Գովազդ A1

Իրավունք

Իրավունք, Տնտեսություն

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն. Դատախազություն

2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 119 շենք-շինություն, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 2026 թվականի մարտին, դատախազի միջնորդագրերի հիման վրա, ապամոնտաժվել են ևս 11 հողամասերում գտնվող 16 շինություններ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան), ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը: Հիշեցնենք նաև, որ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը: Հատկանշական է, որ նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել: Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը): Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են. Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե), ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե), «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե): Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ: Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգությանը, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը: Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝ դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ, դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ, դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը: Հզումը՝ News.am

Իրավունք, Քաղաքականություն

Նույն ձեւով այդ գիշերն իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի

Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյախառն բառապաշարի եւ սպառնալիքների կիրառումը խուլիգանություն է: «Իսկ երբ առկա են ֆիզիկական բռնության տարրեր ու կոչեր եւ պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քրեաիրավական գնահատականի հստակ հիմք»,- ՔՊ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքն Արաբկիրում երեկ այսպես է իր էջում բնութագրել իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը: Պարզվում է՝ հենց Զարուհու տան մոտ է Փաշինյանն իր քարոզն իրականացրել: Նրան տեսնելով՝ վարչապետը սկսել է բղավել․ «Ստահակ, դու Սերժ ես, դու Ռոբ ես» եւ այլն: Թեեւ, ինչպես իրավացիորեն նկատում է Էդմոն Մարուքյանը, ոչ ոք Զարուհուց շատ չի քննադատել Սերժին ու Ռոբին: «Ես մեր տան մոտ էի, նա այնտեղ քարոզարշավ էր անում, հեռու էի, չեմ լսել, թե ինքն ինչ է գոռում, հետո տեսանյութով եմ տեսել: Բայց նա ինձ տեսել է, սկսել է գոռգոռալ»,- պատմում է Փոստանջյանը: Այլ կերպ ասած՝ նա կարմիր կտորի դեր է կատարել կատաղած ցլի համար: Բայց ի՞նչ է եղել ի սկզբանե, ինչո՞ւ է այսչափ հունից դուրս գալիս Փաշինյանը` իրեն տեսնելով, գուցե ինչ-որ պատճա՞ռ կա: «Չեմ կարող ասել հստակ: Երեւի, որովհետեւ տեսել եմ իրեն վատ վիճակներում, հիստերիայի մեջ ընկած: Եղել է, որ առաջարկել է իր հետ «Ելք» դաշինքով հանդես գալ, հիշո՞ւմ եք, ես մերժել եմ, գուցե դրանից է, գուցե՝ 16 տարի առաջվա դեպքերից»։ Եվ պատմում է, որ 16 տարի առաջ՝ 2010 թվականին, երբ Փաշինյանը «Կոշ» ՔԿՀ-ում էր, իրեն գիշերով զանգահարել է Աննա Հակոբյանը, թե դիմակավորված անձինք հարձակում են գործել` ամուսինը ահավոր վիճակում է: «Ես այդ պահին երեխայիս կրծքով կերակրում էի: Այդ ժամանակ փաստաբաններն իրավունք չունեին մուտք գործել մեկուսարանի տարածք, օրենքը թույլ չէր տալիս: Նրա փաստաբանները չէին կարողացել գնալ, միայն պատգամավորներին էին թույլ տալիս: Կինն ասաց՝ խնդրում եմ, էլի, անպայման գնանք, ես կգամ քո հետեւից: Էնպես խոսեց, որ ընտրություն չունեի, երբ նման բան են ասում, չես կարողանում մերժել: Գնացինք, ամբողջ գիշեր այնտեղ ենք եղել»,- վերհիշում է Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում: Նա ասում է, որ Փաշինյանը չի մանրամասնել, թե ինչ հարձակում է եղել, ովքեր են եղել, ինչ են արել իրեն: «Էն բառերը, որ երեկ գոռգոռում էր, նույնը այն ժամանակ էր գոռգոռում՝ ուզում եք էս անեք, ուզում եք էն անեք, ձեռքիցս քաշում էր, չէր թողնում, որ դուրս գամ խցից: Ընդամենը գոռում էր, որ իր վրա հարձակվել են դիմակավորված անձինք, ծեծել են, ուզել են սպանել: Իր խնդիրն այն էր, որ իրեն չթողնեն «Կոշում», տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ, եւ այդպես էլ եղավ: Մենք մնացինք մինչեւ լույս, ու դրանից հետո նրան տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ»,- պատմեց Փոստանջյանը: Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ խաբում էր, մանիպուլացնում էր ձեզ, պարզապես ուզում էր տեղափոխվել այլ ՔԿՀ, պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ, ինքը կիմանա, պետք է իրենից հարցնել»: Մայիսի 18-ին Փաշինյանի հունից դուրս գալը զայրացրել է իրավապաշտպանին: Նա իր ֆեյսբուքյան էջում վերլուծել է վարչապետի վարքագծի պատճառները՝ նշելով, որ դա գալիս է անցյալի վախերից, ենթագիտակցական բարդույթներից, սեփական անխոցելիության զգացողության կորստից, ներքին խուճապից` քաղաքացիների քննադատության հետեւանքով, «Կոշ» ՔԿՀ-ում իրեն «կզըցնելու», «չոքըցնելու» եւ համապատասխան տեղը «կոխելու» իրական սպառնալիքներն են դեր խաղացել: Այս բառապաշարը փաստաբանն այդ բարդույթներով է բացատրում: Նա Փաշինյանին անվանում է «քաղաքական դիջեյ», «փողոցային Շարիկով», որի հանձնարարությունը` կատուներ ոչնչացնելը, այլեւս պահանջված չէ: «Հայտնվելով սուր սթրեսի մեջ եւ բախվելով անզեն կնոջ երկաթյա ու անպատասխանելի հարցադրումներին՝ նա անճարությունից անցավ ֆիզիկական ճնշման՝ քաշելով կնոջ թեւից, եւ պայթեց հիստերիկ, հայհոյախառն բղավոցներով՝ կզըցնելու եմ, չոքըցնելու եմ, կոխելու եմ»,- գրել է Զարուհի Փոստանջյանը: Հարցին, թե ինչն է Փաշինյանի պահվածքում ամենաշատն իրեն զայրացրել, փաստաբանը պատասխանում է. «Ֆիզիկական հպումը մարդուն, օտար կնոջն անթույլատրելի է: Ինչ ծայրահեղ վիճակում պետք է նա լինի, որ կպչի օտար կնոջը: Նույն ձեւով այդ գիշերը, Կոշի բանտում նա իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի»: Ի դեպ, 2010 թվականին այն ժամանակ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա դիմակավոր անձանց հարձակման վերաբերյալ քրեական վարույթը 2020 թվականին վերսկսվել էր` հավանաբար, հենց Փաշինյանի պահանջով: Ճիշտ է, նա այլ կերպ է դա ներկայացնում: «2010թ.-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` ես հիմա այս գործով պե՞տք է հետաքրքրվեմ, թե՞ չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր Փաշինյանը 2020-ին: Ըստ նրա, մի քաղաքացի հայտնել է, որ տեղյակ է` ով է այդ հարձակումը կազմակերպել, դիմում է գրել, գնացել է ցուցմունք տալու: Թե ինչ եղավ այդ գործի ճակատագիրը, դատախազությունը չի հայտնում, գրավոր հարցում են պահանջում: Հայտնի է, որ 2020 թվականին այս գործով հարցաքննել էին այն ժամանակվա «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Լյովա Բաղդասարյանին: Մեր տեղեկություններով, նա ասել էր, որ որեւէ կապ չունի եւ չի կարող ունենալ այդ դեպքի հետ: Նրան մեղադրանք չի առաջադրվել: Չի բացառվում, որ հարձակում չի եղել: Հղումը՝ Hraparak.am

Իրավունք

Փաշինյանի հետ վիճաբանած արցախցուն տանում են կալանավորման

Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան։ Ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն։ Հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը. «Քիչ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով։ Միջնորդությունը քննվելու է Ավանի նստավայրում։ Դատավորը դեռ պարզ չէ»,– նշել է նա Հղումը՝ News.am

Իրավունք, Հասարակություն, Քաղաքականություն

Փաշինյանին քննադատողները ՝ խուլիգան, լրագրողին պախարակողները ՝ոչ

Քննչական կոմիտեն վարույթ չի հարուցել Newday.am կայքի խմբագիր Անի Գեւորգյանի՝ ոստիկանությանը հասցեագրած բողոքի հիման վրա, համաձայն որի մայիսի 15-ին ՔՊ-ի աջակից Ռուստամ Ավագյանը Արմավիրի կենտրոնական հրապարակում խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությունը, վիրավորել, հետապնդել՝ փորձելով նվաստացնել լրագրողին։ Անի Գեւորգյանը բողոքը հասցեագրել է Գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Ինչպես նաև 237 հոդվածով նախատեսված արարքի վերաբերյալ։ «ՀՀ քաղաքացի Ռուստամ Ավագյանը 15.05.2026թ․-ին Արմավիր քաղաքի կենտրոնում ՔՊ քարոզարշավի ժամանակ խոչընդոտել է իմ մասնագիտական գործուենությանը՝ միջամտելով քաղաքացիների հետ հարցազրույցին, վարկաբեկող հայտարարություն արել, ես քաղաքացիների հետ զրույցը ընդահատել եմ՝ գնալով նույն տարածքի այլ հատված, սակայն վերջինս հետապնդել է ինձ, փորձել է, ներգրավելով նաև այլ մարդկանց իմ վրա ճնշում գործադրել, որպեսզի չշարունակեմ մասնագիտական գործունեությունս, ինչպես նաև նվաստացնի ինձ։ Խոչընդոտելը դրսևորվել է նրանով, որ ես չեմ կարողացել ավարտել քաղաքացիների հետ հարցազրույցը, ստիպաված եմ եղել լքել այդ հատվածը։ Խոչընդոտումը դրսևորվել է նրանով, որ սահմանափակվել իմ ազատ աշխատանքը, դիտավորյալ հոգեկան հարկադրանք է կիրառվել՝ նաև հնչեցնելով իմ մերձավորի՝ երեխայի վերաբերյալ վարկաբեկող հայտարարություն։ Նա լկտի բառապաշարով, ատելության խոսքով հետապնդել է ինձ քարոզարշավին եկած բազմաթիվ մարդականց մոտ։ Ես բարձրախոսը դեպի նրան չեմ ուղղել, որպեսզի գոնե ուղիղ եթերին հետևողների համար լսելի չլինեն նրա ատելության խոսքերը, վիրավորանքները։ Սակայն նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող «Rustam Avagyan» անվամբ օգտահաշվի կիրառմամբ, իրականացրել է 1 րոպե 43 վայրկյան տևողությամբ ուղիղ հեռարձակում, որի ընթացքում տեսախցիկը ուղղելով դեպի ինձ՝ իմ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ, նվաստացնող արտահայտություններ։ «Երկրագնդի ամենակեղտոտ լրագրողն ա, ժողովուրդ ջան միակ լրագրողն ա, որ զոհված զինծառայողների ծնողներին վարկաբեկում ա ամենավերջին ձևով․․․ այլանդակ Անի։ Քաղաքականությունը կապ չունի սրա հետ, սա զոհված զինծառայողների գնով ապրող փողոցային ա․․․ դու թափթփուկ ես, խայտառակություն ես Հայաստանի Հանրապետությունում, դու լիլիպուտ ես, անչափահաս թափթփուկ Անին ա․․․ երեխուդ հորը ման արի»» իր հաղորդման մեջ դեպքի մանրամասներն այսպես է ներկայացրել լրագրողը՝ դատախազությունից ակնկալելով քննարկել քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։ Լրագրողը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ օրեր առաջվա միջադեպը գուցե չլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի այլ աջակիցներ, որոնք հարձակում էին գործել իր վրա, պատժված լինեին․«Կա երկու քրեական գործ, որոնցով պիտի պատժվեին եւ դատարանի երկու որոշում, համաձայն որոնց պետք է ներողություն խնդրեին, ոչ մեկն էլ տեղի չի ունեցել, ինչն էլ ծնում է նոր հանցագործություն»։ Հղոմը՝ Newday.am    

Իրավունք

Երեկ Նիկոլը հրապարակայնորեն այնքան ատելություն տարածեց, որ կբավականացներ մի քանի քաղաքացիական պատերազմների, բայց դատախազն ու քննիչը չեն տեսել և լսել. Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը 70-ամյա Տիգրան Դերմոյանը դատապարտվեց ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, իբրև թե ատելության խոսք էր տարածել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում, որն ուղղված էր եղել Նիկոլին՝ Աննայի միջոցով։ Դատավճռի հիմքում դատավոր Չիչոյանը ապօրինաբար դրել էր Նիկոլին կից գործող ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած երկու ոստիկանի լկտի ու սուտ ցուցմունքները և մեկ տեսագրություն, որտեղ Դերմոյանը որևէ բառ չի արտաբերում։ Երեկ Նիկոլը հրապարակայնորեն այնքան նպատակային ու թիրախավորված ատելություն տարածեց, որ կբավականացներ մի քանի քաղաքացիական պատերազմների, բայց դատախազն ու քննիչը չեն տեսել և լսել, ճշմարտացի ցուցմունք տվող ոստիկան ևս չկա։ Նիկոլի դատավճիռը աննախադեպ է լինելու, և լինելու է ընտրովի արդարադատություն։ Հղումը՝ Аravot.am

Իրավունք

Փաշինյանի` բժշկուհու հետ միջադեպում վարքագիծը պարունակում է ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ. իրավաբան

Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ (ատելության հրապարակային խոսքը…)։ Սակայն իրավաբանական համայնքը կարծես համակերպվել է, որ պաշտոնատար անձը դուրս է քրեական իրավունքի գործողության ոլորտից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը: Նա մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր է՝ իրավապահ համակարգն այժմ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվելու քրեական վարույթ նախաձեռնելուց։ Երևի կասեն՝ հանցանքի օբյեկտը չկա, դիտավորություն չկա կամ «մեղսունակություն» չկա, պարզապես քաղաքական խոսք է… Ցավալի է, որ մարդու իրավունքներով զբաղվող որևէ պետաիրավական ինստիտուտ մասնավոր անձանց դեմ ուղղված այս աղաղակող դեպքով հասցեական կամ առարկայական խոսք չասեց»։ Հիշեցնենք, որ մայիսի 18–ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը, մոտեցել է նրան և ասել, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանը հունից դուրս է եկել, սկսել է գոռալ, սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Ընդ որում, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չէր տվել, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։ Հղումը՝ News.am

Իրավունք, Քաղաքականություն

Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցներից 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Հասարակություն

Վեճ և ծեծկռտուք. «Կալիֆորնիա» գիշերային ակումբի բարմենին նախ դրսում, ապա ներսում ծեծել են և հնչեցրել հայհոյանքներ

Մայիսի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  Արգավանդի խճուղու «Կալիֆորնիա» գիշերային ակումբում քաղաքացի են ծեծում, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մայիսի 15-ին՝ ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վահան Թ․-ն իր ընկերների հետ միասին գտնվելով «Կալիֆորնիա» գիշերային ակումբում նկարահանելու հարցի շուրջ խոսակցություն են ունեցել նույն ակումբի բարմեն Երևանի բնակիչ 32-ամյա Մելքոն Մ․-ի հետ, որից հետո խոսակցությունը շարունակելու նպատակով վերջինիս հրավիրել են դուրս, որտեղ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Մելքոն Մ․-ի մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև տեղափոխել են ակումբի ներսի հատված, որտեղ շարունակել են նույն վարքագիծը, հնչեցրել են հայհոյանքներ և հարվածներ են հասցրել բարմենին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից  ձեռնարկվում են միջոցառումներ Վահան Թ․-ին հայտնաբերելու, դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Հղումը՝ News.am

Իրավունք

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցի խոշոր խմբաքանակի՝ 28 կգ հաշիշի տարանցումը ՀՀ տարածքով

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը ՀՀ պետական սահամանով թմրամիջոցների մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի տարածքը, որպես թմրամիջոցների տարանցիկ երթուղի օգտագործող հանցավոր խմբավորումների բացահայտման ուղղությամբ։ Օրերս «Ագարակ» սահմանային անցման կետ է ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ջ. Շ.-Ի կողմից շահագործվող  բեռնատար տրանսպորտային միջոցը: Ըստ ներկայացված բեռնափոխադրման փաստաթղթերի՝ մեքենան պետք է տեղափոխեր շինարարական սալիկներ, իսկ բեռի վերջնական նշանակման վայրը եղել է Վրաստանը։ Հայաստանի Հանրապետությունը տվյալ երթուղում պետք է օգտագործվեր որպես տարանցիկ գոտի։ Մաքսային հսկողության շրջանակում, բեռնատարը ենթարկվել է ռենտգեն զննության։ Նախնական ստուգման ընթացքում կասկածելի պատկերներ կամ թաքցված բեռի առկայություն չի արձանագրվել։ Մաքսային հսկողությունը շարունակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շան միջոցով: Բեռնատարի կցորդի աջ և ձախ հատվածներում շունը ցուցաբերել է թմրադեղեր հայտնաբերելու վարքագիծ: Որոշում է կայացվել տրանսպորտային միջոցը առավել մանրամասն զննության նպատակով տեղափոխել հարավային տերմինալ մաքսային պահեստ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները, կիրառելով հատուկ տեխնիկական միջոցներ, ապամոնտաժել են  կցորդի մետաղական հատվածները։ Արդյունքում հայտնաբերվել են հատուկ պատրաստված և զոդված գաղտնարաններ, որոնցում թաքցված է եղել շուրջ 28 կիլոգրամ ընդհանուր քաշով  111 հատ առանձին փաթեթներով «հաշիշ» տեսակի թմրամիջոց։ Թմրամիջոցների մաքսանենգություն իրականացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Հարուցվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հնարավոր հանցավոր կապերն ու կազմակերպիչներին պարզելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դրսևորումներից՝ պահպանելով օրենքի պահանջները և նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՊԵԿ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Հղումը՝ Aravot.am

Scroll to Top