Գովազդ A1

Author name: Sose 2

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ տեղյակ չի եղել Զելենսկու՝ երևանյան գագաթնաժողովում հնչեցրած սպառնալիքների մասին

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն. եթե այդ հարաբերությունների ողջ սպեկտրը հաշվի առնենք, այո, որոշ  տեղերում կարող են հարցեր լինել, բայց ընդհանուր առմամբ, ճգնաժամ չեմ տեսնում այդ հարաբերություններում։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մեկնաբանելով Մոսկվայից հնչած քննադատությունը՝ կապված Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելու հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը պարզապես հետևել է միջոցառման սահմանված միջազգային ձևաչափին. «Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում, որ մենք Հայաստանում միջազգային մակարդակի համաժողով ենք կազմակերպում և հետևում ենք այդ համաժողովի ֆորմատին համապատասխան բոլոր գործընթացներին»,–ասաց Գրիգորյանը։ Դիտարկմանը, որ Զելենսկին Երևանում հայտարարել է, որ Մոսկվայում շքերթի ժամանակ կարող են ուկրաինական ԱԹՍ–ներ թռչել, Արմեն Գրիգորյանն ասաց. «Ես ծանոթ չեմ այդպիսի հայտարարությունների, բայց եկեք նաև հաշվի առնենք, որ մենք չենք կարող հետևել, ով ինչ հայտարարություն է անում։ Ես կարծում եմ կարևոր է, թե Հայաստանը ինչպիսի հայտարարություններ է անում և Հայաստանը ինչպիսի դիրքորոշումներ է հայտնում»։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել, ԱԽ քարտուղարն ասաց. «Ճիշտ կլինի վարչապետին այդ հարցերը տաք, բայց ընդհանուր առմամբ այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, ցույց է տալիս հենց վարչապետի հայտարարության տրամաբանությունը, որովհետև եթե այդ ճանապարհը, որ մենք ընտրել ենք, արդյունավետ լիներ, այսօր մենք այս արդյունքը չէինք ունենա։ Մենք եկել հասել ենք էս արդյունքի և տեսել ենք այն իրականությունը, որ ունենք, և ըստ դրա եզրահանգումներ ենք կատարել»։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Եռագլուխը Փաշինյանն է, Ալիեւն ու Էրդողանը. Քոչարյան

«Մենք արդեն  ասել ենք, որ եռագլուխը ինքն է՝ Ալիեւը, Էրդողանը իսկական եռագլուխ են»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանին «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը «հագնելու է ժողովրդի պատին»: Եռատոնին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրվա առիթով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ այսօր հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի զբոսայգում։ Նա լրագրողներին վստահեցրել է, որ ապրում ենք խաղաղ Հայաստանում. Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Արցախցու կամքը երբեք չի կոտրվել և չի կոտրվի, որովհետև մեր nւժը մեր հիշողության, մեր միասնականության և մեր հայրենի հողի սիրո մեջ է․ Աշոտ Դանիելյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 9-ը պարզապես օր չէ․ դա մեր հիշողությունն է, մեր հաղթանակը և մեր անսահման սերը հայրենիքի հանդեպ։ Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի հայը ապրի ազատ ու արժանապատիվ։ Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առաջ։ Նրանց սխրանքը հավերժ է, իսկ անունները՝ անջնջելի մեր սրտերում։ Արցախցու կամքը երբեք չի կոտրվել և չի կոտրվի, որովհետև մեր ուժը մեր հիշողության, մեր միասնականության և մեր հայրենի հողի սիրո մեջ է։ Թող Մայիսի 9-ը միշտ մնա հավատքի, պայքարի և վերածննդի խորհրդանիշ։ Հավերժ փա՛ռք մեր հերոսներին»,- գրված է ուղերձում։ Հղումը՝ Newday.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ես ճգնաժամ չէի անվանի. ԱԳ փոխնախարար

Հայ-ռուսական հարաբերությունները ունեն երկար պատմություն, ներկայիս դրությամբ որոշ խնդիրներ կան, որոշ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, ես դ չէի անվանի ճգնաժամ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ «Բոլոր այսպիսի իրավիճակներում, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, երբ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ, և մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը»,–ասաց նա։ Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների լուրերը, ըստ որոնց Հայաստանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ կոշտ զրույց է եղել նրա հետ՝ կապված Հայաստանում Զելենսկիին հարթակ տալու հետ, փոխնախարարն ասաց. «Դա իրենց մեկնաբանությունն է, դեսպանը կանչվել է, փոխանցել են հայտագիր։ Եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք։ Դա կապված էր այստեղ կայացած գագաթաժողովի հետ։ Եթե կարիք լինի, մենք այդ հայտագրի բովանդակությունը կփոխանցեք, այս պահի դրությամբ ես չեմ ուզում մեկնաբանել»։ Հղումը՝ News.am

Հասարակություն

ԵՊՀ-ն «խորհրդանշանական նոր կերպար» կունենա. լոգոն առանձին բան է

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Արարատ սարի դեմ պատերազմ է հայտարարել, ասում է, որ այդ սարը գտնվում է Թուրքիայում, ուստի մենք` հայերս իրավունք չունենք ուրիշ պետության մեջ գտնվող լեռան մասին անգամ երազել, կամ դրանով հիանալ, առավել եւս նրա նկարը որեւէ տեղ օգտագործել: Եւ Փաշինյանը որոշել է անել մի բան, ինչը չի հաջողվել անգամ օսմաններին` ջնջել, հեռացնել Արարատ սարի պատկերը բոլոր պետական հաստատությունների, սիմվոլների վրայից, փոխել այն լոգոտիպերը, որտեղ Մասիսի սիլուետը կա: Արդեն հեռացրել են մուտքի կնիքներից, իր ընդունելության սրահի պատին Արագածի պատկերն է նկարել: Ժամանակին գրել ենք, որ Պոլիտեխնիկական համալսարանն է լոգոյի մրցույթ հայտարարել, որ Արարատը հեռացնի իր խորհրդանիշից, հիմա էլ Երևանի պետական համալսարանի պաշտոնական լոգոտիպն են ցանկանում փոխել` դրա համար մրցույթ են հայտարարել: Մայր բուհի պաշտոնական կայքն է տեղեկացնում, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը: Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյի վրա Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է պատկերված, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Հիշեցնենք, որ նոր անձնագրերի նմուշներում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւա: ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը, որը մասնագիտացել է է լրատվամիջոցների լուրերը հերքելու գործում, երեկ իր ֆեյսբուքյան էջում հերքել էր մեր լուրը, թե ապատեղեկատվություն է հրապարակվել: «Հրապարակը» կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու համար, թե ինչն է սխալ մեր հրապարակման մեջ, որի հիմքում իրենց իսկ կայքում զետեղված տեղեկատվությունն էր դրված: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մրցույթը խորհրդանշական կերպարի մասին է: Այն լինելու է նոր բան, լոգոն էլ առանձին հասկացողություն է»: Իսկ այդ «խորհրդանշական կերպարը» որտե՞ղ է կիրառվելու, ինչի՞ համար է, Միսակյանն ասաց. «Առաջ նման բան չի եղել, այն միջազգային պրակտիկայում բավականին տարածված երևույթ է: Այն կարող է օրինակ լինել խաղալիքի տեսքով, ի դեպ` մրցույթը ուսանողների շրջանում ենք հայտարարել»- ասաց նա, այդպես էլ սպառիչ պատասխան չտալով, թե ինչ իմաստ ունի նույն բուհի համար երկու խորհրդանիշ ունենալը: Հ.Գ Մենք հետեւելու ենք այս մրցույթին, նաեւ հետեւելու ենք ԵՊՀ լոգոտիպի պահպանմանը: Եթե մի օր Արարատ սարի պատկերը անհետանա լոգոտիպից, կամ նոր լոգո հայտնվի ԵՊՀ կայքում, անպայման տեղեկացնելու ենք մեր ընթերցողին եւ պատասխան ենք պահանջելու ԵՊՀ ռեկտորից ու նրա խոսնակից: Հղում՝ Hraparak.am  

Եկեղեցի

Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը. Վեհափառ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։ «Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։ Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։ Հաղթանակի և խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու և հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին։ Այս նվիրական օրն իր խորհրդով նաև պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը հոգատարություն դրսևորելու պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։ Աղոթում ենք Մեծ հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։ Առ Բարձրյալն աղոթքով հայցում ենք աշխարհին խաղաղություն և ժողովուրդներին՝ բարօրություն: Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին՝ հույսով և հավատով ամուր ու սիրով՝ միասնական: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսեանս. Ամէն»։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն այլեւս իրողություն է, բայց այն պահանջում է նաեւ խնամք ու ուշադրություն․ Ալեն Սիմոնյան

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն: Մայիսի 9-ի կապակցությամբ իր ուղերձն է հղել Ալեն Սիմոնյանը։ «Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի և խաղաղության խորհուրդ ունեցող օր է: Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին: Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում. տասնյակ հազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում և դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության: Այսօր, աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում, առավել քան երբևէ կարևոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը և շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական և կայուն Հայաստան: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն: Շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնը` Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի և պատմության համատեքստում: Փա՛ռք նահատակներին»,- գրված է ուղերձում։ Հղումը՝ Newday.am

Եկեղեցի, Իրավունք

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին

Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավին, շինծու մեղադրանքներով եկեղեցականների և ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայորդիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին ու ապօրինի քրեական հետապնդումներին։ Այս համատեքստում կարևորվեցին օրինականության, մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանման և արդարադատության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ Հղումը՝ Aravot.am  

Scroll to Top