Գովազդ A1

Author name: Sose 2

Նորություններ, Քաղաքականություն

ԱԺ-ն ստացել է Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումը

Ազգային ժողովը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումը։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։ Հիշեցնենք՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո Վիլեն Գաբրիելյանը ներողություն է խնդրել եւ հայտարարել, որ մանդատը վայր է դնում։

Նորություններ, Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը` նրան անվանելով պոպուլիստ

Ադրբեջանը մերժել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկը` նրան անվանելով պոպուլիստ: Այդ մասին X–ի իր էջում գրել է պատգամավորը։ Ավելի վաղ Խանդանյանն առաջարկել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հանձնաժողովների հանդիպում անցկացնել, քանի որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրի խորհրդարանների կողմից։ Առաջարկվել է նաև առաջին հանդիպման վայր դիտարկել Հայաստան–Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք։ «Իմ ադրբեջանցի գործընկերը (Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդով–խմբ.) հրապարակայնորեն մերժել է հանդիպման առաջարկը՝ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու համար՝ ինձ անվանելով պոպուլիստ։ Եթե հանուն խաղաղության հանդես գալը պոպուլիզմ է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակը այնքան, որքան անհրաժեշտ է»,– գրել է Խանդանյանը։ Նա նաև նշել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ, և պատրաստ է մասնակցել միջխորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը՝ անխոնջ աշխատելով հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության:

Արտաքին լուրեր, Նորություններ

Գազային Իսրայելի հասցրած հարվածների պատճառով մեկ օրում զոհվել է 34 մարդ. Al Jazeera

Գազայի հատվածի տարբեր հատվածներում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հասցրած ավիահարվածների հետեւանքով առնվազն 34 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ առնվազն 34 պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի կողմից Ջաբալիա, Դեյր ալ-Բալահ, Գազա, Խան Յունիս քաղաքներում եւ նրանց հարակից բնակավայրերում գնդակոծությունների, ռմբակոծությունների եւ գրոհների ժամանակ։ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023թ. հոկտեմբերից ի վեր տարածաշրջանի դեմ Իսրայելի ագրեսիայի հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 50 357-ի, վիրավորվել է 114 400 մարդ: 2025թ. մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսեց մարտերն անկլավում հրադադարի ժամկետի ավարտից հետո, տարածաշրջանում ավելի քան 1 000 մարդ է զոհվել եւ 2 359-ը՝ վիրավորվել։

Արտաքին լուրեր, Նորություններ

Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ԱՄՆ կամ Իսրայելի ագրեսիային

Թեհրանն իրեն իրավունք է վերապահում արագ եւ կոշտ պատասխան տալ Իրանի դեմ ԱՄՆ կամ Իսրայելի ցանկացած ագրեսիայի։ Այս մասին երկուշաբթի ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղարկված նամակում ասել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ անվտանգությանը եւ չի ձգտում էսկալացիայի: Սակայն մենք խստորեն զգուշացնում ենք ցանկացած ռազմական արկածախնդրության դեմ եւ իրավունք ենք վերապահում արագ եւ ուժգին արձագանքել Միացյալ Նահանգների կամ նրա միջնորդի՝ Իսրայելի ռեժիմի ցանկացած ագրեսիային մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ ազգային շահերի դեմ։ ԱՄՆ-ը կրում է ողջ պատասխանատվությունը ցանկացած թշնամական գործողությունների հետեւանքների համար»,- ընդգծել է դիվանագետը։ Մարտի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկու շաբաթից պատրաստվում է երկրորդային մաքսատուրքեր սահմանել Թեհրանի վրա, եթե իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց չգրանցվի։ Նա սպառնացել էր, որ եթե գործարքն ամբողջությամբ մերժվի, իսլամական հանրապետությանը կսպասվի չտեսնված ռմբակոծություն։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր հերթին, պատասխանելով Թրամփի սպառնալիքներին, հայտնել է, որ չի հավատում ԱՄՆ ռազմական ինտերվենցիայի հնարավորությանը։ Բայց, նրա խոսքով, եթե Վաշինգտոնը փորձի խռովություն բարձրացնել իսլամական հանրապետությունում, ապա կոշտ պատասխան կստանա։

Հասարակություն, Նորություններ

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2024 թվականի տարեկան հաղորդումը

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 թվականի տարեկան հաղորդումը (https://shorturl.at/IKeul)։ Պաշտպանի տարեկան հաղորդումն ամփոփում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առանձին ոլորտներում առկա գործնական և օրենսդրական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված Պաշտպանի առաջարկները: Մասնավորապես, 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակում վերլուծվել են սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովման, քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության, խաղաղ հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների և նրա լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքների պաշտպանության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, իրավահավասարության և խտրականության արգելքի, ինչպես նաև մի շարք համակարգային բնույթի հարցեր։ Առաջին անգամ տարեկան հաղորդման շրջանակում առանձին անդրադարձ է կատարվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության ծրագրի իրականացման, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության նշանակման, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալներին բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում չտրամադրելու խնդիրներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանությանն օտարերկրյա պետություններում: Տարեկան հաղորդմամբ նաև առանձին համեմատական վերլուծության է ենթարկվել տարիներ շարունակ առկա կալանքի խնդրահարույց պրակտիկան, քրեական վարույթների ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինչպես նաև անձնական ազատության իրավունքի սահմանափակմանն առնվող խնդրահարույց հարցերը: Պաշտպանը 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում անդրադարձել է նաև հետևյալ ոլորտներում առկա խնդիրներին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հոգեկան առողջության պահպանում, բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության հասանելիության ապահովում, անձնական տվյալների պաշտպանություն, հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության պատշաճ գնահատում, լրագրողի մասնագիտական գործունեության՝ որպես կարծիքի արտահայտման ազատության երաշխիքի անխոչընդոտ իրականացում, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք Տարեկան հաղորդման շրջանակում հատուկ անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման ու այլընտրանքային խնամքի կազմակերպման, ծնողների հետ շփվելու երեխայի իրավունքի, երեխայի նկատմամբ բռնության բացահայտման, կանխարգելման, արձագանքման և մի շարք այլ ոլորտներում երեխայի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններին։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի, մատչելիության, այդ թվում՝ նոր կառուցվող և վերակառուցվող, նոր կառուցված և վերակառուցված շենքերի և շինությունների մատչելիության, կրթության իրավունքի և մի շարք այլ իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններին: Պաշտպան Անահիտ Մանասյանն առանցքային է համարում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված խնդիրների լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ համագործակցությունը: Ներկայացված առաջարկների վերաբերյալ տարվա ընթացքում Պաշտպանի նախաձեռնությամբ անցկացվելու են թիրախային քննարկումներ՝ իրավասու մարմինների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:

NA

ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը 2025թ․–ին կաճի 5,5% –ով

ԵԱԶԲ-ն իր ամենշաբաթյա մակրոտնտեսական ուսումնասիրության մեջ կանխատեսում է Հայաստանի տնտեսության 5,5 տոկոս աճ 2025 թվականին։ 2025 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 4,1%-ով։ ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ տարվա երկրորդ կիսամյակում տնտեսական ակտիվության աճը կարագանա, քանի որ արդյունաբերական արտադրանքի դինամիկան կվերականգնվի, և Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականին կաճի 5,5%-ով։  

Հասարակություն, Մշակույթ, Նորություններ

Երևանում տեղի կունենա «Հայք-Իրան–Հազարամյա հարևանություն» համաժողովը

Ապրիլի 3-ին Երևանում տեղի կունենա «Հայք-Իրան – Հազարամյա հարևանություն» համաժողովը, որին կմասնակցի  նաև միջազգային լրագրող Աբբաս Ջուման։ Համաժողովում ներգրավված են Հայաստանի և Իրանի առաջատար փորձագետներ, ինչպիսիք են Ալեքսանդր Իսկանդարյանը, Սուրեն Պետրոսյանը, Մուստաֆա Տալեպբուրը, Փաշա Կազեմիդջատը, Քրիստինե Կոստիկյանը։ Փակման արարողությունը մշակութային է․ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահսում երեկոյան համերգային ծրագրով ելույթ կունենան երկու երկրները ներկայացնող հայկական «Կայթ» և իրանական «Sayeh» երաժշտական խմբերը։ Համաժողովը տեղի  կունենա BW Plus Congress Hotel-ում, ապրիլի 3-ին։ Համերգային երեկոն՝ 19:30 — 21:00՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում  Համաժողովին մասնակցությունն անվճար է և հաստատվում է միայն գրանցումից հետո։ Գրանցման հղում՝ https://hayk-iran.com/ Միջոցառումը նպատակ ունի վեր հանել մեր մշակութային և պատմական հարուստ ժառանգությունը և նպաստել երկու հնագույն քաղաքակրթությունների միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը։ Հարցերի դեպքում զանգահարեք՝  093 65 06 18

Նորություններ, Տնտեսություն

ԱԶԲ հետ քննարկվել են բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչների համատեղ առաքելության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ և ԶՖԳ կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր: Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության, ինչպես նաև պետական պարտքի կառավարման ոլորտներում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականության բարելավմանը, ֆինանսական գործիքների ընդլայնմանը, ինչպես նաև թափանցիկության բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վարկային միջոցների ներգրավման համար կազմված քաղաքականության աղյուսակի գործողություններին, դրանց իրականացման ընթացքին, ինչպես նաև ակնկալվող արդյունքներին: Կողմերն ընդգծել են Ծրագրով նախատեսված միջոցառումների և բարեփոխումների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի խթանման տեսանկյունից՝ արժևորելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը ռազմավարական գործընկերության համատեքստում:

Արտաքին լուրեր, Նորություններ

Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից

Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից արցախահայերի վերաբերյալ գրառում անելու, դրան կից Արցախի դրոշի նկարը տեղադրելու համար, ու հեռացրել է գրառումը։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի պետքարտուղար Դյորթե Դինգերի կողմից Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ուղղված նամակից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։ Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրի դեսպան Ռալֆ Հորլեմանը, որին «խիստ բողոք» են հայտնել Շտայնմայերի գրառման համար։ «Դաշնային նախագահի սոցիալական ցանցերում կարճ ժամանակով հրապարակվել են դրոշի սխալ նկար և ուղեկցող տեքստ։ Սխալը հայտնաբերելուց հետո համապատասխան հաղորդագրությունն անմիջապես ջնջվեց։ Գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի արդյունքում և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակներում: Ես շատ վշտացած եմ տեղի ունեցած սխալից և կցանկանայի անկեղծ ներողություն խնդրել այդ հրապարակման համար»,– գրված է նամակում։

Հասարակություն, Նորություններ

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա` փաթեթներում կանեփ տեսակի թմրանյութ է, որը տելեգրամյան ալիքի միջոցով վերցրել է Երևանում` Գյումրիում տեղադրելու համար: Երիտասարդը հավելել է, որ երք փաթեթ արդեն տեղադրել է, և պատրաստ է դրանք ներկայացնել: Ուսապարկում հայտնաբերվել են նաև դեղնականաչավուն զանգված ու մոխրացած հետքերով կաթուցիչ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով: Զննությամբ Մայակովսկու փողոցում հայտնաբերվել և վերցվել են նաև երիտասարդի տեղադրած երեք փաթեթները: 24-ամյա հրազդանցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:

Scroll to Top