Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

«Մենք մեզ իրավունք վերապահեցինք կոչ անել ԿԸՀ-ին՝ օրենքով իրենց ընձեռած հնարավորությունների շրջանակներում արգելել անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավորների մասնակցությունը ընտրություններին». Պարույր Հայրիկյան

«Մենք ոչ թե գործողության համար էինք հրավիրել, այլ տեղեկացրել էինք, որ այս ժամին ԿԸՀ-ից պատասխան ենք ակնկալում։ Մենք ավելի շատ ակնկալում էինք, որ քաղաքական ուժերը անտարբեր չեն մնա իրենց բոլորին վերաբերող հարցի նկատմամբ, որովհետեւ եթե իրենք ընդդիմադիր դաշտում են, իրենք դժգոհ են իշխանություններից։ Դժգոհությունները հազար պատճառ կարող են ունենալ, բայց ընտրություններից առաջ շատ կարեւոր է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը։ Եվ քանի որ այդ հարցում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շատ մեծ սխալ էին թույլ տվել, մենք մեզ իրավունք վերապահեցինք նախազգուշացնել ԿԸՀ-ին, ավելին, կոչ անել՝ օրենքով իրենց ընձեռած հնարավորությունների շրջանակներում արգելել անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավորների մասնակցությունը ընտրություններին, որովհետեւ ակնհայտ է, որ կոռուպցիոն հանցագործություն է տեղի ունեցել։ Հիմա արդեն նույն բանը մենք շարունակելու ենք այլ շեշտադրմամբ։ Ոչ թե արգելել, այլ չեղարկել, եթե արդեն գրանցված են։ Քիչ առաջ քննարկում էինք, ոմանք դա կարող են ակցիայի մաս համարել, թե արդյո՞ք տեղին չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դիմել, որ կատարվել է կոռուպցիոն հանցանք՝ խախտվել է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, եւ այդ խախտումը թույլ տված քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչները մասնակցում են ընտրություններին։ Բայց նախնական որոշեցինք, որ ամենայն հավանականությամբ եւս մեկ հնարավորություն կտանք ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին՝ հավանաբար ուրբաթ օրը երեւի ժամը 16։00-ին հավաքվել այստեղ եւ ասել, որ ԿԸՀ անաչառ չես։ Դու բոլոր քաղաքական ուժերից պահանջում էիր Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի լիարժեք կատարում, բայց երբ գործը հասավ Նիկոլ Փաշինյանին, դու քո կեցվածքը փոխեցիր։ Մի բան էլ կա. մենք ընտրություններին քանի որ չենք մասնակցում, մեր խոսքն անաչառ է այս դեպքում։ Եվ անաչառ խոսքը դուք չլսեցիք՝ առաջնորդվեցիք իշխանությունների ապօրինի ճնշմանը ենթարկվելով։ Իսկ իշխանությունների կողմից ապօրինի ճնշման գործադրումը նույնպես հանցանք է»,-ԿԸՀ առջեւ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Հղումը՝ Aravot.am

Հասարակություն, Քաղաքականություն

Մեծաթիվ գյումրեցիներ անսպասելի դիմավորեցին ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին

Գյումրիում քաղաքական ակտիվություն է նկատվում․ այսօր քաղաքացիների մեծ հոսք էր կենտրոնական փողոցում, մեծ թվով քաղաքացիներ էին սպասում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների ժամանմանը ։ Քաղաքացիները հավաքվել էին՝ սպասելով Նարեիկ Կարապետյանի և թիմակիցների այցելությանը։ Հավաքվածների թիվն ու տրամադրությունը վկայում էին, որ քաղաքում առկա է քաղաքական հետաքրքրության որոշակի աճ։Շատերը նշում էին, որ ցանկանում են ոչ միայն տեսնել, այլև անձամբ բարձրաձայնել իրենց խնդիրներն ու ակնկալիքները՝ ուղղված ընդդիմադիր ուժին։ Ներկայացուցիչների ժամանումը ուղեկցվեց ընդհանուր աշխուժությամբ․ հնչեցին ծափահարություններ, մարդիկ փորձում էին մոտենալ, շփվել, հարցեր ուղղել։ Արձանագրենք, որ անսպասելի էր նման մեծաթիվ քաղաքացիների տեսնել, որոնք անհամբերությամբ սպասում էին ընդդիմադիր շարժմահն ներկայացուցիչներին։ Հղումը՝ Hraparak.am

Եկեղեցի

Կատարվեց քահանայական ձեռնադրություն

Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը վերակոչվեց Տեր Անանիա քահանա, Կարո սարկավագ Ղարիբյանը՝ Տեր Մկրտիչ քահանա, Հարություն սարկավագ Զաքարյանը՝ Տեր Վահան քահանա, Գևորգ սարկավագ Կարապետյանը՝ Տեր Թովմաս քահանա, Գրիշա սարկավագ Հարությունյանը՝ Տեր Աբրահամ քահանա, Արամայիս սարկավագ Ազիզյանը՝ Տեր Ներսեհ քահանա և Արսեն սարկավագ Ավագյանը՝ Տեր Մուշեղ քահանա։ Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: Սրբազան Հայրն իր քարոզում ընդգծեց, որ օրը կրկնակի տոն է Հայ Եկեղեցու համար։ Տոնն է Սուրբ Խաչի երևման, և նույն օրը Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով։ Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Նաթան Սրբազանը ընդգծեց, որ խաչը մահվան ու տառապանքի գործիքից Քրիստոսով դարձավ կենաց ծառ, տառապանքից՝ փրկություն և պահապան Աստծուն հավատարմորեն երկրպագողներին։ Այնուհետև, դիմելով նորաօծ քահանա հայրերին, Նաթան արքեպիսկոպոսն ասաց. «Սիրելի՛ քահանա հայրեր, այսօր ուխտով և աղոթքով ծնվեցիք որպես նոր մարդ, ծնվեցիք նոր անուններով և նոր կյանքի համար։ Այսուհետև ձեր կյանքը մշտապես պիտի լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսինը։ Տիրոջ օրինակով մարդկանց բերեք ուրախություն և արդարություն՝ երբեմն նաև անցնելով չարչարանքի ու տառապանքի միջով։ Քահանայի կոչումը զոհաբերություն է հանուն իր հոտի փրկության։ ․․․Մենք՝ հոգևորականներս, իբրև զինվորյալներ, պիտի կանգնենք Հայոց Եկեղեցու պաշտպանության առաջին շարքերում՝ խոսքով, գործով, աղոթքով, նվիրումով և, ինչու չէ, նաև սեփական անձի զոհաբերությամբ։ Ոչինչ չի կարող մեզ՝ Հայ Եկեղեցու հոգևորականներիս, հեռացնել մեր առաքելությունից»։ Սրբազան Հայրը վերջում աղոթք բարձրացրեց առ Աստված՝ նորաօծ քահանա հայրերին մաղթելով ուժ, կարողություն և անսասան հավատարմություն իրենց ուխտին։ Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը: Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում: Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ.Մակրոնը պետական այցով ժամանեց Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա պետական այցով ժամանեց Հայաստան։ Մակրոնին դիմավորում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Չնայած ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Բրիջիթ Մակրոնը նույնպես գալիս է Հայաստան, սակայն նա չի եկել։ Նշենք, որ Մակրոնը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հետո տեղի կունենան Մակրոն-Փաշինյան առաձնազրույցը, ընդլայնված կազմով հանդիպումները, որին կհաջորդի նրանց համատեղ հայտարարությունը մամուլի համար։ Նախատեսվում է, որ այցի արդյունքում երկու երկրների ղեկավարները ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելու։ Ֆրանսիայի նախագահը հանդիպելու է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, լինելու է Մատենադարանում, իսկ հետո այցի վերջին օրը՝ մայիսի 5-ին, Փաշինյանի ուղեկցությամբ մեկնելու է Գյումրի։ Մակրոնը հարգանիք տուրք է մատուցելու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, այնուհետև Փաշինյանի ուղեկցությամբ ներկա կգտնվի  Վարդանանց հրապարակում կայանալիք մեծ համերգին՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։ Այն կազմակերպելու համար կառավարությունը պետբյուջեից 393 միլիոն դրամ՝ ավելին քան մեկ միլիոն դոլար է հատկացրել։   Հղումը՝ News.am

Իրավունք, Քաղաքականություն

Լռությունը հանցակցություն է. Արցախի ԱԺ–ն դիմել է եվրոպացի առաջնորդներին

Արցախի ԱԺ-ն դիմել է Երևանում կայանալիք Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին։ Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության առաջնային մանդատով օժտված ներկայացուցչական մարմին, սույն ուղերձով դիմում է Երևանում կայանալիք համաժողովի մասնակիցներին և միջազգային հանրությանը։ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվել է ցեղասպանական գործողությունների ակնհայտ դրսևորումներով, հանգեցրել է շուրջ 150,000 հայերի բռնի տեղահանմանը իրենց պատմական հայրենիքից։ Փաստ է նաև այն, որ միջազգային դերակատարների և աշխարհաքաղաքական կենտրոնների ոչ համարժեք արձագանքը միանգամայն նպաստավոր պայմաններ ստեղծեց ուժի կիրառման և մարդկության դեմ ուղղված նոր հանցագործությունների համար։ Ներկայումս Ադրբեջանը, օգտվելով միջազգային հանրության լռությունից, հետևողականորեն իրականացնում է մշակութային ցեղասպանություն։ Արցախի բռնազավթված տարածքներում համակարգված կերպով ոչնչացվում կամ յուրացվում են հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության նմուշները՝ եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանատները, պետականության խորհրդանիշ հանդիսացող կառույցները, ինչը նպատակ ունի վերացնել հայկական հազարամյա քաղաքակրթական հետքը տարածաշրջանից։ Ելնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակից և հավատարիմ մնալով արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին՝ Արցախի Ազգային ժողովը պահանջում է. Միջազգային կառույցների կողմից հասցեական գնահատական տալ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությանը և մշակութային վանդալիզմին՝ ճանաչելով դրանք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ։ Կիրառել գործուն մեխանիզմներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու հայկական պատմամշակութային արժեքների հետագա ոչնչացումը։ Անհապաղ գործուղել միջազգային անկախ մոնիտորինգային առաքելություն՝ Արցախի տարածքում մշակութային կոթողների վիճակը փաստագրելու և դրանց պահպանությունը երաշխավորելու նպատակով։ Գործադրել քաղաքական ճնշում Բաքվի նկատմամբ՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Միջազգային իրավական և անվտանգային գործուն երաշխիքների ներքո կազմակերպել արցախահայության հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենի օջախներ՝ ապահովելով նրանց ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու անկապտելի իրավունքը։ Լռությունը հանցակցություն է։ Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական միությունը և քաղաքակիրթ երկրները կգործեն ոչ թե հռչակագրային հայտարարությունների, այլ գործնական քայլերի տիրույթում՝ հանուն արդարության և տարածաշրջանային կայունության։ Հղումը։ News.am

Հասարակություն

Մեկ միլիոն դոլարանոց համերգն ու Մակրոնի «լավությունը» Գյումրիին

​Գյումրին պատրաստվում է ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, սակայն քաղաքում տիրող իրավիճակն ու հանրային տրամադրությունները հուշում են, որ սա սոսկ պետական այց չէ։ Կառավարության որոշմամբ՝ միայն մայիսի 5-ին Վարդանանց հրապարակում կայանալիք համերգի համար պետբյուջեից կհատկացվի աստղաբաշխական գումար՝ շուրջ 393 միլիոն դրամ։ ​Մինչ պաշտոնական Երևանը քննարկում է մեկ երեկոյի համար հատկացված մեկ միլիոն դոլարից ավելի գումարի «մշակութային նշանակությունը», գյումրեցիները սեփական մաշկի վրա են զգում այցի «դրական» կողմերը։ Արդեն մի քանի օր է՝ քաղաքի կենտրոնական փողոցներում մեկնարկել են աննախադեպ ծավալի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ։ Տարիներով անուշադրության մատնված փոսերը հանկարծակի լցվում են։ Գյումրեցիները նկատում են այդ ամենի ձևական կողմը։ «Էդ բեմերը դոմիկների մոտ դրեք ու Մակրոնին էնտեղ դիմավորեք»,— ասում է անցորդներից մեկը՝ հիշեցնելով քաղաքի դեռևս չլուծված սոցիալական վերքերի մասին։ Շատերի համար ակնհայտ է, որ այս շռայլությունն ու հապշտապ ասֆալտապատումը ոչ թե քաղաքի մասին հոգածություն են, այլ քաղաքական «ֆոկուսներ»։ ​Մարդիկ վստահ են, որ իշխանությունները փորձում են Մակրոնին տանել Գյումրի, որպեսզի աշխարհին ցույց տան, թե իբր գյումրեցիները, մեր ու մանուկով ուրախացած, դիմավորում են իրենց։ 393 միլիոն դրամը Գյումրիի պես քաղաքի համար հսկայական ռեսուրս է, որը կարող էր ուղղվել համայնքային տասնյակ այլ խնդիրների լուծմանը։ Սակայն իշխանությունը նախընտրում է մեկօրյա շոուն։ Քաղաքում շատերն են վստահ`Ֆրանսիայի նախագահի այցը իշխանությունների համար ընդամենը առիթ է՝ փորձելու ցույց տալ, թե իբր Գյումրին իրենց կողքին է։ «Մակրոնին բերում են, որ դուրս գանք հրապարակ, ծափ տանք, իրենք էլ նկարեն, թե բա տեսեք՝ ժողովուրդը մեզ ոնց է ընդունում։ Բայց էս շոուն իրենց չի փրկելու, գյումրեցին ամեն ինչ էլ տեսնում է ու հասկանում»,–խոսքը եզրափակեց մեր մյուս զրուցակիցը։ Վստահաբար հավելենք, որ Վարդանանց հրապարակի մեկօրյա շքեղությունը չի ստիպի մոռանալ քաղաքի իրական խնդիրները, և Մակրոնի հեռանալուն պես քաղաքում կմնա միայն շտապողականությամբ փռված ասֆալտի նոր շերտն ու հերթական հիասթափությունը։ Հղումը։ Hraparak.am

Եկեղեցի, Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Փաշինյանի գործելաոճը նման է 1920-ականներին բոլշեւիկների կիրառած մարտավարությանը՝ փորձում են եկեղեցու լեգիտիմ ղեկավարներին սասանել»

Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ջոն Այբներն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է սասանել Ամենայն հայոց կաթողիկոսի դիրքերը։ «Սա նման է 1920-ական թվականներին բոլշեւիկների կողմից կիրառված մարտավարությանը, երբ փորձում էին եկեղեցու լեգիտիմ ղեկավարներին սասանել։ Պետք է հարց տալ՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ինչո՞ւ է այսպիսի հալածանքի ենթարկվում այսօր։ Պատասխանը կարող է տրվել միայն լիարժեք որոնելով արխիվները, որոնք տասնամյակներ շարունակ հասանելի չեն դառնում։ Բայց մի բան միանշանակ է՝ պատասխան հնարավոր չէ գտնել օրենքի մեջ, այլ քաղաքականության մեջ պետք է այն փնտրել եւ պետք է փնտրել ՀՀ սահմաններից դուրս եւ ոչ ներսում։ Փաստն այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի վտանգի ներքո։ Դարեր շարունակ հայ քրիստոնյա ազգը զրկվել է քաղաքական սուբյեկտայնությունից եւ դա շարունակվում է նաեւ այսօր։ Դա համատեղ իսլամիստական, պանթյուրքական գործընթաց է, որն ուղղված էր հայերի էթնիկ զտմանը Անատոլիայից, Նախիջեւանից, Բաքվից, Սումբգայիթից եւ վերջապես՝ երեք տարի առաջ նաեւ Լեռնային Ղարաբաղից»,- Ջոն Այբները։ Հղումը՝ Aravot.am

Հասարակություն

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը: Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

ԿԸՀ–ն գրանցեց 19 քաղաքական ուժերին

ԿԸՀ–ն գրանցեց ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերին։ Դրանք են՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ) «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հղումը՝ Newday.am  

Scroll to Top