Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան

Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որից հետո գեներալ-լեյտենանտ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։ Հղումը՝ news.am

Քաղաքականություն

Սրտանց ողջունում ենք Գյումրի-Կարս ճանապարհի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա խմբի նիստը. ԵՄ

  Սրտանց ողջունում ենք Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստը, X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև հրապարակել է իր նշած հանդիպման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարության հղումը։ «Եվրամիությունը լիովին աջակցում է տարածաշրջանում կապի հնարավորությունների զարգացման և Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորման ճանապարհին արված այս նոր կարևոր քայլին»,- նշել է նա։ Հղում՝ news.am

Հասարակություն, Վիդեո

Նոր անձնագրում պատկերված է հայոց այբուբենը, Հայկ նահապետը, Արագածը. Իսկ Խոր Վիրապը հակառակ կողմից է, որ Արարատը չերևա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում  կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ ՆԳ նախարարի խոսքով, այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։ Նշվել է, որ նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։ Միաժամանակ ընդգծվել է, որ փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Վարչապետն ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված.  «Մասնավորապես՝ «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝  կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ,  «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝  նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Իհարկե բոլոր տառերով էլ կարելի էր այս ընդգծումներն անել, բայց ընդհանուր առմամբ մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և մեր պատկերացումներն էականորեն կընդգծեն, նաև դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնեն»: Շարունակելով ներկայացնել փաստաթղթի տարբեր էջերում զետեղված պատկերները՝ նշվել է, որ այն սկսվում է  հայի ծագումնաբանությամբ՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով, որոնք բավական հին պատմություն ունեն: Ներկայացված է նաև պատմության հաջորդ կարևոր հանգրվանը՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, որը հայի ինքնության և պատմության շատ կարևոր մասն է: Ընդգծվել է, որ Էրեբունի ամրոցի պատկերը վերականգնված է գիտնականների կողմից: Հաջորդիվ՝ ներկայացված են Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են: Սահմանաքարի տեղադրման ձևը և դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությունը և գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիա են: Ընդգծվել է, որ սահմանաքարի ընտրությունը պատահական չէ, այն պետական և իրավական շատ կարևոր գործիք է հանդիսացել նույնիսկ այն ժամանակահատվածում, որովհետև ցույց է տվել պետության գոյությունը, պետական կառավարման էությունը և նաև հողային բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում: Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին: Ընդգծվել է հենց քրիստոնեության ընդունման տարեթիվը՝ որպես մեր ինքնության և պատմության առանցքային հատվածներից։ Արարողակարգային ավագության տրամաբանությամբ ներկայացված են ժամանակակից պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը, Սահմանադրական դատարանի շենքը: Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը՝ որպես  ժամանակակից քաղաքաշինության նահապետ: Անդրադարձ կա նաև մարզերին. այբբենական կարգով ներկայացված են Արագածի մարզը՝ Արագած լեռն ի չորս գագաթներով, Արարատի մարզը՝ Խոր Վիրապով, որպես քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը, Արմավիրի մարզը՝ լավաշի թխման գործընթացով, Արմավիրի մարզի այգիներով ու պտուղներով, Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճով և 10-րդ դարի Բերդկունք ամրոցով, Կոտայքի մարզը՝ Գառնու հեթանոսական տաճարով, Լոռու մարզը՝ Լոռի բերդ ամրոցով, Շիրակի մարզը՝ Գյումրիի պատմական կենտրոնի փողոցով և հայտնի Ֆայտոնի տեսարանով, Սյունիքի մարզը՝ Բաղաբերդ ամրոցով, Տավուշի մարզը՝ Սրանոցի կամրջով, Վայոց Ձորի մարզը՝ Ջերմուկի ջրվեժով և Ջերմուկի հայտնի խորհրդանիշ եղնիկով: Վարչապետն ընդգծել է, որ այս բոլոր պատմամշակութային հուշարձանների միջոցով փորձ է արվել ապահովել Հայաստանի դիմանկարի բազմազանությունն ու բազմաշերտությունը: Հատկանշական է, որ Խոր Վիրապի պատկերը այնպիսի ռակուսով է ներկայացված, որպեսզի չերևա Արարատ սարը։ Շեշտվել է, որ կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ, առանց մարդկային շփման անցման համակարգեր, ինչն էապես կհեշտացնի և կարագացնի քաղաքացիների տեղաշարժը։ Ամփոփելով անձնագրի ներկայացումը՝ երկրի ղեկավարը նշել է, որ այս քայլով Հայաստանը կատարում է կարևոր քայլ՝ ժամանակակից, անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրային համակարգ ունենալու ուղղությամբ։ Հղում՝ news.am

Քաղաքականություն

Ձեր հանցավոր հայտարարությունները նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը. Բեգլարյանը՝ Թորոսյանին

Հայտնի արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով և իր պարտականությունները արդյունավետ ու բարեխիղճ կերպով կատարի այն նախարարությունում, որտեղ հսկայական անելիքներ կան թե՛ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքների բավարարման և թե՛ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Ձեր հանցավոր հայտարարությունները պարզապես նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը՝ ոչնչացնելու այն հայկական ու համամարդկային արժեքները, որոնք ձեզ համար ընդհանրապես արժեք չեն»,-նշել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանն իմաստ չի տեսնում, որ Հայաստանն աղմուկ բարձրացնի, երբ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի եկեղեցին։ «Ասենք արեցինք և ի՞նչ, դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն «իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»։

Մշակույթ

Լուսանկարները ևս հաստատում են՝ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է 2 եկեղեցի (լուսանկարներ)

Երկու «ապօրինի կառույցների» քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում, հայտարարում են Բաքվից՝ հաստատելով, որ Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին այլևս չկան։ «Ազատության» Պրահայի գրասենյակում արբանյակային թարմ լուսանկարներն են վերլուծել՝ հստակ երևում է՝ հսկա մայր տաճարի տեղում սպիտակ սալահատակն է, Սուրբ Հակոբի տեղում՝ սև հող, փոխանցում է Ազատությունը: «Հայրենի տարածքներ վերադարձող նախկին հարկադիր տեղահանվածները բազմիցս դիմել են պետական մարմիններին, դատական ատյաններին՝ օկուպացիայի ընթացքում կառուցված շինությունների ապամոնտաժման պահանջով», — ասված է Կովկասի մահմեդականների վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Այդ ովքե՞ր են վերադառնում․ Ստեփանակերտում շատ քիչ էին ադրբեջանցիները և ապրում էին Կրկժանի վերին թաղում և ոչ եկեղեցու թաղերում, հակադարձում է Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ «Կոնկրետ Ստեփանակերտում միշտ էլ հայ բնակչությունը ոչ թե մեծամասնություն է կազմել, այլ եղել է գերակշռող, այսինքն՝ Ստեփանակերտը միշտ եղել է մեծամասամբ հայաբնակ քաղաք: Ադրբեջանցիներն ապրել են որոշակիորեն Կրկժանի վերին թաղում, եղել են տարբեր շրջաններից բերված 1960-ականներին, որպեսզի փոխեն ԼՂԻՄ ժողովրդագրական իրավիճակը: Այնպես որ, Կովկասցի մահմեդականների միության հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի», — «Ազատության» հետ զրույցում ասաց նա: Միջազգային հումանիտար իրավունքից է խոսում Բաքուն՝ հիմնավորելով եկեղեցիների ոչնչացումը․ գրում են՝ դրանք Ադրբեջանի համաձայնությամբ չեն կառուցվել, և քանդելով իրենք օրինականություն են վերականգնում, որը խախտվել է «օկուպացիայի» տարիներին։ Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ դա ոչ թե օկուպանտների, այլ բնիկների մշակույթն է։ «Դա միջազգային իրավական որևէ բանի չի դիմանում, որովհետև շատ վաղուց Արցախի հայ բնակչության իրավունքը դեռևս սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների բոլոր հայտարարություններում, փաստաթղթերում ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը՝ որպես բնակիկների: Եթե մենք օկուպացիա էինք, ապա Խորհրդային Միությունն ինչո՞ւ է Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ ստեղծել», — ասում է նա: Ադրբեջանի մահմեդականների վարչությունը 30 տարում կառուցված եկեղեցիների վերացման հիմքեր է ներկայացնում, բայց այդպես էլ ոչինչ չի ասում, թե ինչու են քանդել 18-19-րդ դարերի Շուշիի Կանաչ ժամը, Մոխրենեսի եկեղեցին։ Բաքուն ինքն իրեն է գովում՝ «հանդուրժող են», այդ երկրում կողք կողքի «եկեղեցի, մզկիթ ու սինագոգ է գործում»։ «Եթե իրենք այդպես տոլեռանդ են և պահպանում են այդ թվում՝ հայկական եկեղեցիները՝ բերելով Բաքվի օրինակը, ապա ո՞ւր են Նախիջևանի 27 հազար հուշարձանները, հյուսիսային Արցախի հուշարձանները», — հարցում է Արցախի թեմական խորհրդի ատենապետը։ Հղումը՝ newday.am

Տնտեսություն

Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Մակնշման «Честный знак» պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն և օնլայն խանութներում։ Ինչպես РБК-ին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։ Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզորի» նամակը, որում գերատեսչությունը մատնանշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելու կանխման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունը։ Արգելափակման պատճառ են նշվել «պարտադիր պահանջների խախտումները»։ Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ի և 2026 թվականի մարտի 5-ի արտադրության ամսաթվերով արտադրանքը։ Ինչպես նշել է Յուսուպովը, մինչև ստուգման ավարտը այն սպառողների ձեռքը չի ընկնի։ Մակնշման համակարգն արդեն մեկ անգամ կասեցրել էր «Ջերմուկի» 2,5 միլիոն շշի վաճառքը 2024 թվականին Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո։ Այն ժամանակ շշի մեջ հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր հայտնաբերվել։ Հղումը՝  newday.am

Քաղաքականություն

Ո՞վ է Ադրբեջանին հանձնել Գորիս-Կապան ճանապարհը․ Դավիթ Տոնոյանը հակադարձել է Վաղարշակ Հարությունյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հակադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին: 24 TV-ին տված հարցազրույցում նախկին նախարար Տոնոյանը մեկնաբանել է նախկին նախարար Հարությունյանի հայտարարությունն այն մասին, թե Գորիս-Կապան ճանապարհը հաջողվել է պահել բացառապես իր (Հարությունյանի) ջանքերով, սակայն ճանապարհը հանձնվել է նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքով, երբ պաշտպանության նախարարն արդեն Դավիթ Տոնոյանն էր։ «Ես կարծում եմ, որ դուք ընթերցել եք հրադադարի վերաբերյալ համաձայնությունները։ Ես պատասխանատու եմ միայն այն բաների համար, որոնք որ եղել են մինչև նոյեմբերի 20-ը։ Մինչև նոյեմբերի 20-ը այդպիսի որոշում չի կայացվել, բանակցություններ էին ընթանում, ոչ պարտադիր այդ սահմանային մասնաբաժնի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Վաղարշակ Հարությունյանին ևս մեկ հարց պետք է տրվի, թող ուղիղ նշի այդ մասով», — հայտարարել է Տոնոյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի և Հարությունյանի նշանակման ամսաթվին՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին։ Լրագրողը նկատեց, որ Հարությունյանը խոսում է Զանգելանի հատվածը պահելու անհրաժեշտության մասին… «Նա (Հարությունյանը) մասնավորապես նախընտրական փուլում է գտնվում: Եկեք ես ընդհանրապես չխոսեմ դրա վերաբերյա: Ես ձեզ ասում եմ՝ փաստաթղթում, էդ համաձայնություններում նման բան չկա: Ինչքան, որ ես հիշում եմ՝ վարչապետն անդրադարձել է այդ հարցին՝ նշելով, որ դա եղել է որոշակի բանավոր համաձայնություններ: Իր բանավոր համաձայնությւոնները»,- հավելեց Տոնոյանը: «Չեմ ուզում մենկանաբանել, չեմ էլ լսել՝ ինչ է ասել։ Ես ուղղակի արձագանքում եմ նրան, թե դուք ինձ ինչ եք ասում», — նշել է նախկին նախարարը։ Պատասխանելով նախկին նախարարի՝ քաղաքական մրցապայքարին մասնակցելու վերաբերյալ հարցին, ինչպես նաև այն հարցին, թե առհասարակ ինչպես է վերաբերվում նախկին նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությանը քաղաքական գործընթացներին և արդյոք ինքը մտադիր է ընտրել այդ ուղին, Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ այս փուլում նման մտադրություն չունի։ Նա հիշեցրել է, որ դատական գործընթացը դեռ չի ավարտվել, և իրեն անհրաժեշտ է ազատվել իրեն վրա բարդված «ինտրիգից»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ եթե դա չլիներ, ինքը հնարավոր է քաղաքական հայտ ներկայացներ։ Այն հարցը, թե ում է ինքն աջակցում, նախկին նախարարը համարել է ոչ կոռեկտ: «Բայց կա՞»,- ճշտել է թղթակիցը: «Իհարկե»,- նշել է նախկին նախարարը: «Դա իշխող կուսակցությո՞ւնն է»: — «Ո՛չ, իշխող կուսակցությունը չէ»: Հղում՝  newday.am

Մշակույթ

«Նստվածք». Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու ցուցահանդեսը

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է արվեստագետ, երգիծանկարիչ, 2D անիմացիայի ռեժիսոր, կինոռեժիսոր, «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունու առաջին ցուցահանդեսը, որը կրում է «Նստվածք» խորագիրը։ Նկարների կիզակետում ագռավն է, որը Քասունու համար խորհրդանշական է իր երկարակեցությամբ և հիշողությունով։ Արվեստագետը նշում է՝ աշխատանքներն արտացոլում են իր իսկ հուշերն ու փորձառությունները։ «Երկար տարիներ զբաղվելով երգիծանկարչությամբ, փառատոնային կազմակերպչական աշխատանքներով ու անիմացիայով՝ գեղանկարչությունը թողել էի հետին պլանում, սակայն հենց այդ «նստվածքն» էր, որ պետք է արտահայտվեր։ Կարող էի արտահայտվել նաև մարդկային դիմանկարներով, բայց ես որոշեցի հենց ագռավների միջոցով, քանի որ նրանք շատ երկար են ապրում և կրում են հիշողություն։ Նրանք բարձրությունից են տեսնում մարդկանց կյանքը, լուռ հետևում են ու հիշում։ Թե՛ դրական, թե՛ բացասական իրադարձությունները, որոնք կատարվում են մեզ հետ, թողնում են կուտակումներ, որոնց մեջ ծնվում է արվեստը»,-ասում է Քասունին։ Այս աշխատանքները ստեղծվել են 2019- 2026 թթ. ընթացքում: Ցուցահանդեսին իր մի քանի նկարով մասնակցում է նաեւ Քասունու որդին՝ Եռանդը։ Ցուցադրության համադրողը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային Բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանն է։ «Նստվածք» խորագրով ցուցահանդեսին ներկա էին հայտնի արվեստագետներ և մշակութային գործիչներ, նաև՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Խոսելով հեղինակի աշխատանքների մասին՝ նա նշում է․ «Քասունուն մենք ճանաչում էինք որպես փառատոնի լավ կազմակերպիչ, երգիծանկարիչ, բայց այսօր շատ հաճելի անակնկալ է, որ նա նաև գեղանկարչությամբ հանդես եկավ։ Քանի որ նրա մեջ կա ֆիլմ ստեղծելու և պատմություն պատմելու ջիղ, այս դեպքում ևս ցուցահանդեսը պատմություն է պատմում, ինչը կարևոր է։ Յուրաքանչյուր նկարում կրկնվող պատմություն կա, որը կապն է մեր քաղաքի հետ։ Ագռավներին դեր տալով եւ խիզախություն ունենալով նրանց ներկայացնել որպես գլխավոր հերոս՝ նա պատմել է մարդկանց մասին։ Շատ արդի հարցեր տեսա ես կտավներում, որոնք համահունչ են այսօրվա իրականության հետ»։ «Նստվածք» խորագրով ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 4-ը։ Հղումը՝  style.news.am

Իրավունք, Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը  NEWS.am -ին տեղեկացրեց, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունի, որ  նրան տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Տիկին Սահակյան, Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարությունները՝ ուղղված սկզբում Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններին, անհանգստացնող էին: Հիմա, երբ Կարմիր խաչի գործունեությունը դադարեցված է, իսկ  դատավարական ֆարսը ավարտված, որտեղից գոնե ժամանակ  առ ժամանակ լուսանկարներ էին հրապարակվում և կարելի էր նրանց արտաքին տեսքի վրա հիմնվելով դատողություններ անել,  ի՞նչ տեղեկություններ կան նրա ու մյուս գերիների վիճակի,  պահման պայմանների մասին: Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ: Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Մեր տեղեկություններով, այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ: Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում  նրա և մյուս գերիների  պահման պայմանների մասին: Այս հարցում ևս թափանցիկություն չկա, միջազգային իրավունքի նորմերով սահմանված  երաշխիքները խախտվում են. մասնավորապես, նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում ու ռեժիմի, զանգերի  մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու: Չկա  հավաստի տեղեկություն նրանց  առողջության, բժշկական օգնության հասանելիության, տարրական կենսապայմանների մասին: Գիտեք, որ անցած տարվա սեպտեմբերից  Ադրբեջանի կառավարության պահանջով այդ երկրում ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցվել է, բայց դրանից հետո մեկ անգամ՝ անցած տարվա դեկտեմբերին,  ԿԽՄԿ Ժնևյան գրասենյակին  հաջողվել  էր  այց իրականացնել և տեսակցել հայ գերիներին: Դրանից հետո որևէ ստույգ տեղեկություն նրանց վիճակի մասին չունենք: Կարող եմ միայն ասել, որ այս պահին ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման,  վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող և ամրագրող որևէ կառույց գոյություն չունի, ու սա ստեղծում է տեղեկատվական վակուում: Ռուբեն Վարդանյանը նաև ասել էր, որ մինչ օրս դատավճռը որևէ լեզվով չի տրամադրվել, ինչը, ըստ էության, խոչընդոտում է բողոքարկման գործընթացը: Այս առումով, նորություն ունե՞ք, եթե սահմանված ժամկետներում դատավճիռները չտրամադրվեն, նշանակո՞ւմ է արդյոք , որ նրանք չեն կարող  դիմել անգամ, օրինակ, եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։ Այս որոշումը խթան կարող է հանդիսանալ այդ փաստաթղթերի տրամադրման համար։ Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ դատավճիռները չտրամադրելով Ադրբեջանը կարող է փակել ճանապարհը դեպի միջազգային դատարաններ։ Ընդհակառակը՝ նման իրավիճակում կարող ենք արձանագրել, որ ներպետական իրավական միջոցներն արդյունավետ չեն գործում, և այդ պայմաններում ՄԻԵԴ դիմելու ժամկետների հաշվարկը սկսվում է դատական ակտերի փաստացի ստացման պահից։ Պետք է նշել, որ այս պահին ՄԻԵԴ-ը դարձել է կարևոր օղակ, քանի որ որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ գերիների առողջական վիճակի վերաբերյալ, ստացվում են հենց դատարանի գործունեության շնորհիվ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նման տեղեկատվություն ներկայացրել էր դատարանին դեռ հունվարին, սակայն փետրվարին հանդես եկավ նոր միջնորդությամբ՝ խնդրելով ՄԻԵԴ-ին վերացնել հայ գերիների նկատմամբ կիրառված ապահովման միջոցները և դադարեցնել հաշվետվությունների ներկայացման պարտականությունը։ Այս միջնորդության առնչությամբ մենք ներկայացրել ենք դիրքորոշում՝ հիմնավորելով, որ գերիների կյանքի և առողջության նկատմամբ սպառնացող անմիջական վտանգները շարունակում են պահպանվել։ Ավելին՝ տեղեկատվության սակավությունն ինքնին լուրջ մտահոգության առիթ է և կարող է դիտարկվել որպես խոշտանգումների վտանգ պարունակող հանգամանք։ Նման պայմաններում ՄԻԵԴ-ի շարունակական ներգրավվածությունը մնում է խիստ կարևոր։ Հղումը։ news.am

Իրավունք

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանըփոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Վերժինե Առաքելյանընշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Տիգրան Մուրադյանընշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Հրանուշ Միքաելյանընշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Գոհար Ղուկասյանընշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Եսայի Աբովյանընշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Նարեկ Մհերյանընշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Գևորգ Խաչատրյանըփոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Ալիսա Սմբատյանընշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Ավետիսյանըփոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Արման Նիկողոսյանընշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հարություն Սարգսյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արարատի մարզի դատախազության դատախազ Գեղամ Մկրտչյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վազգեն Աբրահամյանընշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Տիգրան Վարդանյանընշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Սևադա Ադամյանընշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Արիստակես Գրիգորյանընշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Տաթևիկ Սահակյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վարդան Վարդանյանընշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Արծրուն Խաչատրյանըփոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Մովսեսյանըփոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Վահագն Իսկանդարյանըփոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Քոթանջյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հղումը։ news.am  

Scroll to Top