Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Փաշինյանն անցել է Պլան Բ-ի իրականացմանը

Հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավում «մարտեր առանց կանոնների» ժանրով առաջնորդվող Նիկոլ Փաշինյանի վարքը, ինչպես արդեն գրել էինք, անհանգստացնում է նաեւ յուրայիններին։ ՔՊ-ում մեծ թվով մարդիկ կարծում են, որ իրենց առաջնորդի անհավասարակշիռ պահվածքը, հատկապես քաղաքացիների վրա մատ թափ տալը, վիրավորելն ու սպառնալն իրենց ոչ թե առավելություն են բերելու, այլ՝ վարկանիշի կորուստ։ Սակայն, ինչպես մեր աղբյուրն է նշում, Փաշինյանի հաշվարկը բոլորովին էլ այն չէ, որ քարոզարշավի ընթացքում կարող է վարկանիշ բարձրացնել, հանրային կարծիք փոխել՝ հօգուտ իրեն, նա վաղուց է հասկացել, որ տանուլ է տալու քաղաքակիրթ պայքարում, չի կարողանալու պատասխանել ո՛չ ընդդիմախոսների, ո՛չ շարքային քաղաքացիների փաստարկներին, ուստի անցել է պլան Բ-ին։ Իսկ այդ պլանը կազմված է տեռոր անելու, սպառնալու, ղժղժալու, վախեցնելու գործիքներից, որով փորձում է հասնել նրան, որ առանց այն էլ Հայաստանի քաղաքական դաշտից հիասթափված հանրության մի որոշ հատված վերջնականապես հիասթափվի, հույսեր չկապի ընտրությունների հետ եւ որոշում կայացնի հունիսի 7-ին չգնալ ընտրատեղամաս։ Իսկ հայհոյանքն ու ղժղժոցը ակտիվացնեն գռեհիկ, ստորին խավին, որը 2018-ի հեղափոխական էյֆորիային է կարոտել եւ կարող է գնալ ընտրության, որ «նախկինները հետ չգան»։ Փաշինյանի հույսն այն է, որ ընտրություններում 50 տոկոսից ցածր մասնակցություն կգրանցվի, իսկ ինքը կմոբիլիզացնի իշխանական զանգվածին ու հասարակության անկիրթ հատվածին, կտանի տեղամասեր եւ փոքրաթիվ մասնակցության պարագայում կհաղթի։ Փաշինյանն ակնհայտորեն կտրվել է իրականությունից, ժողովրդի հետ չի շփվում, հակառակ դեպքում կտեսներ, կհասկանար, որ վերջին օրերի իր պահվածքն ավելի շատ հակառակ էֆեկտն է թողել․ եթե տատանվող ընտրազանգվածի ներկայացուցիչները մինչեւ վերջերս երկմտում էին՝ ընտրություններին մասնակցել, թե ոչ, ապա բժիշկ տիկնոջ, արցախցի տղամարդու հետ միջադեպերից հետո այլեւս հասկացել են, որ իրենցից յուրաքանչյուրը Փաշինյանի վերընտրվելուց հետո կարող է հայտնվել նրանց կարգավիճակում։ Մեր իշխանական աղբյուրը խոստովանեց նաեւ, որ Փաշինյանի մյուս հաշվարկն այն է, որ բռնաճնշումների ենթարկեն ընդդիմադիր մրցակիցներին։ Սկզբում մտածում էին խաղից դուրս թողնել Սամվել Կարապետյանի ուժին, եւ դա էր նաեւ պատճառը, որ նման քանակի կեղծ վարույթներ էին հարուցում ընտրակաշառքի վերաբերյալ, ինչ-որ ձայնագրություններ դնում շրջանառության մեջ, մարդկանց կալանավորում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե գործ ունեն ընտրազեղծարար ուժի հետ, ապա հիմա կարծես թե հասկացել են, որ չեն մարսի Կարապետյանի ուժին խաղից դուրս թողնելը, եւ հիմա նրա փոխարեն դիտարկում են Գագիկ Ծառուկյանին։ Իմաստն այն է, որ ընդդիմադիր կոալիցիա ձեւավորելու հնարավորությունը չեզոքացվի։ Բայց դա անելու են ոչ թե իրավական ճանապարհով, այլ փորձելու են ճնշել Ծառուկյանին, որ նա իր կամքով «զադնի դնի» եւ դուրս գա ընտրապայքարից, քանի որ ԲՀԿ-ի գրանցումը կասեցնելը հեշտ չէ։ Այս սցենարի շրջանակներում է հարուցվել Անդրանիկ Թեւանյանի գործը, որին առավոտ շուտ ձերբակալեցին, եւ առավոտյան ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված անձինք նրա կուսակցության գրասենյակում խուզարկություններ արեցին։ Զուգահեռ, խուզարկություններ էին կատարում նաեւ ԲՀԿ ցուցակի թեկնածու, գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ Գյումրիում գտնվող բնակարանում։ Մի քանի օր առաջ էլ Փաշինյանը սպառնացել էր Գագիկ Ծառուկյանից վերցնել «Արարատցեմենտ» գործարանը, եւ անգամ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել։ Սակայն ԲՀԿ-ի մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Ծառուկյանը մինչեւ վերջ գնալու է՝ «զադնի» չի լինելու։ Հղումը՝ Hraparak.am

Տնտեսություն

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը

Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ ՌԴ տարածքում կասեցվել է Հայաստանից ներմուծված՝ «հայտնաբերված անորակ» ալկոհոլային արտադրանքի, մասնավորապես՝ «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ընկերությունների արտադրած գինու և կոնյակի իրացումը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռոսպոտրեբնադզորը վերահսկողություն է իրականացնում շրջանառվող արտադրանքի, այդ թվում՝ ալկոհոլային արտադրանքի նկատմամբ։ Միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն)»,- լրագրողներին հայտնել են գերատեսչությունում։ «Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կանխելու նպատակով առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին ուղարկվել է տեղեկատվություն արտադրանքի իրացման կասեցման և անորակ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու մասին»,- հավելել են Ռոսպոտրեբնադզորում։ Նշվում է, որ «պարտադիր պահանջներին չհամապատասխանող» է համարվում «Սովորական սորտային կարմիր կիսաքաղցր գինի «Գետափ Վերնաշեն» (11% սպիրտ, 0,75 լ, շշալցված՝ 03.02.2025) և «Սովորական սորտային սպիտակ չոր գինի «Վեդի Ալկո» Հարջի, Տ3 «Legends Arni» (12% սպիրտ, 0,75 լ, շշալցված՝ 17.12.2024) արտադրությունը՝ «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի։ «Անորակ» արտադրանքի ցանկում է նաև «Սովորական հնգամյա կոնյակ «Հայկական կոնյակ 5 աստղ» (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված՝ 20.01.2025), որն արտադրվել է «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Աբովյան)։ Բացի այդ, «անհամապատասխանություն» է հայտնաբերվել «Մարկային հնեցված հայկական կոնյակ «ԿՎ» յոթնամյա «Շահնազարյան ХО» (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված՝ 16.05.2025) արտադրանքի մոտ, որն արտադրվել է «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Եղվարդ)։ Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց էր սահմանել Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում կասեցնելու վերաբերյալ՝ «հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության հայտնաբերված գերազանցման» պատճառով։ Հղումը՝ News.am

Իրավունք

Տեղեկություններ ունենք՝ մայիսի 26-ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների՝ վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները. Սահակյան

Տեղեկություններ ունենք, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների՝ վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները: Այս մասին NEWS.am-ին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը: «Տեղեկությունը  մեզ է հասել գերիների ընտանիքներից: Այն իրականում շատ կցկտուր է: Նույնիսկ չունենք պատկերացում, կոնկրետ ում գործերով է վերաքննիչ բողոքը ներկայացվել և վարույթ ըմդունվել, ինչպես է դա արվել, քանի որ անգամ Ռազմական դատարանի դատավճիռները նրանց չէին տրամադրվել: Ցավոք, ստեղծվել է իրավիճակ, որ մենք որևէ հնարավորություն չունենք հավաստի տեղեկատվություն ստանալու: Նաև սա էր պատճառը, որ մենք  խնդում էինք գործարկել «հովանավոր տերության» մեխանիզմը, բայց ցավոք, որևէ ռեալ արդյունք այդպես էլ չունեցանք: Հյուպատոսական այցելությունների և աջակցության գործիքակազմը ևս շարունակում է մնալ չկիրառված»,-նշեց փաստաբանը: Հղումը՝ News.am

Քաղաքականություն

ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ է դիտի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։ Զախարովան, մեկնաբանելով արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները Հայաստանում ընտրությունների նախաշեմին իբր ռուսական ապատեղեկատվական արշավի մասին, տեղադրել է Փաշինյանի հրապարակած տեսանյութը, որում նա տառ առ տառ արտասանում էր «անասնագլխաքանակ» բառը։ «Օրերս տեղի ունեցավ հերթական հզոր տեղեկատվական արտահոսքը՝ իբր «EUvsDisinfo»-ի հետաքննության քողի տակ, որը ստեղծվել է «ռուսական ապատեղեկատվության և ֆեյքերի դեմ պայքարի» համար»,- ուշադրություն է հրավիրել դիվանագետը։ Եվրոպական լրատվամիջոցների հոդվածներում պնդվում է, թե Ռուսաստանը իբր արհեստական բանականության կիրառմամբ գործարկել է ապատեղեկատվության «Մատրյոշկա» գործողությունը։ «Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանը հանդիսանում է ռուսական ապատեղեկատվական արշավի թիրախ, որն իրականացվում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ըստ հետազոտողների տվյալների՝ արշավի սկիզբը դրվել է մարտի սկզբին՝ «Մատրյոշկա» ծրագրի շրջանակներում, որը պրոկրեմլյան ապատեղեկատվական գործողություն է, և որի շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Բոտ-ցանցերն ուսումնասիրող «Antibot4Navalny» հավաքականը հայտնել է, որ հայտնաբերել է Փաշինյանի մասնակցությամբ ավելի քան մեկ տասնյակ ֆեյք տեսանյութեր»,- նշվում է հոդվածում։ «Այսպիսով, պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ այս տեսանյութը ոչ մի «Մատրյոշկա» գործողություն չէր կարող հորինել։ Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել իբր կիրառված ԱԲ տեխնոլոգիաների կամ բոտ-ցանցերի մասին պատմություններից։ Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է։ Դրա համար էլ դադարեցրեք «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր հորինելը»,- գրել է Զախարովան։ Հղումը՝ Newday.am

Հասարակություն, Նորություններ

12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականին ծնված Լինա Հակոբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Իրավապահները խուզարկում են նաև Թևանյանի ավտոտնակը․ նա մեկնել է Քննչական կոմիտե՝ մանրամասներ պարզելու

Իրավապահները խուզարկություններ են անցկացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որը ղեկավարում է Անդրանիկ Թևանյանը, որն զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև ընդդիմադիր գործչի տանը, իսկ այժմ պատրաստվում են խուզարկել նաև նրա ավտոտնակը։ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ որևէ առնչություն չունի «Ռուսաստան-Կովկաս» կենտրոնի հետ և չգիտի, թե ով է այն ղեկավարում։ Նա անհեթեթ է անվանել տեղեկությունները, թե իբր գումարի դիմաց տեղեկատվություն է փոխանցել։ Նա պարզաբանել է, որ այս տարի հայտարարագրված դրամական միջոցները հայտարագրվել են ավելի քան 20 տարի առաջ։ «1990-ականներին ես զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ։ Բացի այդ, ես գումար եմ վաստակել՝ զբաղվելով մասնագիտական գործունեությամբ, ժառանգությամբ ստացել եմ գույք, վաճառել եմ շարժական և անշարժ գույք։ Եվ այդ միջոցները հայտարարագրված են 2021 թվականից»,- ընդգծել է Թևանյանը։ Նա կրկնել է, որ գործով որևէ կարգավիճակ չունի։ «Ինձ ներկայացված մեղադրանքների համար որևէ հիմք չկա, և ես գնում եմ Քննչական կոմիտե՝ մանրամասները պարզելու։ Ես կպահանջեմ ներկայացնել ապացույցներ, թե ինչի հիման վրա են ինձ մեղադրանք ներկայացրել։ Ուզում եմ նաև պարզել՝ պատրաստվո՞ւմ են ինձ կալանավորել, թե՞ ոչ»,- ընդգծել է Թևանյանը։ Նա անհասկանալի է համարել, թե ինչ հիմքով են իրավապահները խուզարկություն անցկացրել գրասենյակում, բնակարանում, իսկ հիմա էլ պատրաստվում են անցկացնել նաև ավտոտնակում։ «Փաշինյանը տեսնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը, որի հետ համագործակցում է «Մայր Հայաստան» կուսակցությունը, աճում է, ուստի փորձում է խոչընդոտել մեր քարոզարշավը։ Փաշինյանը հետագայում լուրջ խնդիրներ կունենա»,- եզրափակել է Թևանյանը։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք, Քաղաքականություն

Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են այս սոցհարցման տվյալների տուժողները. Իվետա Տոնոյան

Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը որևէ իրավական կամ արդարադատական գործընթացի հետ կապ չունի։ Սա բացառապես քաղաքական նպատակ հետապնդող ակցիա է, որի հիմնական նպատակը վախի մթնոլորտ ձևավորելն է, ընդդիմադիր ուժերի ակտիվությունը սահմանափակելը և նորմալ նախընտրական արշավը ջարդելու բացահայտ փորձ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր միջազգային «Գելափ» կազմակերպության հրապարակած սոցիոլոգիական հարցումների արդյունքները մատնում են իշխանության քայլերի իրական դրդապատճառը։ Ընդդիմադիր քաղաքական 4 ուժերը զգալի առավելությամբ հնարավորություն են ստանում նոր կառավարություն ձևավորելու։ Հենց այս իրականությունն է խուճապի մատնել Նիկոլ Փաշինյանին և ստիպել հերթական քաղաքական հետապնդումների ճանապարհով փորձել կանգնեցնել ընդդիմության աճող աջակցությունը։ Փաստացի, Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են ոչ թե որևէ «մեղադրանքի», այլ հենց այս սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողները։ Եվ նաև հենց այս թվերն են Նիկոլ Փաշինյանի նյարդային վիճակի և քաղաքական անհավասարակշռության հերթական ապացույցը։ Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք չի շեղվելու իր որդեգրած քաղաքական ճանապարհից։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն արժանապատիվ, անվտանգ և ուժեղ Հայաստանի։ Մենք շարունակելու ենք հանդարտ, զուսպ ծրագրային քարոզարշավը, մեր ժողովրդի հետ բաց ու անկեղծ երկխոսությունը։ Վստահ ենք, որ որքան էլ իշխանությունները մինչև քարոզարշավի ավարտը փորձեն նոր ճնշումներ, սադրանքներ և հետապնդումներ իրականացնել, միևնույն է, հունիսի 7-ին մեր ժողովուրդը կատարելու է իր արժանապատիվ և ճիշտ ընտրությունը։ Իսկ այդ ընտրությամբ այս իշխանությունը ստանալու է ժողովրդի հստակ քաղաքական գնահատականը»։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։ Խուզարկություն է իրականացվել նաև «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։ ԿԸՀ–ից NEWS.am–ին հայտնել են, որ ԿԸՀ–ն ստացել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար: Բացի այդ, այսօր վաղ առավոտից՝ ժամը 7-ից խուզարկություններ են իրականացվում պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բնակարանում, մեքենայում, հիմա պատրաստվում են նաև խուզարկություններ իրականացնել գրասենյակներում, թիմակիցների բնակարաններում։ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել են, որ Մարտուն Գրիգորյանի տանը խուզարկություններն իրականացվում են կոմիտեում քննվող: Հղումը՝ News.am

Իրավունք, Քաղաքականություն

ԿԸՀ–ն այսօր կքննի Թևանյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ԿԸՀ–ից։ «Այսօր ժամը 17։00-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովում դռնփակ նիստում կքննվի ներկայացված միջնորդությունը։ Նիստից հետո ԿԸՀ–ի կայքում կհրապարակվի որոշումը»,–հայտնեցին հանձնաժողովից։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։ Այս պահին խուզարկություն է իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար: Արդեն մայիսի 21-ին ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Անտեսեք Նիկոլի խոսքերը, հունիսի 7-ին արեք ձեր գործը․ Գաբրիելյանով

Երբ մի անգամ հորս ասացի, որ այսինչը մեկ մի բան է ասում, մեկ՝ այլ հակասող բան, նա ասաց. «Ինչո՞ւ լսել հիմարին․․․»։ Հետևաբար, ես կոչ եմ անում հայերին չլսել հիմար Փաշինյանին և անել իրենց գործը։ Հունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների և քվեարկել կամ Սամվելի (Կարապետյանի), կամ Ռոբերտի (Քոչարյանի), կամ էլ՝ Գագիկի (Ծառուկյանի) օգտին։ Կատարեք ձեր գործը։ Ուշադրություն մի դարձրեք այդ խելագար Նիկոլի խոսքերին։ Արամ Գաբրիելյանով Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top