Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

Ժաննա Անդրեասյանի ներքին ձայնը

Երեկվանից բուհերի եւ այլ կրթական հաստատությունների աշխատակիցները, քարոզարշավի մեկնարկին ընդառաջ, շրջաբերականներ են ստանում ԿԳՄՍՆ-ից, նախարարն է ելույթ ունենում՝ պարզաբանելով քաղաքական գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքը եւ կոչ է անում պահպանել օրենքը։ «ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ նաեւ կրթական հաստատությունների աշխատակիցները, ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող են իրացնել ոչ աշխատանքային ժամերին` աշխատանքային գործառույթներից/զբաղվածությունից դուրս: Ուստի կոչ ենք անում՝ հետեւողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները եւ զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական գործունեություն ծավալելուց», — ասված է շրջաբերականում: Երեկ էլ Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից սպառնում էր մարդկանց ազատել աշխատանքից եւ զրկել մանկավարժական գործունեության իրավունքից, եթե կրթական հաստատությունները վերածեն «քաղաքական գործունեության բեմահարթակի» եւ կրթօջախներում գործունեություն ծավալեն։ Երեւի, ներքին ձայնն է ասում՝ մի հատ էլ վախեցրեք, մի գրություն էլ ուղարկեք, մի հատ էլ ականջները լցրեք, որ հասկանան` բացի ՔՊ-ից ոչ մեկի օգտին չեն կարող աշխատել։ Ի դեպ, այս հայտարարությունները նաեւ վկայում են այն մասին, որ պետական ծառայողների եւ ուսհաստատությունների աշխատակիցների մեջ ՔՊ ընտրողները մեծամասնություն չեն կազմում, եւ իշխանությունը դա լավ գիտի: Անգամ այն պարագայում, երբ Փաշինյանը թիմով գրեթե ամենշաբաթյա ռեժիմով այցելում է դպրոցներ, մանկապարտեզներ ու սեփական քարոզն անում այնտեղ՝ հորդորելով ՔՊ-ին ընտրել, եւ այսպիսով իր ֆիզիկական ներկայությամբ հոգեբանական ճնշման է ենթարկում կրթական հաստատությունների աշխատակիցներին, իսկ բոլոր բուհերում էլ յուրային ռեկտորներ են նշանակվել, իշխանությունը, այնուամենայնիվ, սարսափած է ու նախազգում է, որ մարդիկ իրենց դեմ են աշխատելու։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա նախ՝ ցանկալի է դրանք առգրավել ոչ թե հատիկ-հատիկ, այլ երկու «թայերը» միաժամանակ, և երկրորդ՝ լավ կլինի գործընթացում որպես փորձագետ ներգրավել նաև ՔՊ-ական կոկորդիլոսագետին. «ՉԻ»

Անդրադառնալով ապօրինի ունեցվածքի բռնագրավման թեմային՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք հատիկ-հատիկ գնալու են և՛ առանձնատների, և՛ կոկորդիլոսի կաշվից մի զույգ կոշիկի ետևից։ «ՉԻ»․ Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա նախ՝ ցանկալի է դրանք առգրավել ոչ թե հատիկ-հատիկ, այլ երկու «թայերը» միաժամանակ, և երկրորդ՝ լավ կլինի գործընթացում որպես փորձագետ ներգրավել նաև ՔՊ-ական կոկորդիլոսագետին։ Ի դեպ՝ կառավարության նույն նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե իրենցից բացի ոչ մի քաղաքական ուժ իր նախընտրական ծրագրում ընդհանրապես չի խոսել ապօրինի ունեցվածքի վերադարձի մասին։ Իսկ գիտե՞ք, թե ինչու հատուկ չեն ընդգծել այդ կետը։ Նախ՝ որովհետև որևէ նորմալ կառավարության դեպքում դա լինելու է ինքնին հասկանալի գործառույթ, ընդ որում՝ օրենքի ուղիղ պահանջ, և ոչ թե վարչապետի քմահաճույքը՝ «կուզեմ՝ կանեմ, չեմ ուզի՝ չեմ անի»։ Եվ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն այնքան է արժեզրկել այդ գաղափարը, որ «քյաբաբ առ քյաբաբը» հարյուրավոր անեկդոտների թեմա է դարձել, իսկ բուն գործընթացը վերածվել է ունեցվածքի վերաբաշխման կամ պարզ «կուլակաթափի»։ Եվ բնականաբար՝ որևէ ուժ չի ցանկանա կրկնել Նիկոլ Փաշինյանի խոստումներն ու հայտնվել առնվազն ծիծաղելի վիճակում։   Հ․ Գ․ Կոկորդիլոսի կաշվից կոշիկների հետևից գնալու մասին հայտարարությունը թերևս վկայում է, որ «հալյուցիոնագեն սնկեր» օգտագործելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի վարկածը գուցե այնքան էլ հեռու չէ իրականությունից։ Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Ընտրությունների նախաշեմին պարգևատրում են աշխատակազմերին

Մայիսի 6-ին և 7-ին Գեղարքունիք մարզպետ Կարեն Սարգսյանը պարգևատրել է մարզպետարանի աշխատակիցներին: 2026թ պետական բյուջեով հաստատված ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 4112 «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2026 թվականի ապրիլ ամսվա ընթաքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետի աշխատակազմի աշխատողներին պարգևատրել», գրված է հրամանում: Թե քանի աշխատակից և որքան գումարով է պարգևատրվել, նշված չի: Վաղվանից մարզպետ Կարեն Սարգսյանը կգտնվի արձակուրդում, որ լծվի ՔՊ-ի օգտին ձայներ հավաքելուն: Նշենք, որ Կարեն Սարգսյանը ՔՊ-ի ցուցակում 74-րդ տեղն է զբաղեցնում: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն էլ իր օգնական Մաքսիմ Բարսեղյանին պարգևատրել է 50 հազար դրամով: Մաքսիմ Բարսեղյանը ՔՊ –ի ցուցակի 227 համարն է: Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ապրիլ ամսին աշխատակզմի 6 աշխատակիցների պարգևատրել է 790 հազար 589 դրամով: Մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանին, Սամսոն Սարգսյանին պարգևատրել է՝ 197 հազար 600 դրամով: Մարզպետի օգնական Ռազմիկ Առաքելյանին՝ 187հազար 200 դրամով: Մարզպետի օգնական Թամարա Շառոյանին՝ 56 հազար 160 դրամով: Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, հիշեցնենք, ՔՊ-ի ընտրական ցուցակում զբաղեցնում է 63-րդ տեղը: Հղումը՝ Hraparak.am  

Քաղաքականություն

ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին կանչել են ՌԴ ԱԳՆ

ՌԴ–ում ՀՀ դեսպանին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Գուրգեն Արսենյանին ասել են, որ Զելենսկուն Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու հարթակ տրամադրելը անընդունելի է, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։ Այսօր Գուրգեն Արսենյանը նախարարությունում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Դեսպանը խոստացել է արդյունքները զեկուցել Երևանին։ Ընդգծվել է, որ Մոսկվան արդարացիորեն վրդովված է և համարում է, որ վերոնշյալ այցելուի անպարկեշտ վարքագծի վերաբերյալ Երևանի կողմից պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը անհամատեղելի է հայ–ռուսական հարաբերությունների գործընկերային բնույթի հետ։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Մարզպետը խախտել է սահմանված կարգը

Ըստ հանրակրթական դպրոց­ների տնօրենների նշանակման նոր կարգի` տնօրեն նշանակելուց հետո տվյալ մարզպետը կամ ԿԳՄՍ նախարարը պետք է նշանակի նաեւ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Այսինքն, ըստ էության, դպրոցը 2 տնօրեն է ունենում․ մեկը տնտեսական հարցերն ու բյուջեն է տնօրինում, մյուսը` կրթական ծրագրերն ու բովանդակությունը: Ապրիլի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշի մարզի ո՞ր դպրոցների տնօրեններն են նոր կարգով նշանակվել, այդ դպրոցներում նշանակվե՞լ է վարչատնտեսական մասի համակարգող»։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Տավուշի մարզի դպրոցներում նոր կարգով նշանակված տնօրենների թիվը 21-ն է (Դեբեդավան, Այգեձոր, Լճկաձոր, Դիլիջանի թիվ 6, Գոշի հիմնական, Ազատամուտ, Գոշի միջնակարգ, Հովք, Բերքաբեր, Ջուջեւան, Տավուշ, Դիլիջանի թիվ 2, Դիլիջանի թիվ 4, Իջեւանի թիվ 1, Իջեւանի թիվ 5, Կայանավան, Հաղթանակ, Այգեհովիտ, Բաղանիս, Սեւքար, Զորական), իսկ վարչատնտեսական մասի համակարգող ոչ բոլոր դպրոցներում են նշանակված»։ Մարզպետը չի ասել, որ շատ դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակել է, բայց այդ դպրոցներում նոր կարգով տնoրեններ չեն նշանակվել։ Օրինակները բազում են։ 2025թ․ հունիսի 27-ին մարզպետ Ղալումյանը Վոլոդյա Բաբինյանին ազատել է Կիրանցի դպրոցի տնօրենի պաշտոնից: 3 օր անց՝ հունիսի 30-ին, Կիրանց այցելած Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով բարեւած Բաբինյանին նշանակել է Կիրանցի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Դպրոցն ունի ընդամենը 37 աշակերտ, որքանո՞վ էր հրատապ 37 աշակերտ ունեցող դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող նշանակելը։ Մարզպետը 2026թ․ մարտի 27-ին Հրայր Պողոսյանին նշանակել է Իջեւանի թիվ 3 հիմնական դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Պողոսյանը նախկինում տնօրեն է եղել այդ դպրոցում։ Թիվ 3-ում նոր կարգով տնօրեն չի նշանակվել, սակայն մարզպետը վարչատնտեսական մասի համակարգող է նշանակել դպրոցի նախկին տնօրենին։ Հղումը՝ Hraparak.am  

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Վախ չկա»․ Արման Թաթոյանի թիմը գործարկել է համանուն էլփոստ ու թեժ գիծ՝ նախընտրական ճնշումների դեմ

«Վախ չկա»․ Արման Թաթոյանի թիմը գործարկել է համանուն էլփոստ ու թեժ գիծ՝ նախընտրական ճնշումների դեմ պայքարի համար։ Ինչո՞ւ՝ մանրամասնում է տեսանյութում։  Թեժ գիծ՝ 033 200 330  Էլեկտրոնային հասցե՝ [email protected] Հղումը՝ Newday.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Լատվիայի նախագահը Հայաստանում է. դիմավորման պաշտոնական արարողությունը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս պահին ՀՀ նախագահի նստավայրում ընթանում է դիմավորման  պաշտոնական արարողությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: Լատվիայի նախագահին ուղեկցում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Լատվիայի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մայիսի 7-ին։ Այցի շրջանակներում Լատվիայի նախագահը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հղումը՝ News.am

Scroll to Top