Տեսանյութ.Տրամադրությունս վատ ա, որովհետև ձեզ տեսա․ քաղաքացին՝ Փաշինյանին
Հղումը՝Hraparak.am
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը: Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային» պատերազմում հաղթելու համար Եվրամիության տրամադրած (կամ տրամադրելիք) 12 միլիոն եվրոն կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվել (կամ պիտի ծախսվի)։ Ստացել եմ ԱԳՆ պատասխանը՝ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ։ Ինչ-որ մի բան տրամադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մնացածը` ՀԿ-ներ, անկախ լրագրողներ և այլն: Ինչ է ստացվում։ Հայաստանը փող է խնդրում եվրոպացիներից «2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։ Եվրոպացիները սիրահոժար տալիս են։ Բայց դե ո՞ւմ, ինչքա՞ն, ինչի՞ համար․․․․ Կառավարությունը չգիտի, իրենց չի հետաքրքրում։ Բա չեք ուզո՞ւմ իմանալ հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են պայքարում։ Հղումը՝ Aravot.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված քայլերն ու որոշումները հանգեցնում են հանրապետությունում հասարակության պառակտմանը, ինչը հղի է մեծ խնդիրներով։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Այս ամենը հանգեցնում է հասարակության պառակտմանը: Եվ սա, թերևս, ամենամեծ կորուստն է, որը հնարավոր է Հայաստանում՝ միասնության կորուստը»,- շաբաթ օրն իր X ալիքում գրել է Վոլոդինը՝ մեկնաբանելով այն հարցը, թե «ինչպես կարող են անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերն ու հայտարարությունները Հայաստանի համար»։ ՌԴ Պետդումայի նախագահը նշել է, որ հենց «բազմաթիվ երկրներում հենց դրանից են սկսվել մեծ խնդիրները»։ «Եվ այստեղ դարձյալ ակամա զուգահեռներ են առաջանում Ուկրաինայի և այնտեղ 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Կարելի է հիշել նաև Մերձբալթյան երկրները, որոնք ձգտում էին դառնալ Եվրոպական միության մաս, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, նրանք դրանից ավելի երջանիկ չդարձան»,- գրել է Վոլոդինը։ Բացի այդ, նա թվեր է ներկայացրել, որոնք, նրա խոսքով, «խոսում են իրենք իրենց փոխարեն»։ Այսպիսով՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության մասին խոսակցությունների ֆոնին, «մեր երկրի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է 45,4%-ով, և այս բացասական միտումը պահպանվում է»,- նշել է նա։ Վոլոդինի պնդմամբ՝ «Հայաստանում աշխատող և այնտեղ բիզնես հիմնած Ռուսաստանի քաղաքացիները սկսել են փակել ձեռնարկությունները և հեռանալ, ինչը կապված է ստեղծված անորոշության և ապագայում հնարավոր խնդիրների հետ»։ «Փորձագետների գնահատականներով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է երկրին արժենալ ՀՆԱ-ի 15-20%-ի կորուստ, ինչը կազմում է առնվազն 5 միլիարդ դոլար»,- նշել է Պետդումայի նախագահը։ Նրա կարծիքով՝ «սա միայն այն է, ինչ երևում է արտաքինից»։ «Կորուստներն ավելի շատ կլինեն, և դրանցից ոչ բոլորն են առնչվում ֆինանսներին։ Արդեն իսկ տեսնում ենք պատմությունը վերախմբագրելու, ազգային ու ավանդական հիմքերը խարխլելու փորձեր։ Հայ ժողովրդին պարտադրվում են արևմտյան լիբերալ արժեքներ, ընթանում են եկեղեցու դեմ հալածանքներ»,- հավելել է Վոլոդինը։ «Ուղու ընտրությունն առաջին հերթին ժողովրդի կամքի վրա հիմնված ընտրություն է։ Ինչպիսի պաշտոն էլ զբաղեցնի քաղաքական գործիչը, նա պետք է առաջնորդվի հենց դրանով»,- գրել է ՌԴ Պետդումայի նախագահը։ Հղումը՝ News.am
Այս գիշեր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում։ Ժամը 01:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյոք ծեծկռտուք-կրակոցի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։ Հղումը՝ News.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքի վկայականից զրկված վարորդներին խոստացել է փաստաթուղթը վերականգնելու հնարավորություն ընձեռել՝ առանց կրկնակի քննություններ հանձնելու։ Այսօր՝ մայիսի 16-ին, Հանրապետության հրապարակում վարորդների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հիշեցրել է, որ նախկինում արդեն խոստացել էր զբաղվել այս խնդրի կարգավորմամբ, սակայն ընդգծել է, որ ցանկացած որոշում պետք է անցնի հանրային քննարկում և արժանանա հենց վարորդների աջակցությանը։ Նրա խոսքով՝ առաջարկվող լուծման համաձայն, վարորդական իրավունքից զրկվելուց հետո մեկ տարուց շուտ վկայականը վերականգնելու հնարավորություն չի տրվելու։ «Մեկ տարվա պաուզան կպահպանվի։ Մենք առաջարկում ենք առանց քննության որոշակի պայմաններում վերականագնել վկայակաանները»,- հավաքվածների բուռն ծափահարությունների ներքո հայտարարել է վարչապետը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը հստակեցրել է, որ վկայականի վերականգնումից հետո առաջին տարում վարորդին կտրվի ոչ թե 13, այլ 6 տուգանային միավոր։ «Եթե այդ մեկ տարվա ընթացքում չի զրկվում իրավունքից, արդեն վերադառնում է սովորական՝ 13 բալանոց ռեսժիմի։ Բայց եթե դրանից հետո վարորդը նորից զրկվի իրավունքից, այն առանց քննության վերականգնել այլևս չի հաջողվի»,- նշել է նա՝ հավելելով. «Խմել չկա»։ Վարչապետը նաև խոստացել է, որ հանրային քննարկումների դրական արդյունքների դեպքում առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հնարավորինս սեղմ վերջնաժամկետներում։ Փաշինյանի հայտարարությունից հետո իրավունքից զրկված վարորդները սկսել են վանկարկել՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ»։ Հղումը՝ News.am
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Արդեն 2-րդ օրն է, ինչ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած «հավաքին մասնակցելուն հարկադրելու» ենթադրյալ հանցագործության մասին վկայող դետալացված ձայնագրությունը: Որևէ պրեսս-ռելիզ (որում ՔՊ-ի անունը կշոշափեն, այնպես ինչպես նման ռելիզներում շոշափում են «Ուժեղ Հայաստանի» անունը), որևէ քրեական վարույթ, մեղադրանք, էլ չեմ ասում` անազատության հետ կապված խափանման միջոցի միջնորդության մասին որևէ բան չկա: Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ… Ազատ, թափանցիկ և հավասար մրցակցային ընտրություններն այս տեսքն ունե՞ն: Հ.Գ. գնահատելի է, որ «Միասնության թևերը», փաստորեն, դեռ շաբաթներ առաջ գործարկել են նման տեղեկատվություն հավաքագրելու թեժ գիծ: Խելքով աշխատանքը միշտ արդյունք է տալիս:
«Հրապարակի» զրուցակիցը Բյուրականի ՀանդԱրտ այգի թատրոնի հիմնադիր, ռեժիսոր, դերասան Տիգրան Գյուլումյանն է: — Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի երբ եկավ ՀանդԱրտ` «Ցանկապատ» ներկայացումը դիտելու, բավականին մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նա լեզվակռվի մեջ մտավ դերասանների հետ, սկսեց բացատրել, որ սխալ է բեմադրված Ստեփան Զորյանի այդ գործը, ու նկարագրում էր, թե ինչպես պետք է բեմադրվեր: Դրանից հետո ներկայացումն ի՞նչ ճակատագրի արժանացավ: Բեմադրվո՞ւմ է մինչ օրս: — Այո, այն մինչ օրս բեմադրվում է: Ինչպես որ չորս տարի առաջ բեմադրվեց ներկայացումը, այնպես էլ մինչ այս պահը նույն ինտենսիվությամբ շարունակվում է: Մեզ մոտ՝ ՀանդԱրտ-ում, բացառապես հայկական գործեր են բեմադրվում: Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին», Հովհաննես Թումանյանի պատմվածքները ու էլի տարբեր դասականների ստեղծագործություններ: Մեր ուղղվածությունն այդպիսինն է: Մեզ մոտ չի կարող ոչ հայկական ստեղծագործություն բեմադրվել: Հայ ժամանակակիցների գործերը եւս մեր թատրոնում բեմադրվում են: ՀանդԱրտ-ում բոլոր ներկայացումները պետք է լինեն հայի, հայի հոգեվիճակի, ապրումների, սիրո, կորուստների, վախերի ու ձեռքբերումների մասին: — Ինչո՞ւ որոշեցիք, որ պարտադիր միայն հայկական գործեր պետք է բեմադրվեն: — Մենք ապրում ենք Հայաստանում, իսկ թատրոնը հանդիսատեսի հետ երկխոսություն է: Իմ կարծիքով` թատրոնը պետք է իր երկրի քաղաքացիներին հարցադրումներ անի: Մենք` հայերս, ունենք մեր խնդիրները, մեր տխրության պահերը: Մեր թատրոնի ձեւաչափը` սարեր, գյուղ, դժվար թե գերմանական կամ ամերիկյան պիեսներ ենթադրի: — Պետական թատրոնների դերասանները, ռեժիսորները մշտապես դժգոհում են, որ մարդիկ թատրոն չեն գնում, հետաքրքրված չեն արվեստով, սակայն որոշ մասնավոր թատրոններ, այդ թվում` Ձեր թատրոնը, կոտրում է այդ կարծրատիպը, քանի որ տոմսերը բավականին արագ են վաճառվում։ Կարելի է ենթադրել, որ ուղղակի պետական թատրոններն ինչ-որ բան ճիշտ չեն անում եւ հանդիսատեսին վանում են: Օրինակ` մարդիկ 2 հազար դրամով Սունդուկյան թատրոնի տոմս չեն գնում, սակայն 7 հազար դրամ են վճարում եւ գնում են ինչ-որ մասնավոր թատրոն: Սա չի՞ նշանակում, որ մարդիկ իրապես սիրում են թատրոն, պարզապես` հոգեհարազատ թատրոններ: — Փառք Աստծո, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է: Մեր թատրոնն իր ձեւաչափով տարբերվում է: Երեւանից 35 կմ հեռավորության վրա է` սարերի գրկում: 2025 թվականին 55 հազար հանդիսատես ենք ունեցել: Ըստ վիճակագրության` հանդիսատեսի թվով առաջատարն է եղել: — Ինչո՞վ եք գրավել հանդիսատեսին: — Կա մի քանի գործոն: Առաջին հերթին մեր հաջողությունը կապված է դրամատուրգիայի հետ: Ամենակարեւոր բանն այն է, թե ներկայացումը որքանով է ակտուալ եւ որքանով է հետաքրքրում ժամանակակից մարդուն: Մեզ մոտ չկան պայմանականություններ, ամեն բան ռեալ է: Եթե պետք է՝ մեզ մոտ հաճախում են ձիերով, եթե պետք է՝ հաճախում են ավտոմեքենաներով: Մեր թատրոնը թատրոնի եւ կինոյի միքս է: Օրինակ, Թումանյանի «Լոռեցի Սաքոն» բեմադրում ենք գիշերային ժամերին, որպեսզի բնական մթություն լինի, իսկ Սաքոյի գիշերային տեսիլքներն ու վախերը ճիշտ արտացոլվեն: — Վերջերս հումորիստներ Անդոն եւ Ռաֆոն սուր քննադատության արժանացան, քանի որ հայտնվել էին իշխանական քարոզարշավում: Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ դերասանները փորձում են իշխանություններին բացահայտ աջակցություն ցուցաբերել: — Ես իմ սուբյեկտիվ կարծիքը կարող եմ ասել: Ես քաղաքականությամբ հետաքրքրված չեմ, եւ քաղաքական հարցերն ինձ չեն հուզում: Բայց, որպես քաղաքացի, ինձ հուզում է, թե որտեղ եմ ապրում ու ինչ պայմաններում: Դրանք առանձին իմ մտորումներն են, սակայն ես անձամբ քաղաքականության մեջ անելիք չունեմ: Եթե ես չեմ կարող ինչ-որ բան փոխել, դա նշանակում է, որ ես այդտեղ խառնվելու առիթ չունեմ: Իսկ թե ինչու են իմ ընկերները երբեմն խառնվում քաղաքականությանը, դա էլ իրենց խնդիրն է: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ոչ էլ արդարացնում եմ: — Դուք նշեցիք, որ Ձեր ղեկավարած թատրոնն առանձնակի կարեւորություն է տալիս հայկականությանը, սակայն այժմ հենց հայկականությունն է վտանգի տակ: Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղը երբեք չի եղել հայկական տարածք, որ Ղարաբաղյան շարժումը սխալ է եղել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն իր համար առաջնահերթություն չէ, խոստանում է, որ վերընտրվելուն պես Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր պայքար է սկսելու: Արդյո՞ք այս հարցերի մասին մտածելը նշանակում է քաղաքականությամբ զբաղվել: Մի՞թե այս հարցերը Ձեզ չեն մտահոգում: — Որպես ստեղծագործող, մեր ստեղծագործական թիմով բոլոր մեզ հուզող հարցադրումները ստեղծագործությունների միջոցով բարձրաձայնում ենք: — Իսկ Դուք Ղարաբաղը հայկական համարո՞ւմ եք: — Այո, համարում եմ միանշանակ, բայց աշխարհաքաղաքական այս իրավիճակում թե ինչու այն որպես առանձին պետական միավոր չընկալվեց, դա բոլորիս համար պարզ է: Չեմ ուզում խորանալ եւ մտնել այդ նրբությունների մեջ: — Իսկ Ղարաբաղյան շարժումը ճի՞շտ էր, թե՞ սխալ: — Այս հարցադրումները քաղաքական են: Շատ բաներ սխալ էին, շատ բաներ ճիշտ էին, բայց մեր ժողովուրդը շատ զգայուն է նման հարցերում, հեշտ հավատացող ժողովուրդ է, եւ որոշ մարդիկ, օգտվելով դրանից, փորձեցին պատրանքներ ստեղծել: Իսկ իրականում այդ շարժումները թե որտեղ տարան մեզ` իրավական առումով, դրանք էլ արդեն կնճռոտ հարցեր են: Հղումը՝ Hraparak.am
Մայիսի 15-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական անգամ մտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներ, այս անգամ`Լոռու մարզում՝ Վանաձորի գրասենյակում։ Քրեական վարույթը նույնն է, ինչ մյուս դեպքերում` ընտրակաշառք տալ։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ տեղեկացրել էին․ «Ընտրակաշառք տալու եւ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում: Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ «Ուժեղ Հայաստանին» միացած Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ ասաց, որ տեղեկություններն այն են, ինչ գրվել է մամուլում․ «Չեմ կարող ասել ինչի մասին է խոսքը, կարող է խոսքն այն մասին է, որ այդ խանութի վրա ուղղակի գրված է «համակցված կերեր», չգիտեմ, հերթական շոուն է, մարդկանց կենցաղային խոսակցություններ են, մարդիկ մտածում են՝ ոնց անեն, աշխատող ընդունեն, այդքանն է այդտեղ, կաշառքի բաներ չկար»։ Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ ինքը լսել է 3 հոգու ձերբակալման մասին, մինչդեռ հաղորդագրության մեջ «բազմաթիվ անձանց» մասին է, 2-ին տարել են կալանքի, սակայն տեղեկություն չունի՝ ինչ որոշվեց։ «Ուժեղ Հայաստանի» մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն էլ քաղաքական գնահատական տվեց ՝ նշելով, որ սա իշխանությունների վախի դրսեւորումն է։ Հիշեցնեն նաև, որ նախօրեին ձերբակալվել էր «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը, սակայն դատարանը մերժեց նրա նկատմամբ կալանքի միջնորդությունը: Հղումը՝ Hraparak.am
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով: Նման հավաստիացում է տվել ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Մայիսի 14-ին և 15-ին ԱՄՆ–ի մասնակցությամբ չափազանց արդյունավետ բանակցություններ են անցկացվել Իսրայելի և Լիբանանի միջև։ Ապրիլի 16–ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթաց ապահովելու համար», — X-ում գրել է գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Պիգոտը։ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմ սկսեց գործել ապրիլի 16-ից, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին ամեն օր հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: Հղումը՝ Hraparak.am
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահի, քարտուղարի եւ անդամների պաշտոնները՝ ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցության եւ դաշինքների միջեւ։ Ըստ այդմ՝ ՔՊ-ն ստացել է 1331, «Հայաստան» դաշինքը՝ 543, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 131 հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի պաշտոն։ «Հայաստան» դաշինքը, քանի որ մասնակցում է ընտրություններին, լրացրել է այս տեղերն ընտրական հանձնաժողովներում։ ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը մեզ հայտնեց, որ հանրապետությունում կա 2005 ընտրատեղամաս, յուրաքանչյուր տեղամաս ունենալու է 8 անդամ, որից 6-ին նշանակում են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցություններն ու դաշինքները, իսկ 2-ին՝ ընտրատարածքները։ «Եթե հաստիքները թափուր են մնում, ընտրատարածքներն են հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի համալրումն իրականացնում։ Այս պահին դեռ ունենք թափուր հաստիքներ, եւ շարունակվում է դրանց համալրման գործընթացը»,- ասաց նա՝ նշելով, որ գործընթացն ամփոփելուց հետո հստակ թվեր կնշեն, թե որ քաղաքական ուժը քանի հաստիք է լրացրել։ Թեեւ «Պատիվ ունեմ» դաշինքն այս ընտրություններին չի մասնակցում, եւ ընտրապայքարից դուրս են նաեւ դաշինքի անդամ կուսակցությունները՝ «Հայրենիք»-ը եւ ՀՀԿ-ն, սակայն տեղեկացանք, որ նրանք իրացրել են Ընտրական օրենսգրքով իրենց վերապահված իրավունքն ու հանձնաժողովներում համալրել իրենց հատկացված հաստիքները։ ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը մեզ ասաց․ ««Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ԸԸՀ պաշտոնները լրացվել են արդեն «Հայրենիք» կուսակցության եւ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից»։ Մեր տեղեկություններով, աշխատանքը կատարվել է համատեղ՝ ԲՀԿ-ի եւ «Ուժեղ Հայաստանի» հետ միասին, եւ հանձնաժողովների անդամներին հանձնարարվել է պաշտպանել ընդդիմության քվեները, քվեարկության ու հաշվարկի ժամանակ էլ համագործակցել ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց ու շտաբների հետ։ Հղումը՝ Hraparak.am