Գովազդ A1

Իրավունք

Իրավունք, Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Իրավապահները խուզարկում են նաև Թևանյանի ավտոտնակը․ նա մեկնել է Քննչական կոմիտե՝ մանրամասներ պարզելու

Իրավապահները խուզարկություններ են անցկացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որը ղեկավարում է Անդրանիկ Թևանյանը, որն զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև ընդդիմադիր գործչի տանը, իսկ այժմ պատրաստվում են խուզարկել նաև նրա ավտոտնակը։ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ որևէ առնչություն չունի «Ռուսաստան-Կովկաս» կենտրոնի հետ և չգիտի, թե ով է այն ղեկավարում։ Նա անհեթեթ է անվանել տեղեկությունները, թե իբր գումարի դիմաց տեղեկատվություն է փոխանցել։ Նա պարզաբանել է, որ այս տարի հայտարարագրված դրամական միջոցները հայտարագրվել են ավելի քան 20 տարի առաջ։ «1990-ականներին ես զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ։ Բացի այդ, ես գումար եմ վաստակել՝ զբաղվելով մասնագիտական գործունեությամբ, ժառանգությամբ ստացել եմ գույք, վաճառել եմ շարժական և անշարժ գույք։ Եվ այդ միջոցները հայտարարագրված են 2021 թվականից»,- ընդգծել է Թևանյանը։ Նա կրկնել է, որ գործով որևէ կարգավիճակ չունի։ «Ինձ ներկայացված մեղադրանքների համար որևէ հիմք չկա, և ես գնում եմ Քննչական կոմիտե՝ մանրամասները պարզելու։ Ես կպահանջեմ ներկայացնել ապացույցներ, թե ինչի հիման վրա են ինձ մեղադրանք ներկայացրել։ Ուզում եմ նաև պարզել՝ պատրաստվո՞ւմ են ինձ կալանավորել, թե՞ ոչ»,- ընդգծել է Թևանյանը։ Նա անհասկանալի է համարել, թե ինչ հիմքով են իրավապահները խուզարկություն անցկացրել գրասենյակում, բնակարանում, իսկ հիմա էլ պատրաստվում են անցկացնել նաև ավտոտնակում։ «Փաշինյանը տեսնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը, որի հետ համագործակցում է «Մայր Հայաստան» կուսակցությունը, աճում է, ուստի փորձում է խոչընդոտել մեր քարոզարշավը։ Փաշինյանը հետագայում լուրջ խնդիրներ կունենա»,- եզրափակել է Թևանյանը։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք, Քաղաքականություն

Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են այս սոցհարցման տվյալների տուժողները. Իվետա Տոնոյան

Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը որևէ իրավական կամ արդարադատական գործընթացի հետ կապ չունի։ Սա բացառապես քաղաքական նպատակ հետապնդող ակցիա է, որի հիմնական նպատակը վախի մթնոլորտ ձևավորելն է, ընդդիմադիր ուժերի ակտիվությունը սահմանափակելը և նորմալ նախընտրական արշավը ջարդելու բացահայտ փորձ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր միջազգային «Գելափ» կազմակերպության հրապարակած սոցիոլոգիական հարցումների արդյունքները մատնում են իշխանության քայլերի իրական դրդապատճառը։ Ընդդիմադիր քաղաքական 4 ուժերը զգալի առավելությամբ հնարավորություն են ստանում նոր կառավարություն ձևավորելու։ Հենց այս իրականությունն է խուճապի մատնել Նիկոլ Փաշինյանին և ստիպել հերթական քաղաքական հետապնդումների ճանապարհով փորձել կանգնեցնել ընդդիմության աճող աջակցությունը։ Փաստացի, Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են ոչ թե որևէ «մեղադրանքի», այլ հենց այս սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողները։ Եվ նաև հենց այս թվերն են Նիկոլ Փաշինյանի նյարդային վիճակի և քաղաքական անհավասարակշռության հերթական ապացույցը։ Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք չի շեղվելու իր որդեգրած քաղաքական ճանապարհից։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն արժանապատիվ, անվտանգ և ուժեղ Հայաստանի։ Մենք շարունակելու ենք հանդարտ, զուսպ ծրագրային քարոզարշավը, մեր ժողովրդի հետ բաց ու անկեղծ երկխոսությունը։ Վստահ ենք, որ որքան էլ իշխանությունները մինչև քարոզարշավի ավարտը փորձեն նոր ճնշումներ, սադրանքներ և հետապնդումներ իրականացնել, միևնույն է, հունիսի 7-ին մեր ժողովուրդը կատարելու է իր արժանապատիվ և ճիշտ ընտրությունը։ Իսկ այդ ընտրությամբ այս իշխանությունը ստանալու է ժողովրդի հստակ քաղաքական գնահատականը»։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։ Խուզարկություն է իրականացվել նաև «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։ ԿԸՀ–ից NEWS.am–ին հայտնել են, որ ԿԸՀ–ն ստացել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար: Բացի այդ, այսօր վաղ առավոտից՝ ժամը 7-ից խուզարկություններ են իրականացվում պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բնակարանում, մեքենայում, հիմա պատրաստվում են նաև խուզարկություններ իրականացնել գրասենյակներում, թիմակիցների բնակարաններում։ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել են, որ Մարտուն Գրիգորյանի տանը խուզարկություններն իրականացվում են կոմիտեում քննվող: Հղումը՝ News.am

Իրավունք, Քաղաքականություն

ԿԸՀ–ն այսօր կքննի Թևանյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ԿԸՀ–ից։ «Այսօր ժամը 17։00-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովում դռնփակ նիստում կքննվի ներկայացված միջնորդությունը։ Նիստից հետո ԿԸՀ–ի կայքում կհրապարակվի որոշումը»,–հայտնեցին հանձնաժողովից։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։ Այս պահին խուզարկություն է իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար: Արդեն մայիսի 21-ին ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Հղումը՝ News.am

Իրավունք, Քաղաքականություն

Դիմակավորված անձինք ներխուժել են պատգամավոր, ԲՀԿ-ից պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն

Այսօր վաղ առավոտյան դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ից պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակները, «Sputnik Armenia»-ին հայտնել է Մարտուն Գրիգորյանը: Ըստ նրա, իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ: Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Քաղաքականություն

ԱԱԾ քննիչները «Մայր Հայաստանի» գրասենյակում են

Այս պահին ԱԱԾ քննիչներն ու դիմակավորված անձինք գտնվում են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում (հասցե՝ Մաշտոցի 20)։ Այնտեղ է նաեւ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը։ Իրականացվում են քննչական գործողություններ։ Իվետա Տոնոյանի էջից Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Հասարակություն

Էջմիածնում շիրմաքարի համար տեղափոխված հսկայական քարը ընկել է քաղաքացու վրա. վերջինս տեղում մահացել է

Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել շտապբուժօգնությունից և հայտնել են, որ կանչով մեկնել են Վաղարշապատ քաղաքի Մարգարայի խճուղի, որտեղ գերեզմանների մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 49-ամյա Մ․ Հ․-ն, ով հանդիսանում էր «Մերի Բոյաջյան» ԱՁ-ի շրջանակներում գործող Էջմիածին-Մարգարա խճուղի հասցեում գտնվող քարի արտադրամասի աշխատանքները համակարգող և պարտավոր լինելով պահպանել շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման՝ օրենսդրությամբ սահմանված կանոններն ու պահանջները, չի կատարել դրանք, ինչի արդյունքում նույն օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, շիրմաքարի համար օգտագործվող մեծ քարաբեկորը «KamAZ» մակնիշի բեռնատարից իջեցնելու ժամանակ ընկել է նշված արտադրամասում որպես բանվոր աշխատող 56-ամյա Հրաչիկ Մ․-ի վրա, ով տեղում մահացել է։ Հղումը՝ News.am

Իրավունք, Հասարակություն

Վարորդական իրավունքի վերականգնում՝ 50 000 դրամով. ՆԳՆ-ն ներկայացրել է Փաշինյանի առաջարկած նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների վկայականները վերականգնելու առաջարկն արդեն հանրային քննարկման է դրվել։ Այս մասին տեղեկանում ենք e-draft.am հարթակից։ Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը: Գործող օրենքի համաձայն` վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։ «Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մոդելը։ Արդյունքում զրկման ժամկետի ավարտից հետո վարորդներին 13-ի փոխարեն 6 տուգանային միավոր կտրամադրվի, ինչպես նաև 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։ Վարորդները պետք է այդ ժամանակ նաև սահմանված պետական տուրք վճարեն` 50 000 դրամ։ Երկրորդ կամ հաջորդ անգամ վարելու իրավունքից զրկվելու դեպքում վարելու իրավունքը հնարավոր կլինի վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո»,– ասված է նախագծում։ 6 տուգանային միավորը փորձաշրջանի ընթացքում սպառելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ կրկին 1 տարվա փորձաշրջանով։ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։ Նշենք, որ ըստ ՆԳՆ տվյալների՝ նախորդ տարի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։ Հղումը՝ News.am

Իրավունք, Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. ՀՀ քննչական կոմիտեն «բմբուլները օդ հանելու» Արթուր Օսիպյանի արտահայտությունը գնահատել է իբրեւ «բռնություն գործադրելու հրապարակային կոչ». Փաշինյանին հարցեր տալը՝ «խուլիգանություն» եւ «քարոզչության խոչընդոտում»

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Օ.-ն 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: Բացի այդ, Ա.Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Այնուհետև, Ա.Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Ա.Օ.-ն կալանավորվել է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։     ՀՀ քննչական կոմիտե: Հղումը՝ Aravot.am

Իրավունք

Կիևը միացավ Բաքվի հիստերիային․ պատճառը Ռուբեն Վարդանյանին մրցանակի առաջադրելն է

Ավելի վաղ գրել ենք, որ աշխարհի տարբեր երկրներից մի խումբ իրավապաշտպաններ Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի: Առաջադրող խմբի հայտարարությունում նշվում է, որ այդ առաջադրման հիմքում Ռուբեն Վարդանյանի «նշանակալի ներդրումն է մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)»: Եթե այս լուրը սպասելի վայնասուն է բարձրացրել Բաքվի բռնապետական, մարդատյաց, հայատյաց և ցեղասպանական ռեժիմի շրջանում, ապա պակաս զառանցագին արձագանքի չի առաջացրել նաև Ուկրաինայում։ Ի թիվս այլ գործիչների, իր հակառուսական ու ռասիստական հայացքները հերթական անգամ արտահայտել է ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնը, ով իր հիվանդ երևակայությամբ Ռուբեն Վարդանյանին՝ վերոնշյալ մրցանակին ներկայացնելը կապել է Ռուսաստանի հետ։ «Ի՞նչ Հավելի մրցանակի մասին ենք խոսում ընդհանրապես Վարդանյանի համար։ Անմիջապես տվեք Պուտինին մրցանակը, ոչ թե Վարդանյանին, տվեք այն Պուտինին», — ցինիկ տոնով նշել է նա։ Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top