Գովազդ A1

Author name: Sose 2

Հասարակություն, Նորություններ

Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։ Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են: Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո։ Հղումը՝ News.am

Մշակույթ, Տնտեսություն

Արցախին նվիրված մոսկովյան ցուցահանդեսը՝ Բաքվի հիստերիայի հերթական պատճառ

Ինչպես հայտնի է, օրերս Մոսկվայի հայկական տաճարային համալիրի «Տապան» թանգարանում բացվել էր ցուցահանդես, որը պատմում էր Արցախի՝ կորսված, բայց չմոռացված հայրենիքի, հիշողության և վերադարձի հույսի մասին։ Ցուցահանդեսը ներկայացնում էր ոչ միայն Արցախի մշակույթն ու պատմությունը, այլև արցախցիների կյանքը՝ պատերազմից ու տեղահանումից հետո։ Բացի այդ, ներկայացված էին արցախյան բնապատկերներ, հայկական տեղանուններով քարտեզներ, հին լուսանկարներ, գորգեր ու գրքեր, որոնք վկայում էին, որ Արցախը միայն տարածք չէ, այլ ինքնություն ու մշակույթ։ Բացման ընթացքում հնչող գլխավոր ուղերձը մեկն էր՝ «հիշել, որպեսզի վերադառնալ»։ Միջոցառմանն ադրբեջանական կողմի արձագանքը սպասելի էր․ հիստերիա, վայնասուն, ցնդաբանական մեղադրանքներ, այդ թվում՝ ռուսական կողմին։ Ադրբեջանական, մասնավորապես՝ մերձիշխանական մամուլում, սկսել են շրջանառել մառազմն այն մասին, թե «Մոսկվան թույլատրում է Արցախի թեմայով ռևանշիստական ​​ցուցահանդես՝ հակաադրբեջանական հայտարարություններով»։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Մոսկվայի և Բաքվի միջև խզվող մշակութային և հումանիտար կապերի ակտիվացման անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին, Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվել է բացահայտ ռևանշիստական ​​և հակաադրբեջանական բովանդակությամբ ցուցահանդես»,-գրում է Minval Politika-ն: Ըստ աղբյուրի, «արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ցուցահանդեսն անվանել է բողոքի ցույց Արցախի հանձնման դեմ և մեղադրել է Ադրբեջանին հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ: Միևնույն ժամանակ, արցախյան խորհրդարանի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ քանի դեռ հայ գերիները պահվում են Բաքվում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզապես իմիտացիա է»։ «Մոսկվայում անցկացվող նման միջոցառումները ոչ միայն չեն կարգավորում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները, այլև ուղղակիորեն հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Մոսկվան չպետք է հարթակ տրամադրի ռևանշիստական ​​քարոզչության և հակաադրբեջանական արշավների համար։ Սա առավել զարմանալի է, հաշվի առնելով ռուս քաղաքական գործիչների և լրատվամիջոցների կոշտ արձագանքը Վլադիմիր Զելենսկու՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Երևանում արված հայտարարություններին։ Մոսկվան մեղադրում է Հայաստանի իշխանություններին հակառուսական և ռուսատյաց հարձակումների հարթակ տրամադրելու մեջ։ Բայց մի՞թե Ռուսաստանի ներսում որոշ ուժեր հիմա նույնը չեն անում Ադրբեջանի դեմ»,-միայն ալիևյան ռեժիմին բնորոշ տոնով եզրափակում է հոդվածագիրը։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Քաղաքապետի աթոռի գինը

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ արդեն գործի էր դրել ընդդիմադիր համայնքապետերին պատժելու գործիքակազմը: Դեռ 1 տարի առաջ որոշ ընդդիմադիր համայնքապետերի դեմ քրեական գործեր հարուցվեցին: Այդ գործերը մինչեւ ընտրություն օդում կախված կմնան միայն մեկ պատճառով՝ Փաշինյանը հույս ունի այսկերպ ազդել համայնքների ղեկավարների վրա, որոնք իրենց գլխին կախված վտանգից խուսափելու համար ընտրություններին իր համար ձայներ կապահովեն: Մեր տեղեկություններով՝ Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանն այս օրերին ակտիվորեն լծվել է ՔՊ-ի օգտին ձայներ ապահովելու գործին: Մեզ պատմեցին, որ շտաբ է բացել եւ անձամբ ղեկավարում է ընտրական գործընթացը, աշխատանքի վայրում էլ շատ քիչ է լինում: Ճի՞շտ է, որ համայնքապետ Հակոբ Բալասյանն այս օրերին զբաղված է ընտրական գործընթացով՝ հարցրինք համայնքապետարանի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանին։ «Համայնքի ղեկավարն այս պահին զբաղվում է համայնքի ղեկավարի գործերով, ոչ մի քաղաքական գործունեությամբ չի զբաղվում: Այդ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց մամուլի քարտուղարը: Մեզ ասացին, որ Հակոբ Բալասյանը սատարում է ՔՊ-ին։ «Այո, համայնքապետը հայտարարել է, որ պաշտպանում է վարչապետի թեկնածությունը»: Բայց չէ՞ որ ամիսներ առաջ համայնքապետի լիազորությունները կասեցվել են։ «Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»,- ասաց մամուլի քարտուղարը: Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս): Քրեական վարույթն առնչվում է ձեւական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Նույն օրը Բյուրեղավան համայնքի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ պաշտոնավարման կասեցման մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից։ «Այդ մասին որեւէ կերպ իրազեկված չեմ եղել, մինչդեռ, նման պայմաններում կարող էր առաջանալ մի վիճակ, որ համայնքի ղեկավարը լիազորությունները կասեցված վիճակում կայացներ համայնքային նշանակության որոշումներ։ Այսպիսով, վարույթն իրականացնող մարմինն անտեսել է ոչ միայն իմ, այլեւ համայնքի հազարավոր բնակիչների շահերը: Դատարանը կորոշի՝ մեղավո՞ր եմ, թե՝ ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն, թե ով ով է` իր ապրածով եւ արած գործերով։ Մի քանի չկողմնորոշված, անդեմ անձինք ամեն ինչ անում են՝ մեր միասնությունը եւ քաղաքի անդորրը խանգարելու համար։ Իրենք չեն հաջողելու։ Հետագայում կներկայացնեմ մանրամասներ` կոնկրետ անուններով»,- գրել էր Բալասյանը։ Ամիսներ անցան, համայնքապետը շարունակեց պաշտոնավարել: Նշենք, որ Հակոբ Բալասյանը 2008-2017թթ. Բյուրեղավան համայնքի ղեկավարն է եղել: 2017-ից Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավարն է: ԲՀ կուսակցության շնորհիվ քաղաքապետ դարձած Բալասյանն այժմ ճամբարափոխ է եղել եւ աշխատում է ՔՊ-ի համար: Հղումը՝ Hraparak.am  

Մշակույթ, Վիդեո

Սիմոնը չանցավ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ. 2018-2026 թթ Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցել է 7 անգամ, որից 3 անգամը չի անցել եզրափակիչ

Հայաստանի պատվիրակ Սիմոնը ելույթ ունեցավ երեկ կայացած «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչում, սակայն չընդգրկվեց լավագույն տասնյակում՝ եզրափակիչ անցնելու համար։ 2018-ից ի վեր սա «Եվրատեսիլ»-ի առաջին եզրափակիչն է, որին հարավկովկասյան որևէ պետություն մասնակցելու ուղեգիր չի ստացել: Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»: Արդյունքը նույնը կլիներ, բայց գոնե մի լավ ֆուրշետից կօգտվեր: Հայաստանը Եվրատեսիլին 2006-ից 2017-ին մասնակցել է 11 անգամ և Եզրափակիչ փուլ չի անցել ՄԻԱՅՆ 1 անգամ: Դա կազմում է մասնակցության 9%-ը: Մեծն թմբկահար վարչապետի օրոք 2018-ից 2026 թվականին Հայաստանը Եվրատեսիլին մասնակցել է 7 անգամ, որից 3 (ԵՐԵՔ) անգամը Եզրափակիչ չի անցել: Դա կազմում է մասնակցության 43%-ը: Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ Մեծն թմբկահարի Հանրային հեռուստաալիքում տիրող «գերկոմպետենտ» կառավարման և իհարկե Սփյուռքի հայերի սատարման իսպառ կորստի մասին»։ Հղումը՝ Aravot.am

Սպորտ

Սարգիս Ստեփանյանը դարձավ Պարաբազկամարտի Եվրոպայի 6-ակի չեմպիոն

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հունգարիայի մայրաքաղաք՝ Բուդապեշտում անցկացվող Պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում, 80 կգ և ավելի քաշային կարգում նվաճեցի ոսկե մեդալը և 6-րդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն։ Այս հաղթանակը միայն իմը չէ։ Սա մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր կամքի և երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն է։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին, մարզիչներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, ուժ տվել ամենածանր օրերին և մշտապես եղել կողքիս։ Ձեր հավատն ու աջակցությունը ինձ համար դարձել են ուժ, պայքար և հաղթանակ։ 6-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալը մեծ պատիվ է, բայց նաև մեծ պատասխանատվություն՝ շարունակելու բարձր պահել Հայաստանի անունը միջազգային հարթակներում։ Այս մեդալը հերթական ապացույցն է, որ հայ մարդուն հնարավոր չէ կոտրել, եթե նա ունի հավատ, կամք և նպատակ։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Առջևում նոր մարտահրավերներ են, նոր նպատակներ և նոր հաղթանակներ։ Հայաստանը պետք է միշտ հաղթի՛։ Սարգիս Ստեփանյան Հղումը՝ Aravot.am

Իրավունք

31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 31-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում կոկաին: Մայիսի 11-ին՝ ժամը 18․45-ի սահմաններում, ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, երիտասարդն ու նրա հայրը ձերբակալվեցին Երևանի Վշտունու նրբանցքում և որդու վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ձերբակալման պահին երիտասարդը մեքենայից նետել էր էլեկտրական ծխախոտ և ծխախոտի տուփ, որի զննությամբ հայտնաբերվեց կոկաին տեսակի թմրամիջոցով 10 փաթեթ՝ ընդհանուր 11,51 գրամ քաշով։ Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց երիտասարդի բնակության վայրում․ հայտնաբերվեց էլեկտրոնային կշեռք, թմրամիջոցի օգտագործման համար նախատեսված 9 գլանակ, 13 գրամ մարիխուանա, 23,72 գրամ հալյուցինոգեն սունկ և մեկ դեղահաբ։ 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Պաշտոններ կան, որոնցում Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել. Ծառուկյանի խոսնակի արձագանքը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա Facebook–ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի Նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Կոտայքի մարզում մեծ թվով պարեկների են աշխատանքից ազատել, քանզի նրանց ընտանիքի անդամները ԲՀԿ համակիրներ են։ Րոպեներ անց ՆԳՆ-ն շտապեց հերքել այս տեղեկատվությունը, բայց այսօր արդեն պարզ դարձավ, որ այդ շտապողականությունն անտեղի էր, քանի որ ընդամենը րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատեց Գ․ Ծառուկյանի այդ տեղեկությունը, ավելին՝ հավելեց, որ եթե դեռ չեն էլ հեռացվել, ապա անպայմանորեն պետք է հեռացվեն, քանի որ անգամ ինքը իր շրջապատից պաշտոն ունեցող այդքան մարդ չունի։ Նախ, օրենքի հետ ակնհայտ հակասություն ունեցող այս գնահատական-հրահանգը ուղիղ սպառնալիք է բոլոր ընդդիմադիր ուժերին ու գործիչներին։ Աբսուրդն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Այսինքն ի՞նչ է ստացվում, եթե դու ունես իրավապահ կամ պետական համակարգում աշխատող բարեկամ, ծանոթ, հարևան, ուրեմն չես կարող որևէ քաղաքական ուժի համակրել կամ սատարել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով նրանք կազատվեն աշխատանքից։ Իրականում ադպես էլ կա։ Եվ երկրորդ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անգամ ինքը Ծառուկյանի նշածի չափ ծանոթ պարեկներ չունի, քանզի իր շրջապատից մարդիկ չկան այդ համակարգում, թարմացնեմ նրա հիշողությունը։ Այո՛, միգուցե պարեկներ չկան քո շրջապատից, փոխարենը՝ քո դասընկեր Վահե Ղազարյանը մինչև վերջերս ՆԳՆ նախարար էր, քավորդ՝ Հայկ Ղալումյանը ներկայումս Տավուշի մարզպետն է, աներձագդ՝ Հրաչյա Հակոբյանը արդեն երկրորդ անգամ պատգամավորի մանդատ է ստանում նվեր սերիալային փայլուն խաղի համար, ՀԺ-ի նախկին լրագրող՝ Վահագն Հովակիմյանը այժմ ԿԸՀ նախագահն է, եղբորորդիդ՝ Սիփան Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, հետախուզման մեջ գտնվելուդ ընթացքում քեզ պատսպարած Հակոբ Սիմիդյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարն էր։ Այս շարքը դեռ շատ երկար կարող եմ շարունակել։ Ի դեպ մի քանի ուրիշ պաշտոններ էլ կան, որոնցում Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել։ Նիկոլ Փաշինյան-ՀՀ գլխավոր դատախազ Նիկոլ Փաշինյան-ՀՀ ոստիկանապետ Նիկոլ Փաշինյան- ՀՀ ԱԱԾ պետ Նիկոլ Փաշինյան-տարբեր ատյանների դատավոր, ով քարոզարշավի ամեն օր որևէ մեկին դատավճիռներ է կարդում»։ Հղումը՝ News.am

Տնտեսություն, Քաղաքականություն

Մենք մտնում ենք շատ ծանր և ռիսկային ժամանակաշրջան. TRIPP-ը պարզապես չի աշխատի. Ռոբերտ Քոչարյան

Մենք մտնում ենք շատ ծանր և ռիսկային ժամանակաշրջան։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Այս տարածաշրջանում ավանդաբար ունեցել ենք երկու երկիր, որոնց հետ խնդիրներ ենք ունեցել՝ Թուրքիան և Ադրբեջանը, և երկու երկիր, որոնց հետ ունեցել ենք բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ՝ Ռուսաստանն ու Իրանը։ Ռուսաստանի հետ ունենք լուրջ պայմանագրային բազա անվտանգության ոլորտում, Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, իսկ Իրանի հետ ձևավորվել են երկարամյա բարեկամական հարաբերություններ։ Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդիրները պահպանվում են։ Այո՛, փորձում են գնալ խաղաղության, և մենք նույնպես կողմնակից ենք խաղաղությանը։ Բայց խաղաղությունը մատի մեկ շարժումով չի հաստատվում։ Դրա համար ժամանակ, հարաբերություններ և իրավապայմանագրային հիմք է անհրաժեշտ։ Սակայն այսօր մենք միաժամանակ լրջորեն քայքայում ենք հարաբերությունները նաև Ռուսաստանի և Իրանի հետ։ Մենք շատ փոքր երկիր ենք նման շքեղություն մեզ թույլ տալու համար»,–ասել է Քոչարյանը։ Նրա խոսքով, պետք է չքանդել այդ հարաբերությունները, այլ պահպանել ու ամրապնդել դրանք և այդ հիմքի վրա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ «Որքան թույլ ես, այնքան թույլ են քո բանակցային դիրքերը։ Այն, ինչ այսօր արվում է, ըստ էության, Հայաստանի դիրքերի թուլացում է բարդ բանակցային գործընթացում։ Մենք չենք կարծում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խանգարում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը»,– նկատել է նա։ Հարցին՝ կարո՞ղ է Հայաստանը միաժամանակ ապահովել Արևմուտքի և Ռուսաստանի աջակցությունը, երկրորդ նխագահը պատասխանել է. «Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել Եվրոպայի և հատկապես Ֆրանսիայի հետ։ Ֆրանսիայի հետ լավագույն հարաբերությունները՝ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ անձամբ Ժակ Շիրակի հետ, եղել են իմ նախագահության տարիներին։ Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն խանգարել Եվրոպայի ու Ֆրանսիայի հետ մեր համագործակցությանը։ Սակայն պետք է հասկանալ, որ Ֆրանսիան այս տարածաշրջանում անվտանգային առումով իրական ազդեցության ռեսուրսներ չունի։ Կարող է հայտարարություններ անել և վերջ։ Եվ ամեն անգամ Ալիևը շատ կոպիտ է արձագանքել՝ հստակ ցույց տալու համար, որ Ֆրանսիան ազդեցություն չունի տարածաշրջանային հարցերում։ Նույնը վերաբերում է նաև Եվրամիությանը, որը չունի անվտանգության սեփական կառուցվածք։ Ռուսաստանի դերը մեծանում է այս տարածաշրջանում, և Թուրքիայից բացի, ոչ մի այլ տերություն ի վիճակի չէ հակադրվելու նրա տնտեսական, ռազմական և, իհարկե, ազդեցության մյուս բոլոր ոլորտներին»։ Դիտարկմանը, որ ԱՄՆ–ն TRIPP նախագծով փորձում է ամրապնդվել տարածաշրջանում, արդյոք դա լավ նախագիծ է, Քոչարյանն արձագանքել է. «Ո՞վ գիտի, թե ինչ է մտածում Թրամփը։ Ես պատկերացում չունեմ։ Չեմ կարծում, թե սա լավ կամ վատ նախագիծ է․ կարծում եմ՝ այն պարզապես չի աշխատի։ Հարցն այն է՝ արդյո՞ք այն իրականանալի է։ Ես չեմ տեսնում, թե Հայաստանը ինչպես կարող է դրանից օգուտ քաղել։ Սա նախագիծ չէ Հայաստանի համար․ սա նախագիծ է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ նրանց Կենտրոնական Ասիային կապելու նպատակով։ Մենք այդ ճանապարհից, ըստ էության, ոչինչ չենք ստանալու՝ բացի 40-50 կիլոմետրանոց տարանցիկ հատվածից գոյացող փոքր եկամուտներից։ Բավական է պարզապես նայել քարտեզին՝ հասկանալու համար, որ սա Հայաստանի նախագիծ չէ։ Մենք չենք կարող տարանցիկ երկիր դառնալը դարձնել մեր տնտեսական զարգացման հիմքը կամ մտածել, թե դա կարող է մեր տնտեսության էական մասը կազմել»։ Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ինքը ծրագրում ներդրումներ գրավել ու զարգացնել Հայաստանը, Քոչարյանը պատասխանել է. «Առաջին հերթին՝ տարածաշրջանում ավելի շատ երթուղիներ բացելով։ Մեր հիմնական առևտրային ուղին Ադրբեջանը չէ, այլ Վրաստանը։ Իսկ ապագայում, եթե կարողանանք բարելավել հարաբերությունները, կարող է դառնալ նաև Թուրքիան։ Բայց ամենակարևորը՝ մենք պետք է զարգացնենք մեր արդյունաբերությունը։ Իր բնակչության ներուժի և կրթական մակարդակի շնորհիվ Հայաստանը Խորհրդային Միության ամենաարդյունաբերական երկրներից մեկն էր՝ զգալիորեն առաջ անցնելով Ադրբեջանից։ Մենք պետք է իրականացնենք արդյունաբերությունը Հայաստան վերադարձնելու ծրագիր։ Խոսքը ծանր արդյունաբերության մասին չէ, որը պահանջում է մեծ ծավալի հումքի ներմուծում, այլ բարձր տեխնոլոգիական և առաջատար արդյունաբերության, առանց որի ես Հայաստանի ապագա չեմ տեսնում։ Մենք ունեինք բազմակողմանի ինժեներների հզոր դպրոց, որն այսօր աստիճանաբար կորցնում ենք։ Ամեն օր կորցնում ենք այն կարևորությունը, որը ժամանակին ունեցել ենք Խորհրդային Միությունում։ Մեր մարդկային ներուժը հաջողության պատմություն է, որը հնարավոր է վերականգնել։ Մենք կարող ենք շարժվել այդ ուղղությամբ։ Ի՞նչ է անհրաժեշտ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար։ Բիզնեսի անվտանգություն, երկրի կայունություն և գրավիչ տնտեսական քաղաքականություն։ Եթե ստեղծես նման բարենպաստ միջավայր, ներդրումներ անպայման կլինեն։ Ես դա զգացել եմ իմ անձնական փորձով»։ Հղումը՝ News.am

Scroll to Top