Գովազդ A1

Հասարակություն

Հասարակություն, Նորություններ

Նոր «առնետավազք» մարդկության համար, թե՞ հերթական վարակի դեպք․ ինչ է հայտնի հանտավիրուսային բռնկման մասին ու ինչ է պետք անել վարակից խուսափելու համար

Զբոսանավերում վարակիչ հիվանդությունների բռնկումները նորություն չեն։ Սակայն վերջերս հոլանդական առագաստանավում արձանագրված հանտավիրուսի բռնկումը մասնագետների կողմից «անսպասելի է» որակվել՝ լուրջ անհանգստություն առաջացնելով, քանի որ հանտավիրուսի առաջին բռնկման դեպքն է նավում։ Նավերում սովորաբար ավելի տարածված են աղեստամոքսային վարակները, ինչպիսին նորովիրուսն ու աղիքային ցուպիկն են, թեև շնչառական վարակներն էլ են երբեմն բռնկումներ առաջացնում, ինչպես Քովիդ 19-ը՝ պանդեմիայի հենց առաջին օրերին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մայիսի 6-ի հայտարարության համաձայն՝ բռնկումն առաջացրած վիրուսը պատկանում է անդյան տիպին։ Ըստ ԱՀԿ-ի՝ մայիսի 13-ի դրությամբ գրանցվել է հիվանդության 11 դեպք, որոնցից երեքը մահվամբ են ավարտվել։ Ի՞նչ է հանտավիրուսը և ինչպե՞ս է այն փոխանցվում մարդուն Հանտավիրուսը պատկանում է կրծողների միջոցով փոխանցվող հանտավիրուսների (Hantaviridae) ընտանիքին։ Կենդանիները կարող են կրել վիրուսը՝ առանց հիվանդանալու և այն արտազատել մեզի, արտաթորանքի ու թքի միջոցով։ Այդ արտազատումներից վիրուսը կարող է օդում տարածվել աերոզոլային մասնիկների ձևով և ներշնչվել մարդու կողմից։ Վարակումը հնարավոր է նաև աղտոտված սնունդ օգտագործելու կամ վարակված մակերեսին դիպչելուց հետո բերանին ձեռք տալու դեպքում։ Բնության մեջ գոյություն ունի հանտավիրուսի ավելի քան 40 տեսակ, որոնք պայմանականորեն երկու խմբի են բաժանվում՝ «Հին և Նոր աշխարհի» հանտավիրուսներ։ «Հին աշխարհի» հանտավիրուսները տարածված են Եվրոպայում և Ասիայում և հիմնականում առաջացնում են արյան մակարդելիության ու երիկամների ֆունկցիայի խանգարումներ։ «Նոր աշխարհի» վիրուսներն առավել հաճախ հանդիպում են Ամերիկայում և հիմնականում առաջացնում են թոքերի այտուց՝ վիճակ, երբ հեղուկը կուտակվում է թոքերում։ Վարակման հետևանքները կարող են չափազանց ծանր լինել, հատկապես «Նոր աշխարհի» վիրուսի շտամներով վարակվելու դեպքում։ Ասիայում և Եվրոպայում վարակների 1-15 տոկոսն ավարտվում է մահվամբ, մինչդեռ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում հանտավիրուսային դեպքերի գրեթե կեսը մահացու ելք է ունենում։ Վարակի աշխարհագրական տարածվածությունն անհամաչափ է։ Հանտավիրուսով վարակման տարեկան գրանցվող դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Ասիային և Եվրոպային։ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում տարեկան արձանագրվում է ընդամենը 150-300 դեպք, հիմնականում՝ Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում և Բոլիվիայում։ ԱՄՆ-ում տարեկան հայտնաբերվում է 15-50 դեպք։ Համաճարակի պատճառ դարձած հանտավիրուսի կոնկրետ շտամը որոշում է ոչ միայն մահացության հավանականությունը, այլև այն, թե ինչպես է տարածվում վիրուսը և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն դրա տարածումը զսպելու համար։ Մարդկանց մոտ հանտավիրուսներով պայմանավորված հիվանդությունների երկու հիմնական խմբեր կան՝ Հանտավիրուսային հեմոռագիկ տենդը երիկամային համախտանիշովը  և Հանտավիրուսային կարդիոպուլմոնալ համախտանիշը (հանտավիրուսային թոքային համախտանիշ) ։ Կլինիկական դրսևորումներ Երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդի դեպքում սկզբնական ախտանշաններն ի հայտ են գալիս հանկարծակի և ներառում են՝ ուժեղ գլխացավ, մեջքի և որովայնի ցավեր, ջերմություն, դող, սրտխառնոց, տեսողության մթագնում։ Այլ ախտանշաններ կարող են լինել դեմքի կարմրությունը, աչքերի բորբոքումը, ցանը։ Հետագա փուլում կարող է դիտվել զարկերակային ճնշման նվազում և սուր երիկամային անբավարարություն։ Մահացության մակարդակը տատանվում է 1%-ից – 15% է։ Հանտավիրուսային թոքային համախտանիշի վաղ ախտանշանները ներառում են՝ հոգնածություն, ջերմություն, մկանային ցավեր, հատկապես ազդրերի, հետույքի, մեջքի և երբեմն ուսերի շրջանում։ Կարող են նաև դիտվել գլխացավ, գլխապտույտ, դող, սրտխառնոց, փսխում, փորլուծություն և որովայնային ցավեր։ Շնչառական ախտանշանները՝ հազ և շնչահեղձություն, կարող են ի հայտ գալ վարակվելուց 4–10 օր անց։ Հաղորդվում է, որ մահացությունը կարող է հասնել մինչև 40%-ի։ Առհասարակ հանտավիրուսային վարակի դեպքում ինկուբացիոն շրջանը կարող է տևել 1-8 շաբաթ։ Հանտավիրուսային վարակի հատուկ բուժում չկա, հիմնական մոտեցումը աջակցող բուժումն է։ Կարևոր է, որ հիվանդները հնարավորինս շուտ դիմեն բժշկական օգնության։ Կանխարգելում Վարակման կանխարգելման հիմնական ռազմավարությունը կրծողների դեմ պայքարն է։ Վարակի տարածումը կանխելու համար բնակչությանը խորհուրդ է տրվում՝ Պարբերաբար պահպանել ձեռքերի հիգիենան, հատկապես բերանին, քթին կամ աչքերին դիպչելուց առաջ։ Ձեռքերը պետք է լվանալ օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան շփելով։ Եթե լվացվելու հնարավորություն չկա, արդյունավետ այլընտրանք է 70–80% սպիրտ պարունակող ախտահանիչով ձեռքերի մշակումը։ Վերացնել կրծողների սննդի աղբյուրներն ու բների տեղերը բնակավայրերում։ Կենդանիների կերը ճիշտ պահել և զգուշորեն օգտագործել, որպեսզի այն չդառնա կրծողների սնունդ։ Աղբն ու սննդի մնացորդները նետել ամուր փակվող աղբամանների մեջ և ամեն օր դատարկել դրանք։ Շենքերում, բակերում ու տներում պահպանել մաքրություն հատկապես աղբամանների շրջանում, աստիճանահարթակներին։ Ինչպես է հանտավիրուսը փոխանցվում մարդկանց Հանտավիրուսը սովորաբար կենդանիներից մարդուն է փոխանցվում այն իրավիճակներում, երբ վարակված կրծողների մեզը, արտաթորանքը կամ բնի նյութերը հայտնվում են օդում, օրինակ՝ գոմը մաքրելու կամ տարածքներն ավլելու ժամանակ։ Սակայն մարդիկ կարող են վարակվել նաև այն դեպքում, երբ վարակված կրծողի թուքը, մեզը կամ արտաթորանքը հայտնվում է մարդու մաշկի վերքերի վրա կամ հասնում է աչքերին, քթին ու բերանին։ Հանտավիրուսների մեծ մասը մարդուց մարդուն չի փոխանցվում, սակայն անդյան վիրուսը բացառություն է։ «Նոր աշխարհի» այս վիրուսը Արգենտինայում, Չիլիում և Ուրուգվայում գրանցված դեպքերի մեծ մասի պատճառն է։ Թե ինչու է հենց այս շտամը փոխանցվում մարդուց մարդուն, մինչդեռ մյուսները՝ ոչ, դեռևս հայտնի չէ։ Հետազոտություններից մեկը ենթադրում է, որ անդյան վիրուսն ունի յուրահատուկ դիմադրողականություն մարդու թքի հակավիրուսային բաղադրիչների նկատմամբ, որոնք, կարծես, չեզոքացնում են մյուս շտամները՝ մինչև դրանց տարածվելը։ Սակայն ամեն դեպքում անդյան վիրուսն այնքան էլ հեշտ չի փոխանցվում, ինչպես, ասենք, կարմրուկը կամ Քովիդ 19-ը, որոնք կարող են փոխանցվել նույնիսկ այն բանից հետո, երբ վարակված մարդը լքում է սենյակը։ Անդյան վիրուսը տարածվում է միայն սերտ շփման պայմաններում։ Այս պահին մասնագետները աշխարհի բնակչության համար վիրուսի տարածման ռիսկը ցածր են համարում՝ նշելով, որ «այս վիրուսները բավական վատ են փոխանցվում, և թեև վտանգավոր են, լայն տարածում չեն ստացել»։ Աղբյուրներ՝ ԱՀԿ, National Geographic, https://www.chp.gov.hk/ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Հասարակություն

ՔՊ–ի քարոզարշավը խոչընդոտելու գործով 6 անձ կալանավորվել է, 1-ը՝ տնային կալանք, իսկ 3–ի վերաբերյալ նիստ դեռ չի նշանակվել

6 անձ կալանավորվել է, 1-ը՝ տնային կալանք, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի նշանակվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ, տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ, նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։ Այս մասին նախօրեին հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեից: «Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում, միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդկերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։ Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է»,–ասված էր հաղորդագրության մեջ։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Փաշինյանականների հրեշավոր ցինիկության շքերթը շարունակվում է

Արդեն տևական ժամանակ է ականատես ենք լինում ամենատարբեր մանր ու մեծ չինովնիկների ամենօրյա ցինիկությունների, արցախատյացության դրսևորումների, գոյություն չունեցող խաղաղության մասին ճամարտակությունների, ագրեսիայի, աջ ու ձախ ատելության խոսքի տարածման և այլ արգահատելի դրսևորումների։ Անվերջ աղմկոտ ու ամոթալի պատմություններ իշխանական ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մարդիկ լինելով պաշտոնատար անձինք կամ գոնե առնվազն մինչև վերջերս պաշտոնի եղած մարդիկ, ավելի ու ավելի խորն են ցած իջնում, ցույց տալով, որ զուրկ են տարրական կրթությունից, մտածելու ունակությունից, չունեն հարգանքի, կարեկցանքի զգացում առ հարազատ օջախներ կորցրած հայրենակիցներ կամ առ իրենց ընդդիմախոս քաղաքացիներ։ Ատելության մթնոլորտը եռռում է ու եռռացող «կաթսայի» կրակն անվերջ ուժեղացնում են հե’նց իշխանության ներկայացուցիչները։ Ամենաթարմ դեպքերից մեկը երեկ տեղի ունեցածն է, իսկ տեղի է ունեցել հետևյալը, ՔՊ֊ն քարոզարշավ իրականացնելիս է եղել, երբ արցախցի Նարինե Ավանեսյանը, ով կորցրել է տուն Շուշիում, աշխատանք, հարազատներ, թողել է իր ամբողջ կյանքն Արցախում, խանութից դուրս գալիս տեսել է վերջիններիս, միացել է և սկսել քայլել Արցախի դրոշն ուսերին գցած։ Քարոզարշավի ՔՊ-ական մասնակիցները ցայտնոտի մեջ են ընկել, ագրեսիվ վարք դրսևորել, սկսել վիրավորել արցախցի կնոջը, ընդհուպ մինչև «գիժ» անվանելով Արցախի դրոշով կնոջը։ Եվ ահա այստեղ է, որ իշխանական ներկայացուցիչ, մի շարք աղմկահարույց, տխրահռչակ միջադեպերի արդյունքում հանրությանը ծանոթ, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը, գուցե պարգևավճարի կամ այլ բանի ակնկալիքով շահագրգռված որոշել է աչքի ընկնել, վիրավորելով կնոջը, տեսանյութում հստակ լսվում է թե ինչպես է Ավետ Բաբայանն ասում «Վարդանյա’ն, գժանոցի մեքենան կանչի»։ Ինչպիսի՜ հեգնանք, սա, միջադեպի էսկալացիոն պահի ասում է մարդ, ով հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակից է և ասում է իր հայրենակցին, ով ակնհայտորեն հոգեկան առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունի, պարզապես իրենց քաղաքական ընդդիմախոսն է, պարզապես հայ է ով չի ուրանում Արցախը, ով շարունակում է հայկական համարել այն ու պայքարել վերադարձի համար, ինչը չի տեղավորվում Ավետ Բաբայանի ու իր վերադասների «իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ։ Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն, Քաղաքականություն

Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։ Սիրելի դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։ Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում հիմնադրված ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն հայկական կրթության առաջամարտիկը, այլև հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտության, մշակույթի և ազգային արժանապատվության հիմնասյունը։ Իր ողջ պատմության ընթացքում Մայր բուհը եղել է ոչ միայն գիտելիքի, այլև ապագայի կերտման վայր. այստեղ կրթություն ստացած սերունդներն են կառուցել մեր պետականությունը, պաշտպանել մեր երկրի սահմանները, զարգացրել գիտությունը, պահպանել և հարստացրել մեր մշակույթն ու արվեստը։ Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում։ Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ և բոլոր քաղաքացիներին հասանելի՝ գործնականում անվճար բարձագույն կրթության ապահովման հասանելիությունն է, ինչին մենք առաջիկայում հասնելու ենք։ Կրկին շնորհավորելով այս նշանավոր օրվա առթիվ՝ ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին մաղթում եմ անսպառ ուժ և նորանոր գիտական նվաճումներ, իսկ ուսանողներին՝ անկոտրում կամք և բարձր պատասխանատվություն մեր պետության վաղվա օրվա հանդեպ։ Բարի երթ և նորանոր հաջողություններ։ Հղումը՝Hraparak.am

Իրավունք, Հասարակություն

Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում.

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն ճանապարհային ոստիկանության գծով։ Ըստ նույն տեղեկությունների՝ ուժեղացված հսկողության շրջանակում վարորդներին կանգնեցնում են առանց նախապես իրազեկման կամ կանխարգելիչ ակցիաների և անմիջապես տուգանում՝ մասնավորապես տեխնիկական զննություն չանցնելու, ինչպես նաև ճանապարհային այլ իրավախախտումների համար։ Շատ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել՝ կապված այն հանգամանքի հետ, որ վերահսկողությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես կանխարգելիչ միջոց, այլ բացառապես տուգանքների կիրառմանն ուղղված գործընթաց։ Մինչդեռ վերահսկողական միջոցառումները պետք է լինեն ոչ միայն պատժիչ, այլ նաև իրազեկող և կանխարգելող՝ նվազեցնելով անակնկալ տուգանքների և սոցիալական լարվածության ռիսկերը։ Սակայն, վարորդների պնդմամբ, պարեկային ծառայության աշխատակիցները կոնկրետ ժամերի և կոնկրետ վայրերում գաղտնի հսկողություն են իրականացնում՝ գերնպատակ ունենալով ամեն գնով տուգանել վարորդներին։ Կարճ ասած՝ նախընտրական Հայաստանում քաղաքացին վերածվել է տուգանքի «մատերիալի»։ Հղումը՝ Newday.am

Հասարակություն, Նորություններ

Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։ Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են: Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Վերջին տարիներին մեր ժողովուրդն անհանգստանում է արտաքին վտանգներից և դրա առիթը այս իշխանությունը տվել է։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Մենք բոլորս հիշում ենք, թե իրեն սխալ վարած քաղաքականության հաշվին ինչքան երիտասարդներ զոհվեցին, ինչքան երիտասարդների ապագան կործանեցին, բայց մենք ունենք միգուցե ավելի վտանգավոր և կարևոր հարց, որի մասին բոլորը լռում են։ Այս մարդիկ հանգիստ, առանց աչքերը թարթելու փոքրացնում են մեր երկիրը, նվաստացնում են մեր երկիրը և այսպես գնալով մի քանի տարի հետո մենք կարող ենք ունենալ Հայաստան առանց հայերի, կամ շատ քիչ հայերով։ Բացարձակ չի տարվում քաղաքականություն մարզերի զարգացման համար, արտագաղթը հասնում է բացարձակ մակարդակների։ Իրենք հայտարարում են, թե մենք ունենք բնակչության աճ, մենք այսօր կներկայացնենք, որ ամբողջությամբ հակառակ պատկերն է։ Ներքին քաղաքանությունը հասցրել են զրոյի։ Ամեն օր գոռգոռում ու ղժղժում են ասֆալտից, բայց այդ ասֆալտը ինձ թվում է մի քանի տարի հետո միայն պետք է գալու իրեն հեծանիվ քշելու համար, որովհետև եթե գյուղերում ասֆալտ են անում, կամ դպրոց են սարքում, իսկ այդ գյուղերում մարդ չի ապրելու, դրա համար պետք չէ ունենալ մեծ խելք։ Նրանք դրանով մոլորեցնում են մեր ժողովրդին և անում են իրենց սև գործը։ Բոլոր մեր սահմանամերձ գյուղերը այսօր վտանգի տակ են, կարելի է ասել Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը։ Դրա համար մենք այս հարցերը համարում ենք շատ կարևոր»,– հայտարարեց Սամվել Կարապետյանը։ Նա նկատեց, որ ամուսնալուծությունները հասել են բացարձակ մակարդակի, ծնելիությունը նվազում է, երկիրը կամաց-կամաց հայաթափվում է արտագաղթի հաշվին. «Ամեն ինչը այսօր նպաստում է, որ փոքրացնեն մեր երկիրը։ Ես ուզում եմ նորից մեր հասարակության ուշադրությունը սևեռել 300000 ադրբեջանցիների վրա։ Եթե մենք չկանգնեցնենք դա, շատ շուտով կհայտնվեն Հայաստանի տարբեր շրջաններում և առաջին հերթին Փաշինյանի կողմից ազատված սահմանամերձ շրջաններում և գյուղերում։ Մեր ժողովրդագրական տվյալները սարսափելի են։ Անպայման մեզ համար ժողովրդագրական հարցը կլինի ամենաթիրախային հարցերից մեկը և գնալով մենք ամեն ինչ անելու ենք երիտասարդ ընտանիքների համար, որպեսզի նրանք կարողանան շատ երեխա ունենալ, լավ դաստիարակել իրենց երեխաներին, լավ ապագա ստեղծել իրենց երեխաների համար»,– հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։ Կուսակցության անդամ Գոհար Մելոյանը որոշ ցուցանիշներ բերեց. «Մեր երկրում ծնունդները անկում են ապրել շուրջ 12%-ով, ամուսնությունները՝ շուրջ 7%-ով, ամուսնալուծությունները ավելացել են շուրջ 28%-ով, բնական աճը անկում է ապրել շուրջ 40%-ով։ Մեր ուժը, ի դեմս  մեր առաջնորդ պարոն Կարապետյանի լրջագույն հեղափոխական տնտեսական առաջարկ արեց՝ 300000 աշխատատեղ, 20000 մատչելի բնակարան, բայց սա դեռ մեկնարկն է։ Մենք ներկայացնում ենք մեր հեղափոխական առաջարկը, որը միտված է ժողովրդագրական աճին։ Մենք մեկնարկում ենք «Ազգային վերածննդի հիմնադրամը», որը մշակելու է պետական քաղաքականությունը, որով լուծվելու են լրջագույն ժողովրդագրական խնդիրները։ Մեր հիմնադրամն ունենալու է ընդամենը 30% պետական մասնակցելիություն, իսկ մնացած 70%-ը կազմակերպվելու է մեր գործընկերների միջոցների շնորհիվ ամբողջ աշխարհից։ Մենք նաև ունենք կոնկրետ առաջարկ. յուրաքանչյուր չորրորդ երեխա ծնունդի համար ստանալու է 2 մլ դրամ, իսկ հինգերորդ և մնացած երեխայի համար ընտանիքները ստանալու են անվճար բնակարան»,–ասաց Մելոյանը։ Ամփոփելով, Սամվել Կարապետյանն ասաց. «Մենք տեսանք՝ ինչքան մտահոգիչ է այսօր Հայաստանի, հայ ժողովրդի վիճակը, ինչը մեր ժողովրդի մոտ 25%-ը դեռ չի հասկանում, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ նախընտրական փուլում կարողանանք մեր ժողովրդին ներկայացնել Հայաստանում եղած իրական վիճակը։ Ես կասկած ունեմ, որ Փաշինյանը այսօր իրականացնում է Ալիևի երազանքը, տեղ է բացում ադրբեջանցիների համար։ Մենք ասում ենք 300 հազար, բայց ես արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար, դրա թիվը հետագայում հաշվելը անհնար է լինելու մեզ համար։ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը հաջորդ հինգ տարիներում իրականացնելու է, դրա համար ես կոչ եմ անում մեր ժողովրդին ավելի ուշադիր նայեն մեր ներքին խնդիրներին, չխաբնվեն միայն խաղաղություն բառերով, որովհետև խաղաղություն բառը Փաշինյանի հետ ոչ մի կապ չունի։ Հայաստանում թե պատերազմները, թե մահացությունները բերում է միայն Փաշինյանը և իր կառավարությունը։ Դրա համար մեկ օր շուտ ազատվելով այս իշխանությունից, մենք կարող ենք կերտել ձեզ հետ միասին ուժեղ Հայաստան»։ Հղումը՝ News.am

Հասարակություն

Թող հեռանան ու հարեւան երկրում ապրեն իրենց ընտրած իրականության մեջ

«Հարեւաններս ասացին, որ Դուք լրագրող եք. կլսե՞ք ինձ՝ բաքվեցի փախստականիս»։ Ասացի՝ ինչո՞ւ ոչ։ Շարունակեց. «Հարեւաններիս ամեն առիթով բացատրում եմ, թե ովքեր են ՔՊ-ականները, ով է Նիկոլը։ Ոմանք նրանց կործանարար էությունը կարծես խորությամբ չեն հասկանում։ Ուզում եմ, որ խոսքս տպագրվի, թերթը տանեմ, նրանց տամ՝ կարդան, գուցե սթափվեն։ Ես պայքարի մեջ եմ ներկա իշխանությունների դեմ, եւ խոսքս թերթի էջերում տեսնելն էլ իմ պայքարի ձեւերից մեկը կլինի։ Ուզում եմ իմ աչքով կարդալ իմ ասածը, պահել այդ թերթը երկար տարիներ։ Հետո, երբ իշխանափոխություն լինի, իմ թոռներին ասելու բան կունենամ, որ իրենց պապը պայքարել է կապիտուլյանտ իշխանությունների դեմ։ Ծնվել ու ապրել եմ Բաքվում։ Ինձնից լավ ոչ ոք չի կարող իմանալ ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության ողջ բարբարոսական բնույթը։ Մազապուրծ փախել եմ Բաքվից, եկել՝ ծվարել Լոռիում, դարձել լոռեցի։ Այն ժամանակ հայրենիք ունեինք՝ եկանք։ Հիմա, երբ տեսնում եմ, որ ադրբեջանական իշխանությունների հետ մերոնք համերաշխ «երգում» են «Արեւմտյան Ադրբեջան» երգը, մտածում եմ՝ այն ժամանակ հայրենիք ունեինք, փախանք փրկվեցինք, եթե սա էլ կորցնենք, հիմա ո՞ւր ենք փախչելու։ Ո՞ւր են փախչելու իմ հարեւան նիկոլասերները։ Ուզում եմ զգաստացնել մեր ժողովրդին։ Միայն խնդրում եմ՝ անունս չգրեք․ աղջիկս հազիվ է տեղավորվել դպրոցում, գործից կազատեն։ Ես դրանց լավ գիտեմ, կստացվի, որ վնասեցինք մեր դստերը, նաեւ՝ ինքներս մեզ։ Այնքան բան կա ասելու։ Սիրտս ուղղակի պայթում է։ Ալիեւի եւ Փաշինյանի գործողությունների շղթան ինձ համահունչ է թվում։ Վարչապետն իր քայլերով ասես Ալիեւին ասում է՝ «սա քո տարածքն է, ինչ ուզես՝ արա, ինչ ցանկանաս՝ տար»։ Այնքան մեծ է վախը, այնպիսի անհասկանալի խոնարհում կա «մեծ թուրքի» առաջ, որ կարող են նվիրել մեզ համար ամենաթանկը։ Մենք վերջապես երկի՞ր ենք, թե՞ խանութ կամ կոշկակարի բուդկա։ Զարմանում եմ՝ ոմանք ինչպե՞ս չեն հասկանում, որ այս իշխանությունները մեր երկրի բացահայտ թշնամիներն են։ Ես նրանց դավաճան չեմ անվանում` թշնամի եմ համարում։ Գուցե ծագումով հայ են, բայց իրենց հայ չեն զգում։ Նրանք, իմ համոզմամբ, բացահայտորեն լծված են ադրբեջանական սայլին։ Եվ զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, որոնք դա չեն տեսնում։ Նույնիսկ ոմանք ասում են՝ «մեր խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ձեռքից բան չի գալիս»։ Ասում եմ՝ եղբայր, հենց դա էլ ես եմ ասում՝ եթե նա խեղճուկրակ է եւ անկարող, ինչո՞ւ է կառչած աթոռից, ինչո՞ւ չի հրաժարվում, որ գա մեկը, որ գոնե կփորձի փրկել այս խեղճ ժողովրդին։ Բայց՝ չէ․ իշխանությունը քաղցր բան է, ինքնակամ չի հեռանա։ Եթե չի հեռանում, ժողովուրդն իր ընտրությամբ պիտի հեռացնի։ Այլեւս սխալվելու իրավունք չունենք։ Մենք պիտի ազգովի ելնենք ազգային ազատագրական պայքարի։ Որքան դիպուկ է ասել Օմար Խայամը. «Եթե ազգը սիրահարված է իր դահճին, նախիրի պես կմորթվի»։ Թող բոլորն իմանան՝ թուրքը չի գալիս մեր գլուխը շոյելու։ Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել։ Սկզբում քեզ կխոնարհվի, կքծնի, կբարձրանա քո ուսերին, դու խելոք կանգնած մնաս՝ գլուխդ կկտրի։ Ես դեմ չեմ խաղաղ գոյակցությանը, ընդհակառակը՝ խաղաղությունն իմ ու իմ ընտանիքի երազանքն է: Բայց տեսնում եմ՝ մեր հարեւանները խաղաղություն չեն ուզում։ Հակառակ դեպքում ինչո՞ւ են ամեն օր նոր պահանջներ ներկայացնում, ինչո՞ւ են ավերում մեր եկեղեցիները, գերեզմանները, մշակութային հուշարձանները։ Հայերը Նոյեմբերյանում մինչ այսօր անխաթար պահպանում են այն տունը, որտեղ ծնվել ու մեծացել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ Շահին Մուստաֆաեւը։ Իսկ Ալիեւը հայտարարում է, թե Ջերմուկն իրենցն է, թե հայերը շահույթ են ստացել այդ ջրից։ Կուզեի, որ մեր գործարար խավը լսեր սա եւ հետեւություններ աներ. Ալիեւի եւ Նիկոլի համագործակցության պայմաններում դուք նույնպես վտանգի տակ եք։ Փաշինյանին գովերգելով՝ դուք ընտրում եք ձեր իսկ վախճանը։ Ադրբեջանի ախորժակը սահմաններ չի ճանաչում։ Նյու Յորքում անցկացված մի ցույցում տեսանք պաստառ, որտեղ գրված էր, թե իբր 1988-2022 թվականներին հայերը «գենոցիդի են ենթարկել» մոտ երկու միլիոն ադրբեջանցու։ Ահա այսպիսի կեղծիքներով են արդարացնում իրենց գործողությունները, իրենց ավերածությունները։ Մի պաշտոնյա կա` Արսեն Թորոսյան անունով, որը հայի ազգանուն ունի, բայց խոսում է մի լեզվով, որն ինձ օտար է։ Նրա հետ հարցազրույցում նույնիսկ հաղորդավար Պետրոս Ղազարյանը չի կարողանում թաքցնել զարմանքը։ Ամեն հայ սպասում էր գոնե մի մարդկային, ցավակցող խոսքի, բայց լսում է միայն դատարկ, անշունչ ձեւակերպումներ, որոնք կրկնում են նույն թեզը՝ «ամեն ինչ ավարտված է, Արցախն իրենցն է, իրենց տարածքում ինչ ուզեն՝ կանեն»։ Այսինքն՝ թուրքերն ինչ էլ անեն, մենք չպետք է բողոքենք։ Արցախն իրենցն է, ինչ ուզեն՝ կանեն։ Իսկ մենք պետք է լռենք, նայենք եւ ձեւացնենք, թե «կոնֆլիկտային չենք»։ Հիմա էլ խոսում են 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին «Արեւմտյան Ադրբեջանում»։ Այդ դեպքում մեր եկեղեցիները, մեր ներկայությո՞ւնն են խանգարելու նրանց։ Եվ եթե խանգարեն, նորի՞ց ասելու ենք՝ «մենք կոնֆլիկտային չենք»։ Ասելու ենք՝ եկեք, արեք ինչ ուզում եք, ահա մեր վիզը՝ ոլորե՞ք։ Հենց այս պայմանո՞վ ենք մենք «Հայաստանի հպարտ քաղաքացիներ»։ Սա՞ է մեր արժանապատվությունը։ Այսպես ապրել չի լինի։ Վերջաբանը մոտենում է. առաջիկայում համապետական ընտրություններն են, որ պատասխան կտան բոլոր հարցերին: Ես տեսնում եմ երեք ուժ, որոնք, իմ կարծիքով, կարող են այս երկիրը դուրս բերել ճիշտ ուղու վրա։ Այդ ուժերի առաջնորդներն են՝ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Արժե ընտրել այս ցանկից առաջինին։ Այդ ժամանակ, գուցե, մենք կարողանանք ճանապարհել նիկոլփաշինյաններին, արսենթորոսյաններին ու նրանց նման մարդկանց՝ իրենց սիրելի հարեւան երկիր: Թող այնտեղ ապրեն իրենց ընտրած իրականության մեջ»։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Հասարակություն

Արագածոտնի գյուղերից մեկից այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 5-ամյա երեխա

Մայիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի, կրծքավանդակի, որովայնի և զույգ վերին վերջույթների շրջանում 2, 3 աստիճան, մոտավոր 20 տոկոս մարմնի մակերեսի այրվածքներ» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com–ը։ Հիվանդանոցում պարզվել է, որ տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 5-ամյա Կ․ Մ․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։30-ի սահմաններում Կ. Մ․-ն իրենց տան բակում խաղալիս խորովածի համար նախատեսված մանղալի վրա բենզին է լցրել և հրկիզել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Հղումը՝ News.am

Scroll to Top