Գովազդ A1

Author name: Sose

Մշակույթ

Նյու Յորքում հայտնաբերվել է Շոպենի՝ նախկինում անհայտ վալսը՝ գրված 200 տարի առաջ

Նյու Յորքում Մորգանի անվան գիտական և հետազոտական գրադարան-թանգարանում հայտնաբերվել է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի՝ նախկինում անհայտ երաժշտական ստեղծագործությունը. վալսը գրվել է գրեթե 200 տարի առաջ: Ֆրեդերիկ Շոպենի ստորագրությամբ պարտիտուրը հայտնաբերել է հաստատության համակարգողներից մեկը, հայտնում է New York Times-ը։ Ռոբինսոն ՄաքՔելլանը թերթին պատմել է, որ սկզբում վստահ չէր, թե արդյոք ստեղծագործությունն իսկապես Շոպենինն է: Նա խորհրդակցել է Փենսիլվանիայի համալսարանից Շոպենի ստեղծագործությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականի հետ: Ի վերջո, թանաքն ու թղթի տարիքը ուսումնասիրելուց հետո հաստատվել է, որ պարտիտուրն իսկապես Շոպենի ստեղծագործությունն է։ Թանգարանը կարծում է, որ այն գրվել է 1830-1835 թվականներին է, երբ Շոպենը 20-25 տարեկան էր: Շոպենը ծնվել է Լեհաստանում 1810 թվականին և մահացել 39 տարեկանում Ֆրանսիայում։

Մշակույթ

Ադրբեջանի նպատակն է Արցախի ողջ տարածքը «մաքրել» հայկական մշակույթից, հերթական դեպքն է գրանցվել․ «Գեղարդ» հիմնադրամ

Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախյան ազատագրական պայքարի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները։  Այս մասին ահազանգում է «Գեղարդ» հիմնադրամը։ «Վանդալիզմի հերթական զոհ է դարձել Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի՝ Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Հատկանշական է, որ ադրբեջանցիները հատկապես թիրախավորում են հայ ժողովրդի հաղթանակները խորհրդանշող հուշարձաններն ու ազգային հերոսների արձանները։ Ադրբեջանի հիմնական նպատակն է Արցախի ողջ տարածքը «մաքրել» հայկական ինքնությունից և մշակույթից»,- ասված է հրապարակման մեջ։

Տնտեսություն

Թուրքիան ամենաշատը ՌԴ-ից է ներմուծում բնական գազ․ EMRA

2024 թվականի ութ ամիսների ընթացքում Թուրքիայի բնական գազի ներմուծումը նվազել է։ «Էրմենիհաբերի» փոխանցմամբ՝ այդ մասին հրապարակում է կատարել «Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը» (EMRA)։ Գազի ներմուծումն օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել է 5,74%-ով և կազմել 3 մլրդ 893 մլն մ3։ Բնական գազի ներկրումը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,94-%ով և կազմել 31 մլրդ 689 մլն մ3։ Հրապարակված տվյալների համաձայն՝ օգոստոսին բնական գազ է ներկրվել 4 տարբեր երկրներից։ Ներմուծման գծով առաջին տեղում է Ռուսաստանը՝ 58,43 %, որին հաջորդում է Ադրբեջանը՝ 19,07 %, Իրանը 12,62 %, Ալժիրը՝ 9,88%։ Օգոստոսին բնական գազի սպառումը նվազել է 3,61%-ով և կազմել 3 մլրդ 384 մլն մ3։ Արտադրության ծավալն աճել է մոտավորապես 418 %՝ մինչև 217,80 մլն մ3, իսկ արտահանումն աճել է 325%՝ մինչև 190 մլն մ3։ Այսպիսով, պաշարները նվազել են 17,71%-ով և հասել 4 մլրդ 327 մլն մ3։ Տարվա առաջին ութ ամիսներին բնական գազի սպառումը նվազել է 0,25%-ով և կազմել 35 մլրդ 47 մլն մ3։ Արտադրության ծավալն աճել է 343-%ով՝ մինչև 1 մլրդ 350 մլն մ3, իսկ արտահանումն աճել է 567-%-ով՝ մինչև 1 մլրդ 180 մլն մ3։

Նորություններ

Չինաստանում սկսվել է թռչող մեքենաների՝ աշխարհում առաջին գործարանի շինարարությունը

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի մայրաքաղաք Գուանչժոուում սկսվել է թռչող մեքենաների՝ աշխարհում առաջին գործարանի շինարարությունը: XPENG AEROHT-ի արտադրական բազան ներկայացվել է որպես «աշխարհում առաջին թռչող մեքենաների զանգվածային արտադրության հաստատությունը», նկատում է Xinhua գործակալությունը: Գործարանի առաջին հատվածում, որն ընդգրկում է 18 հեկտար տարածք, կարտադրվի Land Aircraft Carrier թռչող մեքենայի օդային մոդուլը, որի տարեկան նախագծված հզորությունը կազմում է 10,000 միավոր, ըստ ընկերության: Land Aircraft Carrier-ի անձնակազմով փորձնական թռիչքներն ավարտվել են սեպտեմբերին: Նախատեսվում է մոդելի նախնական վաճառքը սկսել մինչև տարեվերջ, ըստ XPENG AEROHT-ի հիմնադիր Ժաո Դելիի:

Նորություններ

ՌԴ-ն չի պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ բավարար մակարդակի վրա. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենքի զսպման ռազմավարական ուժերի վարժանք է անցկացրել: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, բայց իր միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ մակարդակի վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսօր մենք անցկացնում ենք ռազմավարական (միջուկային-Խմբ.) ուժերի զսպման հերթական վարժանքը, մենք կմշակենք պաշտոնյաների գործողությունները՝ վերահսկելու միջուկային զենքի կիրառումը բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներով»,- ասել է նա։ Պուտինն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը ծայրահեղ միջոց է երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Նա նշել է, որ դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։ «Բայց, միևնույն ժամանակ, հենց միջուկային եռյակն է, որը շարունակում է մնալ Ռուսաստանի ինքնիշխանության և անվտանգության հուսալի երաշխավորը, որը հնարավորություն է տալիս լուծել ռազմավարական զսպման խնդիրները, ինչպես նաև պահպանել միջուկային հավասարությունը և ուժերի հավասարակշռությունն աշխարհում: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն մենք կպահպանենք միջուկային ուժերը անհրաժեշտ բավարար մակարդակի վրա», — նշել է պետության ղեկավարը։ Պուտինը շեշտել է, որ աշխարհում աճող լարվածությունը և արտաքին նոր սպառնալիքների ի հայտ գալը ցույց են տալիս ժամանակակից ռազմավարական զսպման ուժեր ունենալու, դրանք մշտապես  մարտական օգտագործման համար պատրաստ պահելու կարևորությունը: Ուստի Մոսկվան կշարունակի կատարելագործել դրանց բոլոր բաղադրիչները, ընդգծել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ երկիրն ունի դրա ռեսուրսները։

Նորություններ

«Վրացական երազանքը» ընտրություններում օգտագործել է «հայկական կարուսելը». Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ի հարցազրույցում հայտնել է, որ մեղադրում է իշխանության կուսակցությանը ռուսական մեթոդների եւ ձեւերի օգտագործման, ինչպես նաեւ ՌԴ ԱԴԾ հնարավոր օգնության համար ընտրությունների գործընթացին, տեղեկացրել է SOVA-ն։ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծարարություն էին հմուտ միջոցների օգտագործմամբ։ «Դրանք ներառում էին խախտումներ, այդ թվում մարդկանց վախեցնելը, պետական ծառայությունից կախված մարդկանց վրա ճնշում գործադրելը։ Դրանք մարդիկ էին, որոնց նրանք օգտագործել են նաեւ անցյալում, տարբեր շրջաններում, բայց այս անգամ դա տեղի ունեցավ տեխնոլոգիաների օգտագործման համադրմամբ»,- ասել է նախագահը։ Հարցին, թե ինչ է նախագահը ենթադրում «տեխնոլոգիաների օ գտագործում» ասելով, Զուրաբիշվիլին պատասխանել է՝ «հայկական կարուսելը»։ «Հայկական կարուսել». մենք այստեղ դա անվանում ենք «հայկական կարուսել», ես չգիտեմ, թե արդյոք նրանք դա անվանում են «վրացական կարուսել»։ Դա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ նրանք սկսել են տարբեր պատրվակներով վերցնել անձը հաստատող վկայականները սոցիալապես չպաշտպանված մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից. ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե ինչու են անում դա։ Փաստացի, դրանք օգտագործվել են նույն մարդու կողմից քվերակվելու համար։ Մի վկայականի եւ տարբեր էլեկտրոնային սարքերի օգնությամբ դա հնարավոր է եղել կատարել մոտ 17 անգամ։ Նրանք անձը հաստատող մեծ քանակությամբ վկայականներ կամ համարներ են ունեցել»,- ասել է պետության ղեկավարը։

Մշակույթ

Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին. «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հոդվածով անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության ճակատագրի համար միջազգային կառույցների անհանգստությանը՝ նշելով, որ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտ են ուղղորդված և կոնկրետ քայլեր, որպեսզի հնարավոր լինի կանխել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը։ Հոդվածում նշված է. «2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում շարունակում է թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են հատկապես Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները (Շուշիի, Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և այլն), հերոսների արձաններն ու կիսանդրիները (Ալեք Մանուկյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Բաղրամյանի, Անատոլի Զինևիչի, Վազգեն Սարգսյանի, Թաթուլ Կրպեյանի, Հովհաննես Իսակովի և այլոց), ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները, հայկական պատմական գերեզմանոցները (Շուշիի պատմական գերեզմանոցը, Մեծ Թաղերի, Ղազանչեցոց կոչվող հին գերեզմանոցը, Սղնախի պատմական գերեզմանոցը և այլն), եկեղեցիններն ու վանական համալիրները (Բերձորի Սուրբ Համբարձման, Շուշիի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլն), անկախության շրջանում ստեղծված մշակութային կոթողները։ Ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է աղվանացնել, ուղղափառ ներկայացնել (Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Դադիվանք և այլն) մշակութային կոթողները՝ զրկելով հայկական ինքնությունից։ Միջազգային արձագանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև արցախահայերի բռնի տեղահանություն Ընթացող մշակութային ցեղասպանությունը որոշակի արձագանքների է արժանացել միջազգային մշակութապահպան կառույցների կողմից։ Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պահպանության, մշակութային ցեղասպանության կանխարգելման նպատակով Հայաստանի և Արցախի Արտաքին գործերի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները (Արցախի Հանրապետության նախարարությունները գործել են մինչև 2024 թվականի հունվար, կազմալուծվել են Արցախի ամբողջական հայաթափումից հետո) պարբերաբար դիմել են միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ,  Թանգարանների միջազգային խորհուրդ (ICOM), Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ (WMF), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ICOMOS), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն (BSI), Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ICCROM), Հնագետների եվրոպական ասոցիացիա (EAA), Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանս (ALIPH), որպեսզի վերջիններս արձագանքեն, միջամտեն, կանխեն արցախյան մշակութային ժառանգության ոչնչացումը, անարգումն ու աղավաղումը։ Պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանության կոչեր են հնչել միջազգային հայտնի մասնագետների, գիտնականների և հետազոտողների կողմից։ Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում՝ Ն. Չոմսկին, Գ. Չ. Սպիվակը, Թ. Ալին, Վ. Բերբերյանը, Ջ. Հերմանը, Ք. Վեսթը, Ս. Բենհաբիբը և այլք, բաց նամակ են հրապարակել՝ կոչ անելով վերջ տալ մարդկային և մշակութային ջարդին, նշելով արցախյան մշակութային ժառանգության վտանգվածության խնդիրն ու միջազգային հանրության կողմից այդ ժառանգության պահպանության հրամայականը։ Այնուամենայնիվ՝ գիտական հանրույթի կարծիքն ու վերաբերմունքը կարևորելով՝ ընդգծենք, որ միջազգային կառույցներն ունեն ավելի լուրջ մեխանիզմներ և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա ազդեցության լծակներ։ Այսպես՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով տեխնիկական աջակցություն և առաքելություն ուղարկել Արցախ՝ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը ծանոթանալու և պահպանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով, սակայն մինչ օրս Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել: 2023 թվականին Օդրի Ազուլեն կրկին վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտը՝ մուտք գործել Արցախ և մոնիթորինգ իրականացնել մշակութային ժառանգության իրավիճակի առնչությամբ․ Ադրբեջանը մերժել է հայտը՝ կտրականապես արգելելով միջազգային կառույցներին «խառնվել իր երկրի ներքին գործերին»։ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ) մի քանի հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արցախում հայկական ժառանգության, մասնավորապես՝ միջնադարյան հայկական եկեղեցիների, վանքերի և խաչքարերի ոչնչացումը։ Նման գործողությունները միջազգային մշակութային ժառանգության կոնվենցիաների խախտում են (ներառյալ՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին): Անպատասխան է մնացել նաև մշակութային ցեղասպանությունն Արցախում դադարեցնելու վերաբերյալ ԻԿՈՄՈՍ-ի, ԻԿՈՄ-ի և ԻՍԱ-ի համատեղ հայտարարությունը։ Արցախի մշակութային ժառանգության պահպանման կոչերին է միացել նաև Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA)։ Վերջինս նշել է, որ հնագիտական վայրերի և մշակութային հուշարձանների ոչնչացումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է, և ընդգծել է անկախ փորձագետների կողմից անաչառ գնահատականների կարևորությունը: Ցեղասպանագետներն ու իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ «Genocide Watch»-ը, դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ հայտարարելով, որ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տարածաշրջանից հայկական պատմական ներկայությունը ջնջելու օրինաչափության մի մասն է։ Ըստ նրանց՝ եկեղեցիների և հայկական ինքնության այլ խորհրդանիշների միտումնավոր թիրախավորումը մշակութային ցեղասպանություն է, քանի որ այն ձգտում է ոչնչացնել մի խմբի մշակութային ժառանգությունը՝ հանդիսանալով ֆիզիկական ցեղասպանության նախադրյալ: Արցախում մշակութային ոչնչացման մասին ահազանգել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS)։ Վերջինս զուգահեռներ է անցկացրել մշակութային ցեղասպանության այլ դեպքերի հետ, ինչպիսիք են՝ նախկին Հարավսլավիայում մշակութային վայրերի ոչնչացումը, Սիրիայում ԴԱԻՇ-ի օկուպացիայի ժամանակ իրականացվող գործողությունները: «Human Rights Watch»-ը (HRW) զեկուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մշակութային վայրերի ոչնչացման մասին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ պետական մակարդակով մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և վանդալիզմի ենթարկելու համար: Զեկույցում ընդգծվում է, որ միջազգային իրավունքը (ներառյալ՝ Ժնևի կոնվենցիաները) արգելում է զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը։ HRW-ն միջազգային կառույցներին կոչ է արել կանխել հետագա վնասը ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ միջազգային կառույցները, շարունակական կոչերով և բանաձևեր ընդունելով, փորձում են զսպել հայկական ժառանգության ոչնչացման և յուրացման ադրբեջանական նկրտումները։ Սակայն փաստ է, որ այդ կոչերը բավական չեն․ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտ են ուղղորդված և կոնկրետ քայլեր, որպեսզի հնարավոր լինի կանխել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը»։

Հասարակություն, Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Կանոնակարգը ստորագրվել էր օգոստոսի 30-ին: Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ  գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին, այնուհետև ԱԺ-ն վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը:

Քաղաքականություն

Ալիևի համար Հայաստանի վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին

Այսօր Ալիևի և Ադրբեջանի համար լավագույն լուծումը Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում լինելն է: Դրա մասին «Русарминфо»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի գործերի, ԱՊՀ երկրների և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Ըստ նրա՝ ցանկացած ուրիշն Ադրբեջանի համար շատ ավելի խնդրահարույց կլիներ։ «Փաշինյանը նախընտրում է արևմտյան հարթակները, իսկ Ադրբեջանը դրան չի առարկել»,- նշել է նա։ Զատուլինի կարծիքով՝ երեկվա նման հանդիպումներ բավականաչափ եղել են, բայց դեռևս՝ անարդյունք։ «Կարծում եմ, որ այս հանդիպումների արդյունքը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը քաղաքականապես մեծ կախվածության մեջ է Ալիևից։ Մեծացնելով ճնշումը և Հայաստանից քայլեր պահանջելով (Սահմանադրության փոփոխություններ և այլն), որոնց հետ Փաշինյանը պատրաստ է համաձայնության գալ որոշակի պայմաններով, Բաքուն ակնկալում է պահպանել պատերազմում պարտվող վարչապետի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը»,- նշել է ռուս պատգամավորը։ Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ դա Փաշինյանին ձեռնտու է նաև իշխանության պահպանման տեսանկյունից:

Իրավունք, Վիդեո

Գերասիմ Վարդանյան, Վահե Դանիելյան, բոլոր այս անձինք ենթարկվել են քաղաքական ճնշումների․ Արծվիկ Մինասյան

«Հայաստանի դատական իշխանությունը քաղաքական նշանակումներով և գործող իշխանության պատվերը կատարելուն միտված մի համակարգ է դարձել։ Այսօր ամենահաճախ խախտվող դրույթներից մեկը խտրականության արգելքի դրույթն է»։  ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ունենք կալանավորված անձինք, ովքեր որ կալանքի տակ էին հենց իրենց քաղաքական հայացքների համար, մնացած ամեն ինչը կեղծ հիմնավորումներ են եղել։ Վառ օրինակներ են Գերասիմ Վարդանյանը, Վահե Դանիելյանը և բազմաթիվ այլ հայրենակիցներ։ Բոլոր այս անձինք ենթարկվել են քաղաքական ճնշումների, օգտագործելով դատական համակարգը, օգտագործելով իրավապահների կողմից ակնհայտ խտրական մոտեցումը»,- ասաց Մինասյանը հիշեցնելով, որ 20-ից ավել մեքենաներ այսօր կալանավորված են, բայց դատական իշխանությունը մատը մատին չի տալիս։ «Դաշնակցության նկատմամբ սկսված իրավական «բեսպրեդելը» ոչ մի ձևով չի զսպվում դատական իշխանության կողմից։ Մենք այսօր գործ ունենք մի դատական իշխանության հետ, որն ամբողջությամբ գտնվում է քաղաքական պատվեր կատարելու տրամաբանության մեջ և անթաքույց ձևով սպասարկում է բոլորի շահերը, բացի հիմնական շահից՝ արդարադատության շահից, և սա լավ ապագա չի խոստանում մեզ բոլորիս»,- ասաց նա։ Մանրամասն՝ տեսանյութում։

Scroll to Top