Գովազդ A1

Author name: Sose

Արտաքին լուրեր

Իրանի նախագահը ուղերձ է հղել Հռոմի պապին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չորեքշաբթի ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին, հայտնում է Mehr-ը։ Իր ուղերձում Պեզեշքիանը կոչ է արել Հռոմի պապին կոչ անել համաշխարհային առաջնորդներին, հատկապես քրիստոնյա կառավարություններին, կանխել «իսրայելական հանցավոր ռեժիմի շարունակական ագրեսիան»։ «Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Վատիկանի հետ կառուցողական փոխգործակցության՝ ողջ աշխարհում խաղաղություն և արդարություն տարածելու համար»,- ընդգծել է Իրանի նախագահը։

NA

Աբխազիայի կառավարությունը հրաժարական տվեց. նշանակվել է վարչապետի պաշտոնակատար

Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան ստորագրել է «Աբխազիայի Հանրապետության վարչապետի հրաժարականի մասին» հրամանագիրը, հայտնում է Apsnypress-ը։ «Ըստ «Աբխազիայի Հանրապետության Նախարարների կաբինետի (կառավարության) մասին» Աբխազիայի Հանրապետության սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի, ընդունել Աբխազիայի Հանրապետության վարչապետ Անկվաբ Ալեքսանդր Զոլոտինսկովիչի հրաժարականը։ Աբխազիայի Հանրապետության նախարարների կաբինետին հանձնարարել շարունակել իրականացնել իր լիազորությունները»,-ասված է հրամանագրում։ Բացի դրանից, Գունբան ստորագրել է «Աբխազիայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի մասին» հրամանագիրը։ Աբխազիայի «Աբխազիայի Հանրապետության Նախարարների կաբինետի (կառավարության) մասին» սահմանադրական օրենքին համապատասխան՝ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Բգանբա Վալերի Ռամշուխովիչը։

Հասարակություն

Արարատի մարզում նոր արագաչափ է տեղադրվել

Հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Արարատյան փողոցի թիվ 18 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է նոյեմբերի 25-ից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն: «Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավունք

Դատախազությունը բողոք կներկայացնի «Պզո» մականվամբ հայտնի «օրենքով գող»-ի արդարացման վճռի դեմ

Դատախազությունը  վերաքննիչ բողոք կներկայացնի «Պզո» մականվամբ հայտնի «օրենքով գող»   Արմեն Ղազարյանի արդարացման վճռի դեմ: Այդ մասին «Արմենպրես»–ին հայտնել են դատախազությունից: Ավելի վաղ Արմեն Ղազարյանի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատարանը արդարացման վճիռ է կայացրել:

Եկեղեցի

Լիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց տները. Խաժակ Սրբազան

Սուրբ Աթոռում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը  Արցախի կրոնական և  մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովում խոսել է  քրիստոնեկան սիմվոլների ոչնչացման մասին։ «Այն, ինչ կատարվում է Արցախի քրիստոնեկան ժառանգության հետ, սարսափափելի է։ Խոսքը գնում է եկեղեցիների, վանքերի,  սրբավայրերի մասին։ Գումարած այն փաստը, որ 120 հազար մարդ ստիպված է եղել փախչել պատերազմի պատճառով, և այժմ հույս ունենք, որ նրանք  կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողերը։ Այս ուղղությամբ աշխատում է դիվանագիտությունը։ Մենք անկեղծորեն հույս ունենք, ես անձամբ լիահույս եմ, որ դա տեղի կունենա»,-իտալական ilmessaggero.it պարբերականի փոխանցմամբ, նշել է Սրբազանը։ Արցախին  և արցախահայությանը վերաբերող խնդիրները ներկայացնելիս՝  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը զուգահեռներ է անցկացրել Գազայում տիրող իրավիճակի հետ՝ համաձայնելով Հռոմի Սրբազան Քահանայապետի դիտարկման հետ, որ այնտեղ կատարվողը Ցեղասպանություն է։ Միևնույն ժամանակ Սրբազանն ընդգծել է,որ այն, ինչ տեղի է ունենում Գազայում, չի կարելի համեմատել Հայոց Ցեղասպանության հետ։ «Այն ժամանակ Օսմանյան կայսրությունը ծրագրված կերպով ոչնչացնում էր հայ  փոքրամասնությանը, իսկ Իսրայելը հայտարարում է, թե փորձում է պաշտպանել իր ժողովրդին՝ հարձակման ենթարկելով Գազայի քաղաքացիական բնաչությանը, հարվածներ հասցնելով հիվանդանոցներին, որտեղ երեխաներ են։ Եվ սա հիմնավոր կասկած է առաջացնում»։ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն անդրադարձել է կատարել նաև հիշողության դերին՝ որպես ժողովուրդների ինքնության կարևոր բաղադրիչի։ «Թուրքիայի նոր սերունդը, իհարկե, պատասխանատվություն չի կրում 1915 թվականին տեղի ունեցածի համար, բայց պետք է համարձակություն գտնել և ընդունել պատմությունը։ Հիշողությունը մեզ դարձնում է ավելի ուժեղ, ոչ թե հակառակը։ Պետք է նաև խոստովանել, որ շատ թուրքեր նույնիսկ տեղյալ չեն պատմական փաստերի մասին, քանի որ դրանք չեն ուսուցանվում դպրոցներում։ Այնուամենայնիվ, Ցեղասպանությանը ճանաչումը կնպաստեր ժողովուրդների միջև հարաբերությունների հաստատմանը։ Հայաստանի Հանրապետությունը, հատկապես վերջին շրջանում, փորձում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, և մենք հույս ունենք, որ այս պրոցեսը շարունակական կլինի։ Անհրաժեշտ է բոլոր բաց հարցերը դնել սեղանին և լուծել դրանք։ Ամեն ինչ հնարավոր է, և մենք հուսով ենք՝ մի օր դա տեղի կունենա»։ Նշենք, որ միջազգային համաժողովը կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ’Istituto di Studi Ecumenici dell’Angelicum ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ:

Իրավունք

Փաստաբանները գործադուլ են սկսել, բոյկոտել են դատական գործընթացները

Փաստաբանների պալատում այսօր հրատապ ասուլիս է հրավիրվել՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցով: Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ներկայացմամբ՝  կառավարության հավանությանն արժանացած ու այսօր արդեն ԱԺ-ում քննարկվող փոփոխությունների նախագիծը շեշտակի թանկացումներ է բերելու իրավաբանական ու մասնավորապես փաստաբանական  ծառայություններում: «Փաստաբանական գործունեությունը  ներառվում է  հարկման դաշտում, այսպես ասած,  բացասական դաշտում ԱԱՀ եւ շահութահարկի տիրույթում: Ունենում ենք բացասական հետեւանքներ ինչպես ՀՀ քաղաքացու, այնպես էլ փաստաբանության համար: Այս խնդիրը արծարծվել է տարբեր տարիներին, դեռեւս 2019-ին շրջանառության դրվեց,  հետո հանվեց շրջանառությունից, այս տարի նորից դրվեց»,- ասուլիսի ժամանակ ասաց Բաբայանը: Փոփոխությունների այդ նախագծին, ըստ Բաբայանի, ՄԻՊ-ը բացասական գնահատական է տվել, ինչպես նաեւ  Արդարադատության  նախարարությունն է բացասական կարծիք ներկայացրել, որովհետեւ թիրախում են հայտնվել նաեւ նոտարներն ու նոտարական գործունեությունը: «Նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է ԱԺ-ում, սա մեզ համար մտահոգիչ ու անընդունելի է:  ՀՀ –ն ունի պարտականություն ապահովել իրավաբանական օգնության համապատասխան հարթակ, որ քաղաքացիները կարողանան օգտվել այդ հարթակից, այս նախագծի կիրառման արդյունքում իրավաբանական եւ փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է 38 եւ ավելի  տոկոս ծառայությունների թանկացում կունենանք: ՀՀ քաղաքացին որ ստանա իրավաբանական օգնություն, ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելին: Մոտ 250.000 գործ ունենք  միայն դատարաններում, սա նշանակում է, որ  250.000 քաղաքացու միայն առնչվում է  սա: Այս առումով պատկերացրեք՝ ինչ խնդրի առջեւ ենք կանգնելու: Փաստաբանական գործունեության տեսանկյունից, փաստաբանները ստիպված են լինելու իրենց հարկային հաշվառումն իրականացնել բարդ ընթացակարգով, ինչը խնդրահարույց է: Այս օրենքի կիրառման դեպքում դժվարացվելու է  կամ գրեթե անհնար է դառնալու անվճար իրավաբանական ծառայության մատուցումը, որովհետեւ փաստաբանը ստիպված է  լինելու հարկը վճարել»: Փաստաբանները հայտարարել են գործադուլ, բոյկոտել են այսօր դատական նիստերը:

Սպորտ

Գասպար Տերտերյանը` զինվորականների ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը (67 կգ) հռչակվեց ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն: Երևանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնության եզրափակչում մեր մարզիկը ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցչին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ Էլեն Բաբաջանյանը՝ արծաթե մեդալակիր:

Քաղաքականություն

ՔՊ վարչությունն ինձ չի կարող ասել մանդատ դիր, կարող է հորդորել. Հովիկ Աղազարյան

Երեկ մասնակցել եմ կուսակցության նիստին, վարչությունն ինձ հրավիրել էր պարզաբանումներ տալու լսումների հետ կապված բոլորին հայտնի միջադեպի կապակցությամբ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Աղազարյանը նշել է, որ իր օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա: Դիտարկմանը՝ եթե Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դրեց, իրենից էլ դա կպահանջեն, նա պատասխանեց. «Դա ենթադրություն է, իհարկե, բայց դե պարտադիր չի։ Երբ որ ներկայացվի նման պահանջ, այդ ժամանակ կմտածենք։ Հնարավոր է, որ դնեմ։ Եթե, օրինակ, պարոն Քյարամյանը, ինչպես ես հայտարարել եմ հրապարակավ անուններ տա և հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով, իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ իմ մանդատը, ես դա հայտարարել եմ։ Իսկ եթե չհրապարակի, ուրեմն առիթ չկա»,- ասել է նա: Աղազարյանը նաև նշեց, որ վարչությունը չի կարող ասել, մանդատդ վայր դիր, այդպիսի լիազորություն չունի: «Վարչությունը այդպիսի բան ասելու լիազորություն չունի, թե պարոն Աղազարյան Ձեր մանդատը վայր դրեք։ Կարող է հորդորել՝ պարոն Աղազարյան, հորդորում ենք, որ Ձեր մանդատը վայր դնեք։ Նման հորդոր եթե լինի, այդ ժամանակ կպատասխանեմ, վստահաբար չեմ կարող ասել կլինի, թե՝ ոչ»,- ասել է պատգամավորը:

Քաղաքականություն

Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով  սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին: Հայտնում են «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամից: Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը:

Հասարակություն

Ի՞նչ կենսագրություն ունի Արփինե Սարգսյանը

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՆԳ նախարար կնշանակվի այժմ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանը։ Նա ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից։ Iravaban.net-ը ներկայացնում է Սարգսյանի կենսագրությունը։ Արփինե Սարգսյանը 30 տարեկան է, ծնվել է 1994 թ. ապրիլի 14-ին Վեդի քաղաքում։ Կրթություն 2017 թ. մինչ այժմ – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ (Ատենախոսության թեման՝ «Դատական վերահսկողությունը ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ») 2015 – 2017 թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ) 2010 – 2015 թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան Կրթական ծրագրեր 2019 թ. սեպտեմբեր – «Ազատությունից զրկում – այլընտրանքային պատժամիջոցներ»– ՄԱԹՐԱ իրավունքի գերակայություն (Հաագա, Նիդերլանդների Թագավորություն) 2019 թ. հունիս – Ջոն Սմիթ կրթաթոշակային ծրագիր (Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) 2018 թ. սեպտեմբեր – Քրեական արդարադատության համագործակցություն և գործընկերություն ծրագիր (CJ-CAP/ ABA ROLI / US Department of State / INL, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) Աշխատանքային գործունեություն 2023 թ. հունվարի 9-ից – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ 2022 թ. հունվարի 21-ից – մինչ 2023 թ. հունվարի 9 – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 2020 թ. հուլիսից մինչ 2022 թ. հունվար ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ 2019 թ. նոյեմբերից մինչ 2020 թ. հուլիս – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ 2019 թ. ապրիլից-նոյեմբեր – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ 2019 թ. ապրիլից մինչ 2022 թ. հունվար – ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ 2018 թ. – Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների վերապատրաստող (ՄԱԿ-ի «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագիր) 2017-2022 թթ. – ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ 2017 թ. – Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ) 2016-2019 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, ապա՝ առաջատար մասնագետ (հակակոռուպցիոն, քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներ) 2016 թ. հունվարից-հունիս – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական 2016 թ. – ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող 2015 թ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ Պարգևատրվել է՝ 2023 թ․ սեպտեմբեր- ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մխիթար Գոշ» մեդալով 2022 թ. դեկտեմբեր – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պարգևատրում հուշանվերով 2020 թ. դեկտեմբեր – ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագիր 2016 թ. դեկտեմբեր – ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագիր Այլ տեղեկություններ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին: Շուրջ 10 գիտական հոդվածների, «Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքները և դրանց իրացման մեխանիզմները» ուղեցույցի հեղինակ և համահեղինակ է: Անկուսակցական է: Անձնական տվյալներ Ամուսնացած է: Մասնագիտական ներգրավվածություն 2022-2023 թթ. ներկայացրել է ՀՀ կառավարությունը ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեում և ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեում 2022-2023 թթ. ղեկավարել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների արդարադատության բազմաշահառու խորհուրդը 2022 թ.-ից ղեկավարում է Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային բազմաշահառու խումբը, ակտիվ ներգրավում է ունեցել Ոստիկանության ոլորտի 2020-2022 թթ. բարեփոխումների ռազմավարության իրականացման, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին 2022 թ. համանախագահել է ՄԱԿ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-րդ զեկույցի պաշտպանության պատվիրակությունը 2022 թ. նախագահել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության մրցութային հանձնաժողովը 2022թ.-ից հանդիսանում է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ՝ Կառավարության առաջադրմամբ 2022-2023 թթ. հանդիսացել է Ներման հարցերի խորհրդակցական հանձնաժողովի անդամ 2021-2022 թթ. կազմակերպել և համակարգել է նոր քրեակատարողական հիմնարկի մոդելավորման աշխատանքները 2019-2023 թթ. կազմակերպել և համակարգել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի առաջին ռազմավարության մշակման և իրականացման գործընթացը 2019-2022 թթ. ՀՀ արդարադատության նախարարությունում համակարգել է քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի լրամշակման, ինչպես նաև նոր օրենսգրքերին ՀՀ օրենսդրական ամբողջ դաշտի հարմոնիզացման աշխատանքները 2019-2022 թթ. հանդիսացել է ԵԽ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում», «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը», «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» (ԳԼԿ), «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրերի հանձնախմբերի անդամ Հանդիսացել է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը, «Ներման մասին» ՀՀ օրենքը, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը մշակող աշխատանքային խմբերի, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը մշակող աշխատանքային խմբի (ապօրինի հարստացման քրեականացում, գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելու համար քրեական պատասխանատվության սահմանում, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը հանցակազմի համապատասխանեցում միջազգային չափանիշներին և այլն), բանտային բժշկության ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խմբի անդամ:

Scroll to Top