Խորհրդային Միությունում։ Մեր մարդկային ներուժը հաջողության պատմություն է, որը հնարավոր է վերականգնել։ Մենք կարող ենք շարժվել այդ ուղղությամբ։ Ի՞նչ է անհրաժեշտ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար։ Բիզնեսի անվտանգություն, երկրի կայունություն և գրավիչ տնտեսական քաղաքականություն։ Եթե ստեղծես նման բարենպաստ միջավայր, ներդրումներ անպայման կլինեն։ Ես դա զգացել եմ իմ անձնական փորձով»։ Հղումը՝ News.am

Scroll to Top