Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

Չեխիայի վարչապետը հայտնել է Ուկրաինայի նախագահի հետ Երևանում բանակցություններ վարելու մտադրության մասին

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Երևանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անդրեյ Բաբիշն ասել է չեխական iDNES.cz լրատվական կայքի խմբագրությանը, որի տեղեկություններով Չեխիայի վարչապետը մեկնում է Երևան՝ մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ «Կլինեն նաև կարճատև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ ես նաև բանակցություններ կվարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ»,-ասել է Բաբիշն՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին իր մասնակցությանը։ Հղումը՝ A1plus.am

Քաղաքականություն

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան, հայտնում են թուրքական զլմ-ները։ Նա կներկայացնի Թուրքիան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրով։ Նշվում է, որ հանդիպման ժամանակ կգնահատվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապի բարելավման, տնտեսական և էներգետիկ անվտանգության բարելավման ուղղությամբ ձեռնարկված ավելի սերտ համագործակցության և համակարգման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև կքննարկվեն տարածաշրջանային վերջին զարգացումները և գլոբալ հարցերը։ Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի Թուրքիայից Հայաստան կատարած առաջին նման բարձր մակարդակի այցը։ Հղումը՝  A1plus.am

Տնտեսություն, Քաղաքականություն

«Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը». Սամվել Կարապետյան

  Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն, քանի որ հիմա բոլոր որոշումները Հայաստանի մասին կայացվում են Ադրբեջանում, որովհետև Փաշինյանը ամեն ինչ արեց, որ թշնամացնի հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, ինչը մենք շատ արագ պետք է վերականգնենք։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ «Մենք պետք է ունենանք շատ բարեկամական հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Անգլիայի հետ, Ֆրանսիայի, Չինաստանի հետ, ինչպես նաև մեր բարեկամ Ռուսաստանի հետ, միայն այդպես մենք կարող ենք լուրջ երաշխավորություններ ապահովել գերտերությունից»,– ասել է նա Դիտարկմանը, թե այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականության արդյունքում 300000 ադրբեջանցի է բերելու Հայաստան, արձագանքել է, որ չի քննարկվում հարց արցախցիների վերադարձը Արցախ և չի քննարկվում հարց 300000 ադրբեջանցիների գալը Հայաստան, Կարապետյանը պատասխանել է. «Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում։ Ադրբեջանի նախագահն անում է հայտարարություն, փոքրիկ խմբակը իր ղեկավարի հետ վազելով կատարում են այդ հայտարարությունները։ Դրա համար ես վստահ եմ, որ իրենց հետ քննարկող չկա, բայց մենք այդ ամենը կանգնեցնելու ենք, մենք ստեղծելու ենք 300000 աշխատատեղ հայերի համար։ Դուք վստահ եղեք, եթե Ալիևին և Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերաբնակեցնել 300 հազար ադրբեջանցու Հայաստանում, հաջորդելու են քայլեր, գնելու են հողեր, կառուցելու են գործարաններ, որտեղ աշխատելու են ադրբեջանցիներ»։ Կարապետյանն արձագանքել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն է Հայաստանի երաշխավորը։ «Ադրբեջանը ամենաշատը Հայաստանում կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը։ Հայաստանի երաշխավորը լինելու է Հայաստանի ուժեղ բանակը, Հայաստանի ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները և տարածաշրջանային շահեր ունեցող երկրները»։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան

Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է։ Երևանի քաղաքապետարանի հրապարակվող «պուպուշ» ասֆալտ փռելու տեսանյութերի իրականությունը սա է՝ որ կարճ ժամանակ անց նոր փռած ասֆալտը քանդվում է։ Այս մասին գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը և լուսանկարներ հրապարակել։ «Մոտ մեկ ամիս առաջ փռած, բայց արդեն քանդված ասֆալտի նկարները երեկ՝ ժամը 20։21-ին եմ նկարել, և ընդամենը 3 ժամ անց քաղաքացիներից տեղեկացա, որ Գյուրջան փողոցում ասֆալտ են փռում առանց բիտումի։ Սա արդեն ոչ թե պատահականություն է, այլ ավանդույթ է՝ կարևորը արագ-արագ, ձևի համար փոսերը սևացնեն, հետո որ քանդվի, կասեն՝ Պուտինը նորից դիվերսիա է ուղարկել մասիվ, կամ «Գյուլնազ տատիի հեքիաթներով» կփորձեն արդարանալ՝ միայն թե չընդունեն, որ անորակ ասֆալտ են փռում»,-նշել է նա։ Հղումը։ Newday.am

Քաղաքականություն

Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով. Սամվել Կարապետյան

Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով: Այս մասին Ալիկ Ալեքսանյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը: «Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է, ասֆալտ էինք փռում, ապրում էի Զեյթունի հանրակացարանում: Ես և եղբայրս ամեն տարի ուսանող եղած ժամանակ, որպեսզի օգնենք ծնողներիս, ամառվա 3 ամիսը գնում էինք, ասֆալտ էինք փռում ձեռքով։ Հիմա ինչը որ տեխնիկան է անում, մենք այն ժամանակ ձեռքով էինք անում, գումար էինք վաստակում, կեսը տալիս էի ծնողներիս, կեսը հետս բերում էի, ապրում էի Զեյթունի հանրակացարանում, կրթաթոշակ էի ստանում, գումարած աշխատավարձը՝ ամբողջ տարին ինձ լավ էի զգում Շատ հետաքրքիր պատմություններ կան աշխատանքային գործունեությանս մասին, բայց ամենակարևորը՝ կարողացանք լավ անցնենք 90-ական թվականները, որովհետև ես այդ ժամանակ արդեն Փաշինյանի շատ սիրած Կալուգայում էի, ծանր ժամանակներ էր, կենդանի մնալ-չմնալու տարիներ էր, բայց մենք պատվով ու նորմալ անունով անցանք, դրանից հետո ամեն ինչ մի քիչ ավելի հեշտ էր, բայց դա մեծ փորձ տվեց մեզ»,- նշել է նա: Անդրադառնալով մայիսի 1-ի հետ կապված լավագույն հիշողություններին՝ Սամվել Կարապետյանը վերհիշեց, թե դպրոցական տարիներին ինչպես են նշել այն: «Դպրոցական երեխեք էինք, դրոշակներով դուրս էինք գալիս գյուղի հրապարակ, լավ սովորող երեխեքին տանում էին Տաշիրի հրապարակ՝ վզկապները կապած, դա երջանկություն էր բոլորի համար»: Հարցին, թե ինչպե՞ս եկավ որոշման, որ ընկերության անունը պետք է լինի Տաշիր ու ինչպե՞ս կարողացավ ծանր տարիներին Տաշիրը դարձնել համաշխարհային բրենդ, Կարապետյանը պատասխանեց. «Երբ ուսանող էի, մեր շրջանը կոչվում էր Կալինինոյի շրջան, Երևանում էի սովորում, դասախոսները ինձ հարցնում էին՝ որտեղի՞ց ես, ասում էի Կալինինոյի շրջանից եմ, 90%-ը նույնիսկ պատկերացում չունեին այդ շրջանի մասին: Ճիշտը որ ասեմ, դա ինձ ցավ էր պատճառում, միշտ շփոթում էին, տարբեր անուններ էին տալիս, հիմնականում չէին կողմնորոշվում, թե որտեղից եմ, դրա համար նույնիսկ այն ժամանակ այդ ցանկությունը մեջս կար, որ ամեն ինչ անեմ, մարդիկ կոնկրետ իմանան ես որտեղից եմ, հիմա արդեն շատերը՝ նույնիսկ աշխարհում, կոնկրետ գիտեն, թե Տաշիրը որտեղ է, ինչ է նշանակում ու ինչ տեսք ունի»:

Քաղաքականություն

«Հրապարակ»․ Դուռը մի բացեք. իշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում

Պետք է գործի պարգևավճարների և լրավճարների արդար բաշխման հստակ մեխանիզմ։ Չի կարող լինել այնպես, որ նախարարը ստանա 7-8 միլիոն դրամ պարգևավճար, իսկ նույն նախարարության կամ համակարգի այլ աշխատակիցներ՝ 20-50 հազար, 100 հազար դրամ։ Գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Ներքին համերաշխության և սոցիալական արդարության թեմայի շրջանակներում ես այսօր ուզում եմ խոսել մի շատ կարևոր հարցի մասին և հայտնել իմ և մեր թիմի հստակ դիրքորոշումը։ Հասարակության տարբեր խմբեր զգացմունքային և իրարամերժ կարծիքներ են արտահայտում պաշտոնյաներին և պետական ծառայողներին տրվող պարգևավճարների շուրջ։ Այս թեման, բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, վերաբերում է պետական համակարգում աշխատող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների, նրանց ընտանիքներին, և առնչվում է սոցիալական հարցերի մի լայն շրջանակի, որը կարևոր է և պետք է հաշվի առնել։ Տարիների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ սեփական ծախսերի հաշվարկ են ձևավորել, շատերը վարկեր են վերցրել, և հնարավոր քաղաքական փոփոխությունները նրանցից շատերի համար որքան ցանկալի են, նույնքան էլ ներքին լարվածություն են ստեղծում։ Մենք թիմով քննարկել ենք այս հարցը՝ բոլոր տեսանկյուններից, և մեր սկզբունքային մոտեցումն է. Պետական համակարգի աշխատողները պետք է ստանան պարգևավճարներ, պետական համակարգում աշխատողները պետք է ունենան և´ բարձր աշխատավարձ, և´ պարգևավճարներ, սոցիալական լուրջ երաշխիքներ։ Միևնույն ժամանակ, պետք է գործի պարգևավճարների և լրավճարների արդար բաշխման հստակ մեխանիզմ։ Չի կարող լինել այնպես, որ նախարարը ստանա 7-8 միլիոն դրամ պարգևավճար, իսկ նույն նախարարության կամ համակարգի այլ աշխատակիցներ՝ 20-50 հազար, 100 հազար դրամ։ Չի կարող ուսուցիչը ստանալ 120 000 դրամ աշխատավարձ, երբ նախարարը ստանում է միանգամից մի քանի միլիոն դրամ պարգևավճար։ Սա շատ անարդար է։ Իմ սկզբունքային մոտեցումն է. պարգևավճարները չպետք է լինեն մեկ հոգու քմահաճույքից կախված, որ այդ մեկը բաշխի իր յուրայինների, անձամբ իրեն լավ ծառայողների միջև, իսկ մնացած 90 տոկոսին բաժին հանի՝ ինչ տակը մնա։ Սա անթույլատրելի է։ Պարգևավճարների կարգը պետք է ֆիքսված լինի օրենքով և լինի արդար։ Պետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը։ Պետական համակարգը պետք է ունենա արժանավայել եկամուտներ (այդ՝ թվում պարգևավճարներով), որպեսզի չնայի այլ կողմ, որևէ մեծահարուստի ձեռքին, կամ ուշքն ու միտքը չլինի իր անձնական պրոբլեմների շուրջ։ Ամենակարևորը՝ պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի՝ «մերոնքականներին» կամ իր կուսակցականներին աշխատանքի տեղավորելով։ Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին»։ Հղումը՝ newday.am

NA, Քաղաքականություն

Թրամփը պատմել է Մադուրոյի առևանգման ժամանակ «դիսկոմբոբուլյատորի» օգտագործման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Զինված ուժերի գաղտնի զենքը, որը կոչվում է «դիսկոմբոբուլյատոր», Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի առևանգման գործողության ընթացքում ամբողջությամբ շարքից հանել է վենեսուելացի զինվորականների սարքավորումները։ «Մեր բանակին հավասարը չկա։ Գիտե՞ք, երբ մենք հարձակվեցինք Վենեսուելայի վրա, նրանց սարքավորումները… ոչինչ չէր աշխատում։ Սարքավորումները լավն էին, բայց դրանք «դիսկոմբոբուլացված» էին։ Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Նրանք սեղմում են կոճակները, բայց ոչինչ չի աշխատում։ Նրանք ասում են. «Գրողը տանի, այս ի՞նչ է կատարվում»։ Նրանք լսում էին այդ տարօրինակ բզզացող ձայնը, որը վերևից էր գալիս», — ասել է նա։ Թրամփի ելույթը հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ալիքում։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ բանակը համարում է հրաշալի բանակ։ Հղումը՝ news.am

Քաղաքականություն

Ըստ նոր սոցհարցման՝ ովքեր կլինեն ԱԺ-ում

Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, 26,7 տոկոսը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 14,1 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան»-ի, 8,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 7,9 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին, 4,2 տոկոսը՝ «Միասնության թևեր»-ի օգտին: «Դեմոկրատիա-օրենք կարգապահություն» կուսակցությունը՝ 3,1 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 2,7 տոկոս, «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը՝ 2,3 տոկոս, «Նոր ուժ» կուսակցությունը՝ 1,9 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,7 տոկոս: Այս մասին են վկայում «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ-ի հարցման արդյունքները։ Ընդհանրապես չեմ քվեարկի նշել է 5,7 տոկոսը, կփչացնեմ քվեաթերթիկը՝ 3,3 տոկոսը, դժվարանում եմ պատասխանել՝ 8 տոկոսը, իսկ հրաժարվել է պատասխանել հարցվողների 8,3 տոկոսը: Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,101, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 27-29-ը: Հղումը՝ hraparak.am  

Քաղաքականություն

Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով: Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան: Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին: Հղումը՝ hraparak.am  

Scroll to Top