Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության գործընթացում․ Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ստամբուլում մասնակցել է ռազմական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության «SAHA EXPO» միջազգային ցուցահանդես-տոնավաճառին։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում նա նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններին։Յըլմազը մասնավորապես նշել է. «Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասում հաստատվի մնայուն խաղաղություն, նրա խոսքերը փոխանցում է IHA-ն։ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել այս գործընթացում։ Մեր գնահատմամբ՝ արդեն խաղաղությանը շատ քիչ է մնացել։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը, որպես ռազմավարական նշանակության մեծ տարածաշրջան, շատ ավելի տարբերվող դերակատարում կունենա թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ առումով»։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 23-ին, ժամը 10-ին

Երևանի ավագանին այսօր՝ մայիսի 7–ին իր հերթական նիստն է գումարել։ Նիստի սկզբում որոշվեց, որ ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա Հունիսի 23-ին ժամը 10-ին։ Նման առաջարկով հանդես եկավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավագանին մերժեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի առաջարկը 15-րդ հարցը զեկուցվող դարձնելու վերաբերյալ։ Այն վերաբերում է Արշակունյաց պողոտա25/4 հասցեում բնակելի շենք կառուցելու համաձայնություն տալուն։ Ավագանին ընդունեց չզեկուցվող հարցերի փաթեթը և անցավ զեկուցվող հարցերի քննարկմանը։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Հայաստան էլի ադրբեջանցիներ են եկել․ ովքեր են

Ադրբեջանցի փորձագետները ժամանել են Երևան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրանք կմասնակցեն «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովին։ Համաժողովի օրակարգի համաձայն՝ մասնակցելու են ադրբեջանցի քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը և Զաուր Շիրիևը։ Նրանք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներ են։ Հղումը՝ Hraparak.am

Տնտեսություն, Քաղաքականություն

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր ԵՄ-ի կողմից հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում տնտեսվարողներին՝ ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ, նախորդող ողջ շրջանում՝ անկախությունից ի վեր, ՀՀ-ն համարվել է ներդրումների ռիսկային գոտի: Սա նույնպես պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև նախկինում երբեք մենք նման կոչ, նման ուղերձ չենք հղել, չենք լսել մեր շատ միջազգային գործընկերներից»,- նշել է նա: Ըստ Փաշինյանի՝ Հայաստան-ԵՄ օրակարագն ընդլայնվել է բնական ճանապարհով, որտեղ կողմերի քաղաքական կամքն ունեցել է շատ կարևոր նշանակություն։ Նա հավելեց, որ ճիշտ ճարտարապետության վրա հենվելու պարագայում Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլև էներգետիկ արտահանման պոտենցիալն էլ ավելի կարող է զարգացնել. «Հայաստանը՝ հարևան երկրների հետ համագործակցությամբ, կարող է ինտեգրվել միջազգային մատակարարման շղթաներին, երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումներին»: Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Եվրոպան Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայի․ Էրդողան

Այսօր Եվրոպան Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է Անադոլուն։ Պետության ղեկավարը նախազգուշացրել է Եվրամիությանը այնպիսի գործողություններից և հռետորաբանությունի մասին, որոնք կարող են խաթարել Անկարայի «կառուցողական դիրքորոշումը»։ Նրա խոսքով՝ «Թուրքիան այլևս նախկինը չէ, իսկ աշխարհը չի սահմանափակվում արևմտյան պետությունների ազդեցության ոլորտով»։ Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել ընդունել, որ առանց Թուրքիայի լիիրավ անդամակցության այն չի կարող լինել գլոբալ խաղացող կամ ձգողության կենտրոն։ Անկարայի նկատմամբ Բրյուսելի դիրքորոշումը նա անվանել է «կարճատես»։ Էրդողանի կարծիքով՝ Եվրոպան Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայի, և այդ կախվածությունը միայն կաճի։ Թուրքիան Եվրոպական միության (այն ժամանակ՝ Եվրոպական տնտեսական համայնքի) հետ ասոցիացման համաձայնագիր է ստորագրել 1963 թվականին և անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել 1987 թվականին։ ԵՄճին միանալու շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին և բազմիցս կասեցվել են քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Ոստիկանները Աշոտյանի ակցիան ընդհատեցին եւ նրան հրելով հեռացրին նախագահական նստավայրի առջեւից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ ԵՄ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մի մասն է: «Վատ է, որ այս գագաթնաժողովը կազմակերպվել է  որպես Փաշինյանի նախընտրական արշավի մաս: Երեկվա նիստին Ալիեւի  հոխորտանքներին ի պատասխան, որոնք հնչել էին թե եվրոպացիների, թե Հայաստանի հասցեին, եվրոպացիների մասով պատասխանեց ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլլան: Պարզվեց, որ Մեցոլլան ավելի լավ «տղա» էր, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած էր այնտեղ ու մի պու անգամ չհանեց ի պաշտպանություն հայության ու հայկականության»,- նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը: Նա նկատեց, որ երբ հերթը հասնում է եվրոպացիների շահերին, ի դեմս Մեցոլլայի արձագանքի, տեսնում ենք, որ եվրոպացիները լավ էլ կարողանում են արտահերթ ելույթներ ունենալ. «Եվ պաշտպանել իրենց  շահը, իսկ մեր շահը պաշտպանող չկա»: Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Էմանուել Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ Մակրոնը Հայաստանում է պետական այցով։ Այսօր նախատեսվում են նրա բանակցությունները Փաշինյանի հետ և փաստաթղթերի ստորագրում։ Երեկոյան Փաշինյանն ու Մակրոնը կայցելեն Գյումրի և կմասնակցեն հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգին։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Հայաստանի եվրոպական մանիֆեստացիան, անտանելի Փաշինյանը, Ալիեւի վայրահաչը

Եվրոպական քաղաքական համայնքի՝ Երեւանում գումարած գագաթնաժողովը, ինչ խոսք, դրվատանքի արժանի եւ գոհունակություն պատճառող իրադարձություն էր։ Դա Եվրոպայի հետ Հայաստանի հազարամյակներ միահյուսված պատմության մերօրյա վիզուալ դրսեւորումներից էր։ Իհարկե, ոչ այնքան հետաքրքիր ու փառահեղ, որքան երկու հազարամյակ առաջ Հուլիոս Կեսարի, Տիգրան Մեծի, Մարկ Անտոնիոսի, Կլեոպատրայի, Արտավազդ Երկրորդի միջեւ դաշինքների ու դիմակայությունների ժամանակներն են եղել։ Ոչ այնքան խորիմաստ ու նշանակալից, որքան հազար տարի առաջ Բյուզանդական կայսրությունում գահակալած Հայկական (Մակեդոնյան) դինաստիայի ժամանակները, երբ հարստության հիմնադիր Բարսեղ I-ը (Basil I, Vasil I) Բյուզանդիայի ինքնակալ հռչակվելուց հետո հայոց Աշոտ Բագրատունի իշխանին խնդրեց իրեն թագ ուղարկել, քանի որ ինքը հայ է, սերում է Արշակունիներից, հետեւաբար՝ իր թագը պետք է ստանա հայոց արքաներին թագադրող Բագրատունյաց իշխանական տնից։ Իսկ 867-ին թագադրվելուց հետո Բարսեղ I-ը ոչ միայն Բյուզանդական կայսրության վերածնունդը սկզբնավորեց, այլեւ արեց ամեն ինչ՝ Բագրատունյաց արքայատան եւ Հայաստանի անկախության համար։ Հայաստանի եւ Եվրոպայի՝ հազարամյակներ միահյուսված պատմության այսօրվա դրվագը չէր կարող աղերս ունենալ այն ազնվականության եւ նվիրումի ժամանակների հետ, երբ Եվրոպայի Խաչակրաց ուխտերն ու Կիլիկիայի հայոց թագավորությունը, ձեռք- ձեռքի՝ հարյուրամյակներ մարտնչում էին քրիստոնեությունն ու քաղաքակրթության օրրան Մերձավոր Արեւելքը մահմեդական հրոսակներից ու թյուրքական խուժանից պաշտպանելու համար (ստուգաբանորեն՝ հայերենում գործածվող «խուժան» բառը թյուրքական ցեղերով բնակեցված «Խուժիստան» անունից է ծագել)։ Ոչ էլ այսօրվա գագաթնաժողովից որեւէ մեկը ակնկալում էր այնպիսի խորը ճանաչողություն եւ ճշմարտախոսություն, ինչպես հարյուր տարի առաջ Հայաստանի եւ Եվրոպայի ճակատագրերը միահյուսած Վերսալյան վեհաժողովում, երբ Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը պնդում էր, որ Արեւմտյան Հայաստանի տարածքում «միակ քաղաքակիրթ ժողովուրդը հայերն են», հետեւաբար, նրանց պետությունը պետք է հիմնադրվի այդտեղ, եւ իր համոզվածությամբ եւ հետեւողականությամբ իրականություն դարձրեց Սեւրյան Հայաստանի ճանաչումը։ Ոչ էլ այսօրվա գագաթնաժողովը կարող էր այնպես հետաքրքրել ու տպավորել մարդկանց, ինչպես ընդամենը մի քանի տասնամյակ առաջ Երեւանի Ազատության հրապարակը կիզակետ դարձրած Ղարաբաղյան շարժումը, որ առաջին ու աննախադեպ ժողովրդական ընդվզումն էր Խորհրդային Միության 70-ամյա պատմության մեջ եւ ծնունդ տվեց հետագա ժողովրդավարական շարժումներին ԽՍՀՄ այլ հանրապետություններում, Արեւելյան Եվրոպայի երկրներում՝ սկզբնավորելով գործընթացները, որ, ի վերջո, հանգեցրին Վարշավյան պակտի փլուզմանն ու կոմունիստական բռնապետությունից ժողովուրդների ազատագրմանը Արեւելյան Եվրոպայում, նաեւ՝ ԽՍՀՄ-ում։ Այնպես որ, Եվրոպայի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի հազարամյակներ միահյուսված պատմության դիտակետից 2026-ին Երեւանում գումարված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաճելի իրադարձություն էր, որի նմաններն ապագայում, հուսանք, ավելի շատ եւ հաճախ կլինեն։ Իհարկե, գագաթնաժողովը կարող էր նաեւ հիշարժան ու տպավորիչ դառնալ, եթե Հայաստանում իշխանության չլիներ մի թերուս խեղկատակ, որի միակ իդեա ֆիքսը Հայաստանին ցուցաբերվող սատարումն իր վրա տարածելն է։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի էժանագին վարքը հասավ այնտեղ, որ նման հավաքներում պետության գլխի՝ միապետի կամ նախագահի անունից ի պատիվ երկիր ժամանած հյուրերի տրվող ճաշկերույթին (ի դեպ, ԵՄ-ի պաշտոնական consilium.europa.eu կայքում վաղուց տեղադրված էր EPC Yerevan-ի միջոցառումների ժամանակացույցը, որտեղ բառացի գրված էր․ 03/05/2026 19:00 Leaders dinner hosted by Vahagn Khachaturyan, President of the Republic of Armenia, and Nikol Pashinyan, Prime Minister of the Republic of Armenia) ամեն աստիճանակարգություն, դրվածք, ավանդույթ մի կողմ շպրտելով, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին տեսադաշտից իսպառ հեռացրեց, ինքն ու Ալեն Սիմոնյանը, որպես հյուրընկալներ, սկսեցին ճաշկերույթին ժամանող հյուրերին ողջունել։ Ինչո՞ւ դա արեցին․ պարզ է՝ որպեսզի ժամանող հյուրերի ողջույնի լուսանկարներում եվրոպացի առաջնորդների ֆոնին իրենք երեւան, հանկարծ տպավորություն չլինի, թե միջոցառումը Հայաստանի հետ կապ ունի, ոչ թե անձնապես Նիկոլ Փաշինյանի․․․ Ի՜նչ կարգի ամբոխավար, չկայացած, ինքնահաստատման բարդույթից տառապող մեկը պետք է լինել՝ այդպես վարվելու համար։ Փաշինյանը, որ առլեկինի ցիլինդրով է շրջում, ճիշտ է վարվում: Առլեկինությունն իր համար միայն կերպար չէ, էություն է։ Մեկ էլ, ինչը երեւանյան գագաթնաժողովից մոռանալ չի լինի, Փաշինյանի ջարդրտված անգլերենն է, որով հանպատրաստից խոսել չի էլ կարողանում, եւ հնարավոր է, այդ պատճառով չպատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տեսակապով հնչեցրած հաչոցին՝ Եվրախորհրդարանի վերջին բանաձեւի առիթով, թե «իրենք Արցախում վերջ են դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին կանգնեցրել են արդարադատության առջեւ»։ Նախ, այդ՝ մարդկության դեմ հանցագործի ելույթը հայաստանյան միջոցառումում ինչո՞ւ էր կազմակերպվել։ Ադրբեջանը կամ Ալիեւն ի՞նչ ընդհանրություն ունեն Եվրոպայի կամ քաղաքակրթության հետ, որ Եվրոպական համայնքների գագաթնաժողովում խոսեն։ Ատյանը, որտեղ Ալիեւին պատշաճ է խոսել, Հաագայի դատարանն է, ոչ թե Եվրոպայի կամ Հայաստանի հարթակները։ Իսկ Փաշինյանը բավական չէ Ալիեւին հնարավորություն էր տվել հայաստանյան հարթակում խոսելու, դեռ անամոթ վայրահաչոցին էլ չհակադարձեց… Անգլերեն պատասխանելուն բառապաշարը չէր բավարարում՝ հայերեն պատասխաներ՝ թարգմանեին։ Ոչ, ինքը լռում է, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան է Ալիեւին պատասխանում։ Այդքանից հետո արհամարհանքից եւ արգահատանքից բացի ուրիշ մի վերաբերմունք Փաշինյանի հանդեպ հնարավո՞ր է ունենալ։ Հայաստանի հասարակության պարագայում լինի, թե Եվրոպայից ժամանած ղեկավարների։ Հղումը՝ Hraparak.am  

Վիդեո, Քաղաքականություն

Տոսանյութ. «Փոքրիկ խմբակը իշխանավարելու ընդամենը մեկ ամսվա կյանք ունի». Սամվել Կարապետյանը պատասխանել է երեք հարցի

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների վիճակահանությունում ստացած ընտրացուցակի թերթիկի 3-րդ համարի խորհրդով ամեն օր պատասխանելու է երեք հարցի։ -Ինչպե՞ս եք գնահատում եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովը Հայաստանում։ -Հայերը միշտ եղել են հյուրասեր ժողովուրդ։ Նախկինում էլ միշտ եղել են միջազգային համաժողովներ։ Այլ առիթներով էլ հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպությունների, շատ երկրների ղեկավարների։ Բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է մեր բարեկամ երկրներից պաշտպանելու համար փոքրիկ խմբակին պաշտպանելու համար, որն իշխանավարելու ընդամենը մեկ ամսվա կյանք ունի։ Ես անհանգստություն ունեմ, որ նախընտրական մեկ նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը եւ մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել։ Նաեւ անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ -Մենք այց ունեցանք Գյումրի։ Մեր հայրենակիցներին անհանգստացնող շատ հարցեր կան։ Ունեն մեծ բողոք թե իրենց կյանքից, թե այս իշխանականներից։ Ի՞նչ եք կարծում, առհասարակ, մեր հայ ժողովրդին ի՞նչն է անհանգստացնում։ -Ես գտնում եմ՝ առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները եւ իրենց կյանքի բարեկեցությունը։ Իսկ ինձ անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը եւ դա հաղթահարելու ճանապարհները, որոնք մենք ցույց ենք տվել։ -Ո՞րն է այն ճանապարհը, որ մարդիկ կարող են հասնել այդ բարեկեցությանը եւ անվտանգությանը։ – Թիվ 3-ը։ Հղումը՝  Aravot.am

Scroll to Top