Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրվարույթ նախաձեռնել, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա մանրամասնել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Սերժ Ռուշանյան) որոշել է բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել նախաքննություն: «Դատարանն արձանագրել է, որ որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, հետևաբար՝ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարութային ակտերը հիմնավոր չեն»,- ընդգծել է փաստաբանը: 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի էր ունեցել հավաք՝ ի աջակցություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, զուգահեռաբար՝ այնտեղ էին հավաքվել նաև վեհափառի դեմ արտահայտված կառավարության կողմնակիցները, այդ թվում՝ 10 հոգևորական, ովքեր նույն օրը նամակ էին հանձնել Սուրբ Էջմիածնի քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Երկրորդի հրաժարականը։ Զոհրաբյանը մանրամասնել է, որ այդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահրած հրաժարականի գործողության համար ներկայացած անձինք Մայր տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ: Նրանցից մեկը բարձրացել էր Մայր տաճարի սյուների վրա և սեռական հայհոյանքներ հնչեցրել հոգևորականների հասցեին։ «Տվյալ անձը փորձել էր ցատկել Մայր Աթոռից դուրս եկող եկեղեցականների թափորի վրա, որի մեջ էր նաև կաթողիկոսը, սակայն հանդիպելով եկեղեցու մուտքի մոտ գտնվող հոգևորականների և հավատացյալների դիմադրությանը, վեճի էր բռնվել այլ անձանց հետ: Չկարողանալով իր նպատակին հասնել՝ Տավրոս Սափեյանը բղավել էր, հայհոյել, որոնք պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ, որին ողջամտորեն կարող էր տրվել իրավական գնահատական»,- բացատրել է փաստաբանը։ Դատարանն ընդգծել է, որ «սույն դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հաղորդմամբ նշված գործողությունները որտեղ են կատարվել, քանի որ կատարման վայրը խուլիգանության հանցակազմի համար նախնական իրավական գնահատական տալու տեսանկյունից ունի վճռորոշ դեր: «Այդ ամոթալի դեպքի կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել, որի քննարկմամբ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել: Դատախազությունը մերժել էր քննչական մարմնի այդ ապօրինի դիրքորոշման դեմ ներկայացված բողոքը»,- նշել է Զոհրաբյանը։ Պատարագի ընթացքում կաթողիկոսը նշել էր, որ տեղի է ունենում Սուրբ Էջմիածնի վրա հարձակման ևս մեկ փորձ, որին մասնակցել են որոշ հոգևորականներ: Կաթողիկոսն ընդգծել էր, որ եկեղեցու ներսում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով և կոչ էր արել իր դեմ արտահայտված եպիսկոպոսների խմբին վերադառնալ կանոնական դաշտ: Գարեգին Բ-ի խոսքով՝ ստեղծված իրավիճակը չի կարող խոչընդոտել իր առաքելությանը և ծրագրերին: Հղումը։ armeniatoday.am