Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել և փրկել պետականությունը. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։ Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել և փրկել պետականությունը: Դա արվեց ռազմական հերոսությունների և խիզախության շնորհիվ: Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Մեր քվեով պետք է վռնդենք արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն: Մեր պետության լավագույն օրերն առջևում են: Փա՜ռք Սարդարապատի հերոսներին: Հղումը՝  Aravot.am

Քաղաքականություն

Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով

Մայիսի 25-ին Գյումրիում ՝ Շիրակի մարզում քարոզարշավից հետո հանրահավաքի համար ՔՊ-ն տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի չկրկնվի նախորդ անհաջող փորձը։ Մեզ պատմեցին, որ վարչական տեռորի են ենթարկվել համայնքային նշանակության բոլոր կառույցների աշխատակիցները, որոնց պարտադրել են մեկ մարդու պես ներկա գտնվել Վարդանանց հրապարակում: Մեծ թվով մարդիկ բերվել են Երեւանից, որոնց մեկ-երկու ժամ առաջ ազատել են աշխատանքից, որ Գյումրի մեկնեն: Բայց հատկապես մեծ թիվ են կազմել Շիրակի մարզի այլ համայնքներից բերվածներն ու Գյումրուն հարակից զորամասերի զինծառայողները, որոնց մի մասին ասվել է՝ քաղաքացիական հագուստով եկեք հանրահավաքի։ Ասում են՝ Վարդանանց հրապարակում լավագույն դեպքում 200-300 գյումրեցի է եղել, մնացածները եկվորներ են եղել, որոնցով իշխանությունը փորձել է տպավորիչ, մարդաշատ հանրահավաքի տպավորություն թողնել։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

ԱԺ-ն «ինքնալուծարման» է գնացել

Վերջին երկու օրերին պետության թիվ մեկ օրենսդիր կառույցը` Ազգային ժողովը, ուղղակի անտերության է մատնված` հնարավոր չի լինում նիստ գումարել՝ քվորումի բացակայության պատճառով։ Ազգընտիրները զբաղված են նախընտրական քարոզարշավով, երեկվա հերթական նիստին ընդամենը երեք հոգի էր եկել գրանցվելու՝ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը եւ վտարանդի ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: Նախորդ օրն էլ միայն «Պատիվ ունեմ»-ից պատգամավորներ կային։ Մինչդեռ խորհրդարանը դեռ չի ավարտել իր աշխատանքները, եւ օրենսդիր աշխատանքի կոչված պատգամավորները պարտավոր են գոնե հերթական նիստերին մասնակցել։ Հետաքրքիր է՝ ԱԺ ղեկավարությունն այս օրերի բացակայությունների համար աշխատավարձից պահումներ կանի՞ յուրայիններից, ինչպես սովորաբար անում է ընդդիմադիրների բացակայության պարագայում։ Հղումը՝  Hraparak.am

Եկեղեցի

Ներկա բարդ ժամանակներում պիտի միաբանվենք, միասնաբար հզորացնենք մեր պետությունը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ Հանրապետության տոնի առիթով: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը նշանավորելով՝ հիշում ենք Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսամարտերը։ Այդ պատմական գոյամարտերում վճռորոշ դերակատարություն ունեցավ Ամենայն Հայոց Գևորգ Հինգերորդ Կաթողիկոսը։ Կենաց-մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան և սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը: Նույն անվեհեր ոգով ազգիս նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին, շատեր իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում։ Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը։ Թող Բարձրյալ Տերը առատապես օրհնի և հաստատուն պահի մեր երկիրն ու Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս այսօր և միշտ. ամեն»։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Շատ մեղքեր գործելուց հետո մահացած մարդը վերածնվում է անձրևի ճիճուի մեջ, և 84,000 տարի ապրում է որպես անձրևի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում. Ռուբեն Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (Փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ) Մայիսի 25, 2026 Թ․ Մայիսի 25-ը Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Սա արդեն երրորդ ծննդյան տարեդարձն է, որը նա անցկացնում է Բաքվում ապօրինի կալանքի տակ։ Իր ծննդյան օրը նա հայերենով դիմել է հայ ժողովրդին։ Հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանն անդրադառնում է նաև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսին։ Նա համարում է, որ այսօրվա իրավիճակում զորահանդես անցկացնելն անբարոյական է, քանի որ հայ զինվորներն ու սպաները ադրբեջանական բանտերում են, չունեն հարազատների հետ նորմալ կապ, որևէ ձևով չեն զգում, որ իրենց թիկունքում կա պետություն։ Հայտարարության վերջում Ռուբեն Վարդանյանը խոսում է ծառայելու մասին և հիշատակում է «Դասա» հասկացությունը (սանսկրիտ՝ dāsa)՝ «ծառա», «հավատարիմ», «մարդ, որը նվիրել է իրեն ծառայության»։ Հերման Հեսսեի  «Հուլունքախաղը» գրքում սա գլխավոր հերոսի հոգևոր կերպարներից մեկի անունն է, որն անցնում է պատրանքից դեպի ծառայություն տանող ճանապարհը։ Ստորև ներկայացվում է հայտարարության սղագրությունը.   «Սիրելի հայրենակիցներ, Չնայած ինձ դժվար է, ուզում եմ ուղերձ հղել հայերեն, որովհետև դա համարում եմ շատ կարևոր։ Ուզում եմ այստեղից ձեզ փոխանցել 5 միտք՝ հույս ունենալով, որ ինձ ճիշտ կհասկանաք։ Առաջինը, նորից ուզում եմ հիշեցնել, որ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին։ Երկրորդը, սիրելի Քաջ Նազար Նիկոլ, Ձեր բախտը երեք անգամ չի բերել։ Առաջինը՝ ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից է եղել Էրիխ Մարիա Ռեմարկը։ Երկրորդը, ես կալանախցում գտնվելով 800 օր մենակ՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերենը պահպանել, և փորձում էի գտնել հայ գրողների գրքեր գրադարանում։ Ցավոք սրտի, գրադարանում հայերեն կար միայն երկու գիրք՝ մեկը {Վարդգես} Պետրոսյանինը, մյուսը՝ Ձերը։ Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք։ Եվ կարդալով Ձեր գիրքը՝ ես համոզվեցի, որ Դուք ոչ միայն ունեք լուրջ խնդիրներ ձեր բարոյական պահելաձևի, կրթության առումով և ուրիշ խնդիրների առաջ եք կանգնած, որ սուտասան եք, հնարող եք, և այլն, նաև գրագող եք։ Եվ ասեմ Ձեզ, որ դա ինձ շատ զարմացրեց, որովհետև, լինելով լրագրող, դուք գիտեք, որ գողությունը, {մտավոր} սեփականությունը, գրքերը չի կարելի գողանալ, բայց Դուք դա արեցիք շատ հանգիստ, և ոչ թե մեկ, այլ մի քանի գրողից։ Եվ Ձեր թերությունները, իհարկե, վրիպումները, պահելաձևը ինձ շատ տխրեցնում է։ Եվ ես ցավոք վախենում եմ, որ այն, ինչ Դուք անում եք, Ձեզ մեծ պատիժ է սպասում, և գիտե՞ք՝ Հնդկաստանում, երբ մարդը մահանում է, այնտեղ հավատում են, որ նա վերածնվում է ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ, և ամենամեծ պատիժն այն է, որ շատ մեղքեր գործելուց հետո մահացած մարդը վերածնվում է անձրևի ճիճուի մեջ, և 84,000 տարի ապրում է որպես անձրևի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում, հույս ունեմ, որ դեռ ժամանակ կա, որ այդպես չլինի, բայց կասկածներ ունեմ, որ արդեն ուշ է։ Երրորդը, ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս պետք է հասկանանք՝ մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է, և պատերազմը շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով: Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի և Եվրոպական միության մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ոնց ենք դառնալու իրենից կախված՝ և՛ տնտեսական, և՛ նյութապես, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով ու ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է նպատակը, որն արդեն հիմա առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների կենթարկեն քայլ առ քայլ: Եվ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում եմ ասել, որ բոլորս պետք է հասկանանք՝ եթե մենք ոչինչ չանենք, ապա դա իրականացվելու է շատ արագ, և սա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք չփոխենք մեր պահելաձևը, մեզ չի սպասում ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպական միություն, մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը։ Չորրորդը, այստեղ քննարկում են, որ մայիսի 28-ին պատրաստվում է ռազմական շքերթ։ Ինձ թվում է դա անբարոյական է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը՝ ոգով, բարոյական և հայրենասիրական ոգով, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապես հայրենասեր են, չմասնակցել այդ շքերթին, որովհետև դա անբարոյական է այս իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ, դուք անեք շքերթ։ Դա ինձ հանգիստ չի թողնում, որովհետև դա համարում եմ անբարոյական, որ մեր տղերքը 6 տարի է այստեղ են, չունեն հարազատներից ֆոտոներ, նամակներ, շորեր ստանալու հնարավորություն։ Մեկ այլ հարց է այն, որ դա որևէ ձևով չի կազմակերպվում Հայաստանի կողմից, գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչինչ, որ այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց հետևում, թիկունքին կանգնած է պետություն։ Հինգերորդը, հիշե՛ք, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է, անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր թերությունները։ Սիրո հակառակ կողմը ատելությունը չէ, անտարբերությունն է, բարության հակառակ կողմը չարությունը չէ, անտարբերությունն է, հավատի հակառակ կողմը աստվածամերժությունը չէ, անտարբերությունն է, և կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է։ Եվ որպեսզի մենք ունենանք մեր պետությունը, հպարտ լինենք, որ այդ պետության քաղաքացին ենք, մեզ ոչ ոք ոչինչ պարտական չէ, մենք պետք է անտարբեր չլինենք, և պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանենք, պետք է ամեն մեկս մեր տեղում հասկանանք, որ ոչ ոք, մեկ հոգին առանձին չի կարող փոխել իրավիճակը, բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ ինձ համար երջանկություն է կամավոր ծառայել ու երախտապարտ {լինել} Աստծուն, սիրել բոլորին ու ամեն ինչը, և հաղթահարել գայթակղությունները, սովորել ամեն վայրկյան, մինչև կյանքիս վերջին շունչը, և այն ամենը, ինչը ես գիտեմ, ինչը կարող եմ անել, տալ աշխարհին՝ վերադարձնելով իմ անվերջ պարտքը Աստծուն իմ երջանկության համար։ Եվ ես երջանիկ եմ, որ այդ ամենը կարող եմ անել մինչև կյանքիս վերջին շունչը։ Ես Աստծո խոնարհ ծառա՝ «դասա» Ռուբենն եմ (դասա-दास (dāsa), Կառլենի և Իրինայի որդին, ռուսերեն մտածող հայ մարդ, իմաստների թարգմանիչների միաբանության անդամ, մարդ, որը երջանիկ է, որ իր համար կա հնարավորություն իր կյանքը նվիրել իր հայրենիքին և աշխարհին, սիրով և հավատով ծառայել բոլորին։ Եվ ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ, և ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կարող ենք անել և անելու ենք, որ այդ ապագան լինի լուսավոր, բարի, և հիմնված լինի սկզբունքների ու արժեքների վրա։

Տնտեսություն

Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար

Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում 170,3 մլն եվրո վարկի գումարով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռնվեն ներդրողներին: Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները: Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3,7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Հղումը` Newday.am

Տնտեսություն

Ֆիլիպ Մորրիս Արմենիան մեկնարկել է ծխախոտ չպարունակող նիկոտինային բարձիկների վաճառքը՝ արագացնելու անծուխ ապագայի իրագործումը

Ֆիլիպ Մորրիս Արմենիան՝ հետևողական լինելով հնարավորինս արագ դադարեցնելու սիգարետի վաճառքը, իր անծուխ արտադրանքի պորտֆելին ավելացրել է նիկոտինային բարձիկները՝ նախատեսված չափահասների համար, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին ծխել։ Նիկոտինային բարձիկները չեն պարունակում ծխախոտի տերև, սակայն պարունակում են նիկոտին և համային հավելումներ՝ համակցված սննդային այլ բաղադրիչների հետ։ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի (ՖՄԻ) դիրքորոշումն է. լավագույն քայլը, որ ծխողները կարող են անել իրենց առողջության համար, նիկոտինից և ծխախոտային արտադրանքներից ամբողջությամբ հրաժարվելն է։ Սակայն տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր տարի տասը ծխողներից առավելագույնը մեկն է կարողանում հաջողությամբ թողնել ծխելը։ Այն չափահասների համար, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին ծխել, ՖՄԻ-ն մշակել է գիտականորեն հիմնավորված անծուխ արտադրանքների շարք, որոնք ի համեմատ սիգարետի ավելի լավ այլընտրանք են։ Շվեդական Swedish Match ընկերության կողմից մշակված նիկոտինային բարձիկները չափահաս նիկոտին օգտագործողների համար նիկոտինը մատակարարելու նոր եղանակ են։ Նիկոտինային բարձիկները սիգարետի համեմատ արտազատում են 99%-ով պակաս վնասակար1 քիմիական նյութեր։ Այն պարունակում է նիկոտին, համային հավելումներ և այլ սննդային կարգի բաղադրիչներ և չի պարունակում ծխախոտ։ Նիկոտինային բարձիկը օգտագործվում է բերանի միջոցով՝ բարձիկը տեղադրելով լնդի և այտի կամ շրթունքի միջև մոտավորապես 30 րոպե։ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Գլխավոր կառավարիչ Արթուր Ռիեզնիկովը նշում է. «2022 թվականին ՖՄԻ-ն ձեռք բերեց Swedish Match ընկերությունը՝ բերանի միջոցով օգտագործվող նիկոտինային արտադրանքների գլոբալ առաջատարին, որն ունի Շվեդիայում սիգարետի սպառումը սնուսով և նիկոտինային բարձիկներով փոխարինելու տասնամյակների փորձ։ Այսօր Շվեդիան առաջատարն է Եվրոպայում ծխելու ամենացածր մակարդակով՝ 1980 թվականին մոտ 35%-ից մինչև 5.3% այսօր, ինչը շատ մոտ է ԵՄ-ի՝ ծխից ազատ երկրի 5% նպատակին։ Բացի այդ, հանրային առողջապահական տվյալները ցույց են տալիս, որ ծխելու տարածվածության նվազումը Շվեդիայում կապված է ծխելու հետ կապված հիվանդությունների և դրանց հետևանքով մահացության զգալիորեն ավելի ցածր մակարդակի հետ՝ հատկապես շվեդ տղամարդկանց շրջանում՝ համեմատած Եվրոպական միության մյուս երկրների հետ։ Ուրախ ենք այդ փորձն ու գիտելիքը բերել Հայաստան»։ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ․ գլոբալ առաջատար դեպի անծուխ ապագա Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլն սպառողական ապրանքներ արտադրող առաջատար միջազգային ընկերություն է, որն ակտիվորեն աշխատում է անծուխ ապագա կառուցելու ուղղությամբ և երկարաժամկետ զարգացնում իր պորտֆելը՝ ներառելով նաև ծխախոտի և նիկոտինի ոլորտից դուրս արտադրանքներ։ Ընկերության ներկայիս պորտֆելը հիմնականում ներառում է սիգարետ և անծուխ արտադրանքներ՝ այդ թվում ծխախոտը տաքացնող, բայց այրում չառաջացնող սարքեր, նիկոտինային բարձիկներ և վեյփեր։ ՖՄԻ-ի անծուխ արտադրանքը վաճառվում է ավելի քան 105 շուկաներում, և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ ՖՄԻ-ի գնահատականների, դրանք օգտագործում են ավելի քան 43 միլիոն չափահաս սպառողներ ամբողջ աշխարհում, որոնցից շատերը ամբողջությամբ հրաժարվել են սիգարետներից կամ զգալիորեն նվազեցրել դրանց օգտագործումը։ 2025 թվականին PMI-ի ընդհանուր մաքուր եկամուտների 41.5%-ը կազմել է անծուխ բիզնեսը։ 2008 թվականից ի վեր ՖՄԻ-ն ավելի քան 16 միլիարդ դոլար է ներդրել նորարարական անծուխ արտադրանքների մշակման, գիտական հիմնավորման և առևտրայնացման համար՝ նախատեսված չափահասների համար, որոնք հակառակ դեպքում կշարունակեին ծխել։ Այս ներդրումները ներառում են նաև համաշխարհային մակարդակի գիտական գնահատման կարողությունների զարգացում՝ նախակլինիկական համակարգային տոքսիկոլոգիայի, կլինիկական և վարքագծային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական ուսումնասիրությունների ոլորտներում։ Գիտական մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) թույլատրել է Swedish Match-ի General snus-ի և ZYN նիկոտինային բարձիկների, ինչպես նաև ՖՄԻ-ի ծխախոտի տաքացման սարքերի և դրանց սպառողական ապրանքների որոշ տարբերակների շուկայավարումը՝ իրենց կատեգորիաներում առաջին նման թույլտվություններով։ IQOS սարքերի որոշ տարբերակներ և General snus-ը FDA-ի կողմից ստացել են նաև «Մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք» թույլտվությունները։ Կենսական գիտությունների ոլորտում ամուր հիմքի և փորձի շնորհիվ ՖՄԻ-ն ունի նաև երկարաժամկետ նպատակ ընդլայնվելու առողջության և բարեկեցության ոլորտներում։ «ՖՄԻ», «մենք», «մեր» և «մեզ» ձևակերպումները վերաբերում են Philip Morris International Inc.-ին և նրա դուստր ընկերություններին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.pmi.com և www.pmiscience.com։ ¹ Կարևոր տեղեկատվություն․ սա պարտադիր չի նշանակում ռիսկի 99% նվազում։ Նիկոտինային բարձիկները լիովին ռիսկից զերծ արտադրանք չէ։ «99%-ով պակաս» ցուցանիշը ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սիգարետի ծխում առկա 9 վնասակար քիմիական նյութերի մակարդակների խորհուրդ տրվող միջին նվազումը (նիկոտինը ներառված չէ)։ Համեմատությունը կատարվել է ստանդարտ սիգարետի ծխի և ZYN բարձիկից արտազատվող նյութերի միջև։ Հղում՝y` News.am

Իրավունք

Վարորդական իրավունքից զրկվածները հնարավորություն կունենան առանց քննության վերակագնել այն. Կառավարությունը նախագծին հավանություն տվեց

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մոդելը՝ ըստ ՆԳՆ ներկայացրած նախագծի։ Նախագիծն այսօր՝ մայիսի 27-ին արժանացավ Կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողովի քննակմանը։ Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո, 2) փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր, 3) փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, 4) վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով: Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։

Scroll to Top