Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Սամվել Կարապետյան. «2020 թ․-ից հետո Ադրբեջանը, Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում։ Ադրբեջանի նախագահն անում է հայտարարություն՝ փոքրիկ խմբակը իր ղեկավարի հետ վազելով կատարում է այդ հայտարարությունները»

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանել է հերթական հինգ հարցերին։ -Ի՞նչ կփոխեք մեր արտաքին քաղաքականության մեջ, երբ շուտով լինեք Հայաստանի Հանրապետության վարչապետը։ -Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն։ Հիմա բոլոր որոշումները Հայաստանի մասին կայացվում են Ադրբեջանում, որովհետեւ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ թշնամացնի հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, ինչը մենք շատ արագ պետք է վերականգնենք։ Մենք պետք է ունենանք շատ բարեկամական հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Անգլիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, ինչպես նաեւ մեր բարեկամ Ռուսաստանի հետ։ Միայն այդպես մենք կարող ենք լուրջ երաշխավորություններ ապահովել գերտերություններից։ -Մեր այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականության արդյունքում 300 հազար ադրբեջանցի է բերելու Հայաստան, արձագանքել է, որ չի քննարկվում հարց արցախցիների վերադարձի մասին Արցախ եւ չի քննարկվում հարց 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Ձեր կարծիքը կասե՞ք։ -2020 թվականից հետո ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում։ Ադրբեջանի նախագահն անում է հայտարարություն՝ փոքրիկ խմբակը իր ղեկավարի հետ վազելով կատարում է այդ հայտարարությունները։ Դրա համար ես վստահ եմ, որ իրենց հետ քննարկող չկա։ Մենք այդ ամենը կանգնեցնելու ենք, մենք ստեղծելու ենք 300 հազար աշխատատեղ հայերի համար։ -Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի գործարարները կարող են ուղիղ միմյանց հետ աշխատել։ Արդյո՞ք կարելի է վստահել Ադրբեջանի գործարարներին եւ թույլ տալ, որ ներդրումներ անեն Հայաստանում եւ հողեր առնեն Հայաստանում։ -Դուք վստահ եղեք։ Եթե Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին հաջողվի Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցնել, հաջորդելու են քայլեր՝ գնելու են հողերը, կառուցելու են գործարաններ, որտեղ աշխատելու են ադրբեջանցիներ։ Այդպիսի օրինակ կա հարեւան Վրաստանում։ Սահակաշվիլու սխալների հաշվին Բաթումը նմանվել է թուրք-ադրբեջանական անկլավի։ -Վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանն է Հայաստանի խաղաղության երաշխավորը։ Ձեր կարծիքը։ Հայերը վստահո՞ւմ են, արդյոք, Ադրբեջանին որպես Հայաստանի խաղաղության երաշխավոր։ -Ադրբեջանը Հայաստանում ամենաշատը կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը։ Հայաստանի խաղաղության երաշխավորը լինելու են Հայաստանի ուժեղ բանակը, Հայաստանի ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները եւ տարածաշրջանային շահեր ունեցող երկրները։ -Ի՞նչ եք կարծում, Շահին Մուստաֆաեւի այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ հարց վախեցավ տալ նրան։ -Հայաստանի շահերին վերաբերող բոլոր հարցերը։ Այսինքն, չհարցրեց՝ ինչո՞ւ եք ոչնչացնում մեր եկեղեցիները, ինչո՞ւ եք ձեր բանտերում պահում մեր հայրենասեր հայրենակիցներին։ Եվ ընդհանրապես, երբ որ շեֆի տեղակալը գալիս է, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի տալ ոչ մի հարց։ Ինքը միայն լսողի դերում է։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Քաղաքականություն

Թալինում համայնքապետը 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է

«Փաստինֆո»–ն գրում է. «Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել է ընտրողներին «կաշառելու» գործին՝փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։ Թալինի վառ ՔՊ-ական  համայնքապետ Տավրոս Սափեյանը ապրիլի 27-ին ստորագրել է թիվ N 793-Ա որոշումը՝  սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է  370,000  ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30,000՝ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու նպատակով։ Միևնույն ժամանակ 9 անձի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել՝ 30,000- 40,000 դրամից մինչև 100,000 դրամի չափով։ Միևնույն ժամանակ  փոխանցվել է տարբեր քաղաքացիների սպառած  էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, ինչպես նաեւ  54,160 դրամի չափով դեղորայքի գումար։ Հատկանշական է, որ համայնքապետը որոշել է  սոցիալական աջակցությունը տրամադրել ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի է ընտրության օրը, բարեգործության արգելքն էլ գործում է։ Նկատենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է ենթադրում բարեգործության արգելքը խախտելու համար։ «Հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով: Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը ոչ միայն քպական է, այլ նաեւ  ՔՊ-ի Թալինի տարածքային խորհրդի նախագահը, իսկ նրա սոցիալական էջում էլ որպես ետնանկար ՔՊ-ի կարգախոսն է։ Փաստացի քպական համայնքապետը, իր վարչական ռեսուրսն օգտագործելով,  սնունդ ու փող է բաժանում բնակիչներին՝ չնայած օրենսդրական արգելքին։ Ավելին, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այսպիսով գործ ունենք քողարկված ընտրակաշառք բաժանելու երեւույթի հետ»։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Չեխիայի վարչապետը հայտնել է Ուկրաինայի նախագահի հետ Երևանում բանակցություններ վարելու մտադրության մասին

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Երևանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անդրեյ Բաբիշն ասել է չեխական iDNES.cz լրատվական կայքի խմբագրությանը, որի տեղեկություններով Չեխիայի վարչապետը մեկնում է Երևան՝ մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ «Կլինեն նաև կարճատև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ ես նաև բանակցություններ կվարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ»,-ասել է Բաբիշն՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին իր մասնակցությանը։ Հղումը՝ A1plus.am

Քաղաքականություն

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան, հայտնում են թուրքական զլմ-ները։ Նա կներկայացնի Թուրքիան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրով։ Նշվում է, որ հանդիպման ժամանակ կգնահատվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապի բարելավման, տնտեսական և էներգետիկ անվտանգության բարելավման ուղղությամբ ձեռնարկված ավելի սերտ համագործակցության և համակարգման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև կքննարկվեն տարածաշրջանային վերջին զարգացումները և գլոբալ հարցերը։ Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի Թուրքիայից Հայաստան կատարած առաջին նման բարձր մակարդակի այցը։ Հղումը՝  A1plus.am

Տնտեսություն

Wildberries-ի պարզաբանումը Ռուսաստանում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխության վերաբերյալ

Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ, Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) ներկայացնում է պարզաբանում։ Ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր։ Ընկերության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացող հարցերը, լսել հետադարձ առաջարկությունները և շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումները։ Նաև նշենք, որ ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։ Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։ Բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան կողմերի մասնակցությամբ։ Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա և կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց։ Հղումը՝ B24.am

Տնտեսություն

Ճապոնիան 2025 թվականի հունիսից առաջին անգամ ռուսական նավթ է գնել

Ճապոնական Taiyo Oil ընկերությունը գնել է Սախալինից Sakhalin Blend տեսակի ռուսական նավթի խմբաքանակ՝ Մերձավոր Արևելքից դուրս մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման ջանքերի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։ Ըստ Taiyo Oil-ի ներկայացուցչի, ընկերությունը «սոցիալական պատասխանատվություն է կրում նավթամթերքների կայուն մատակարարումների ապահովման համար» և այդ կապակցությամբ «պատշաճ կերպով գործում է Բնական ռեսուրսների և էներգետիկայի գործակալության հետ համագործակցությամբ»։ Դրա համար օգտագործվում են նավթի ազգային պաշարները, ինչպես նաև «ջանքեր են գործադրվում մատակարարումները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ [տարածաշրջաններից] Մերձավոր Արևելքից դուրս»։ Ընկերության ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Sakhalin Blend տեսակի նավթի մատակարարումների վրա պատժամիջոցներ չեն տարածվում»։ Միևնույն ժամանակ, «Sakhalin Blend տեսակի նավթի ապագա գնումների վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել»։ «Կոմերսանտ» պարբերականի տեղեկություններով, վերջին տարիներին Ճապոնիան նավթի մատակարարումների 95%-ը ստանում է Մերձավոր Արևելքի երկրներից։ Ներմուծման մեծ մասն անցնում է Հորմուզի նեղուցով։ 2022 թվականից գործում է բացառություն «Սախալին-2»-ից ռուսական նավթի ներմուծման համար, քանի որ դա անհրաժեշտ է Ճապոնիայի էներգետիկ անվտանգության համար։ Վերջին անգամ Taiyo Oil-ը ռուսական նավթ էր գնել 2025 թվականի հունիսին։ Այդ ժամանակ ճապոնական ընկերությունը ստացել էր Sakhalin Blend մակնիշի նավթի 600 հազար բարել, և այդ մատակարարումը դարձել էր առաջինը ավելի քան երկու տարվա ընթացքում։ Հղումը՝ News.am

Scroll to Top