Գովազդ A1

Հասարակություն

Հասարակություն, Վիդեո

Տեսանյութ. Գյումրեցի տարեց կնոջ ցասումն ու Միքայել Սրբազանին պատժող դատախազների լռությունը․ ի՞նչ է կատարվել դատական նիստի ընդմիջմանը

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, երբ մի քանի րոպերով ընդմիջվեց Շիրակի թեմի առաջնորդի դատական նիստը, Միքայել Սրբազանի աջակիցները փորձեցին զրույցի բռնվել երկու դատախազների հետ։ «Էս ինչ է, հերիք է, մեղք ենք, մենք էլ մեղք ենք», -ասաց հավատացյալ մի կին։ «Տվեք մեր Սրբազանին, թող էսօր մեր հետ տուն վերադառնա»,- բացականչեց մեկ ուրիշը։ Նրանք սակայն չբավարարվեցին միայն Միքայել Սրբազանի շահերը պաշտպանելով․ նեղվեցին նաև Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար։ Կանանցից մեկն ասաց, որ նախկինում թուրքերով բնակեցված գյուղերի եկեղեցիների խաչերը, գմբեթները Վարդան Ղուկասյանն է բերել-դրել ու որպես օրինակ՝ մեջբերեց Հայկաձորինը։ «Ինչի՞ են կալանավորել, ինչի՞, ի՞նչ է արել էդ մարդը, չի կարելի, դուք եք դատավորն ու դատախազը, արդար դատեք, չի ասում Սայաթ-Նովան»,- ասաց ըմբոստացած կինը։ Հիշեցնենք, որ երեկ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ էին Միքայել Սրբազանի երիտասարդ աջակիցները ոտքի ելել։ Կրելով Սրբազանի լուսանկարով վերնաշապիկներ, որտեղ անգլերեն գրված էր․ «Ազատություն, Միքայել Սրբազանին», նրանք բողոքի ցույց անցկացրեցին Վարդանանց հրապարակում։ Շիրակի թեմի պատշգամբներից մեկից էլ՝ ի ցույց բարձրաստիճան հյուրի, կախեցին ուշադրություն գրավող «Սրբազան հայր, մենք ձեր կողքին ենք» վերտառությամբ մեծ ցուցապաստառը։ Նրանք նաև գրավոր են դիմել Մակրոնին, որտեղ ասված է․ «Հարգելի՛ նախագահ Մակրոն, Հարգելի՛ հյուրեր, Բարի գալուստ Գյումրի։ Դուք գտնվում եք Վարդանանց հրապարակում՝ մի ամբողջ ժողովրդի հոգևոր ինքնության երկու խորհրդանիշների միջև՝ Սուրբ Աստվածածին Մայր Տաճարի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ։ Սակայն այսօր այս տարածքը առավելապես սահմանափակման, քան ազատության խորհրդանիշ է դարձել։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ում շատերը համարում են քաղաքական հետապնդման ենթարկված անձ, ամիսներ տևած կալանքից հետո շարունակում է գտնվել տնային կալանքի տակ․ նրա ազատությունը սահմանափակված է, իսկ ձայնը՝ լռեցված։ Բացի այդ, ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ կալանքի տակ՝ այնպիսի հանգամանքներում, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում քաղաքական շարժառիթների վերաբերյալ՝ նախորդ ամիսներին արձանագրված սպառնալիքների և ճնշումների ֆոնին։ Սա մեկուսացված դեպք չէ։ Մենք ականատես ենք զարգացումների, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտումների առնչությամբ, հատկապես՝ պետություն-եկեղեցի տարանջատման սկզբունքի տեսանկյունից։ Քաղաքական իշխանությունները նույնիսկ նախընտրական ծրագրերում ներառել են դրույթներ, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կառավարմանը՝ ներառյալ նրա ղեկավարությանը վերաբերող հարցերը։ Նման գործողությունները հանդիսանում են կրոնական հաստատության կյանքի նկատմամբ բացահայտ միջամտություն։ Առավել մտահոգիչ է նաև ճնշումը, որն ուղղված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ՝ աշխարհի հայության հոգևոր առաջնորդի, ով բախվել է մեղադրանքների և սահմանափակումների, որոնք խոչընդոտում են իր առաքելության ազատ իրականացմանը և աշխարհի տարբեր երկրներում իր հավատացյալների հետ ազատ հանդիպումներին։ Սրանք պարզապես ներքին հարցեր չեն։ Սրանք հիմնարար իրավունքների հարցեր են։ Հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ հյուրեր, Այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը՝ մարդկային արժանապատվություն, կրոնի ազատություն, խոսքի ազատություն և իրավունքի գերակայություն, այսօր դրվում են փորձության առաջ։ Նման զարգացումների նկատմամբ լռությունը վտանգում է հենց այդ սկզբունքների թուլացումը։ Մենք կոչ ենք անում հստակ ուշադրության, սկզբունքային ներգրավվածության և այն իրավունքների ու ազատությունների հետևողական պաշտպանության, որոնք միավորում են ժողովրդավարական հասարակություններին։ Սա այն պահն է, երբ անհրաժեշտ է պաշտպանել այդ արժեքները ոչ միայն խոսքով, այլև գործով»։ Նշենք, որ տնային կալանքի ենթարկված Միքայել Սրբազանը երեկ Շիրակի թեմի իր կեցավայրի պատշգամբից էր հետևում Վարդանանց հրապարակում տեղի ունեցող իրադարձությանը՝ հայ-ֆրանսիական բարեկամության համերգին, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հղումը՝ Aravot.am

Հասարակություն

Անձամբ մոտեցել և բոլոր անհետ կորած տղաների ծնողների անունից Ֆրանսիայի նախագահին նամակ եմ փոխանցել, որտեղ խնդրել ենք միջնորդել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ բարձրաձայնի անհետ կորած տղաների խնդիրը։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորածի ծնող Լիպարիտ Սարգսյանը։ Նա պատմեց, որ մոտեցել է Մակրոնի անվտանգության աշխատակիցներին, մանրամասն ներկայացել, որ անհայտ կորածի ծնող է, և նամակը անձամբ, իր ձեռքով փոխանցել է Մակրոնին։ «Մակրոնը նամակը վերցնելուց առաջ արդեն տեղյակ էր, որ սպասում եմ իրեն։ Անվտանգության աշխատակիցները նամակը կարդացել էին, նկարել, ուղարկել անվտանգության պետին, համոզվել, որ նամակի բովանդակությունը ճիշտ է։ Մեծ սպասելիքներ ունենք, որ նամակը իր արդյունքը կտա»,- հավելեց Լիպարիտ Սարգսյանը։ Նշենք, որ Մակրոնին նամակը հանձնել են, երբ նա վերադարձել է հյուրանոցի մոտ առավոտյան վազքից հետո։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այսօր Մակրոնը այցելելու է Գյումրի, որտեղ երեկոյան նաև համերգային ծրագիր է նախատեսված։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Հայաստանի եվրոպական մանիֆեստացիան, անտանելի Փաշինյանը, Ալիեւի վայրահաչը

Եվրոպական քաղաքական համայնքի՝ Երեւանում գումարած գագաթնաժողովը, ինչ խոսք, դրվատանքի արժանի եւ գոհունակություն պատճառող իրադարձություն էր։ Դա Եվրոպայի հետ Հայաստանի հազարամյակներ միահյուսված պատմության մերօրյա վիզուալ դրսեւորումներից էր։ Իհարկե, ոչ այնքան հետաքրքիր ու փառահեղ, որքան երկու հազարամյակ առաջ Հուլիոս Կեսարի, Տիգրան Մեծի, Մարկ Անտոնիոսի, Կլեոպատրայի, Արտավազդ Երկրորդի միջեւ դաշինքների ու դիմակայությունների ժամանակներն են եղել։ Ոչ այնքան խորիմաստ ու նշանակալից, որքան հազար տարի առաջ Բյուզանդական կայսրությունում գահակալած Հայկական (Մակեդոնյան) դինաստիայի ժամանակները, երբ հարստության հիմնադիր Բարսեղ I-ը (Basil I, Vasil I) Բյուզանդիայի ինքնակալ հռչակվելուց հետո հայոց Աշոտ Բագրատունի իշխանին խնդրեց իրեն թագ ուղարկել, քանի որ ինքը հայ է, սերում է Արշակունիներից, հետեւաբար՝ իր թագը պետք է ստանա հայոց արքաներին թագադրող Բագրատունյաց իշխանական տնից։ Իսկ 867-ին թագադրվելուց հետո Բարսեղ I-ը ոչ միայն Բյուզանդական կայսրության վերածնունդը սկզբնավորեց, այլեւ արեց ամեն ինչ՝ Բագրատունյաց արքայատան եւ Հայաստանի անկախության համար։ Հայաստանի եւ Եվրոպայի՝ հազարամյակներ միահյուսված պատմության այսօրվա դրվագը չէր կարող աղերս ունենալ այն ազնվականության եւ նվիրումի ժամանակների հետ, երբ Եվրոպայի Խաչակրաց ուխտերն ու Կիլիկիայի հայոց թագավորությունը, ձեռք- ձեռքի՝ հարյուրամյակներ մարտնչում էին քրիստոնեությունն ու քաղաքակրթության օրրան Մերձավոր Արեւելքը մահմեդական հրոսակներից ու թյուրքական խուժանից պաշտպանելու համար (ստուգաբանորեն՝ հայերենում գործածվող «խուժան» բառը թյուրքական ցեղերով բնակեցված «Խուժիստան» անունից է ծագել)։ Ոչ էլ այսօրվա գագաթնաժողովից որեւէ մեկը ակնկալում էր այնպիսի խորը ճանաչողություն եւ ճշմարտախոսություն, ինչպես հարյուր տարի առաջ Հայաստանի եւ Եվրոպայի ճակատագրերը միահյուսած Վերսալյան վեհաժողովում, երբ Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը պնդում էր, որ Արեւմտյան Հայաստանի տարածքում «միակ քաղաքակիրթ ժողովուրդը հայերն են», հետեւաբար, նրանց պետությունը պետք է հիմնադրվի այդտեղ, եւ իր համոզվածությամբ եւ հետեւողականությամբ իրականություն դարձրեց Սեւրյան Հայաստանի ճանաչումը։ Ոչ էլ այսօրվա գագաթնաժողովը կարող էր այնպես հետաքրքրել ու տպավորել մարդկանց, ինչպես ընդամենը մի քանի տասնամյակ առաջ Երեւանի Ազատության հրապարակը կիզակետ դարձրած Ղարաբաղյան շարժումը, որ առաջին ու աննախադեպ ժողովրդական ընդվզումն էր Խորհրդային Միության 70-ամյա պատմության մեջ եւ ծնունդ տվեց հետագա ժողովրդավարական շարժումներին ԽՍՀՄ այլ հանրապետություններում, Արեւելյան Եվրոպայի երկրներում՝ սկզբնավորելով գործընթացները, որ, ի վերջո, հանգեցրին Վարշավյան պակտի փլուզմանն ու կոմունիստական բռնապետությունից ժողովուրդների ազատագրմանը Արեւելյան Եվրոպայում, նաեւ՝ ԽՍՀՄ-ում։ Այնպես որ, Եվրոպայի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի հազարամյակներ միահյուսված պատմության դիտակետից 2026-ին Երեւանում գումարված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաճելի իրադարձություն էր, որի նմաններն ապագայում, հուսանք, ավելի շատ եւ հաճախ կլինեն։ Իհարկե, գագաթնաժողովը կարող էր նաեւ հիշարժան ու տպավորիչ դառնալ, եթե Հայաստանում իշխանության չլիներ մի թերուս խեղկատակ, որի միակ իդեա ֆիքսը Հայաստանին ցուցաբերվող սատարումն իր վրա տարածելն է։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի էժանագին վարքը հասավ այնտեղ, որ նման հավաքներում պետության գլխի՝ միապետի կամ նախագահի անունից ի պատիվ երկիր ժամանած հյուրերի տրվող ճաշկերույթին (ի դեպ, ԵՄ-ի պաշտոնական consilium.europa.eu կայքում վաղուց տեղադրված էր EPC Yerevan-ի միջոցառումների ժամանակացույցը, որտեղ բառացի գրված էր․ 03/05/2026 19:00 Leaders dinner hosted by Vahagn Khachaturyan, President of the Republic of Armenia, and Nikol Pashinyan, Prime Minister of the Republic of Armenia) ամեն աստիճանակարգություն, դրվածք, ավանդույթ մի կողմ շպրտելով, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին տեսադաշտից իսպառ հեռացրեց, ինքն ու Ալեն Սիմոնյանը, որպես հյուրընկալներ, սկսեցին ճաշկերույթին ժամանող հյուրերին ողջունել։ Ինչո՞ւ դա արեցին․ պարզ է՝ որպեսզի ժամանող հյուրերի ողջույնի լուսանկարներում եվրոպացի առաջնորդների ֆոնին իրենք երեւան, հանկարծ տպավորություն չլինի, թե միջոցառումը Հայաստանի հետ կապ ունի, ոչ թե անձնապես Նիկոլ Փաշինյանի․․․ Ի՜նչ կարգի ամբոխավար, չկայացած, ինքնահաստատման բարդույթից տառապող մեկը պետք է լինել՝ այդպես վարվելու համար։ Փաշինյանը, որ առլեկինի ցիլինդրով է շրջում, ճիշտ է վարվում: Առլեկինությունն իր համար միայն կերպար չէ, էություն է։ Մեկ էլ, ինչը երեւանյան գագաթնաժողովից մոռանալ չի լինի, Փաշինյանի ջարդրտված անգլերենն է, որով հանպատրաստից խոսել չի էլ կարողանում, եւ հնարավոր է, այդ պատճառով չպատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տեսակապով հնչեցրած հաչոցին՝ Եվրախորհրդարանի վերջին բանաձեւի առիթով, թե «իրենք Արցախում վերջ են դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին կանգնեցրել են արդարադատության առջեւ»։ Նախ, այդ՝ մարդկության դեմ հանցագործի ելույթը հայաստանյան միջոցառումում ինչո՞ւ էր կազմակերպվել։ Ադրբեջանը կամ Ալիեւն ի՞նչ ընդհանրություն ունեն Եվրոպայի կամ քաղաքակրթության հետ, որ Եվրոպական համայնքների գագաթնաժողովում խոսեն։ Ատյանը, որտեղ Ալիեւին պատշաճ է խոսել, Հաագայի դատարանն է, ոչ թե Եվրոպայի կամ Հայաստանի հարթակները։ Իսկ Փաշինյանը բավական չէ Ալիեւին հնարավորություն էր տվել հայաստանյան հարթակում խոսելու, դեռ անամոթ վայրահաչոցին էլ չհակադարձեց… Անգլերեն պատասխանելուն բառապաշարը չէր բավարարում՝ հայերեն պատասխաներ՝ թարգմանեին։ Ոչ, ինքը լռում է, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան է Ալիեւին պատասխանում։ Այդքանից հետո արհամարհանքից եւ արգահատանքից բացի ուրիշ մի վերաբերմունք Փաշինյանի հանդեպ հնարավո՞ր է ունենալ։ Հայաստանի հասարակության պարագայում լինի, թե Եվրոպայից ժամանած ղեկավարների։ Հղումը՝ Hraparak.am  

Հասարակություն

Մշակույթը չխանգարեց աչք փակել էթնիկ զտման վրա

Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աբովյանի վրա խալին տեսած կլինեք, հատուկ բարձրաստիճան հյուրերի համար արված: Մի քանի օր առաջ էլ ԵՊՀ-ում Սայիդի Օրիենտալիզմի թարգմանությունն էր: Ու քանի ներկում էին, անցնում էի խալու կողքով ու մտածում, որ աբորիգենները սպիտակ մարդկանց հարմարության համար, հյուրանոցի պատուհանի տակ խալի փռելը հենց ինքնագաղութացում եւ ինքնաօրիենտալիզմ ա որ կա, երբ խալի ես փռում որ մշակույթդ ճանաչեն, կարծես 1600-ական թվականներն են ու նոր Մարկո Պոլոներ են եկել Ավետյաց երկիր: Բայց ինչի հիշեցի այս ամենը, չէ որ Եվրոպայի քաղաքական համայնքի հանդիպում էր, իսկ քաղաքականը, արեւմտյան աշխարհում նախեւառաջ ինստիտուտներն ու իրավունքներն են, օրենքներն ու կարգուկանոնը, ոչ թե մշակույթը: Մշակույթը չխանգարեց աչք փակել էթնիկ զտման վրա: Անկասկած, Հայաստանը մշակութապես Եվրոպա է, բայց Եվրոպան նախեւառաջ քաղաքական գաղափար է, քաղաքական ինստիտուտների ու մարմինների ամբողջությունը: Իսկ քաղաքական նշանակում է ինքդ քեզ քո հայացքով նայես ու գավառականություն չդրսեւորես այլոց դեմ խալի փռելու, փողոցում որը երթեւեկության համար ա նախատեսված ու կարգուկանոն ա ենթադրում, ոչ թե վերնիսաժացում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/079b546eb15228bc7fa3f3387bea38c0 © 2008 — 2026 «Հրապարակ օրաթերթ»

Հասարակություն, Քաղաքականություն

Մեծաթիվ գյումրեցիներ անսպասելի դիմավորեցին ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին

Գյումրիում քաղաքական ակտիվություն է նկատվում․ այսօր քաղաքացիների մեծ հոսք էր կենտրոնական փողոցում, մեծ թվով քաղաքացիներ էին սպասում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների ժամանմանը ։ Քաղաքացիները հավաքվել էին՝ սպասելով Նարեիկ Կարապետյանի և թիմակիցների այցելությանը։ Հավաքվածների թիվն ու տրամադրությունը վկայում էին, որ քաղաքում առկա է քաղաքական հետաքրքրության որոշակի աճ։Շատերը նշում էին, որ ցանկանում են ոչ միայն տեսնել, այլև անձամբ բարձրաձայնել իրենց խնդիրներն ու ակնկալիքները՝ ուղղված ընդդիմադիր ուժին։ Ներկայացուցիչների ժամանումը ուղեկցվեց ընդհանուր աշխուժությամբ․ հնչեցին ծափահարություններ, մարդիկ փորձում էին մոտենալ, շփվել, հարցեր ուղղել։ Արձանագրենք, որ անսպասելի էր նման մեծաթիվ քաղաքացիների տեսնել, որոնք անհամբերությամբ սպասում էին ընդդիմադիր շարժմահն ներկայացուցիչներին։ Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն

Մեկ միլիոն դոլարանոց համերգն ու Մակրոնի «լավությունը» Գյումրիին

​Գյումրին պատրաստվում է ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, սակայն քաղաքում տիրող իրավիճակն ու հանրային տրամադրությունները հուշում են, որ սա սոսկ պետական այց չէ։ Կառավարության որոշմամբ՝ միայն մայիսի 5-ին Վարդանանց հրապարակում կայանալիք համերգի համար պետբյուջեից կհատկացվի աստղաբաշխական գումար՝ շուրջ 393 միլիոն դրամ։ ​Մինչ պաշտոնական Երևանը քննարկում է մեկ երեկոյի համար հատկացված մեկ միլիոն դոլարից ավելի գումարի «մշակութային նշանակությունը», գյումրեցիները սեփական մաշկի վրա են զգում այցի «դրական» կողմերը։ Արդեն մի քանի օր է՝ քաղաքի կենտրոնական փողոցներում մեկնարկել են աննախադեպ ծավալի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ։ Տարիներով անուշադրության մատնված փոսերը հանկարծակի լցվում են։ Գյումրեցիները նկատում են այդ ամենի ձևական կողմը։ «Էդ բեմերը դոմիկների մոտ դրեք ու Մակրոնին էնտեղ դիմավորեք»,— ասում է անցորդներից մեկը՝ հիշեցնելով քաղաքի դեռևս չլուծված սոցիալական վերքերի մասին։ Շատերի համար ակնհայտ է, որ այս շռայլությունն ու հապշտապ ասֆալտապատումը ոչ թե քաղաքի մասին հոգածություն են, այլ քաղաքական «ֆոկուսներ»։ ​Մարդիկ վստահ են, որ իշխանությունները փորձում են Մակրոնին տանել Գյումրի, որպեսզի աշխարհին ցույց տան, թե իբր գյումրեցիները, մեր ու մանուկով ուրախացած, դիմավորում են իրենց։ 393 միլիոն դրամը Գյումրիի պես քաղաքի համար հսկայական ռեսուրս է, որը կարող էր ուղղվել համայնքային տասնյակ այլ խնդիրների լուծմանը։ Սակայն իշխանությունը նախընտրում է մեկօրյա շոուն։ Քաղաքում շատերն են վստահ`Ֆրանսիայի նախագահի այցը իշխանությունների համար ընդամենը առիթ է՝ փորձելու ցույց տալ, թե իբր Գյումրին իրենց կողքին է։ «Մակրոնին բերում են, որ դուրս գանք հրապարակ, ծափ տանք, իրենք էլ նկարեն, թե բա տեսեք՝ ժողովուրդը մեզ ոնց է ընդունում։ Բայց էս շոուն իրենց չի փրկելու, գյումրեցին ամեն ինչ էլ տեսնում է ու հասկանում»,–խոսքը եզրափակեց մեր մյուս զրուցակիցը։ Վստահաբար հավելենք, որ Վարդանանց հրապարակի մեկօրյա շքեղությունը չի ստիպի մոռանալ քաղաքի իրական խնդիրները, և Մակրոնի հեռանալուն պես քաղաքում կմնա միայն շտապողականությամբ փռված ասֆալտի նոր շերտն ու հերթական հիասթափությունը։ Հղումը։ Hraparak.am

Հասարակություն

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը: Հղումը՝ Aravot.am

Հասարակություն, Նորություններ

Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում

Հայ-վրացական սահմանին մեծ հերթեր են գոյացել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Խոսքը «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետի մասին է: Ինպես նշել է Երևան-Թբիլիսի երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի մենեջերը, կուտակումները նկատվում են վաղ առավոտից: «Սովորական օրերին երկու անցակետերի հատումը տևում է 30 րոպե, սակայն մեր ընկերության մեքենաներից մեկն արդեն 4-րդ ժամն է՝ հերթի մեջ է», — ասել է նա: Նրա խոսքով՝ կուտակումները կապված են մայիսյան տոների հետ. այսօրվա և վաղվա համար ուղևորությունների ամրագրումների թիվը բազմապատկվել է: Բացի այդ, իրավիճակի վրա ազդում է նաև վրացական մաքսակետի համեմատաբար դանդաղ աշխատանքը։ Հնարավոր է՝ նրանք չէին ենթադրում, որ քաղաքացիների նման հոսք է սպասվում։ Նա խորհուրդ է տալիս նրանց, ովքեր դեռ ճանապարհ չեն ընկել, Թբիլիսի հասնելու համար օգտվել այլընտրանքային ճանապարհից՝ «Գոգավան» — «Գուգութի» անցակետով։ Բագրատաշեն-Սադախլոյի համեմատ այստեղ կուտակումներն ավելի քիչ են։ Հղումը՝ Newday.am

Հասարակություն, Քաղաքականություն

Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան

Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է։ Երևանի քաղաքապետարանի հրապարակվող «պուպուշ» ասֆալտ փռելու տեսանյութերի իրականությունը սա է՝ որ կարճ ժամանակ անց նոր փռած ասֆալտը քանդվում է։ Այս մասին գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը և լուսանկարներ հրապարակել։ «Մոտ մեկ ամիս առաջ փռած, բայց արդեն քանդված ասֆալտի նկարները երեկ՝ ժամը 20։21-ին եմ նկարել, և ընդամենը 3 ժամ անց քաղաքացիներից տեղեկացա, որ Գյուրջան փողոցում ասֆալտ են փռում առանց բիտումի։ Սա արդեն ոչ թե պատահականություն է, այլ ավանդույթ է՝ կարևորը արագ-արագ, ձևի համար փոսերը սևացնեն, հետո որ քանդվի, կասեն՝ Պուտինը նորից դիվերսիա է ուղարկել մասիվ, կամ «Գյուլնազ տատիի հեքիաթներով» կփորձեն արդարանալ՝ միայն թե չընդունեն, որ անորակ ասֆալտ են փռում»,-նշել է նա։ Հղումը։ Newday.am

Հասարակություն

«Վիզա» էջերում նկարները պետք է զբաղեցնեն անձնագրի 1/3 մասը. Նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ Նիդերլանդների Թագավորության Հառլեմ քաղաքում է տպագրվելու ՀՀ քաղաքացու կենսաչափական նոր անձնագիրը: «Քչերը գիտեն, որ գունային համադրությունից կախված է, թե որքան դյուրին կամ որքան բարդ կարող է լինել անձնագրի կեղծումը: Իսկ մեր նպատակը դա գրեթե անհավանական դարձնելն է»,- ասել է ՆԳ նախարարը: Սարգսյանի խոսքով՝ իրենք աշխատում են ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ ինտեգրելու ներկայացված էսքիզները վիզա էջերի տպագրական տարբերակներում՝ պահպանելով անվտանգային բոլոր երաշխիքները: Նա նաև նշել է, որ «Վիզա» էջերում նկարները պետք է զբաղեցնեն անձնագրի 1/3 մասը։ Հղումը՝ News.am  

Scroll to Top