Գովազդ A1

Author name: Sose

Հասարակություն

Ո՞վ և ո՞ւմ «մարդն է» Արթուր Պողոսյանը, որին Փաշինյանը դեռ չի ցանկանում նշանակել ՔԿ նախագահ

Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը Հանրային հեռուստանկերությանը տված հարցազրույցում հաստատեց մամուլի տեղեկությունները, որ գլխավոր դատախազ Աննա Վադապետյանի տեղակալ Արթուր Պողոսյանին մտադիր է նշանակել Քննչական կոմիտեի նախագահ։ Փաշինյանը հայտնեց, որ որոշ ահազանգեր կան այդ անձի հետ կապված՝ հընթացս մի քանի անգամ կրկնելով, թե դրանք նախկինում հերքվել են, բայց ինքը մի հատ էլ կստուգի, և եթե հիմա էլ հերքվի, ապա Պողոսյանին կնշանակի Արգիշտի Քյարամյանի փոխարեն ՔԿ նախագահ։ Իսկ ո՞վ է Արթուր Պողոսյանը։ Նա ԱԱԾ-ից դատախազություն գործուղված իրավաբան է, որը, ասում են, դատախազությունում պաշտոնի անցնելիս կտրվել է քննությունից, սակայն Աննա Վարդապետյանը, հավանաբար կոնկրետ հրահանգով, նրան ուղիղ նշանակել է տեղակալ։ Մյուս կողմից նաև դրական կարծիքներ կան նրա մասին, որ «ուղեղն աշխատող, պրպտող ու խելացի իրավաբան է»։ Պողոսյանը, մինչ ԱԱԾ-ում Արգիշտի Քյարամյանի ձեռքով Քննչական դեպարտամենտի պետ նշանակվելը, եղել է Շիրակի մարզի դատախազի տեղակալը։ MediaHub-ին ասացին, որ Պողոսյանը թեև ժամանակին մտերիմ է եղել Արգիշտի Քյարամյանի հետ, բայց համարվում է ԱԱԾ տնօրենի՝ փաստացի ԱԱԾ-ն կուրացիա անող տեղակալ, երիտասարդ ու ամբիցիոզ Անդրանիկ Սիմոնյանի մտերիմն ու «մարդը»՝ իրավապահ համակարգում։ Դատախազության մեր աղբյուրներն ասացին՝ Պողոսյանն Աննա Վարդապետյանի սրտով տեղակալ չի եղել, իրականում, նրանք այնքան էլ ջերմ հարաբերություններ չեն ունեցել, (հավանաբար պրոֆեսիոնալ է, դրա համար), և հիմա տիկին դատախազն հոգու խորքում ուրախ է, որ Պողոսյանը գնում է իր հիմնարկից, բայց նաև խնդրահարույց է նրանով, որ նա գործուղվում է դատախազության «կոնկուրենտ» հիմնարկ, որի հետ դատախազությունն ու անձնապես Աննա Վարդապետյանը մշտապես պայքարի ու մրցակցության մեջ են գտնվել։ Այնպես որ, այս իմաստով Աննա Վարդապետյանին դեռ հետաքրքիր «համագործակցություններ» և բուռն մրցակություն է սպասվում։ Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն Արթուր Պողոսյանի հետ հանդիպել է նախորդ չորեքշաբթի, Պողոսյանը նրան ասել է, որ ցանկացած տեղ պատրաստ է ծառայել, հավատարմության երդում է տվել Փաշինյանին, հատկապես մի քանի առանցքային հարցերում, և ուրախ վերադարձել դատախազություն, որտեղ էլ իր ենթականերին հայտնել է, որ հեռանում է։ Իսկ արդեն հաջորդ օրը՝ հինգշաբթի, կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ իր մոտ էր պահել ուժային կառույցների ղեկավարներից ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, որին ևս մտադիր է այլ պաշտոնի նշանակել, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ, և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Որոշ ժամանակ քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանի մոտից առաջինը հեռացել է Արմեն Աբազյանը, հետո՝ Ռոմանոս Պետրոսյանը, իսկ, ահա, դատախազ Աննա Վարդապետյանի մեքենան մոտ երկու ժամ դեռ կառավարության դիմաց կայանած էր, այսինքն՝ դատախազը դեռ Փաշինյանի մոտ էր և, սովորության համաձայն,  ինչ-որ բան էր «զեկուցում»։ Ասացին՝ հենց իր տեղակալ Արթուր Պողոսյանի հարցն ու նրա շուրջ ահազանգերն էին քննարկում։ Այսօր երկուշաբթի է, Փաշինյանը գնացել է գործի, ու դեռ ՔԿ նախագահի պաշտոնում նշանակում չի արել․ հավանաբար դեռ ճշգրտում է իր «սրտի թեկնածուի» վերաբերյալ ահազանգերի իսկությունը։ Ի դեպ, այս ահազանգերի մասին Հանրայինի եթերում հրապարակավ խոսելով՝ Փաշինյանը թերևս ուզում էր ցույց տալ, որ «հանգիստ նստեն տեղները», ինքը բոլորի վրա կոմպրոմատ ունի, և եթե իրեն պետք լինի չհերքել այդ ահազանգերը, ապա չի հերքի, եթե պետք լինի հերքել՝ կհերքի, որի գինը կլինի այն, որ այդ չհերքված ահազանգերով պաշտոնյաները պետք է ամբողջ հոգով ու սրտով հավատարիմ ծառայեն իրեն և միայն իրեն, այլ ոչ երբեք պետությանն ու հանրության շահին։ Վահե Մակարյան

Իրավունք

Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն

Դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական գործիչ, ով չի համապատասխանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված չափանիշներին, պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով՝ կատարած ապօրինություններով խախտելով օրենքի գերակայության սկզբունքը և Սահմանադրության դրույթները ու սկզբունքները։ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված են եղել դատավորների և դատական իշխանության անկախության սահմանափակմանը։ Դրանց շարքում են, մասնավորապես՝ Ֆինանսական գործընկերոջ՝ արդարադատության նախարարի հետ փոխհամաձայնեցված անօրինական կարգապահական վարույթներով դատավորներին պատասխանատվության ենթարկելը և ահաբեկման մթնոլորտի (chilling effect) տարածումը, Դատավորների նշանակման և առաջխաղացման գործընթացում կամայականություններով ու անարդարություններով բարոյալքման մթնոլորտի սերմանումը, Դատական իշխանության կառավարման ինքնուրույն մարմինների գործունեության միջամտությունը և դրանց լիազորությունների սահմանափակման փորձերը, ԲԴԽ-ի կողմից ընդունված` աշխատանքային կարգապահության և գործերի ժամկետների քողի տակ դատավորների անկախությունը սահմանափակող` «բրգաձև կառավարում» հաստատելուն ուղղված նորմատիվ իրավական ակտերով Սահմանադրական նորմերի խախտումը, Նախարարի հետ սեփական շահերին միտված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունները, Անօրինական ցուցումների արձակումը, ապօրինի ընտրությունների կազմակերպումը և ԲԴԽ դատավոր անդամների ընտրական գործընթացներին միջամտելը, Դատավորների նկատմամբ պետական ռեսուրսներով մեդիա հարձակումների կազմակերպումը, Դատական իշխանության հեղինակության և ռեսուրսների հաշվին պարբերաբար ինքնագովազդով զբաղվելը, Դատական իշխանության ֆինանսական ռեսուրսների` առանձնապես խոշոր չափերի գումարների վատնումը: Այս և այլ բազմաթիվ գործողություններով Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը։ Պարբերաբար իրականացվող նման գործողությունները էապես սահմանափակել են դատավորների իրավունքները, թուլացրել դատական իշխանության անկախությունն ու հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։ Նշված գործողությունների առաջացրած հետևանքների մասին համապատասխան գնահատականները դեռևս կարտացոլվեն նաև դատարանների, այդ թվում միջազգային որոշումներում: Այդուհանդերձ`սույն թվականի նոյեմբերի 18-ին գործադիր իշխանության ղեկավարի` իրավապահ մարմինների մի շարք պաշտոնյանների` իրենց պաշտոններն ազատելու խնդրանքի մասին  ֆեյսբուքյան գրառմանը զուգահեռ Կարեն Անդրեասյանն անմիջապես հրապարակել է իր հրաժարականի տեքստը` ակնարկելով, որ այն կապված է քաղաքական պաշտոնանկությունների շարքի հետ և ինքն առաջ է ընկնում` տալով հրաժարական: Չնայած կարճ ժամանակ առաջ` 2024 թվականի հոկտեմբերի 1-ին, Արդարադատության նախարար Մինասյանի հրաժարականի կապակցությամբ Կարեն Անդրեասյանի մամլո խոսնակը պաշտոնական հայտարարություն էր տարածել` նշելով, որ կառավարության որևէ անդամի հրաժարականը և քաղաքական գործընթացները չի կարող ազդել ԲԴԽ նախագահի վրա ու նա պաշտոնավարելու է մինչև 2027 թվականի հոկտեմբերի 6-ը: 2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հստակեցրել է, որ Կարեն Անդրեասյանին ևս անձամբ է խնդրել հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից, ինչն ի կատար է ածվել: Թեև Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ գործող կազմի` քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվելու հանգամանքը չի վիճարկվել նաև նախկինում, այդուհանդերձ հարկ է արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել` շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը: Այսպիսով` վերստին փաստվում է Սահմանադրությամբ դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունն ստանձնած գործող ԲԴԽ անդամների անկարողությունը կամ ցանկության բացակայությունն անգամ հանրային ընկալումը փարատելու համար հայտնելու որևէ դիրքորոշում, դատական իշխանության գործունեության միջամտության անթաքույց և հաստատված անթույլատրելի միջամտությունների, դատական իշխանության հեղինակությունը վերականգնելու առնչությամբ` առավելապես մտահոգված լինելով Կարեն Անդրեասյանի դիրքն ու աթոռը զբաղեցնելուն ուղղված գործընթացներով»:

Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանը հանդիպել է Ալեն Սիմոնյանին

Մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերթական անգամ մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ այս անգամ ընդհանրապես չի եկել հանդիպման, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ  նման հանդիպում քիչ առաջ տեղի է ունեցել` այլ մանրամասներ չհայտնելով։  

Իրավունք

«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Դավիթ Բալայանի, Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է.Factor.am

Արդարադատության նախարարությունը կարճել է Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանի, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը, որը հարուցվել էր «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից շուրջ 9 տարի անց։ Ըստ նախարարության՝ դատավորները թույլ չեն տվել նյութական կամ դատավարական նորմերի խախտում։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունում Factor TV-ի աղբյուրները։ Դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթը, Դատական օրենսգրքի համաձայն, գաղտնի է պահվում, քանի դեռ այն չի ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, ուստի Արդարադատության նախարարությունից վարույթը կարճելու վերաբերյալ պաշտոնական հաստատում ստանալ չենք կարողացել։ Վարույթի վերաբերյալ Նախարարություն ուղարկված մեր գրավոր հարցմանն ի պատասխան, օրենսդրական կարգավորումներին հղում կատարելով, նշել են, որ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է պահպանել դրա գաղտնիությունը։ Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը կայացվել է ավելի, քան 9 տարի առաջ՝ 2015 թ․ մարտի 10-ին։ ՄԻԵԴ-ն այս գործով դիրքորոշում է հայտնել, որ Վարդենիսում տեղի ունեցած 16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով դատապարտված Նալբանդյան ամուսինների, ինչպես նաև նրանց դստեր նկատմամբ ոստիկանները ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրել, ծեծել, ամուսիններին ստիպել են խոստովանական ցուցմունք տալ, սակայն այդ մասով նրանց բողոքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն արդյունավետ քննություն չի իրականացրել։ ՄԻԵԴ վճռից 8 տարի անց՝ 2023-ի դեկտեմբերին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է Նալբանդյան ամուսիններին, սակայն Դատախազությունն արդարացման դատավճռի դեմ բողոք է ներկայացրել, և Վերաքննիչ դատարանն օրեր առաջ բեկանել է այդ դատավճիռն ու գործը կրկին ուղարկել Գեղարքունիքի մարզի դատարան՝ նոր քննության, այսինքն՝ ՄԻԵԴ վճռից հետո նորոգված գործով դեռևս առկա չէ վերջնական դատական ակտ։ Չնայած Արդարադատության նախարարությունը, հղում կատարելով օրենսդրական կարգավորումներին, կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ չի տրամադրել՝ այնուամենայնիվ, կարգապահական վարույթից որոշ մանրամասներ մեզ հայտնի են դարձել։ Վարույթը կարճվել է հոկտեմբերի սկզբին՝ նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից օրեր անց։ Դրանում, ի թիվս այլ փաստարկների, քննարկման առարկա է դարձել նաև Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հայտնած դիրքորոշումը։ «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Հայաստանի կողմից Նալբանդյաննների՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը խախտելու հանգամանքը, բայց Արա Ղազարյանը, ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում եկել է եզրահանգման, որ ՄԻԵԴ-ը չի արձանագրել որևէ հանգամանք այն մասին, որ Նալբանդյանների նկատմամբ տարիներ առաջ կայացված մեղադրական դատավճիռի հիմքում դրվել է խոշտանգմամբ ձեռք բերված, այսինքն՝ անթույլատրելի որևէ ապացույց։ Ստացվում է՝ եթե անգամ Նալբանդյանների նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում, և Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս ոստիկանական և քննչական մարմինների, չի իրականացրել պատշաճ քննություն, ապա դրա համար չի կարող պատասխանատվության կանչվել այն դատարանը, որը ոչ միայն հսկողական լիազորություն չի ունեցել այդ մարմինների նկատմամբ, այլ նաև Նալբանդյանների վերաբերյալ մեղադրական դատական ակտի հիմքում չի դրել որևէ ապացույց, որը ձեռք է բերվել ենթադրյալ խաշտանգմամբ։ Արա Ղազարյանն իր փորձագիտական կարծիքում նշել է, որ եթե ՄԻԵԴ-ը համարեր, որ Նալբանդյանների դատավճռի հիմքում խոշտանգմամբ ձեռք բերված ապացույց է դրվել, ապա բացառված է, որ վճռում չանդրադառնար այդ հանգամանքին։ Արաքս Մամուլյան

Արտաքին լուրեր

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին. ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ, որ նախատեսվող փաստաթղթերն ընդունվեն, ասել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Մասնավորապես, Ղազախստանի մայրաքաղաքում տեղի կունենան ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության առանցքային մարմինների՝ պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Միջոցառմանը նախատեսվում է մտքեր փոխանակել հավաքական անվտանգության տարածաշրջաններում առկա մարտահրավերների շուրջ, ամփոփել համագործակցության արդյունքները, ինչպես նաև քննարկել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության ծրագրերը։

Նորություններ

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։  

Հասարակություն

Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am

Ոչ մի բարեփոխում չկա, չեն էլ հասկանում ինչ անեն: Այս մասին Hetq.am-ի հետ զրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով բանակում տեղի ունեցող փոփոխություններին: Զենքերի ձեռքբերման մասով Բաբայանն ասել է, որ մենք ունենք մարդկային ռեսուրսի խնդիր: Ֆրանսիական հրետանու համար օրինակ 6 հոգի մարդ պետք է աշխատեն: «Առաջին պատասխանատուն է: Ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում, ինքն է այդ քաղաքականությունը վարել: Ոչ մեկը չի ասում, որ նա մեղավոր չէ»,- ասել է Բաբայանը: «Երկար տարիներ վարվող քաղաքականության հետևանքով սպիտակ եղեռն ենք անում, երիտասարդները թողնում լքում են երկիրը, որովհետև 18 տարեկան երեխան այսօր տանել մի ամիս պարապելուց հետո տանել առաջին գիծ, զոհաբերել, սխալ եմ համարում: Վաղուց առաջարկել եմ, որ պետք է դարձնել մի տարի, պետությունն օրենք ունենա, որ նրան ոչ ոք իրավունք չունի առաջին գիծ տանելու»,- ընդգծել է նա: «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:

Հասարակություն

18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006թ. ծնված Սուսաննա Բունիաթյանը: Նա նոյեմբերի 18-ի երեկոյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել»:

Տնտեսություն

«Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՓՄՁ սուբյեկտների հարկային արտոնությունների վերացում, հարկերի բարձրացում մոտ վեց անգամ, փաստաբանական ծառայությունների արժեքի բարձրացում, և, ինչպես փաստում են հենց փաստաբանները, նրանք զրկվելու են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունից: Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխությունների առթիվ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հնչած այս ահազանգերը, մեղմ ձևակերպմամբ, անհանգստացնող են, իսկ ավելի դիպուկ բնորոշմամբ՝ գործ ունենք հարկային տեռորի հետ, որը, փաստորեն, իրականացվելու է պետական մակարդակով: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ այդ փոփոխություններն ընդհանուր «չարեփոխումների» միայն մի փոքրիկ հատվածն են: «Ինչի՞ց են սկսել փոփոխությունները: 2024 թ.-ի բյուջեով 237 մլրդ դրամ հարկերը թերհավաքագրվելու են: Այսինքն՝ բյուջետային եկամուտներն այդքանով պակաս են կատարելու: Սա արդեն իսկ հունվարից հոկտեմբեր ամիսների հավաքագրված գումարների և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների կանխատեսումների մեր հաշվարկն է: Իհարկե, 237 միլիարդը կարող է դառնալ մինչև 300 մլրդ: Տարեսկզբից նշում ենք, որ 200-ից 300 մլրդ դրամով պակաս են կատարելու հարկերի հավաքագրումը: Եկենք միջինացված թիվ ֆիքսենք՝ 250 մլրդ դրամ: 2025 թ.-ի ընթացքում բյուջետային եկամուտներն ավելացվել են 197 մլրդ դրամով, այսինքն՝ 2025 թ.-ի վրա 2024 և 2025 թվականների գումարային բեռը կազմում է 450 մլրդ դրամ: Սա չեն կարող կատարել, որովհետև չունենք տնտեսական պոտենցիալ, թողարկվող արտադրանքի քանակ չի ավելանում, ծառայությունների ծավալ չի ավելանում, տուրիզմը նվազել է, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից տրանսֆերտների փոխանցումը նվազել է: Այս իրավիճակում մնում է ընդամենը երկու ելք՝ կա՛մ հարկերի դրույքաչափերի բարձրացում, կա՛մ հարկվող օբյեկտների ընդլայնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Ընդգծում է՝ հիմա սկսել են ծառայությունների մատուցումից: «Այսինքն, որոշակի մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների հարկերը բարձրացնելուց: Կանխատեսվում է, որ խոսքը մոտավորապես 132 մլրդ դրամի մասին է, այսինքն՝ հարկերն այդտեղից պետք է բերեն: Մնացած հատվածը պետք է սպասենք 2025 թ.-ին և գնաճին: Դրանով պայմանավորված՝ լայն սպառման առարկաների գները բարձրացնելու են, նաև կանխատեսում ունենք, որ կարող են հանրային ծառայությունների՝ էլեկտրաէներգայի, գազի, ջրի և այդպիսի այլ ծառայությունների արժեքի բարձրացում լինել: Վերջին երկու տարին, մասնավորապես, անընդհատ հակված են կրթության և առողջապահության ծառայությունները հարկելուն: Զուգահեռ տեղի է ունենում ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում: 450 մլրդ դրամ հարկային բեռը պետք է բաշխեն փոքր և միջին բիզնեսի և Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա: Բեռը պետք է լայն բաշխվածություն ունենա, յուրաքանչյուրի վրա փոքր ազդեցություն, և դժգոհություններ չհասունանան: Այս ամբողջի համատեքստում նրանք փուլային ներդրում են կատարում: Կազմակերպություններին հարկում են, նրանց քանակը քիչ է, կամ վախի մթնոլորտում չեն կարողանում բողոքի ալիք բարձրացնել, սրանք էլ օգտվում են դրանից, և այդ բարձրացումները կատարում են»,-նշում է մեր զրուցակիցը: Անդրադառնում է նրան, թե ինչ հետևանքներ սա կարող է ունենալ: «Փաստաբանական և հաշվապահական ծառայություններն օգնում են փոքր և միջին բիզնեսին և ֆիզիկական անձանց: Հայաստանի բոլոր ֆիզիկական անձինք պետք է հայտարարագիր ներկայացնեն: Հաշվապահական ծառայությունների հարկերը բարձրացնում են, սա նշանակում է, որ 30 տոկոսից ավելի միայն այդ ծախսը բոլոր ֆիզիկական անձանց մոտ ավելանալու է: Երկրորդ՝ հաճախ է լինում, որ նրանք անարդարությունների զոհ են դառնում: Իրավաբանական և հաշվապահական ծառայությունների արժեքն այնքան բարձր է լինելու, որ նրանք չեն կարողանալու օգտվել իրենց իրավունքների պաշտպանությունից: Խնդիրների առջև են կանգնելու: Նախ՝ պարտադրում են եկամտային համատարած հայտարարագրում, և նորմալ է, որ գիտելիքի պակասի պատճառով մարդիկ կարող են սխալ լրացումներ կատարել, դրա հետևանքով հարկային մարմինը կարող է հարկառաջադրում անել:Նրանք դիմելու են իրավաբանական կամ հաշվապահական կազմակերպություններին իրենց իրավունքները պաշտպանելու համար, բայց վերջիններիս ծառայությունների արժեքն այնքան են բարձրացնում, որ չկարողանան նրանց դիմել, այդ ծառայությունները ֆիզիկական անձանց համար անհասանելի են դարձնում: Մի կողմից՝ բյուջետային եկամուտների խնդիրն են լուծում, մյուս կողմից՝ անընդհատ ազդեցություն են գործում ֆիզիկական անձանց վրա, որպեսզի որևէ մեկն անկախ կամարտահայտում չունենա, անընդհատ վախի մթնոլորտում ապրի»,-ասում է Աուդիտորների պալատի նախագահը: Այս ամենն, իհարկե, ազդեցություն է ունենալու գնաճի վրա: «Այն երկու տեսակի ազդեցություն է ունենալու: Մի կողմից՝ խոսքը պարտադիր ծառայությունների մասին է, որոնցից մարդիկ, այսպես, թե այնպես օգտվելու են, սա ավելորդ ծախսի ավելացում է: Մյուս կողմից՝ չկա եկամուտների ավելացման հնարավորություն, այդ ներուժը չունեն: Երրորդ տեսանկյունից օրինակը բերենք սովորական սպառում իրականացնող խանութների վրա: Այդ խանութների հարկային բեռն ավելանալու է, նրանք հաշվապահական և իրավաբանական՝ արդեն բարձր արժեքով ծառայություններից են օգտվելու: Դա չեն կարող ինքնուրույն, իրենց գրպանից սպասարկել: Բնական է, որ դա պետք է ներառեն ապրանքի արժեքի մեջ: Պետք է, ասենք, սննդամթերքի գինը բարձրանա: Այդ գնային բաշխման մեջ մեր հասարակությունը երկու անգամ է գնաճի ազդեցությանը ենթարկվելու: Մի անգամ անձամբ՝ ծառայություն ձեռք բերելիս, հաջորդն անուղղակիորեն՝ ապրանք ձեռք բերելիս, որի դեպքում ծառայությունների բարձր արժեքն արդեն ներառված է լինելու: Այս քայլերը մի կողմից՝ բյուջեն լցնելու նպատակ ունեն, մյուս կողմից՝ հայ հասարակությանն ավելի աղքատացնելու, որովհետև սրանք ինչ իրականացնում են, կա՛մ գնաճի վրա է ազդեցություն ունենում, կա՛մ մարդկանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ է ձևավորում»,-նշում է մեր զրուցակիցը: Ազգային ժողովում վերջին օրերին քննարկվում է 2025 թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Պարզ դարձավ, որ ունենալու ենք պետական պարտքի ավելացում, չի նախատեսվում թոշակի, նպաստի և նվազագույն աշխատավարձի բարձրացում, նախանշվել է բավականին համեստ՝ 5,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Աուդիտորների պալատի նախագահից հետաքրքրվում ենք, թե ինչպիսի՞ն է պետբյուջեի նախագծի վերաբերյալ իր գնահատականը: «Բյուջեի նախագիծը շարունակում է մնալ խիստ վտանգավոր: Այն խոստանում է հայ հասարակությանը, որ անպայման գնաճ է լինելու և հասարակությունն ավելի է աղքատանալու: Եվ երկրորդ՝ Հայաստանի բյուջեն չի ստեղծում տնտեսական հնարավորություն, պոտենցիալ, ներուժ: Եվս մեկ տարի մեր կյանքից տրամադրում ենք այս կառավարությանը՝ վստահաբար իմանալով, որ 2025 թ.-ը մեր ապագայի համար որևէ դրական երևույթ կամ դրա հնարավորությունը չի ստեղծելու: Հաջորդ տեսանկյունից ակնկալվում է Հայաստանի պետական պարտքն ավելացնել 14 միլիարդ դոլարից, ինչը նշանակում է, որ Հայաստանի չափահաս չդարձած, այդ թվում՝ դեռևս չծնված քաղաքացիներն ապագայում պետք է լինեն բարձր հարկային բեռի տակ, որպեսզի կարողանան այդ պարտքը սպասարկել: Սրանք են 2025 թ.-ի բյուջեի վտանգները, այն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը: ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավունք

արդարացվել են Սրբազան շարժման՝ հետապնդման ենթարկված ևս երկու մասնակիցներ. Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնում է, որ արդարացվել են Սրբազան շարժման՝ հետապնդման ենթարկված ևս երկու մասնակիցներ․ «ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող պաշտպանյալս` Վահիկ Ավագյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող մյուս պաշտպանյալս` Պերճ Խաչատրյանն այսօր արդարացվեցին իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։ Հիշեցնեմ` Վ. Ավագյանի և Պ. Խաչատրյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում էր Սրբազան շարժման օրերին իբրև թե հավաքներին մասնակցել պարտադրելու համար, մինչդեռ վարույթի դեռ սկզբնական փուլում մենք բարձրաձայնում էինք դրա իրավաբանական սնանկության մասին` դեռ ամիսներ առաջ կանխատեսելով այսօր կայացված վերոհիշյալ որոշումները։ Հ.Գ. Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի երկիրը ներսից ծվատող ահռելի չափերի հասած հանցավորության դեմ»։

Scroll to Top