Գովազդ A1

Իրավունք

Իրավունք, Քաղաքականություն

Լռությունը հանցակցություն է. Արցախի ԱԺ–ն դիմել է եվրոպացի առաջնորդներին

Արցախի ԱԺ-ն դիմել է Երևանում կայանալիք Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին։ Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության առաջնային մանդատով օժտված ներկայացուցչական մարմին, սույն ուղերձով դիմում է Երևանում կայանալիք համաժողովի մասնակիցներին և միջազգային հանրությանը։ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվել է ցեղասպանական գործողությունների ակնհայտ դրսևորումներով, հանգեցրել է շուրջ 150,000 հայերի բռնի տեղահանմանը իրենց պատմական հայրենիքից։ Փաստ է նաև այն, որ միջազգային դերակատարների և աշխարհաքաղաքական կենտրոնների ոչ համարժեք արձագանքը միանգամայն նպաստավոր պայմաններ ստեղծեց ուժի կիրառման և մարդկության դեմ ուղղված նոր հանցագործությունների համար։ Ներկայումս Ադրբեջանը, օգտվելով միջազգային հանրության լռությունից, հետևողականորեն իրականացնում է մշակութային ցեղասպանություն։ Արցախի բռնազավթված տարածքներում համակարգված կերպով ոչնչացվում կամ յուրացվում են հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության նմուշները՝ եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանատները, պետականության խորհրդանիշ հանդիսացող կառույցները, ինչը նպատակ ունի վերացնել հայկական հազարամյա քաղաքակրթական հետքը տարածաշրջանից։ Ելնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակից և հավատարիմ մնալով արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին՝ Արցախի Ազգային ժողովը պահանջում է. Միջազգային կառույցների կողմից հասցեական գնահատական տալ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությանը և մշակութային վանդալիզմին՝ ճանաչելով դրանք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ։ Կիրառել գործուն մեխանիզմներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու հայկական պատմամշակութային արժեքների հետագա ոչնչացումը։ Անհապաղ գործուղել միջազգային անկախ մոնիտորինգային առաքելություն՝ Արցախի տարածքում մշակութային կոթողների վիճակը փաստագրելու և դրանց պահպանությունը երաշխավորելու նպատակով։ Գործադրել քաղաքական ճնշում Բաքվի նկատմամբ՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Միջազգային իրավական և անվտանգային գործուն երաշխիքների ներքո կազմակերպել արցախահայության հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենի օջախներ՝ ապահովելով նրանց ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու անկապտելի իրավունքը։ Լռությունը հանցակցություն է։ Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական միությունը և քաղաքակիրթ երկրները կգործեն ոչ թե հռչակագրային հայտարարությունների, այլ գործնական քայլերի տիրույթում՝ հանուն արդարության և տարածաշրջանային կայունության։ Հղումը։ News.am

Իրավունք, Քաղաքականություն

Թալինում համայնքապետը 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է

«Փաստինֆո»–ն գրում է. «Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել է ընտրողներին «կաշառելու» գործին՝փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։ Թալինի վառ ՔՊ-ական  համայնքապետ Տավրոս Սափեյանը ապրիլի 27-ին ստորագրել է թիվ N 793-Ա որոշումը՝  սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է  370,000  ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30,000՝ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու նպատակով։ Միևնույն ժամանակ 9 անձի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել՝ 30,000- 40,000 դրամից մինչև 100,000 դրամի չափով։ Միևնույն ժամանակ  փոխանցվել է տարբեր քաղաքացիների սպառած  էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, ինչպես նաեւ  54,160 դրամի չափով դեղորայքի գումար։ Հատկանշական է, որ համայնքապետը որոշել է  սոցիալական աջակցությունը տրամադրել ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի է ընտրության օրը, բարեգործության արգելքն էլ գործում է։ Նկատենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է ենթադրում բարեգործության արգելքը խախտելու համար։ «Հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով: Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը ոչ միայն քպական է, այլ նաեւ  ՔՊ-ի Թալինի տարածքային խորհրդի նախագահը, իսկ նրա սոցիալական էջում էլ որպես ետնանկար ՔՊ-ի կարգախոսն է։ Փաստացի քպական համայնքապետը, իր վարչական ռեսուրսն օգտագործելով,  սնունդ ու փող է բաժանում բնակիչներին՝ չնայած օրենսդրական արգելքին։ Ավելին, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այսպիսով գործ ունենք քողարկված ընտրակաշառք բաժանելու երեւույթի հետ»։ Հղումը՝ News.am

Իրավունք

Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ

Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, այս մասին Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա նշել է, որ թեմային անդրադարձել է անընդհատ, առանց որևէ դիմումի` սեփական նախաձեռնությամբ, և շարունակելու է բարձրաձայնել այն՝ օգտագործելով ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային գործիքները: Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ պաշտպանը նշել է, որ միշտ կարևոր է հստակեցնել համանման այցերի նպատակը։ «Եթե քաղաքացիների կարծիքով` նման այցերի նպատակը պետք է լինի իմ կողմից մշտադիտարկում իրականացնելը, ապա պետք է արձանագրել, որ դա անհնար է այլ պետության տարածքում»,-նշել է նա։ Հղումը՝  Newday.am

Իրավունք

Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Արթուր Ավանեսյանը` Կանդազը, իրականացնում է հացադուլ: Հացադուլ՝ Հայաստանում անարդարության վերացման և քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը: «Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր 30 տարվա զինվորականը, ով թշնամու ահուսարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է և ստիպված իրականացնում է հացադուլ»,-նշել է նա: Հովսեփյանը հավելել է, որ իրավապահների կողմից տարածված ձայնագրություններում խոսք չկա ընտրակաշառքի մասին, այլ խոսք կա հողերը պահելու, բնակարաններ կառուցելու և աշխատատեղեր ստեղծելու մասին: Հղումը՝ newday.am

Իրավունք, Քաղաքականություն

Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ ցանկ

Ստորև մարդկանց ցանկ է, որոնք այս պահին ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ են։ Հարցս փաստաբաններին, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին. ո՞ւմ եմ բաց թողել. «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Սամվել Կարապետյան Արթուր Ավանեսյան (Կանդազ) Ֆելիքս Աբրահամյան Զմրուխտ Հովհաննիսյան Հասմիկ Ամիրզադյան Մեսրոպ Մեսրոպյան Հարություն Մեսրոպյան Էդուարդ Անտոնյան «ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյան Վահագն Չախալյան Արթուր Սարգսյան Իգոր Սարգսյան Կարո Օկումուշյան ՀԱԵ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյան Համբարձում Ներսիսյան (Վեհափառի եղբորորդի) Գևորգ Ներսիսյան (Վեհափառի եղբայր) «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Խաչիկ Գալստյան Արամ Քոչարյան «Հայրենիք» ՀՀԿ Դավիթ Համբարձումյան Մովսես Քարտաշյան ԱՆՏԻՖԵՅՔ Վազգեն Սաղաթելյան ԱՅԼ Աշոտ Մինասյան Կարեն Վրթանեսյանի էջից Հղումը՝ hraparak.am  

Իրավունք

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է հանցավորության մակարդակի նվազում․ Գլխավոր դատախազ

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է հանցավորության մակարդակի նվազում։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության հաղորդումը։ Մասնավորապես, 2025 թվականի ընթացքում կատարվել է 40722 հանցագործություն (2024 թվականին՝ 42057), որոնցից 18857-ը՝ Երևան քաղաքում (2024 թվականին՝ 19877)։ «2024 թվականի համեմատ՝ 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 1335 դեպքով կամ 3,2%-ով», — ասել է Վարդապետյանը։ Գլխավոր դատախազի խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։ «2025 թվականին այս ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց։ Այսպիսով, 2024 թվականի համեմատ՝ 2025 թվականին բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով», — պարզաբանել է գերատեսչության ղեկավարը։ Միևնույն ժամանակ, կատարված 40722 հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, կազմում են թեթև (20041 դեպք կամ 49,2%) և միջին ծանրության (13585 դեպք կամ 33,4%) հանցագործությունները։ 2024 թվականի համեմատ, ընդհանուր հանցագործությունների կառուցվածքում ծանր և հատկապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը նույնպես նվազել է (0.9%-ով)։ 2024 թվականին այս ցուցանիշը կազմել է 18.3%, իսկ 2025 թվականին՝ 17.4%։ Հղում՝ news.am

Իրավունք, Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը  NEWS.am -ին տեղեկացրեց, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունի, որ  նրան տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Տիկին Սահակյան, Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարությունները՝ ուղղված սկզբում Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններին, անհանգստացնող էին: Հիմա, երբ Կարմիր խաչի գործունեությունը դադարեցված է, իսկ  դատավարական ֆարսը ավարտված, որտեղից գոնե ժամանակ  առ ժամանակ լուսանկարներ էին հրապարակվում և կարելի էր նրանց արտաքին տեսքի վրա հիմնվելով դատողություններ անել,  ի՞նչ տեղեկություններ կան նրա ու մյուս գերիների վիճակի,  պահման պայմանների մասին: Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ: Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Մեր տեղեկություններով, այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ: Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում  նրա և մյուս գերիների  պահման պայմանների մասին: Այս հարցում ևս թափանցիկություն չկա, միջազգային իրավունքի նորմերով սահմանված  երաշխիքները խախտվում են. մասնավորապես, նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում ու ռեժիմի, զանգերի  մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու: Չկա  հավաստի տեղեկություն նրանց  առողջության, բժշկական օգնության հասանելիության, տարրական կենսապայմանների մասին: Գիտեք, որ անցած տարվա սեպտեմբերից  Ադրբեջանի կառավարության պահանջով այդ երկրում ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցվել է, բայց դրանից հետո մեկ անգամ՝ անցած տարվա դեկտեմբերին,  ԿԽՄԿ Ժնևյան գրասենյակին  հաջողվել  էր  այց իրականացնել և տեսակցել հայ գերիներին: Դրանից հետո որևէ ստույգ տեղեկություն նրանց վիճակի մասին չունենք: Կարող եմ միայն ասել, որ այս պահին ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման,  վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող և ամրագրող որևէ կառույց գոյություն չունի, ու սա ստեղծում է տեղեկատվական վակուում: Ռուբեն Վարդանյանը նաև ասել էր, որ մինչ օրս դատավճռը որևէ լեզվով չի տրամադրվել, ինչը, ըստ էության, խոչընդոտում է բողոքարկման գործընթացը: Այս առումով, նորություն ունե՞ք, եթե սահմանված ժամկետներում դատավճիռները չտրամադրվեն, նշանակո՞ւմ է արդյոք , որ նրանք չեն կարող  դիմել անգամ, օրինակ, եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։ Այս որոշումը խթան կարող է հանդիսանալ այդ փաստաթղթերի տրամադրման համար։ Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ դատավճիռները չտրամադրելով Ադրբեջանը կարող է փակել ճանապարհը դեպի միջազգային դատարաններ։ Ընդհակառակը՝ նման իրավիճակում կարող ենք արձանագրել, որ ներպետական իրավական միջոցներն արդյունավետ չեն գործում, և այդ պայմաններում ՄԻԵԴ դիմելու ժամկետների հաշվարկը սկսվում է դատական ակտերի փաստացի ստացման պահից։ Պետք է նշել, որ այս պահին ՄԻԵԴ-ը դարձել է կարևոր օղակ, քանի որ որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ գերիների առողջական վիճակի վերաբերյալ, ստացվում են հենց դատարանի գործունեության շնորհիվ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նման տեղեկատվություն ներկայացրել էր դատարանին դեռ հունվարին, սակայն փետրվարին հանդես եկավ նոր միջնորդությամբ՝ խնդրելով ՄԻԵԴ-ին վերացնել հայ գերիների նկատմամբ կիրառված ապահովման միջոցները և դադարեցնել հաշվետվությունների ներկայացման պարտականությունը։ Այս միջնորդության առնչությամբ մենք ներկայացրել ենք դիրքորոշում՝ հիմնավորելով, որ գերիների կյանքի և առողջության նկատմամբ սպառնացող անմիջական վտանգները շարունակում են պահպանվել։ Ավելին՝ տեղեկատվության սակավությունն ինքնին լուրջ մտահոգության առիթ է և կարող է դիտարկվել որպես խոշտանգումների վտանգ պարունակող հանգամանք։ Նման պայմաններում ՄԻԵԴ-ի շարունակական ներգրավվածությունը մնում է խիստ կարևոր։ Հղումը։ news.am

Scroll to Top